Հունվար 23, 2018
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
13.01.2018 | 17:03

Ղազախստանը մեկ ամսով ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը. Արամ Սաֆարյան

Արդեն մեկ տարի է, ինչ Ղազախստանը երկրագնդի ամենակարեւոր կազմակերպության առանցքային մարմնիՙ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմում է: 2018 թ. հունվարին այս երկիրը մեկ ամսով ստանձնում է Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, այսինքնՙ հնարավորություն ունի անհրաժեշտության դեպքում հրավիրել արտակարգ նիստեր, բացել եւ վարել խորհրդակցություններ: Ավելի պարզ ասած, Ղազախստանը հնարավորություն կունենա ՄԱԿ-ի շարքերում իր ձայնն էլ ավելի բարձր հնչեցնելու եւ ամենաբարձր մակարդակով իր նախաձեռնությունները բարձրաձայնելու համար:

 

Ղազախստանի նախագահության կենտրոնական հարցը կդառնա Կենտրոնական Ասիայի եւ Աֆղանստանի գծով Անվտանգության խորհրդի կողմից փաստաթղթի ընդունումը (դրա ձեւաչափն առայժմ չի որոշված): Արժե հիշեցնել, որ Ղազախստանն այս տարածաշրջանի առաջին եւ առայժմ միակ երկիրն է, որն արժանացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում աթոռ զբաղեցնելու պատվին: Հասկանալով ամբողջ պատասխանատվությունը եւ ստանձնելով կենտրոնաասիական առաջատարի դերը, Ղազախստանն այդ դիրքերից ՄԱԿ-ում առաջ է մղում ոչ թե մեկ երկրի, այլ տարածաշրջանային եւ գլոբալ նախաձեռնություններ:

 

Կենտրոնական Ասիայում, ընդսմին, հիմնախնդիրների ցուցակը անփոխարինելի կերպով գլխավորում է աֆղանական թեմատիկան եւ այն ամենը, ինչը կոչված է կարգավորելու իրավիճակը Աֆղանստանումՙ հակաահաբեկչական գործունեությունից մինչեւ մարդասիրական ջանքեր: Հենց Աֆղանական ռազմավարության մարդասիրական ասպեկտին է ուղղված Ղազախստանի հատուկ ուշադրությունն այն պարագայում, երբ իրավիճակի նորմալացման նախկին մեթոդներն արդեն իսկ ցույց են տվել իրենց անարդյունավետությունը (ռազմական գործողություններ, որոնք ավարտվում են կոնտինգենտի պարտվողական հեռացմամբ եւ աստղաբաշխական գումարների անվերջ ներարկում Աֆղանստանի տնտեսության մեջ, որը երկրում կոռուպցիայի մենաբարձր մակարդակի պայմաններում այդպես էլ չի հասնում հասցեատերերին): Արժե հիշել, որ Աֆղանստանում քաղաքացիական պատերազմը շարունակվում է արդեն համարյա քառասուն տարի: Այդ ընթացքում արդեն ամբողջ սերունդ է մեծացել, որը չգիտե ուրիշ կյանք եւ չի կարողանում ձեռքում բռնել զենքից բացի որեւէ այլ բան: Նրանց համար հենց դա է աշխատանքը: Դրա համար էլ Աֆղանստանում պատերազմը կասեցնելու եւ նորմալ կյանքը կարգավորելու համար առաջին հերթին անհրաժեշտ է դաստիարակել նոր սերունդ, որը կարող է ապրել խաղաղ պայմաններում եւ առանց պատերազմի: Այդ նպատակով Ղազախստանը յոթ տարի առաջ սկսեց կենսագործել իր բուհերում աֆղանացի ուսանողների անվճար կրթության ծրագիրը: Նրանց մի մասն արդեն ավարտել է ուսումնառությունը, վերադարձել է հայրենիք եւ հիմա աշխատում է իբրեւ ճարտարագետ, դիվանագետ եւ բժիշկ: Այս դրական փորձը, որոշակիորեն, արժանի է միջազգային հանրության ուշադրությանը: Եվ Անվտանգության խորհրրդի անդամի դիրքից Ղազախստանը պատեհություն ունի հրավիրելու ՄԱԿ-ի այլ մասնակիցների ուշադրությունը հատակապես աֆղանական ճգնաժամի կարգավորման մարդասիրական տեսանկյան վրա:

 

Իհարկե, Մեծ Կենտրոնական Ասիայի ցավոտ հարցերի ցուցակը միայն Աֆղանստանով չի սահմանափակվում: Այստեղ հին հիմնախնդիրների կծիկ կաՙ պարենային եւ էներգետիկ անվտանգության ասպեկտներ, ջրօգտագործման խնդիրներ եւ այդպես էլ մինչեւ վերջ չորոշված պետական սահմաններ: Այս կետերից յուրաքանչյուրի համար Ղազախստանն ունի իր լուծման դեղատոմսը: Դրա համար էլ կենտրոնաասիական հիմնախնդիրների գծով առանձին փաստաթղթի մշակման եւ ընդունման փորձը, որ նախաձեռնել է Ղազախստանը հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով, տարածաշրջանի համար նշանակալից իրադարձություն է:

 

Ինչ վերաբերում է Ղազախստանի գլոբալ նախաձեռնություններին, ապա դրանք այժմ առավել քան երբեւէ արդիական են: Այն պայմաններում, երբ միջազգային ահաբեկչությունն ընդունել է կատաստրոֆիկ ծավալներ եւ ջնջել է բոլոր սահմանները, երբ ահաբեկչական գործողություն կարող է տեղի ունենալ երկրագնդի բացարձակապես որեւէ կետում, այդ մարտահրավերին պատասխան տալ անհրաժեշտ է միասնական ճակատով, ավելի ճիշտՙ ՄԱԿ-ի հովանու ներքո գլոբալ հակաահաբեկչական կոալիցիայով: Դրա ստեղծման նախձեռնությամբ Նուրսուլթան նախագահ Նազարբաեւը հանդես է եկել դեռեւս 2015 թ.ին: Իմաստն այն է, որպեսզի չմեծացվի ռազմական ներուժը մեկը մյուսի դեմ, այլ միավորվեն ընդհանուր սպառնալիքին հանդիման: Իսկ ռազմական ներուժն ուղղել արարչագործ նպատակների: Ղազախստանն առաջարկում է ՄԱԿ-ի անդամ-երկրներին յուրաքանչյուրի պաշտպանական բյուջեի մեկ տոկոսը փոխանցել աղքատության, սովի եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման հատուկ Հիմնադրամին:

 

Իմիջիայլոցՙ կլիմայի փոփոխության մասին: Օվկյանոսում աղբի հսկայական կղզիներ, քաղաքներՙ կռացած թունավոր արտամղված գազերից, ցունամիներ եւ երկրաշարժեր, որոնք պատահում են ավելի հաճախ, քան երբեւէՙ այսօր դա արդեն ոչ թե աշխարհակործան սցենարով ֆանտաստիկ կինոնկարների կադրեր են, այլ մեր իրականությունը: Որպեսզի կասեցվի երկրագնդի էկոլոգիայի դեգրադացումը, անհրաժեշտ է «կանաչ տեխնոլոգիաների» զանգվածային ներդրում: Սա հասկանալով, Աստանայում անցած Միջազգային ԷՔՍՊՈ ցուցահանդեսի համար Ղազախստանն ընտրեց «Ապագայի էներգիան» թեման: Իսկ դրա անցկացումից հետո նախաձեռնեց կանաչ տեխնոլոգիաների եւ ներդրումային նախագծերի զարգացման գծով ՄԱԿ-ի Կենտրոնի ստեղծումը, որպեսզի երկրները կարողանան փոխանակվել փորձով, գիտելիքներով եւ ֆինանսական աջակցությամբ:

 

Ընդհանուր առմամբ, Ղազախստանն ունի միջազգային հանրությանը առաջարկելու բան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի կարգավիճակում, իրականում արդիական հիմնախնդիրների լուծման եւ ոչ թե առանձին վերցրած կենտրոնաասիական տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում իրավիճակի բարելավման նպատակով: Պետք է հուսալ, որ այդ նախաձեռնությունները լսելի, քննարկելի եւ գործադրելի կլինեն:

 

 

Արամ Սաֆարյան/ԱԶԳ


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /