Հունվար 23, 2018
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
12.01.2018 | 15:00

Գյուլ-Էրդողան հեռակա բանավեճ. նոր զարգացումների նախաշեմի՞ն

Նախատոնական օրերին և դրանցից անմիջապես հետո հարևան Թուրքիայի քաղաքական կյանքում տեղի ունեցան առաջին հայացքից ոչ այնքան նշանակալից, սակայն բավական հետաքրքրաշարժ զարգացումներ:  Կարծեք թե նոր ուժով է բորբոքվում Գյուլ-Էրդողան խուլ հակամարտությունը, այս անգամ՝ «հրետանային վարժանք - փոխհրաձգություն»  ձևաչափով, որի ընթացքում փոխադարձ մեղադրանքներով հանդես եկան այդ երկրի նախկին և ներկայիս նախագահներ Ա.Գյուլը և Ռ.Թ. Էրդողանը:

Առաջին «համազարկն» արձակեց Գյուլը: Դեկտեմբերի 26-ին իր թվիթթերյան էջում նա հայտարարեց, որ 2016 թվականի պետական հեղաշրջումից հետո մտցված արտակարգ իրավիճակի ռեժիմի քողի տակ երկրում անօրինականություններ են տեղի ունենում, և դրանք վերացնելու ճանապարհը մեկն է. վերադարձ դեպի ժողովրդավարություն: Այս առումով Գյուլը նշել է, որ անհրաժեշտ է շուտափույթ քայլեր ձեռնարկել արտակարգ ռեժիմը չեղարկելու նպատակով:

Էրդողանի պատասխանը երկար սպասեցնել չտվեց. արդեն հունվարի 9-ին իր կողմից ղեկավարվող կուսակցության խորհրդարանական խմբի նիստին նա հայտարարեց, որ այն մարդիկ, ովքեր իրենց ելույթներով սասանում են կուսակցության քարավանի կուռ շարքերը, այլևս չեն կարող լինել այդ քարավանում, առավել ևս՝ խոսել կուսակցության անունից: Նրանք կմնան իրենց տեղում դոփելով, իսկ մենք կշարունակենք մեր ճանապարհը. մոտավորապես ահա այսպիսի միտք արտահայտեց Թուրքիայի նախագահը:

Իսկ ինչո՞վ կարող է այս հեռակա բանավեճ-երկխոսությունը հետաքրքրել հայ հասարակությանը: Հավանաբար, հիշում եք, որ դրանից շաբաթներ առաջ՝ դեկտեմբերի 13-ին, ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը Հունաստանի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հավաստեց, որ մինչեւ 2018 թվականի գարուն պաշտոնական Երեւանը չեղարկելու է հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը, դրանով իսկ վերահաստատելով երկրի նախագահ Սերժ Սարգսյանի՝ մի փոքր ավելի վաղ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած հայտարարությունը: Հիշեցնենք, Նյու-Յորքում նախագահը շատ կոշտ արտահայտվեց՝ ասելով, որ այդ փաստաթղթերը չեն կարող հավերժ պատանդի կարգավիճակում մնալ:

 Նախ ֆիքսենք, որ նման լուրջ հայտարարությունները երբեք պատահական չեն արվում և անշուշտ, լավ հաշվարկված էին: Իսկ որպեսզի միտքս առավել ամբողջական դառնա, առաջարկում եմ հետ գնալ արդեն դեպի 2015 թվական, երբ Թուրքիայում տեղի ունեցող խորհրդարանական ընտրունությունների նախաշեմին տեղի ունեցավ Գյուլի հերթական ակտիվացումը: Գլխավոր խաղաքարտերից մեկը, որով այդ նախընտրական քարոզարշավի ընթացքում նախկին նախագահը, այսպես կոչված, նեյտրալիզացվեց, նրա, իբրև թե, հայամետ լինել էր: Ավելին, Էրդողանն այն օրերին առաջարկեց իր նախկին շեֆին ընդունել, որ ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում Հայաստան այցելելը Թուրքիայի դեմ հաղթաթուղթ տվեց պաշտոնական Երևանին. հաղթաթուղթ, որից նա մինչ օրս օգտվում է:

Այս փոքր էքսկուրսից հետո առաջարկում եմ կրկին վերադառնալ մեր օրեր: Գաղտնիք չէ, որ վերջին երեք տարիներին Թուրքիա պետությունը լրջագույն ցնցումների ենթարկվեց.  

·         հեղաշրջման անհաջող փորձ,

·          Եվրամիության կողմից մշտապես ընդգծված կոշտ դիրքորոշում՝ թուրքերին սեփական ընտանիք ընդունելու հարցի վերաբերյալ,

·         խորհրդարանականից անցում նախագահական համակարգին, որը Էրդողանին մի կերպ հաջողվեց անցկացնել, 

·         հարաբերությունների կտրուկ վատթարացում Ռուսաստանի հետ, որին ամիսներ անց հետևեց նույնպիսի սրընթաց «մերձեցում»՝ փոխադարձ բացահայտ անվստահության տարրերով համեմված,

·          սիրիական իրադարձություններ, որտեղ թուրքերը շատ էին ջանում սեփական խաղը խաղալ,

·           արդեն հավերժական թվացող քրդական գործոն, որը ցանկացած պահի խաղարկվում է գերտերությունների կողմից՝ այդ երկրի հետ փոխհարաբերություններում:  

Ավելին, չմոռանանք նաև երկու կարևոր հանրաքվեներ անցկացնելու վերաբերյալ Էրդողանի նախընտրական խոստումը: Դրանք պետք է ճշտեն թուրք հասարակության՝ Եվրամիություն մուտք գործելու նպատակահարմարության և մահապատիժը՝ որպես բարձրագույն պատիժ կրկին օրենսդրական դաշտ վերադարձնելու վերաբերյալ դիրքորոշումը: Պարզ է, որ այս քայլերը վերջնականապես կհեռացնեն Թուրքիան Եվրոպայից ու լուրջ հակազդեցության կարժանանան ներքին եվրոպամետ զանգվածի մոտ, որը, համաձայն դիտարկումների, կազմում է երկրի բնակչության շուրջ կեսը: Եվս մեկ կարևորագույն հանգամանք. տասնամյակներով հանդիսանալով ՆԱՏՕ-ի առանցքային ուժը տարածաշրջանում և այդպիսին մնալով նաև այսօր՝ Թուրքիան լուրջ խնդիրներ ունի ոչ միայն եվրոպական գործընկերների հետ: Վերջին ամիսներին Էրդողանը «առյուծ է կտրել» և սկսել է «ատամներ ցուցադրել» ԱՄՆ-ին՝ ամպագորգոռ հայտարարություններ անելով, ինչն, առնվազն, տարօրինակ է: Այնպիսի տպավորություն է, կարծեք թուրքական լոկոմոտիվը սկսել է առաջ ընթանալ առնվազն խաթարված արգելակներով:

Այս ամենի ֆոնին, երբ ակնհայտ է, որ «ջրի մակերեսին» մնալու և աշխարհաքաղաքական վթարից խուսափելու համար այսօր Թուրքիայից գերջանքեր և միասնականություն են պահանջվում, Գյուլ-Էրդողան փոխհրաձգությունը առնվազն հետաքրքիր է դառնում:  

Իհարկե, ներքին խմորումները չէին կարող վրիպել նաև թուրք մեկնաբանների ուշադրությունից: Այսպես, հեղինակավոր Turkiye պարբերականի լրագրող Բաթուհան Յաշարի կարծիքով Աբդուլլահ Գյուլը ակնհայտորեն պատրաստվում է վերադառնալ մեծ քաղաքականություն: Նա նաև նշել է, որ այդ ուղղությամբ առաջին քայլերին մենք ականատես կլինենք արդեն առաջիկա փետրվարին:

Այսպիսով, ստեղծվում է մի շատ հետաքրքիր իրավիճակ: Չնայած առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունները Թուրքիայում տեղի են ունենալու դեռևս հեռվում գտնվող 2019 թվականին, սակայն, հաշվի առնելով գործող նախագահի ու նրա մերձավոր շրջապատի, մեղմ ասած, անհասկանալի պահվածքը, ինչպես նաև այս պետությունով ակտիվորեն «հետաքրքրվողների» քանակը, դեպքերը կարող են զարգանալ արագացված սցենարով: Այս առումով, մեզ համար շատ ավելի նախընտրելի կլինի առավել ճկուն, կանխատեսելի, եվրոպական կողմնորոշման կողմնակից Աբդուլլահ Գյուլը, եթե իհարկե նրա՝ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը հիմնավորված են: Հույս ունենանք, որ գործը չի ավարտվի ֆալստարտով:

 

Գոռ Արմենյան



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /