• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
10.01.2018 | 10:00

Սիրամարգի փոխարեն սագի փետուրներ

Երևի միայն ադրբեջանցիներին է բնորոշ խայտառակ պարտությունն անգամ ներկայացնել իբրև հերոսություն: Օրերս ադրբեջանական «Karabakh TV» հեռուստաալիքը հարցազրույց է հեռարձակել «նշանավոր հորադիզյան ռազմագործողության» մասնակից, ռազմական փորձագետ, գնդապետ-լեյտենանտ Ուզեիր Ջաֆարովի հետ:

Վերջինս հորադիզյան գործողությունը կապում է Լելե Թեփեի գրավման հետ` դրանք անվանելով ադրբեջանական բանակի ամենահաջողված ռազմական ձեռնարկումները: Հատկանշական է, որ Հորադիզի կայարանի վերագրավումը ադրբեջանցիների կողմից եղել է 1994թ. հունվարին, իսկ Լելե Թեփեի բարձունքը նրանք գրավել են 2016թ. ապրիլյան պատերազմի ընթացքում: Այս երկու իրադարձությունների միջև ոչ մի տրամաբանական կապ չկա, և դրանք նույնացնելը թերևս նշանակում է պատմական փաստերին չտիրապետել, կամ որ ավելի հավանական է` ալիևյան դարաշրջանի հաջողությունները վերագնահատելու պարզունակ փորձ է: Անշուշտ, ներքին լսարանի համար արված քարոզչությունը ադրբեջանական իշխանությնների ներքին գործն է, բայց ահա պատմական հիշողությունը մի քիչ թարմացնելը, կարծում ենք, մեր հարևաններին չէր խանգարի:

Ու. Ջաֆարովը հարցազրույցում մասնավորապես ասում է, թե իբր հայկական բանակը նպատակ ուներ գրավել Բելագանը, այնուհետև ուղղություն վերցնել դեպի Իմիշլի և այլն, սակայն ադրբեջանական բանակը ոչ միայն կարողացել է դիմագրավել հայերին, այլև նույնիսկ հաջողացրել է ազատագրել թվով 22 բնակավայրեր: Վերջինս, սակայն, հարկ չի համարում նշել, որ 1994-ի հունվարին հարավային ուղղությամբ հենց ադրբեջանական բանակն է նախահարձակ եղել: Ընդ որում` նույն այդ օրերին ազերիները հարձակման էին դիմել նաև Քարվաճառի ուղղությամբ, որտեղ տեղի են ունեցել ծանր մարտեր: Գեներալ Քրիստափոր Իվանյանը Օմարի լեռնանցքն անվանում էր յուրօրինակ Ստալինգրադ, որտեղ վճռվում էր Ղարաբաղի բախտը: Տվյալ ժամանակահատվածում իրավիճակը ռազմաճակատում բավական լարված էր, լավագույն մարտական ուժերը տեղափոխվել էին Քարվաճառ, և անհրաժեշտություն էր առաջացել Արցախում լրացուցիչ զորահավաք անցկացնել:

Հայ մարտիկների անօրինակ սխրագործությունների շնորհիվ կասեցվեց ադրբեջանական բանակի առաջխաղացումը և դեռ ավելին` հաջողվեց փակել Օմարի լեռնանցքը, որով շրջափակման մեջ առնվեց միանգամից երկու ադրբեջանական բրիգադ: Զոհված ասկյարների ճշգրիտ թիվը ոչ ոք չի ասում, բայց այն տատանվում է 2000-4000-ի միջև: Այս պայմաններում, ֆիասկոյի ենթարկվելով հյուսիսում, ադրբեջանցիներն այդուհանդերձ կարողացան որոշակի հաջողության հասնել հարավային ուղղությամբ: Եվ եթե սա է հերոսականությունն ըստ ազերի փորձագետի, ընդամենը միայն կարող է ծիծաղ հարուցել:

«Ներկայումս ադրբեջանական բանակը զինված է արդիական զենքերով և ունակ է լուծելու ցանկացած մարտական խնդիր,-հոխորտում է Ջաֆարովը,- եթե այն ժամանակ մենք ունենայինք այդպիսի հզոր զենքեր, ապա ամբողջությամբ կազատագրեինք Ղարաբաղը»: Հակադարձելով Ջաֆարովին, նշենք, որ 1992-94 թվականներին Արցախի պաշտպանության բանակը մարտերի ընթացքում զգալի քանակով զրահատեխնիկա, հրթիռա-հրետանային կայանքներ ու զինամթերք է առգրավել հակառակորդից` նաև դրանցով համալրելով իր զինանոցը: Ասել է` թե այն ժամանակվա չափանիշներով ադրբեջանական բանակը շատ լավ էլ զինված էր, որից նույնիսկ «բաժին էր թողել» հայերին:

Հենց նույն թուրքն է ասում` «Բու` մեյդան, բու` շեյթան»: Ապրիլյան պատերազմը լավագույն հնարավորություն էր ռևանշի հասնելու համար: Արդիական զենքը բավարար չափով կար, կային նաև ղարաբաղյան պատերազմի վետերանները, բայց իրականն այն է, որ իր իսկ կողմից սանձազերծված պատերազմից ընդամենը օրեր անց Բաքուն ահաբեկված դիմեց ռուսներին` վերստին հրադադար խնդրելով: Ո~վ էր խանգարում ջաֆարովներին կամավոր մեկնել ղարաբաղյան ռազմաճակատ և կռվել այդ արդիական զենքերով, թե՞ նազարն այլևս պատերազմ գնացողը չէ… Ի դեպ, նախորդ պատերազմում թրծված արցախցի /և ոչ միայն/ վետերանները ապրիլյան ռազմաշունչ օրերին մեկ մարդու պես կանգնած էին հայ զինվորի կողքին: Երևի ջաֆարովները հին գվարդիայից էին սարսափում, ախր, աչքը տեսածից է վախենում:

Ամեն ազգ էլ, անկասկած, իրավունք ունի իր փառապանծ զավակներով հպարտանալու: Բնականաբար, ադրբեջանցիներն իրենց ազգի հարյուրամյա պատմության ընթացքում մարշալներ, անվանի զորավարներ չեն ունեցել, ուստի հպարտանալու բան չունեն: Փոխարենը նրանք մոգոնում են կեղծ լեգենդներ` դրանցով սնելով ու դաստիարակելով նորօրյա սերնդին: Մինչդեռ, կեղծված պատմությունը նման է օդում թռչկոտող փուչիկի, և այն կարող է ցանկացած պահի հանդիպակաց քամուց պատռվել` սիրամարգի փոխարեն իր միջից դուրս հանելով սագի անճոռնի փետուրները: Ջաֆարովի փչածը նման մի փուչիկ է:

 

 

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ստեփանակերտ



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /