Հունվար 23, 2018
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
31.12.2017 | 22:13

Բակո Սահակյանն Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել։

 

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասվում է.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Եկել է պահը հրաժեշտ տալու 2017 թվականին և դիմավորելու նոր՝ 2018 թվականը:

 

Անցնող տարին եղել է բավականին հագեցած, հարուստ տարբեր իրադարձություններով ու ձեռքբերումներով:

 

2017 թվականին համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունվեց Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունը: Բարեփոխումներ իրականացվեցին կառավարման համակարգում, որոնց նպատակն է ավելի արդյունավետ դարձնել կառավարման ոլորտը, ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, ընդլայնել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները:

 

Մեր երկրում կառուցվեցին նոր կրթօջախներ, առողջապահական  հաստատություններ, բնակելի շենքեր, տարբեր ենթակառուցվածքներ: Հանդիսավոր պայմաններում շահագործման հանձնվեց ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին, որը դարձել է Արցախը Մայր Հայաստանին և աշխարհին կապող հիմնական շնչերակներից մեկը:

 

Ունեցանք ձեռքբերումներ բազմաթիվ այլ ոլորտներում, սակայն շատ են նաև անելիքները:

 

Գալիք տարում նախատեսում ենք իրականացնել տարաբնույթ ծրագրեր տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում՝ ուղղված մեր բնակչության բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացմանը, սոցիալական պայմանների հետևողական բարելավմանը:

 

Իհարկե, շարունակելու ենք առանձնակի ուշադրություն դարձնել պաշտպանության և բանակաշինության ոլորտներին: Հզոր և մարտունակ բանակը մեր հանրապետության ու ժողովրդի անվտանգության և բնականոն զարգացման ամենակարևոր գրավականն է, և այսուհետ էլ արվելու է հնարավորը մեր զինված ուժերի մարտունակության աստիճանը բարձր պահելու, բանակը ժամանակակից զինտեխնիկայով հագեցնելու ուղղությամբ:

 

2018 թվականին տոնելու ենք Արցախյան շարժման 30-րդ տարեդարձը, Հայաստանի առաջին հանրապետության հռչակման և 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի 100-ամյակները: Մենք ոչ միայն պարտավոր ենք նշել այդ տոները և հիշել հերոսներին, այլ նաև հետևել մեր նվիրյալների պատգամներին, զորացնել ու զարգացնել մեր անկախ և ազատ երկիրը, հանուն որի իրենց կյանքն են զոհաբերել հայ ժողովրդի լավագույն զավակները:

 

Հավե՜րժ փառք ու պատիվ բոլոր մարտիրոսներին:

 

Թանկագի՛ն բարեկամներ,

 

Այս պահին բոլորս ունենք ջերմ ու նվիրական ցանկություններ: Բնական է, որ առաջին հերթին ուզում ենք, որ նոր տարում լինի խաղաղություն, որ մեր երեխաները, հարազատներն ու մերձավորները լինեն առողջ ու երջանիկ, տարեցները՝ ապահով ու անհոգ:

 

Ուզում եմ շնորհավորել մեր երկրի սահմանները անսասան պահող բոլոր քաջորդիներին՝ գեներալից մինչև շարքային: Թող նրանք պատվով և անփորձանք կատարեն հայրենիքի պաշտպանի իրենց պարտականությունները:

 

Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, մեր բոլոր հայրենակիցներին Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք:

 

Թող գալիք՝ 2018 թվականը լինի նոր ձեռքբերումների ու հաղթանակների տարի մեր երկրի, ժողովրդի և յուրաքանչյուր ընտանիքի ու քաղաքացու համար:

 

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:  



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /