• USD 480.18
  • GBP 675.23
  • EUR 590.67
  • RUB 7.82
  • GEL 196.69
Ապրիլ 22, 2018
Ապրիլի 24-ի նախօրեին չի կարելի մասնատել հասարակությունը

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
08.01.2018 | 12:32

Կոմիտասը՝ հավերժ ստեղծագործող

                  Նա միշտ ասելիք ունի

1936 թվականի մայիսի 26-ին (մահվանից մեկ տարի հետո)   Փարիզից Երևան տեղափոխվեց  հայ մեծագույն երաժիշտ  Կոմիտասի աճյունը և  ամփոփվեց Երևանի Արշակունյաց պողոտայի վրա  գտնվող այգում: Նույն թվականին ստեղծվեց Հայոց մեծերի պանթեոնը,   և    այգին ու պանթեոնը կոչվեցին  իր իսկ՝        Կոմիտասի անունով:   Կոմիտասի շիրմին նրա հիշատակին կառուցված մի հուշարձան կա՝ երաժիշտը՝ ձեռքին մի տետր…   Կոմիտասի բոլոր արձաններից ու կիսանդրիներից թերևս այդ մեկը լավագույնս է բնորոշում  մեծագույն երաժշտին ՝ հավերժ ստեղծագործող: Կոմիտասը վաղուց հայ ազգային մտածողության մեջ նույնացվել է ստեղծագործական ոգու և  այդ ոգու հավերժության հետ:

Երաժշտի ձեռքին քանդակագործի  մտահղացման  արդյունքում այդ տետրը  պատահական չի հայտնվել. Կոմիտասն  իր ողջ կյանքում անբաժան է եղել տետրից, որտեղ գրի է առել ոչ միայն  երգեր ու նոտաներ, այլև՝ իր մտքերը, խոհերը, ապրումները, տագնապներն ու հույզերը:  

Կոմիտասին տետրի և գրքի հետ են պատկերել նաև շատ գեղանկարիչներ, ինչպես նաև  շատ լուսանկաներում նույնպես երևում է մեծ երաժիշտը՝ գրելիս կամ ստեղծագործելիս:

Ի՞նչ է գրում Կոմիտասը.  դեպի ո՞ւր է տանում մեզ նրա խոհական միտքը, նրա    սիրտը  հայ ժողովրդի նորօրյա հոգսերից  ո՞ր մեկի   համար է ցավում…արդյո՞ք նրա ձեռքի  տետրը նրա բազում կորսված ձեռագրերից մեկն է, որ  հրաշքով  պիտի գտնվի մի օր և   բացի  մեծ հայի կյանքի անհայտ էջերից մեկը, որ հայ  ժողովրդի կյանքի էջերն են միաժամանակ:

Մեր  բոլոր   ճակատագրական պահերին, ինչպես հայոց մյուս մեծերը,   Կոմիտասը նույնպես  ասելիք ունի: Նա գրել է հոդվածներ,  նամակներ, որոնցից  յուրաքանչյուրի մեջ լավագույնս է երևում Կոմիտաս մտածողը:

                    Կոմիտասի հոդվածները

Ժամանակի մամուլում Կոմիտասը հաճախ է հանդես եկել իբրև հոդվածագիր: Նրա մտահոգությունները հիմնականում վերաբերվում էին հայ եկեղեցական երաժշտությանը:  Հիանալի կրթությունը, ինչպես նաև արևելյան, եւրոպական և այլ երաժշտությունների մասին խոր գիտելիքները հնարավորություն են տվել գրագետ շարադրելու իր մտքերը՝  հոդվածները դարձնելով առավել մասնագիտական: Նա գրել է նաև հոդվածներ ժողովրդական երաժշտության մասին, իսկ երբ Եւրոպայում ուսանելու տարիներին ծանոթացել է մի շարք օտար երաժիշտների հետ կամ  նրանց ստեղծագործություններին,  շտապել է հոդվածներով հանդես գալ հայկական մամուլում՝ հայ ընթերցողին նույնպես տեղեկացնելով, թէ ով  է Լիստը, Վագները, Վերդին,  և ինչպես է  ինքը զգում նրանց երաժշտությունը:

                  Բժշկություն՝  երաժշտությամբ

Վերջին հոդվածը, որ գրել է Կոմիտասը՝  աքսորից առաջ (1914-ին), «Բժշկություն  երաժշտությամբ» խորագրով ուսումնասիրությունն էր, որտեղ նա  շեշտում է  երաժշտությամբ բուժելու, հոգեկան ու ֆիզիկական ցավերը մեղմացնելու կարևորությունը: Ինչպես ժամանակին Կոմիտասն է  երաժշտությունը նկատել բուժիչ միջոց,  այսօր երաժշտագետներն իր՝ Կոմիտասի երաժշտությունն են բուժիչ համարում: Երաժշտագետ, Կոմիտասի կյանքի լավագույն ուսումնասիրողներից   Արթուր Շահնազարյանն ասում է, որ  բուժման հիմքում դրված է այն, որ Կոմիտասի երգերն իրենց մեջ պարունակում են ոչ թե արհեստական, այլ բնական բջիջներ. «Պետք է լսել այն երաժշտությունը, որի ֆիզիկական կառուցվածը համապատասխանում է տվյալ ազգին, որը երգել և որի ներքո պարել են նրա նախնիները, հակառակ դեպքում՝ աղավաղված երաժշտական ալիքները  մարդու   ամբողջ բջիջներն ու նյարդային աշխարհը կարող են քանդել»:

                    Նամականին

Հետաքրքիր ու անմիջական ժանր է նամականին, որի միջոցով տեղեկանում ենք առհասարակ որևէ մարդու  անձնական կյանքի մանրամասների, մտերմիկ ու նվիրական պահերի մասին:  Մեզ են հասել հայ մեծ երաժիշտ Կոմիտասի գրած մոտ 180  և նրա ստացած մի քանի տասնյակ նամակ՝ գրված հիմնականում 1894-1914 թվականներին, որոնք  մեծ երաժշտի կյանքի ամենահատկանշական տարիներն են եղել՝ ուսումնառության, մի շարք երկրներ կատարած նրա ուղևորությունների,  ժամանակի մտավորակության հետ իր ծանոթության և մտերմության, աշխատանքային գործունեության  և վերջապես՝ ստեղծագործական լավագույն շրջանը: Այդ տարիների կարևոր դրվագների, իրադարձությունների, իր  շուրջն ու իր ներսը կատարվող ամեն ինչի մասին նա պատմել է նամակներում:   Նրա  հոգին փոթորկվել  է անարդարություններից,  հաճախ իրեն միայնակ է զգացել,  սակայն նամակներում երևում է, որ միաժամանակ շատ ակտիվ, կատակասեր  և աշխույժ է եղել Կոմիտասը՝ մանկան պես հրճվել է հայ մարդու ուրախության,  ընկերոջ, աշակերտի հաջողության համար: Նա պարզ  էր ու մանկամիտ, իսկ երբեմն էլ՝ ինքնամփոփ,  անհասկանալի ու բարդ:   Կոմիտասի նամակները ընթերցվում են մեծ հետաքրքրությամբ,  և ամեն նամակի հետ մեր առջև հառնում է մեծ հայը՝  աշխատասեր, տաղանդավոր, մեծահոգի և սրտացավ: 

Կոմիտասը նամակների շարք ունի ուղղված Ամենայն հայոց  կաթողիկոս  Մատթեոս  Իզմիրլյանին: Հատկանշական է, որ նա  Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված նամակներում երաժշտական, մասնագիտական վերլուծություններ է կատարում, իր նկատառումներն է հայտնում Սուրբ Պատարագի երգեցողության առթիվ,  ինչպես նաև առաջարկում է բացել հոգևոր երաժշտանոց, ուր կորստից կփրկվեն հնագույն հոգևոր  երաժշտության պատառիկները:  Կոմիտասի՝ կաթողիկոսին նամակի միջոցով ուղղված առաջարկներից մեկն էլ Մայր Աթոռի տպարանում երաժշտական բաժանմունք ստեղծելու, ինչպես նաև  հայ դպրոցներում երգեցողություն մտցնելու   իր ցանկություններն էին:

Առհասարակ Հայաստանի երաժշտական կյանքը կազմակերպելու կոմիտասյան առաջարկները միշտ գրվել են Եւրոպայից, հավանաբար այն պատճառով, որ Եւրոպայում ուսանելու տարիներին նա ականատես է եղել եւրոպական կազմակերպված երաժշտական կյանքին:

Ինչպես հայտնի է՝  Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի բարձր հովանավորությամբ և  նավթարդյունաբերող ու մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի կրթաթոշակով Կոմիտասը 1896 թ. հունիսի 15-ին մեկնում է Բեռլին` ուսանելու Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Ֆրիդրիխ Վիլհելմ Արքունական համալսարանում:   Հենց այդ հաստատություններում իր ուսուցիչների, ուսման ընթացքի, ծանրաբեռնվածության,   առողջության, հայ և եւրոպական երաժշտությունների  համեմատության մասին  է նա գրում Կարապետ Կոստանյանին, որ  1885-1891 թթ. եղել է Էջմիածնի  Գևորգյան ճեմարանի տեսուչը, Կոմիտասի  մտերիմ բարեկամներից մեկը, հայ ազգագրագետ ու մանկավարժ:

Ճիշտ է՝ Խրիմյան Հայրիկը եղել է Կոմիտասի հովանավորը, սակայն Բեռլինից վերադառնալուց հետո Կոմիտասի մոտ ինչ-ինչ դժգոհություններ են  ի հայտ գալիս Խրիմյան Հայրիկի գործունեությունից. նա նշում է, որ   Հայրիկը  ժողովրդական պահվածք ունի և բավարար  աշխատանք չի   տանում հայ եկեղեցու միջազգային համբավը տարածելու  ուղղությամբ:

Մայր Աթոռում, ինչպես երևում է  Կոմիտասի նամակներից, լարված մթնոլորտ էր  տիրում, ինչն ավելի է սրվում Խրիմյան Հայրիկի մահից հետո,  և Կոմիտասը մեկ այլ նամակ է գրում   նորընտիր կաթողիկոս Մատթեոս Իզմիրլյանին.  Երաժիշտը  մեծ հույսեր ուներ, որ նորընտիր կաթողիկոսի  շնորհիվ իրավիճակը  կմեղմանա, սակայն դրանք այն տարիներն էին,  երբ  ավելի էր սրվել ցարական կառավարության հակահայ քաղաքականությունը, որի առաջին թիրախը  Հայ Առաքելական եկեղեցին էր…  Ստեղծագործելու և աշխատելու համար անբարենպաստ  պայմաններ էին, ինչը նա նշում է  Ամենայն Հայոց Կաթողիկոսին գրված իր  հայտնի նամակում. նա կաթողիկոսից  խնդրում է արձակել իրեն Ս. Էջմիածնի Միաբանության Ուխտից եւ նշանակել Սեւանի մենաստանի մենակյաց՝  պատճառաբանելով.  «Նյարդերս թուլացել են, այլեւս տոկալու ճար ու հնար չունեմ, որոնում եմ հանգիստ, չեմ գտնում, ծարավ եմ ազնիվ աշխատանքի, փափագում եմ հեռու մնալ` խցել ականջս չլսելու համար, գոցել աչքերս՝  չգայթակղվելու համար, սանձել զգացումներս չվրդովվելու համար, բայց չէ, մարդ եմ, չեմ կարողանում։ 
Եթե հաճո է Վեհիդ ինձ չկորցնել, արտասվելով աղերսում եմ` արձակեցեք ինձ Ս.Էջմիածնի միաբանության ուխտից եւ նշանակեք Սեւանա մենաստանում մենակյաց։ Քսան տարի կորցրի, գոնե մնացած տարիներս շահեցնեմ եւ անդորրությամբ գրի առնեմ ուսումնասիրություններիս պտուղները` իբր առավել կարեւոր ծառայություն հայ եկեղեցվո եւ գիտության։ 
Վեհափառությանդ ծառա եւ որդի Կոմիտաս վարդապետ միաբան Ս.Էջմիածնի»: 

 Նամակը  մնում է անպատասխան...  1910 թվականին Կոմիտասը թողնում է Էջմիածինն ու մեկնում Կ.Պոլիս: Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ հաճախ դուրս է մնում Կոմիտասի՝ Էջմիածնից հեռանալու դեպքի քննարկումներից. Կոմիտասը միայնակ չի հեռանում Մայր Աթոռից. նրա հետ հեռանում է   Գևորգյան ճեմարանի դասախոսական հիմնական կազմը: Սա փաստ է, որ միջավայրը ճնշող էր ոչ միայն Կոմիասի համար,  ու այդ ճնշումներն էլ  ոչ այնքան ներսից, այլ՝ դրսից էին. Ինչպես նշում է կոմիտասագետ Գուրգեն Գասպարյանը,  Կոմիտասի շուրջ ստեղծված մթնոլորտն ու նրա հեռանալը Մայր Աթոռից պետք է դիտարկել ցարական իշխանության հաստատած կարգերի ենթատեքստում, կարգեր, որոնք տարածվել էին բոլոր կառույցների, այդ թվում նաև՝ եկեղեցու վրա:    Կոմիտասը գիտակցում է, որ ցարական բռնատիրության ներքո իր առջև  փակվում են ստեղծագործական ուղիները,  մյուս հեռացածները  ևս ճնշումների տակ աշխատելու հնարավորություն չէին տեսնում:   Հեռանալով Էջմիածնից՝ նա երբեք չի հրաժարվել իր հոգևոր կոչումից. Կոմիտասը միշտ հավատարիմ է մնացել իր կոչմանն ու երդումին և մինչև  կյանքի վերջ եղել է Հայ Առաքելական եկեղեցու նվիրյալ սպասավորը:

...Ինչպես երևում է Կոմիտասի նամակներից և ժամանակակիցների հուշերից, ճիշտ է՝ Պոլսում նա  մի շարք հաջողություններ  է ունենում, ինչպես «Գուսան» երգչախմբի ստեղծումը,  աշակերտների հետ աշխատանքը և այլն, սակայն հայտնի է երգչախմբի  առաջին համերգից րոպեներ առաջ ստեղծված  մի  խոչընդոտ, որ Կոմիտասի առջև դնում է Պոլսո պատրիարքը (Եղիշե Դուրյանը) համերգից  ընդամենը րոպեներ առաջ, նամակ ուղարկելով, որ հոգևոր երգեր չպետք է կատարվեն աշխարհիկ բեմերից: Այդ ժամանակ Կոմիտասը ցույց է տալիս Խրիմյան հայրիկի նամակ-թույլտվությունը,  որ նա ժամանակին ստացել էր՝ հոգևոր երգը դահլիճներից  ներկայացնելու համար ու միայն դրանից հետո է  հաջողվում   սկսել համերգը: Այլ խնդիրներ էլ է Կոմիտասն  ունեցել  Պոլսում, սակայն  շնորհիվ նրա արվեստն իսկապես գնահատողների և սիրողների, կարողացել է հաղթահարել: 

Պոլսից և Թիֆլիսից ստացած նամակներում հրաշալի երևում է, որ ժամանակի մտավորականությունը միշտ եղել է նրա կողքին:   Նա նամակներ է գրել  Մարիամ Թումանյանին, Հովհաննես Թումանյանին, Արշակ Չոպանենաին,  Նիկողայոս Տիգրանյանին, Սպիրիդոն Մելիքյանին,  իր աշակերտուհիներ  Մարգարիտ Բաբայանին և Մարինա Ստամբոլցյանին,  ժամանակի այլ երևելի մարդկանցից, միաժամանակ ստացել բազմաթիվ նամակներ, որոնք սփոփում, քաջալերում և ուժ էին տալիս մեծ երաժշտին:

Կոմիտասը նամակագրություն է ունեցել Կ.Պոլսո հայոց պատրիարք  Մաղաքիա Օրմանյանի հետ. Օրմանյանին գրած նրա  բոլոր նամակները նույն խնդրանքով են`  իր ուղարկած դրամը փոխանցել   Կուտինայում (Քյոթահիա) ապրող իր աչազուրկ   հորաքրոջը կամ նրա որդուն: Ինչպես հայտնի է՝ Կոմիտասը վաղ տարիքում է զրկվել ծնողներից, և Օրմանյանին գրված նամակներից երևում է, որ նա որդիական պարտք է զգում  հիվանդ հորաքրոջ հանդեպ:

            Կոմիտաս և Հովհաննես Թումանյան

Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի ծանոթությունը կայացել է շնորհիվ իշխանուհի Մարիամ Թումանյանի. Թիֆլիսում մեծ հասարակական գործունեություն ծավալած  այս հայուհին եղել է Թումանյանի մեծ երկրպագուն ու հովանավորը, նրա գործերի տարածողներից մեկը, և 1904 թվականին նա  մի նամակով Էջմիածին է ուղարկում բանաստեղծի  ժողովածուն և Կոմիտասին խնդրում «Անուշ» պոեմը վերածել օպերայի: Կոմիտասը պատրաստակամություն է հայտնում, սակայն պատասխան նամակում գրում է, որ մի շարք փոփոխություններ են անհրաժեշտ պոեմում՝ այն ավելի երաժշտական դարձնելու համար, միաժամանակ Թումանյանին խորհուրդ է տալիս հնարավորինս հրաժարվել  թուրքերեն արտահայտություններից, որպեսզի պոեմը հարազատ լինի հայկական ոգուն: Ի վերջո Կոմիտասը «Անուշ» պոեմի որոշ հատվածների հիման վրա գրում է երաժշտություն, սակայն, ինչպես հայտնի է, «Անուշը» ամբողջական օպերա է դարձել ոչ թե Կոմիտասի, այլ՝ Արմեն Տիգրանյանի հեղինակությամբ: 

Հովհաննես Թումանյանին գրված մի այլ նամակում Կոմիտասը զարմանում է, որ Թումանյանը Էջմիածին չեկավ, որովհետև վախեցավ մոծակներից: «…Էդ պիծի մոծակն ի՞նչ է, որ մարդս նորանէն վախենա, ես քեզ այնպիսի տեղ տայի, որ մոծակ չէ, մոծակի աղբէրն իր ճտերով չէր կարող մուտք գործել…»,-կատակում է Կոմիտասը:

Սրամիտ ու կատակասեր երաժշտի  մասին  կոմիտասագետ  Արթուր Շահնազարյանն ասում է. «Կոմիտասը եղել է կատակասեր, ուժեղ և հասարակության մեջ նրա մասին ձևավորված ողբերգական պատկերացումները չեն կարող բնութագրել նրա կյանքը»:

Կյանքում Կոմիտասին այդպես է տեսել նաեւ լեզվաբան Հրաչյա Աճառյանը.  Իր «Կյանքիս հուշերից» գրքում Աճառյանը գրում է. «Վերին աստիճանի կոմիկ մարդ էր Կոմիտաս վարդապետը, եւ որովհետեւ ես էլ սիրող եմ եղել զավեշտի, ուստի մտերմական շրջանում հաճախ երկուսով ներկայացնում էինք Պարոնյանի «Բաղդասար աղբարի» այն տեսարանը, երբ Ազգային ժողովի անդամները,  դռնից մտնելու համար, երկար-բարակ իրար համեցեք են անում։ Մենք, տեսարանը ավելի զարգացնելով, ծաղրանքի բարձրագույն աստիճանին էինք հասցնում։ Ընկերները շատ էին ծիծաղում եւ հաճախ խնդրում էին, որ կրկնենք այդ տեսարանը»։

…Զվարթ, լավատես, կյանքով ու փնտրտուքներով  լեցուն Կոմիտասի ժպիտը խամրում է Մեծ Եղեռնի  և դրան նախորդած   աքսորի ժամանակ: Մինչև 1935  թվականը նա ապրում է տառապալից մի կյանք՝ անխախտ լռությամբ պարուրելով իր շուրջը ստեղծված այն մեծ խորհրդավորությունը, որին առնչվելիս այսօր էլ մեծ ակնածանք ենք ապրում: Իր կյանքի վերջին տարիներին նա միայն լռել է. ու, գո՞ւցե նաև նրա համար, որ իր ստեղծած երգի ձայնն ավելի հզոր  լսելի լինի աշխարհում:

 

                                                       Անուշ Թրվանց

 

 

Օգտագործված գրականություն ՝

Կոմիտաս Վարդապետ. Նամականի  Երևան, 2009

Հրաչյա Աճառյան- Կյանքիս հուշերից Երևան, 1967

 

 

 

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /