• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 22, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Լրահոս, Մշակույթ
14.01.2018 | 11:03

Օպերային թատրոնը՝ գրքում. Նաիր Յան

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85 ամյակը հատկանշվել է նոր հրատարակությամբ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը պատրաստել է հերթականՙ 18-րդ գիրքը: Սերգեյ Առաքելյանը մեր մշակույթին վերաբերող արխիվային նյութեր է հավաքում դեռ 4-րդ դասարանից. մեր օպերային թատրոնն ու նա տարեկիցներ ենՙ 85: Սերգեյ Առաքելյանն արդեն մի քանի տասնամյակ կազմում է բեմարվեստի գործիչների, թատրոնների կենսագրությունն ու գործունեությունը համակողմանիորեն ներկայացնող ստվարածավալ գրքերՙ հիմնված արխիվային նյութերի, լուսանկարների, այլ վկայությունների վրա: Այդ հրատարակությունները ոչ թե թատերագիտական, քննադատական կամ վերլուծական նշանակություն ունեն, այլ հանրագիտարանի դեր են կատարում, որովհետեւ ամփոփում են կենսագրական կարեւոր տարեթվեր, մանրամասներ, տեղեկություններ:

 

«Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» գրքում Սերգեյ Առաքելյանը ներկայացրել է ոչ միայն մեր երկրի երաժշտական գլխավոր թատրոնի հիմնադրման պատմությունը, այլեւ դրանից շատ ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունները, որոնք այդ թատրոնի ստեղծման համար հիմք են հանդիսացել: Այդ իրադարձությունները նախապատմություն են եւ նկարագրում են նախորդ դարասկզբին Հայաստանում ձեւավորված մշակութային մթնոլորտը, որը նոր Երեւանում նոր կյանք սկսելու եւ նոր մշակույթ ձեւավորելու նախադրյալներ ստեղծեց:

 

Հայաստանի ժողկոմսովետին հասցեագրված նամակում կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը 1931-ին գրում է. «Մենքՙ օպերային մի վեց-յոթ ջատագովներս, պնդում ենք, որ Երեւանն այժմ պետք է ունենա իր օպերան»: Նա էլ հենց 1932-ին նշանակվում է Երեւանի նորաստեղծ օպերային թատրոնի երաժշտական մասի վարիչ: Կոմիտասի երազանքը կարծես կատարվում էրՙ Երեւանի կոնսերվատորիայի սաների ուժերով ստեղծվեց օպերային թատրոն: 1932-ին թատրոնի հարմարեցված փոքրիկ դահլիճում հնչեցին Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի մեղեդիները: Համերգին ներկա է եղել նաեւ Ալեքսանդր Թամանյանը, որն այդ օրերին արդեն դնում էր իր նախագծով կառուցվող օպերային թատրոնի շինարարության հիմնաքարը:

 

Դեռ 1868-ին Ստամբուլում բեմ բարձրացած Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ»-ով հիմնադրված հայկական օպերան հավակնում էր Երեւանում խարսխվել ու պատմության նոր էջ բացել: Տարածված տեղեկություն կա, թե Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան առաջին անգամ հնչել է նորաբաց երեւանյան օպերային թատրոնում, այսինքնՙ օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1933 թվականի հունվարի 20-ին, երբ բացվեցին թատրոնի դռները: Իրականում «Ալմաստի» բեմադրությունները եղել են շատ ավելի վաղուց: Տարածված է նաեւ այն տեղեկությունը, թե Տաթեւիկ Սազանդարյանն Ալմաստի առաջին դերակատարուհին է:

 

Իրականում նա 9-րդ Ալմաստն է: «Ալմաստը» նախ բեմադրվել է 1930 թվականին Մոսկվայի Մեծ թատրոնում. առաջին դերակատարուհին եղել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մարիա Մակսակովան : Օպերան հնչել է ռուսերեն: Հետագայում Ռոմանոս Մելիքյանը հետեւողական է գտնվել, փնտրել ու գտել է լիբրետոյի ռուս հեղինակինՙ Սոֆյա Պարնոկին: Մարիա Մակսակովան երեւանյան այցի ժամանակ պատմել է, որ իր ներկայացումներից մեկին Ալեքսանդր Սպենդիարյանը ներկա լինելովՙ լսել է իրեն ու ասելՙ ահա իմ Ալմաստը: Այդպիսով, կոմպոզիտորի ցանկությամբ Ալմաստի դերերգն առաջինը կատարել է Մարիա Մակսակովան: «Ալմաստի» հաջորդ պրեմիերան տեղի է ունեցել Թիֆլիսում. երգել է վրացի երգչուհի: 3-րդ պրեմիերան տեղի է ունեցել Օդեսայումՙ դարձյալ ռուսերեն: Եվ միայն 4-րդ բեմադրությունն է եղել հայերեն ու հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Հայկական «Ալմաստն» օպերային թատրոնի պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է գրանցել. Ալմաստն ունեցել է միաժամանակ 5 դերակատարուհի:

 

Սերգեյ Առաքելյանը հավաքչական մեծածավալ աշխատանք է կատարել, արխիվային նյութեր, լուսանկարներ ձեռք բերել, 160 թերթերից ու ամսագրերից հոդվածներ գտել, որոնք վերաբերում են մեր օպերային թատրոնի պատմությանը: Հեղինակը ներառել է նաեւ հայտնի մարդկանց կարծիքները տարբեր բեմադրությունների, արտիստների դերերգերի վերաբերյալ: Գիրքն առանձին-առանձին անդրադառնում է օպերային թատրոնի բոլոր ռեժիսորների, գեղարվեստական ղեկավարների, դիրիժորների, բալետմայստերների, արտիստների, նկարիչների, կոմպոզիտորների գործունեությանն ու կյանքին: Ներկայացված են նաեւ Երեւանի կոնսերվատորիայի օպերային դասարանի ուժերով 1928-32 թթ. իրականացված դասական ստեղծագործությունների բեմադրությունները: Առաջին անգամ ամբողջությամբ եւ ըստ ժամանակագրության ներկայացված են թատրոնում աշխատած եւ հրավիրված բոլոր արվեստագետները: Գրքում առաձնահատուկ կերպով են շեշտված պատմական իրադարձությունները, դեպքերն ու դեմքերը, թե ովքեր են ներգրավված եղել օպերային թատրոնի հիմնադրման գործում, ովքեր են ելույթ ունեցել բացման օրը, որ բեմադրիչը, դիրիժորն ու գլխավոր դերակատարը երբ ու ինչ հանգամանքներում է իր ստեղծագործական կյանքը կապել օպերային թատրոնի հետ: Ընդհանուր առմամբՙ գիրքը հանրագիտարանային համապարփակ տեղեկություններ է հաղորդում ընթերցողին: Ամենը մեկտեղված է ու խտացած: Թվում էՙ ամեն ինչ ասված ու ներկայացված է, բայց իրականում մեր օպերային թատրոնի մասին մի ստվարածավալ գրքի նյութ էլ դեռ մնում է անտիպ:

 

 

Նաիր Յան/ԱԶԳ


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /