Հունվար 23, 2018
Լրահոս, Մշակույթ, Պատմության այս օրը
09.01.2018 | 11:00

Այսօր հանճարեղ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»

Ժան-Լյուք Գոդար

 

 

Հանճարեղ Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թ․-ի հունվարի 9-ին Վրաստանի Թիֆլիս քաղաքում՝ հնավաճառ Իոսիֆի ընտանիքում։ Խոսիֆը միայն հնավաճառությամբ չէ, որ զբաղվում էր․ նա ուներ «Ընտանեկան անկյուն» անվամբ հասարակաց տուն, որտեղի աղջիկներին ընտրում և բերում էր Ֆրանսիայից կինը՝ Սիրանը։

Սերգեյ Փարաջանովը նախնական կրթությունն ստանում է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո՝ 1942թ․-ին ընդունվում է Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ, սակայն չի ավարտում այն։ Շուտով ընդունվում է Թբիլիսիի կոնսերվատորիա՝ վոկալի բաժին և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարան։

1945 թ․-ին Փարաջանովը տեղափոխվում է Մոսկվայի կոնսերվատորիա, որին զուգահեռ ընդունվում է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։ Ուսանողները ակտիվորեն մասնակցում էին իրենց ուսուցչի՝ Ի․ Սավչենկոյի ֆիլմերի նկարահանումներին․ 1948 թ․-ին՝ «Երրորդ հարվածը», 1951 թ․-ին՝ «Տարաս Շևչենկո»։ 1949 թ․-ին Փարաջանովն աշխատանքի անցավ Կիևի Դովժենկոյի անվան ստուդիայում որպես ռեժիսորի օգնական։

Փարաջանովն ինստիտուտն ավարտեց 1951 թ․-ին։ Նրա դիպլոմային աշխատանքը կարճամետրաժ «Անդրիեշ» ժապավենն էր։ Չորս տարի անց նա Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանեց նույն սյուժեով, նույն անվամբ ֆիլմի լիամետրաժ տարբերակը։

Փարաջանովը սկսեց ֆիլմեր նկարահանել՝ «Առաջին տղա», «Ուկրաինական ռապսոդիա» «Ծաղիկ քարի վրա» և այլն։ Տասը տարվա ընթացքում Փարաջանովը նկարահանեց ընդամենը 4 ֆիլմ, որոնք ռեժիսորին հաջողություն չբերեցին։

1964 թ․-ին նա նկարահանեց «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որը դարձավ 1960-ական թվականների խորհրդային կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը։ Այս ֆիլմը 1966 թ․-ին Կիևի Համամիութենական կինոփառատոնում արժանացավ մրցանակի։ 1965 թվականին ֆիլմը մրցանակներ ստացավ նաև Բրիտանական ակադեմիայից, Հռոմի և Մար դել Պլատայի փառատոներից՝ ընդհանուր առմամբ 28 մրցանակ, պարգև և դիպլոմ։

1966 թ․-ին նկարահանված «Կիևի որմնանկարներ» ֆիլմից հետո պաշտոնյաները ռեժիսորին մեղադրեցին պատերազմի իրադարձություններին ոչ լուրջ վերաբերվելու մեջ և արգելեցին հետագա նկարահանումները։ Այս իրադարձություններից հետո Փարաջանովը Երևան՝ Հայֆիլմ, որտեղ նկարահանեց «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը, իսկ 1968 թ․-ին՝ բոլորից հայտնի «Նռան գույնը» ֆիլմը։

Պետկինոյի ղեկավարները այս անգնահատելի արժեք հանդիսացող ֆիլմը չհասկացան, որի պատճառով վերջինս վարձույթի դուրս եկավ 4 տարի անց։ Շատերը գիտեն, որ գոյություն ունի ֆիլմի երկու տարբերակ․ այդ հանգամանքը պայմանավոված է նրանով, որ Փարաջանովը հրաժարվել է մոնտաժել ֆիլմը և այդ տարբերակը գրեթե ոչ ոք չի տեսել։ Երկրորդը Յուտկևիչի մոնտաժած տարբերակն է։ Ֆիլմը վարձույթում մնաց մի քանի ամիս․ 1973 թ․-ին Փարաջանովին ձերբակալեցին հոմոսեքսուալության մեղադրանքով և դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, սակայն վերջինս բանտում մնաց 4 տարի և ազատ արձակվեց Լուի Արագոնի միջնորդությամբ։ Շուտով Փարաջանովը մեղադրվեց կաշառք տալու համար։ Նա ջանում էր իր զարմիկին ընդունել թատերական ինստիտուտ, որի համար ընդունող հանձնաժողովի ղեկավարին մեծ ադամանդով մատանի նվիրեց, ինչը բացահայտվեց պատկան մարմինների կողմից և գործը քննող քննիչը Փարաջանովին ակնարկեց կաշառք տալ՝ գործը կարճելու համար։ Կաշառքը տալու պահին ձերբակալվեց, դատապարտվեց 5 տարի պայմանական ազատազրկման։

 

Մեղադրանքից երկու տարի անց Փարաջանովին Վրաստանում թույլ տվեցին վերադառնալ կինեմատոգրաֆիա։ Սրանից առաջ նա արդեն մերժում էր ստացել Հայաստանի իշխանություններից։ Արդյունքում Փարաջանովը նկարահանեց իր «Սուրամի ամրոցի լեգենդը» ֆիլմը, որը մեծ հաջողություններ ունեցավ մրցանակներ ստացավ Տրոյում, Սիտսեխում, Բեզանսոնում և Սան Պաուլոյում:

1988 թ․-ին Փարաջանովը մեկնեց Ռոտերդամ, Հոլանդիա, որտեղ մնաց ընդամենը 3 օր, վերադարձավ Մոսկվա, ապա Թբիլիսի։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովն ակտիվորեն աշխատում էր կինոյում։ Նկարահանեց «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով» փաստագրական ֆիլմը, «Աշուղ ղարիբը» գեղարվեստական ֆիլմը։ Սկսեց աշխատանքները «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմը նկարահանելու համար, սակայն ծանր հիվանդության պատճառով չհասցրեց․ 1989 թ․- բժիշկները ռեժիսորի մոտ ախտորոշեցին թոքի քաղցկեղ, նա տեղափոխվեց Մոսկվայի Պիրոգովկա հիվանդանոց։ 1990 թ․-ի հուլիսի 17-ին Փարաջանովը վերադարձավ Երևան և երեք օր անց մահացավ ու թաղվեց Երևանի քաղաքային պանթեոնում։

Շատ հետաքրքիր է Փարաջանովի անձնական կյանքի ուսումնասիրությունը։ Նախ հարկավոր է նշել, որ նա այդպես էլ չներեց իր վաղամեռիկ քրոջը, ով հակառակվել և ամուսնացել էր վարսահարդարի հետ։ Քրոջ ամուսնու թաղմանը <<խելագար>> Փարաջանովը հանգուցյալին գրիմավորել է կայսր Ֆերդինանդի նման, ոլորել բեղերը, այտերը կարմրացրել, մի ձեռքում վառվող մոմ է դրել, մյուսին՝ նուռ։ Քրոջը հագցրել է գորգից կարած ծաղիկներով շոր, գլխին բարձ և այդ տեսքով նստեցրել էր դագաղի մոտ։

Ինչ վերաբերում է նրա կյանքի կանանց, ապա պետք է անդրադառնալ նրա ուսման տարիներին։ Մոսկվայում սովորելու տարիներին Սերգեյը սիրահարվեց Նիգյարին՝ թաթար մի աղջկա, ով ծնունդով Մոլդովայից էր։ Մի քանի ամիս տևած սիրավեպն ավարտվեց ամուսնությամբ, սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց։ Նիգյարը նահապետական հայացքներ ունեցող ընտանիքից էր։ Հրաժարվելով ենթարկվել իր եղբայրների հորդորներին՝ Նիգրայը վերջիններիս կողմից նետվեց գնացքի տակ։

 

Արդեն 1950-ական թվականներին Փարաջանովը Կիևում ամուսնացավ Սվետլանա Շչերբատյուկի հետ, ումից ունեցավ որդի՝ Սուրենը։ Այս ամուսնությունը ևս երկար չտևեց․ 1961 թվականին կինը որդու հետ հեռացավ տնից:

Փարաջանովի հանդեպ անտարբեր չէր Լիլիա Բրիկը, ով այդպես էլ որպես կին անտեսված մնաց Փարաջանովի կողմից։ Նա ինքնասպան եղավ և շատերը նշում էին, որ դա անպատասխան սիրուց թելադրված քայլ էր։ Սակայն Փարաջանովը մի հարցազրույցի ընթացքում ասեց, որ Բրիկն այդ քայլին գնացել է ընտանիքի համար բեռ չդառնալու համար։

 

Իր ողջ գործունեության ընթացքում Փարաջանովն արժանացել է պարգևների ու կոչումների, մասնավորապես ՈւԽՍՀ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումներին, «Հարավային խաչ» մրցանակին, Սալոնիկի առաջին միջազգային կինոփառատոնի ոսկե մեդալին, Հռոմի միջազգային կինոփառատոնի գավաթին Բրիտանական կինոակադեմիայի մրցանակին և այլն։ Նրան նվիրված հուշարձաններ կան Վրաստանում, Հայաստանում, Ուկրաինայում, Հոլիվուդում 2010թ․-ին հիմնադրվել է Փարաջանով- Վարդանով ինստիտուտը։ Երևանում գործում է նրա տուն- թանգարանը։

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /