Հունվար 23, 2018
Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
29.12.2017 | 15:01

Պաշտոնական Վաշինգտոնը պետք է հաշվի նստի միջազգային հանրության դիրքորոշման հետ. Փորձագետ

«Թուրքիան փորձում է թուրք-իսրայելական հարաբերություններն օգտագործել որպես խաղաթուղթ և ներկայանալ որպես արաբական և մուսուլմանական աշխարհի առաջնորդ»։ Այս մասին «Հայ ձայնի» հետ զրույցում նշեց «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանը՝ խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարության համատեքստում թուրք-իսրայելական հարաբերությունների մասին։

Ըստ Վերանյանի՝ Թուրքիայի իշխանությունները չեն կարող մտահոգված լինել այն հանգամանքով, որ Թրամփի կողմից  Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո կլինեն կրոնական, ազգամիջյան բախումներ, ռազմական գործողություններ և այլն, այսինքն՝ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, իսկ թուրքական իշխանությունները, բնականաբար, տվյալ պարագայում կառաջնորդվեն պետական քաղաքական շահերով՝ նպատակ ունենալով ստեղծված իրավիճակը օգտագործել հօգուտ իրենց։ «Խնդիրը ունի զուտ քաղաքական նշանակություն, և եթե անգամ խնդիրը Իսրայելի հետ կապված չլիներ, այլ առնչություն ունենար այլ գործընթացների հետ, ապա Թուրքիան մեկ անգամ չէ, որ փորձել է հիմնախնդիրները օգտագործել, համախմբել իր շուրջը մուսուլմանական երկրները՝ քաղաքական դիվիդենդներ ստանալու ակնկալիքով։ Այս ամենի համատեքստում հարկ է նշել, որ ներկայում Թուրքիան լուրջ խնդիրներ ունի Արևմուտքի հետ՝ ի դեմս ԱՄՆ-ի և ԵՄ-ի, և չնայած ՆԱՏՕ-ի կարևորագույն անդամ է, սակայն Թուրքիայի և Արևմուտքի միջև բավական  լուրջ հակասություններ են զարգանում, նաև առկա է Մերձավոր Արևելքի հարցը, և Թուրքիան փորձում է  իր առջև ծառացած խնդիրները հնարավորինս ինքնուրույն լուծել։ Այդ խնդիրներից է նա քրդական հարցը։ Հայտնի է, որ ԱՄՆ և Իսրայելը հնարավորինս աջակցում են տարածաշրջանում քրդական շարժումներին ու դրանց շուրջ ծավալվող իրադարձություններին. բավական է հիշել Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեն և այդ համատեքստում տեղի ունեցած ռազմաքաղաքական տարածաշրջանային միտումները։ Այսինքն՝ Թուրքիան փորձում է տարածաշրջանում այս կամ այն խնդիրն օգտագործել, որպեսզի հնարավորինս ինքնուրույն կարողանա իր խնդիրները լուծել, դիրքերը ամրապնդել կամ տարածքային զարգացումներում իր ներգրավվածությունը ապահովել, իսկ տվյալ դեպքում նաև՝ ներկայանալ որպես մուսուլմանական երկրների առաջնորդ՝ սրտացավություն չցուցաբերելով Թրամփի հայտարարություններից բխող մարտահրավերների հանդեպ», - նշեց մեր զրուցակիցը։

Վերջինիս կարծիքով, Թուրքիան  դժվար թե կարողանա ստանձնել այդ առաջնորդի դերը, քանի որ ի դեմս արաբական կամ մուսուլմանական աշխարհի, կան երկրներ, որոնք տարածաշրջանում առանցքային դերակատարում ունեն՝ Սաուդյան Արաբիան, Իրանը, Պակիստանը, որոնց իշխանությունները հստակորեն գիտակցում են, որ Թուրքիան այս կերպ իր խնդիրներն է  փորձում լուծել, և չկա  միասնական ճակատով հանդես գալու խնդիր կամ հրամայական, չկա համախմբվածություն այս կամ այն գաղափարի շուրջ։ «Թուրքիան առաջին անգամը չէ, որ փորձում է իր շուրջը համախմբել մուսուլմանական աշխարհը, և այդ ճակատի երկրները շատ լավ գիտակցում են, որ Թուրքիան չի կարող դառնալ այդ համախմբող գործոնը։ Այստեղ, ինչպես նշեցինք, կան հստակ քաղաքական, տարածաշրջանային շահեր, որոնք Թուրքիան փորձում է կյանքի կոչել համախմբման միջոցով »,- նշեց փորձագետը։

 

Վերանյանը, խոսելով նաև Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ստեղծված իրավիճակի հնարավոր հանգուցալուծման մասին, նշեց, որ Թրամփի հայտարարությունն ընդամենը այն իրավական գործընթացի սկիզբն է, որը կարող էր տեղի ունենալ Երուսաղեմի կարգավիճակի շուրջ։ Փորձագետի խոսքով, տևական ժամանակ կպահանջվի, որպեսզի այս հարցում ուղղակի թե անուղղակի շահագրգռություն ու ներգրավվածություն ունեցող կողմերը հստակեցնեն իրենց դիրքորոշումները։ «Թրամփի հայտարարությունից հետո ամբողջ աշխարհը իրավական, իրավաքաղաքական հարթությունում դուրս եկավ այդ հայտարարության դեմ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երկրների ճնշող մեծամասնությունը դեմ քվեարկեց Թրամփի հայտարարությանը։ Արդեն հստակ է միջազգային հանրության՝ բավական ընդգրկված դիրքորոշումը, և, կարծում եմ, որ պաշտոնական Վաշինգտոնը պետք է հաշվի նստի այդ դիրքորոշման հետ, քանի որ ԱՄՆ-ի միջազգային քաղաքականությունից և պետական շահերից չէր բխում այն, որ  ողջ միջազգային հանրությունը հանդես գա իր որոշման դեմ։ Նման արձագանք հազվադեպ է լինում, ինչն էլ նախադեպային է, երբ նույն ԵՄ-ն չի կիսում Վաշինգտոնի մոտեցումները։ Ուստի միջազգային հանրության դիրքորոշումը, ըստ իս, ճնշող հանգամանք կլինի, որպեսզի ԱՄՆ իշխանությունները փորձեն առավել կառուցողական դիրքորոշում որդեգրել այս հարցի վերաբերյալ»,- եզրափակեց Կարեն  Վերանյանը՝ հավելելով, որ  Թրամփի հայտարարության վերաբերյալ չկա միասնական դիրքորոշում նաև ԱՄՆ պետդեպարտամենտում, առավել ևս՝ երկրի օրենսդիր մարմնում՝ Կոնգրեսում, և այս իրողությունները նույնպես պետք է հաշվի առնել։


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /