Հունվար 23, 2018
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
13.01.2018 | 13:00

Հայաստանը անցումային շրջանում

 2018թ Հայաստանի Հանրապետության պատմության համար առաջին հերթին կհիշվի որպես ժամանակաշրջան, երբ պետությունը կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարեց դեպի խորհրդարանական։ Թե դրանցից որը ինչ առավելություն կամ թերություն ունի,  առանձին քննարկման հարց է, սակայն առաջին խնդիրը, որի առաջ կկանգնի պետությունը հետևյալն է՝ ինչպես տեղի կունենա այդ անցումը։

 

Համակարգային ցանկացած փոփոխություն որոշակի խնդիրներ, իսկ երբեմն էլ դժվարություններ է ստեղծում ցանկացած պետության համար, հասկանալի է, որ Հայաստանը ևս չի կարողանա շրջանցել այդ խնդիրները, հետևաբար թերևս այստեղ կարևոր հարց է թե ի՞նչ խնդիրների կարող է բախվել պետությունը այս անցումային շրջանում։

Ինչպես հայտնի է, փետրվար ամսին տեղի կունենան նոր նախագահի ընտրությունները, իսկ նախագահն իր լիազորությունները, սակայն, կստանձնի միայն ապրիլին։ Կարելի է ասել, որ այսպիսով վերջնականապես կդադարի գործել հին սահմանադրությունը և ուժի մեջ կմտնի նորը։

 

Սակայն հենց այստեղ էլ առաջ են գալիս այն խնդիրները, որոնք շատ արագ լուծում են պահանջում, իսկ դրա համար կա ընդամենը 3 ամիս։ Ինչպես հայտնի է, խորհրդարանական համակարգում նախագահին ընտրելու է Ազգային ժողովը, և հարց է ծագում՝ ի՞նչ սկզբունքով պետք է ընտրել նախագահին, արդյո՞ք նա լինելու է իշխող կուսկացության ներկայացուցիչ, ընդդիմադիր, թե՞ անկուսակցական որևէ անձ։

 

Սակայն էլ ավելի կարևոր է վարչապետի ընտրությունը, որը փաստացի դառնալու է պետության ղեկավարը։ Այստեղ նույնպես անորոշություն է տիրում: Գաղտնիք չէ, որ խորհրդարանական համակարգի պայմաններում հատկապես բարձարանում է կուսակցությունների դերակատարումը, իսկ խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժը առաջադրում է ոչ միայն նախագահի, այլև վարչապետի թեկնածությունը։

 

Հիմնական դիլեման, որն այստեղ հառնում է, այն է, որ գործող Հանրապետական կուսակցության առաջնորդը ներկայիս  նախագահ Սերժ Սարգսյանն է, իսկ կուսկացության կողմից գործող վարչապետը՝ Կարեն Կարապետյանը։ Նոր սահմանադրության պայմաններում իշխող կուսկացության նախագահը պետք է որ ավտոմատիկ կերպով դառնա պետության վարչապետ, իսկ նախկինում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին։ Սակայն այժմ շատ բան է փոխվել և գործող խորհրդարանական հիմնական ուժը՝ ՀՀԿ-ն, չի թաքցնում, որ կուսակցության առաջնորդը կա և շարունակում է մնալ գործող նախագահը։

 

Ստեղված այս անորոշությունը, ապրիլից հետո նոր վարչապետի թեկնածության շուրջ հստակության բացակայությունը, ինչպես նաև նախագահի թեկնածության առաջադրման պրոբլեմները ստեղծում են այն խնդիրները,  որոնց սկսում է բախվել Հայաստանը 2018թ առաջին իսկ օրերից։ Այս իրավիճակը շատ վատ է ազդում ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական իրավիճակի վրա։

 

 

Հայաստանի զարգացման մեջ քաղաքական հիմնական գործող անձանց անուների բացակայությունը բիզնեսին ձեռնպահ է անում նոր ներոդրումներ ու բիզնես ծրագրեր իրականացնել, սա էլ իր հերթին պատճառ է հանդիսանում թանկացումների ու անկայության, որը հատկապես նկատելի է վերջին շրջանում։ Սա մի իրավիճակ է, որը պետք է գործող քաղաքական ուժը կանխատեսեր և քայլեր ձեռնարկեր այն կանխելու համար, հակառակ դեպքում տնտեսության հիվանդագին արձագանքը քաղաքական անկայունությանը կշարունակվի։

 

 

Արմեն Մանվելյան, պատմական գիտությունների թեկնածու


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /