Հունվար 23, 2018
Գլխավոր լուր, Աշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս
12.01.2018 | 13:02

Նախ տեսնել սեփական աչքի գերանը

Թբիլիսիում տեղակայված մարդու իրավունքների դիտարկման Կովկասյան կենտրոնի ղեկավար Էլբրուս Մամեդովը խորը մտահոգություն  է հայտնել Վրաստանի կառավարության կողմից թուրքական /ադրբեջանական/ տեղանունները նպատակասլաց կերպով վրացերենով փոխելու քաղաքանության առթիվ:  Ըստ  Մամեդովի`  հեղինակավոր The European Centre for Minority Issues (ECMI) կազմակերպությունը, որը զբաղվում է Եվրոպայի ազգային փոքրամասնությունների  իրավունքներով, հրապարակել է հաշվետվություն, որտեղ հստակ տեղեկություններ  կան այն մասին, որ Վրաստանում ադրբեջանաբնակ վայրերի տեղանուններն ու ջրանունները վերջին 50-70 տարիներին հետևողականորեն անվանափոխվել են: Եվ դա այն դեպքում, երբ մյուս փոքրամասնությունների մոտ ոչ մի ազգային անվանում չի վրացականացվել: Օրինակ, 1990-91 թվականներին Բոլնիսի շրջանի Աբդալլը գյուղը վերանվանվել է Ջավշանիանի, Արըխլին` Նախիդուրի,  Գոչուլուն` Չափալի և այլն: Իսկ ահա Սամցխե-Ջավախեթիի մարզում ոչ մի հայկական գյուղ չի անվանափոխվել:

Կենտրոնի ղեկավարը գտնում է, որ պատմական և մշակութային ժառանգության անվանախեղումներն ուղղված են ադրբեջանական համայնքի դեմ, որին ցավալիորեն չեն հակադարձում ազգությամբ ադրբեջանցի չինովնիկները: Մասնավորապես,  նրա խոսքով, 2010 թվականին տարածքային իշխանության մարմիններում աշխատող  ադրբեջանցի պաշտոնյաները հանուն իրենց նեղ անձանական շահերի հավանություն են տվել 19 այդպիսի բնակավայրերի անվանափոխմանը, և միայն որոշ հասարակական կազմակերպությունների ակտիվության շնորհիվ հաջողվել է  տվյալ գործընթացը կասեցնել: Վերջինս միաժամանակ ափսոսանք է հայտնել, որ առ այսօր Վրաստանի ոչ մի պետական կառույց փորձ չի արել վերականգնել տեղանունների հին անվանումները, որոնք տվյալ ազգության պատմության անտրոհելի բաղկացուցիչն են կազմում:

Հանուն արդարության ասենք, որ վանդալիզմ է ոչ միայն բնակավայրի, այլև այդ տարածքում գտնվող ձորի, բլրակի, ժայռի, գետակի և այլն անունները փոփոխելը, քանզի այդ ամենը տվյալ տարածքում բնակվող հանրության ամփոփ կենսագրությունն է կազմում: Ջնջել ժողովրդի կենսագրությունը` նշանակում է նրան սպիտակ ցեղասպանության ենթարկել: Իսկ այդ գործում անմրցելի է հենց ինքը` Ադրբեջանը: Պարոն Մամեդովը, եթե մարդու իրավունքների դիտարկման անաչառ փորձագետ է, թող ուսումնասիրի նաև  Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի պատմությունը, երբ Բաքվի իշխանությունները շուրջ յոթ տասնամյակ հետևողականորեն ջնջում ու փոփոխում էին հայկական մարզի պատմական անվանումների քարտեզը` Ստեփանակերտը դարձնելով Խանքենդի, Վանք գյուղը` Վանքլու, Քարին տակը` Դաշ ալթը, Քարվաճառը` Քելբաջար,  Ճարտարը` Չերտազ, Բերդաշենը` Ղըզ ղալա… Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայտնված հարյուրավոր հայկական բնակավայրեր արժանացել են այդ ճակատագրին, անշուշտ, նաև զիյաբունիաթովների, իգրարալիևների և այլոց կեղծ պատմագիտական տեսությունների հիման վրա:

Պատմական տեղանուննների և նախկինում հայերով բնակեցված տարածքներում գտնվող մշակութային ժառանգության ոչնչացման  քաղաքականությունը հիմա էլ դարձյալ Ադրբեջանը շարունակում է: Մամեդովի և  նրա  նմանների հիշողությունը հազիվ թե այնքան կարճ է, որ չհիշեն, թե ինչպես Նախիջևանում կազմակերպվեց և բոլորի աչքին ի տես ջարդվեցին ու փոշիացվեցին Հին Ջուղայի գերեզմանոցի շուրջ 5000 խաչքարերը: Հին հայկական գերեզմանոցն այլևս արդեն գոյություն չունի, իսկ տվյալ տարածքը ներկայումս վերածվել է հրաձգադաշտի: Լկտիության որպիսի~ դրսևորում…

Ադրբեջանում վանդալիստական գործողությունները որպես կանոն պետական հստակ քաղաքականության հետևանք են: 2005թ. դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի ստեղծման 60-ամյակի կապակցությամբ Իլհամ Ալիևը կոչ էր արել իր «գիտնականններին»` ջանք չխնայել միջազգային հանրությանն ապացուցելու, որ հայերը եկվորներ են, ովքեր Ղարաբաղում հայտնվել են ընդամենը 19-րդ դարի վերջերին: Եվ որպեսզի «ապացուցվի»  երկրի նախագահի այդ թեզը, բնականաբար, առաջին հերթին պիտի ոչնչացվեն իրենց իրավազորության տակ գտնվող հայկական մշակութային արժեքները: Ասել է թե` որդին հաջողությամբ շարունակում է վանդալ հոր սկսած սև գործը: Դրա մի արտահայտությունն է նաև Բաքվում կանգուն մնացած միակ հայկական եկեղեցին, որը ներկա պահին օգտագործվում է որպես նախագահի աշխատակազմի արխիվ:

Այսքանից հետո խոսել Վրաստանում «ադրբեջանական» տեղանունների վերանվանումների անթույլատրելիության մասին` ոչ այլ ինչ է, քան սովորական ցինիզմ:

Այստեղ են ասել` նախ քո աչքի միջի գերանը տես…

 

ԿԻՄ   ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

Ստեփանակերտ


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /