Փետրվար 18, 2018
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հարցազրույց, Հայաստան
18.01.2018 | 15:00

«Միս ուտողները». Կա՛մ ինչ-որ մեկի միսն են ուտում, կա՛մ ինչ-որ մեկը բոլորի միսն է ուտում

22 պատմվածքից բաղկացած «Միս ուտողները» ժողովածուն լրագրող և արձակագիր Հովիկ Աֆյանի առաջին գիրքն է, որն աչքի է ընկնում ինչպես հեղինակի ինքնատիպ ու չկրկնվող ոճով, այնպես էլ արծարծած հարցերով ու թեմաներով:

«Հայ ձայնի» հետ զրույցում Հովիկ Աֆյանը նշեց, որ գրքի ստեղծումը գրեթե 6 տարվա պատմություն ունի. «Գրում եմ ամեն օր, բայց նաև ամեն օր ջնջում եմ։ Ավելի շատ ջնջում եմ, քան գրում… Իսկ «Միս ուտողների» ստեղծումը երկարատև է եղել՝ ուղեկցվելով դադարներով, իմ անձնական, մարդկային հասունացման փուլերով և այլն։ Այնտեղ ներառված է նաև իմ առաջին՝ «Այլմոլորակայիններ» վերնագրով պատմվածքը»,- ասում է հեղինակն ու անկեղծանում, որ իր կամ մտերիմների  մասին գրել չի սիրում. «սիրում եմ քայլել փողոցով, տեսնել մարդկանց, եզրակացնել, թե ինչպիսինն են և ինչ կարող են անել ու գրել նրանց մասին։ Հաճախ ճշմարտություն է ստացվում»։

Գրքի վերնագրի ընտրության մասին խոսելիս հեղինակը նշեց, որ «միս ուտողներն» այս դեպքում դարձվածք է՝ անհանգստացնել իմաստով, ուստի այս առումով բավական մտածված վերնագիր է։ «Ժողովածուի պատմվածքներից մեկը վերնագրված է «Միս ուտողները», այս պատմվածքում եղած թեման ընդհանուր է ողջ ժողովածուի համար. բոլոր պատմվածքներում ինչ-որ մեկի միսը ուտում են կամ ինչ-որ մեկը բոլորի միսն է  ուտում։ Այսպես էլ ծնվեց ժողովածուի վերնագիրը։ Վերնագրի ընտրության հարցում  կա նաև 2-րդ իմաստը։ Այժմ մարդկանց ճնշող մեծամասնությունը այնքան է  ընկել հացի ետևից, որ կարևոր շատ բաների, օրինակ, գրքի  արժևորման մասին մոռացել է։ Փորձել եմ ցույց տալ հարցերը, առաջարկել իմ լուծումները ավելի երջանիկ լինելու համար, իսկ իմ լուծումները հաճախ կարող են լինել հումորային, քողարկված, և ամեն մարդ ինքը կարող է քաղել ու հասկանալ այն, ինչ ուզում է»։ 
Լրագրությունից դեպի գեղարվեստական գրականություն անցում կատարելը, ըստ մեր լրագրող-արձակագիր զրուցակցի, և՛ հեշտ է, և՛ դժվար, դրանք և՛ ամենամոտն են իրար, և՛ ամենահեռուն։ 

Հեշտ է, քանի որ երկուսն էլ գրիչի ու թղթի հետ են կապված, դժվար է, քանի որ լրագրությունը, Աֆյանի կարծիքովիրադարձությունն է, դեպք, որը կարող է լինել նաև հետևողական ազդեցություն չթողնող՝ այս պահի համար։ Իսկ պատմվածք կարող է լինել այդ դեպքի պատճառը։ «Այսինքն, այն մարդիկ, որոնք ամեն օր մեր տեսադաշտում են, օրենքներ են հնարում, որոշումներ են կայացնում, պատմվածք են, իսկ նրանց գործունեությունը լրագրություն է։ Այս առումով ես կարծես թե գտել եմ լրագրության և գրականության այդ գիծը, որը սակայն, երբեմն ինքս էլ խախտում եմ»։

Այնուամենայնիվ, Հովիկ Աֆյանը համար ավելի հոգեհարազատ է գրականությունը, քանի որ, վերջինիս համոզմամբ, գրել նշանակում է գրել գրականության մեջ։ «Լրագրողական հոդվածներիս ևս փորձում եմ գեղարվեստական երանգ հաղորդել, որպեսզի դրանք չլինեն պարզապես ինֆորմացիա հաղորդող»։ 

Գրքի վերաբերյալ եղած արձագանքների մասին խոսելիս հեղինակը նշեց, որ վատ արձագանքներ դեռևս չեն եղել՝ ընդգծելով, որ վատ արձագանքի բացակայությունը չի կարող վկայել, որ գիրքը շատ լավն է: «Սա վատ է ինձ համար: Ինձ չեն քննադատում, որպեսզի հասկանամ՝ արդյո՞ք ինչ-որ բան սխալ եմ արել, ճիշտ ճեմ գրել… բայց կա նաև երկրորդ պատճառը. չեն ընթերցում։ Վատ արձագանք չկա, քանի որ առհասարակ շատ ընթերցող չկա»։

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /