• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
29.12.2017 | 11:00

Հայ Ձայնի տարեվերջյան ամփոփումը և շնորհավորանքները

Եվս մի քանի օր, և Երկիր մոլորակը հրաժեշտ կտա 2017 թվականին: Այն հագեցած էր իրադարձություններով, որոնցից ոչ բոլորն էին, ցավոք, ուրախալի: Իսկ ինչպիսի՞ն էր ավարտվող տարին հատկապես հայության համար: Ինչպիսի՞ ձեռքբերումներ ունեցանք և արդյո՞ք եղան բացթողումներ: Առաջարկում ենք Հայ Ձայնի հետ միասին փոքրիկ շրջայց կատարել ավարտվող տարվա նշանակալից խաչմերուկներում:

2017 –ի ամենակարևոր ձեռքբերումներից ենք համարում Հայաստանի սահմաններում և Արցախում պահպանված փխրուն, սակայն կայուն խաղաղությունը: Որոշ չափով դրան նպաստեցին ԵԱՀԿ շրջանակներում շփման գծում իրականացված պլանային դիտարկումները, Մինսկի խմբի համանախագահողների հերթական այցերը տարածաշրջան: Ցավոք, ամբողջությամբ խուսափել զոհերից չհաջողվեց, սակայն լուրջ միջադեպեր, ինչպիսին էր 2016թ. ապրիլյան պատերազմը, տեղի չունեցան: Փառք ու պատիվ մեր լուսավոր տղաներին, որոնց խիզախության շնորհիվ կանխվեցին թշնամու բազմաթիվ սադրանքներ:

Հայկական երկրորդ պետության հետ կապված ունեցանք ևս մեկ ուրախալի լուր. նոյեմբերին բարեկամ Ֆրանսիայում մեծ հաջողությամբ անցկացվեցին Արցախի օրերը՝ հերթական նպաստը ունենալով հայ ժողովրդի արդար պայքարը և արցախյան հարցի հայանպաստ լուծման անդառնալիությունը արտերկրում առավել ընկալելի դարձնելու առումով:

Արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններից հիշատակենք երկար սպասված և նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ստորագրված ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Անշուշտ, այս փաստաթղթի ստորագրումը ևս մեկ անգամ ընդգծեց մեր պետության կողմից վարվող արտաքին քաղաքականության ճկունությունն ու հավասարակշռվածությունը, թարմ, արդեն իսկ նաև եվրոպական ուղղություն տալով ՀՀ արտաքին քաղաքական վեկտորին՝ միաժամանակ ոչ մի քայլ չնահանջելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ու առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ ամուր և վստահելի գործընկերական հարաբերություններից:

Ամփոփելով արտաքին քաղաքական թեման՝ ցանկանում ենք առանձնացնել նախագահ Սերժ Սարգսյանի տարեվերջյան այցելությունը եղբայրական Վրաստանի Հանրապետություն: Այստեղ առկա են հիշատակման արժանի երկու կարևոր հանգամանքներ. նախ, կարծեք թե առավել իրատեսական է դառնում երկրորդ տրանսպորտային միջանցքի հնարավոր ձեռնարկումը Վրաստանի տարածքով, որը, փաստորեն, կվերացնի մեր երկրի՝ քառորդ դար տևող շրջափակումը: Համենայն դեպս, Վրաստանի վարչապետի՝ ՀՀ նախագահի այցին նախորդող հայտնի հայտարարությունը և Թբիլիսիում տեղի ունեցած քննարկումները տալիս են նման հույս: Երկրորդ նշանակալից հանգամանքը. կողմերը հատուկ ընգծեցին, որ չնայած որոշ դեպքերում մեր երկրների շահերը չեն համընկնում, սակայն Երևանը և Թբիլիսին հարգանքով և ըմբռնումով են մոտենում միմյանց քաղաքական շահերին:

Ներքաղաքական կյանքում, անշուշտ, ավարտվող տարվա ամենակարևոր իրադարձությունը ԱԺ հերթական ընտրություններն էին: Ընդհանուր առմամբ, դրանք անցան բավականին հանգիստ մթնոլորտում, երբ գրեթե իսպառ բացակայում էր գաղափարական բաղադրիչը, ուստի ընտրապայքարն ավելի շատ նմանվում էր առանձին խարիզմատիկ առաջնորդների մրցավազքի: Հավանաբար դա էր հիմնական պատճառը, որ ընտրողներն առանձնապես մեծ ակտիվություն չցուցաբերեցին, իսկ ընտրությունների արդյունքներն էլ կանխատեսելի էին և ընդհանուր առմամբ՝ ընդունելի հանրության մեծամասնության կողմից: Ուրախությամբ արձանագրում ենք նաև վարչապետ Կարեն Կարապետյանի՝ նոր տնտեսական քաղաքականությունը ուղղված ազատ շուկային և մեր  բարեկամական երկրներին: Հուսանք, որ այս տնտեսական քաղաքականությունը ամուր արմատներ կձգի և կայուն աճ կապահովի։

Կարևորագույն իրադարձություն էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հովվապետական այցը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմ: Ինչո՞ւ ենք Վահափառի հագեցած աշխատանքային գրաֆիկից առանձնացնում հատկապես այս այցելությունը: Քանի որ համոզված ենք, որ հայությունը համախմբելու հիանալի մի քայլ էր Կաթողիկոսի խոսքը Բըրբենքում կայացած պաշտոնական ճաշկերութին: Իր ճառում Վեհափառը, մասնավորապես նշեց. «Միասնականությամբ պիտի կարողանանք հաղթահարել նաև եկեղեցական պառակտումը և հակականոնական ընթացքները…Երբ եկեղեցական կյանքը պառակտված է, չի կարող կերտվել միությունը ազգային կյանքի: Լիահույս ենք, որ մեր հոգևոր եղբոր՝ Արամ Ա կաթողիկոսի հետ պիտի կարողանանք հաղթահարել այս կացությունը և նոր էջ բացել մեր Սուրբ Եկեղեցու նորագույն պատմության մեջ»: Հիրավի, գեղեցիկ և այդքան կարևոր փափագ…

Հայության համախմբան գործընթացներին հուժկու թափ հաղորդեց սեպտեմբերյան, թվով 6-րդ Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովը, որը կրում էր բավականին խոսուն՝ «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագիրը: Համաժողովի ավարտին մասնակիցներն ընդունեցին հայտարարություն՝ համահայկական նպատակների իրականացմանը հետամուտ լինելու պատրաստակամության վերաբերյալ:

Երկրի կուսակցական կյանքում կարևոր իրադարձություն դարձավ հայրենի հնագույն կուսակցություններից մեկի՝ ՌԱԿ-ի երիտասարդական առաջին հավաքը, որին մասնակցեցին Հայաստանի և Սփյուռքի կուսակցականներ, ՌԱԿ Գերագույն խորհրդի և Կենտրոնական վարչության անդամներ, բազմաթիվ նորագիրներ: Պատվիրակներն ու հյուրերը վեր հանեցին երիտասարդների շրջանում առկա խնդիրները, խոսեցին դրանց հաղթահարման ճանապարհների մասին: Որպես հավաքի մասնակիցների տրամադրությունների ընդհանրացում հնչեցին ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի խոսքերն՝ ուղղված երիտասարդներին. «Կուզեմ, որ հավատարիմ մնաք, ծառայենք ազգին ու հայրենիքին, մեր ներկան ու ապագան այստեղ է՝ Հայաստանում»:

Հայության մշակութային կյանքին վերաբերող բազմաթիվ իրադարձություններից ցանկանում ենք հիշատակել Մխիթարյան միաբանության՝ Սբ. Ղազար կղզում հանգրվանելու 300-ամյակի նշանաբանի ներքո տեղի ունեցած միջոցառումների շարքը: Դրանք տեղի ունեցան ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս՝ աշխարհին ներկայացնելով միաբանության հայագիտական, բանասիրական, կրոնական աստվածահաճո գործունեությունը՝ որպես բազմադարյա հայկական մշակույթի անգին թագը գեղեցկացնող գոհարներից մեկը:

Տարվա ընթացքում մենք բազմաթիվ առիթներ ունեցանք ուրախանալու հայ մարզիկների նորանոր հաջողություններով. բոլորիս սիրելի Հենրիխ Մխիթարյանը աշխարհահռչակ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձավ Եվրոպայի լիգայի հաղթող՝ եզրափակիչ խաղում դառնալով գոլի հեղինակ, գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հերթական անգամ հաստատեց իր բարձր կարգը՝ դառնալով աշխարհի չեմպիոն և հիանալի օրինակ ծառայելով իր թիմակից Մաքսիմ Մանուկյանի համար, որը նույնպես կանգնեց պատվո պատվանդանի ամենավերին աստիճանին: Դե իսկ շախմատիստ Լևոն Արոնյանն արդեն սովորեցրել է բոլորիս, որ տարեկան առնվազն երեք-չորս տիտղոս կնվաճի ի հրճվանս համայն հայ ժողովրդի, ինչը և հերթական անգամ իրականություն դարձրեց:

Թերևս, այսքանով սահմանափակվենք: Անշուշտ, հասցրինք անդրադառնալ 2017-ի ընթացքում հայությանը հուզող իրադարձությունների չնչին մասին միայն, քանզի նախատոնական այս վերլուծությունը ամենևին չէր հավակնում համապարփակ և խիստ ծավալուն լինելուն և նման նպատակ չէր հետապնդում:

Ինչպիսի՞ եզրահանգումներ կարող ենք անել 2017-ի մասին: Փառք Աստծո, տարին խաղաղ էր հայկական երկու պետությունների համար: Փառք Աստծո, հիմնականում խաղաղ էր նաև Սփյուռքի մեր հայրենակիցների տարին. միակ «տաք» կետում՝ Սիրիայում, կարծեք թե վերջապես հաստատվեց խաղաղություն: Փառք Աստծո, մեր հայրենիքը շարունակում է դանդաղորեն, բայց հաստատուն քայլերով ընթանալ զարգացման ուղիով՝ հեռու մնալով ցնցումներից: Եկեք նույնը ցանկանանք նաև հաջորդ՝ 2018 թվականից, որն, ի դեպ, լինելու է որոշ առումով շրջադարձային. Հայաստանը հրաժեշտ է տալիս նահագահական կառավարմանը՝ թևակոխելով զարգացման մի նոր փուլ:

Հայ Ձայնը ջերմորեն շնորհավորում է իր բոլոր ընթերցողների, ողջ հայ ժողովրդի Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ ցանկանալով, առաջին հերթին, անամպ երկինք աշխարհի ցանկացած կետում բնակվող հայի գլխավերևում և իհարկե, բարի և խաղաղ ծառայություն մեր սահմանները պաշտպանող հերոս տղաներին: Աստված պահապան հայ ընտանիքներին. թող 2018-ը լինի նորանոր ամուսնությունների և ծնունդների, նոր աշխատատեղերի և նորանոր գիտական, մշակութային, մարզական և այլ նվաճումների տարի: Մենք էլ մեր հերթին կշարունակենք հավատարիմ մնալ լրատվության մատուցման մեր կողմից որդեգրած քաղաքականությունը, որի հիմքում ընկած են անաչառությունը և ազգի համախմբման գաղափարը: Բարին ընդ ձեզ, սիրելիներս…շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ:



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /