Հունվար 22, 2018
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
09.01.2018 | 13:00

Իրանական խռովությունը և հայկական ԶԼՄ-ները

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում հարևան Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի ունեցող իրադարձությունները մեծ արձագանք ունեցան ոչ միայն միջազգային, այլև հայրենի զանգվածային լրատվամիջոցներում։ Իրանի տարբեր քաղաքներում տեղի ունեցող բողոքի գործողությունների, ոստիկանության հետ բախումների ու դրա հետևանքների մասին մանրամասն պատմող  հաղորդագրությունները հայտնվում են տարբեր լրատվամիջոցներում, ինչը հասկանալի է, քանի որ Իրանը մեր հարևանն է և այնտեղ գրանցվող զարգացումները կարևոր են նաև  Հայաստանի համար։

 

Տեղի ունեցող իրադարձությունները ու դրանց մեկնաբանությունները սակայն միշտ չէ, որ համապատասխանում էին իրականությանը. հայկական ԶԼՄ-ները որպես կանոն իրենց տեղեկատվության մեջ հենվում էին Արևմտյան լրատվամիջոցների ու նրանց հաղորդագրությունների վրա, իսկ դրանք ոչ միշտ էին  համապատասխանում էին իրականությանը։ Նման իրավիճակի տարօրինակությունն այն է, որ Իրանը մեր անմիջական հարևանն է, որի հետ մենք, ընդհնաուր առմամբ, ունենք մոտ 120 կմ սահման, սակայն տեղեկատվությունը այդ պետության մասին վերցնում ենք Իրանից հարյուրավոր ու հազարավոր կիլոմետր հեռու գտնվող երկրեների ԶԼՄ-ներից։

 

Արդյունքում հայրենի լրատվամիջոցները ու մեկնաբանները հաղորդում են տեսակետներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև չեն համընկնում Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների շահերին։ Այն դեպքում, երբ Հայաստանում ուժեղ է իրանագիտությունը և տասնյակ հայ գիտնականեր,  զբաղվելով այդ պետության քաղաքական ու տնտեսական համակարգով, շատ լավ են պատկերացնում իրավիճակը այդ պետությունում ու տիրապետելով պարսկերենին՝ նաև հաղորդակից են այնտեղ տպագրվող մամուլին և ինտերնետ կայքերին։

 

Իրանում դարերի պատմություն ունի հայկական համայնքը, որի շատ անդամներ այսօր բնակություն են հաստատել մայր հայրենիքում, և նրանց միջոցով մենք կարող ենք շատ ավելի լավ տեղեկացված լինել Իրանի, քան այլ պետությունների ներքաղաքական  վիճակին։ Ըստ Իրանում գործող օրենսդրության՝ հայկական համայնքը երկու պատգամավոր է ընտրում այդ պետության խորհրդարանում, որոնք ներկայացնում հայության շահերը։ Այսինքն, հայությունը ներկայություն ունի նաև այդ պետության օրենսդիր մարմնում, որը բավական  ազդեցիկ և վճառական մարմին է Իրանի արտաքին և ներքին քաղաքականության ձևավորման գործում։ Ու չնայած այս ամենին, մենք շարունակում ենք ապավինել արևմտյան լրատվամիջոցներին։

 

Վերջին օրերին Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի ձերբակալության լուրի տարածումը, որը հիմնականում կազմակերպվել էր Լոնդոնում գործող արաբալեզու մի թերթի միջոցով առանց որևէ հղումի, պատճառ հանդիսացավ, որ այդ նյութը արդեն այլ լրատվամիջոցների փոխացմամբ հայտնվի հայկական ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում։ Ու նմանատիպ ապատեղեկատվություն տարածող ԶԼՄ-ները չեն փորձում անգամ ստուգել այդ տեղեկատվության սկզբնաաղբյուրը ու չեն էլ հասկանում այն վնասը, որը նրանք հասցնում են ապատեղակետվություն տարածելով։

 

 

Տարօրինակ է, բայց փաստ, որ հայրենի ԶԼՄ-ներից ոմանք թղթակիցներ ունեն Վաշինգտոնում կամ Փարիզում, իսկ Հայաստանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեր անմիջական հարևանի մայրաքաղաք Թեհրանում մենք չունենք ոչ մի լրագրող, որը կարող է տեղեկատվություն տալ տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Աշխատանքային նման ցածր պրոֆեսոնալիզմը պատճառ է հանդիսանում, որ մեր անմիջական հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին մենք ստանում ենք աղճատված ու խեղաթյուրված տեղեկատություն, ինչը չի արտացոլում ոչ իրականությունը և ոչ էլ հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները։

 

 

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /