• USD 482.76
  • GBP 644.63
  • EUR 565.36
  • RUB 7.81
  • GEL 194.62
Մայիս 28, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
19.01.2018 | 10:30

Հենրիխ Մխիթարյանը լոնդոնյան Արսենալի առաջատա՞ր

Հավանաբար սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ վերջին օրերին քաղաքական նորություններից ոչ պակաս հայրենական ԶԼՄ-ները անդրադառնում էին Հայաստանի վերջին տարիների լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետագա ճակատագրին: Էլ չեմ խոսում սոցիալական ցանցերում ծավալված բուռն քննարկումների մասին՝ իրարամերժ կարծիքներով և ամենատարբեր կանխագուշակումներով: Դատելով անգլիական որոշ պարբերականների կողմից հրապարակած նյութերից՝ կարծեք թե հանգուցալուծումն արդեն մոտ է, և Հենրիխի վերջին մի քանի ամիսների անորոշ վիճակը ավարտին է մոտենում: Ավելին, մի շարք աղբյուրների կողմից նշվում է Լոնդոնի Արսենալի հետ կնքված քառամյա պայմանագրի՝ որպես իրականացված փաստ հանգամանքը: Այսպիսով, Արսենալի և Մխիթարյանի նախորդ թիմի՝ Մանչեսթեր Յունայթեդի միջև կայացավ փոխշահավետ գործարք. հակառակ ուղղությամբ տեղափոխվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որի խաղը նույնպես վերջին ամիսներին կորցրել էր նախկին փայլը և հմայքը:

Փորձենք վերլուծել, թե ինչ կտա Հենոյի տեղափուխությունը առաջին հերթին այդ տաղանդավոր ֆուտբոլիստին, ինչպես նաև նոր թիմին՝ Արսենալին և իհարկե, մեր գլխավոր հավաքականին: Երբ 2016 թվականի հուլիսին Մխիթարյանը Դորտմունդի Բորուսիայից տեղափոխվեց Մանչեսթեր, համընդհանուր ոգևորության մեջ հնչում էին նաև հոռետեսական արձագանքներ, որոնք, սակայն, գրեթե չնշմարվեցին: Խոստովանեմ, այդ հոռետեսների մեջ էր նաև ձեր խոնարհ ծառան: Վայրկյան իսկ չկասկածելով մեր Հենոյի ֆուտբոլային տաղանդի, մեծ աշխատասիրության, ինչպես նաև մարդկային որակների և կոմունիկացիոն ունակությունների վրա, որոնք նույնպես շատ կարևոր են ժամանակակից պրոֆեսիոնալ ֆուտբոլում, ես համոզված էի, որ նա դժվարությամբ կմերվի թիմի հետ՝ նշելով երկու հիմնական պատճառ.

·         Յունայթեդն իր խաղային ձեռագրով, որը շուրջ երկու տասնամյակ  մշակվել և հղկվել էր սըր Ալեքս Ֆերգյուսոնի կողմից, հավանաբար, ամենաքիչն էր համապատասխանում մեր ֆուտբոլիստին բոլոր այն թիմերից, որոնք նույնպես ցանկանում էին ձեռք բերել նրան: Իսկ դրանց մեջ էին անգլիական գրանդներ Թոթենհեմը, Լիվերպուլը և նույն Արսենալը:

·         Եվ երկրորդ հանգամանքը, որն ավելի կարևոր եմ համարում. այդ նույն օրերին թիմը գլխավորեց իր տարօրինակ բնավորությամբ և բռնապետական կեցվածքով հայտնի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ մի մարդ, որի համար առաջին տեղում միշտ եղել է արդյունքը՝ ցանկացած գնով: Եվ հաճախ այդ գինը ոչ միայն դժգույն և անհրապույր ֆուտբոլն էր, որի հիմքում ընկած էր Ժոզեի կասկածելի նորամուծությունը՝ «ավտոբուսը», երբ ամբողջ թիմը մտածում է առաջին հերթին հակառակորդի խաղը «ջարդելու» մասին:

Հիմնավորելով ասածս հիշեցնեմ. հանուն արդյունքի և իր կողմից գծագրվող խաղային սխեմաների նա միշտ հեշտությամբ հրաժարվել է առաջին մեծության աստղերից: Նրանցից շատերը պորտուգալացու կողմից հասցված հարվածից հետո այդպես էլ ուշքի չեկան՝ մի մասը չկարողանալով գտնել իրեն արժանի նոր թիմ և ցուցաբերել նախկին ունակությունները, իսկ ոմանք էլ պարզապես թողնելով ֆուտբոլը: Բավական է հիշել բրազիլացի Մաքսվելին, արգենտինացիներ Կրեսպոյին և Կրուսին, աշխարհի չեմպիոն ֆրանսիացի Դեսայիին, որոնց նա պարզապես արտաքսեց Միլանի Ինտերից, ևս երկու աշխարհի չեմպիոններ՝ ֆրանսիացի Վիեյրային և բրազիլացի Լուիսին՝ Լոնդոնի Չելսիից, ինչպես նաև լեգենդար Կակային և Կասիլյասին՝ Մադրիդի Ռեալից, որոնք նույնպես իրենց հավաքականների կազմում տարբեր տարիների հռչակվել են աշխարհի չեմպիոններ: Պատճառը, կրկնում եմ,  այն էր, որ նրանք չէին տեղավորվում Ժոզեի խաղային սխեմաներում, ասեմ ավելին՝ նրա խաղային փիլիսոփայության մեջ: Վստահ էի, որ նման մի բան տեղի կունենա մեր Հենրիխի հետ, որն առաջին հերթին վառ անհատականություն է և ստեղծագործող, մտածող ֆուտբոլիստ, իսկ այդպիսիք երբեք Մոուրինյոյի մոտ ֆավորիտ չեն եղել: Կարծում եմ՝ սա էր հիմնական պատճառը, որ Մանչեսթերում դժվար մեկնարկից և փայլուն միջնամասից հետո Մխիթարյանն ամիսներ շարունակ տեղ զբաղեցրեց պահեստայինների նստարանին: 

Թերևս այդքանը Մխիթարյանի անցյալի մասին: Ինչ վերաբերում է Արսենալին, որտեղ տա Աստված, Հենոն հայտնվի… վստահ եմ, որ նոր թիմում, որը պակաս հեղինակություն չի վայելում Անգլիայում և Եվրապայում և որը գլխավորում է արագ և կոմբինացիոն խաղի վրա հիմնված հարձակվողական ոճի ֆուտբոլ դավանող հիանալի մարզիչ Արսեն Վենգերը, մեր աշխատասեր և ֆուտբոլին ֆանատիկորեն նվիրված Հենոն կդառնա առանցքային ֆուտբոլիստ: Հիշենք՝ 90-ականների վերջում  2000-ականների սկզբին այս թիմի կողմից Վենգերի գլխավորությամբ հաղթահարած բարձրունքները, որոնց մեջ կա մեկ ունիկալ նվաճում. 2003-2004 թթ. առաջնությանը Արսենալը ոչ միայն հերթական անգամ նվաճեց չեմպիոնությունը, այլև Անգլիայի առաջնություններում եղավ առաջին ակումբը, որը չկրեց ոչ մի պարտություն` միևնույն ժամանակ ցուցադրելով փայլուն հարձակվողական ֆուտբոլ: Եվ դա Անգլիայում, որը եվրոպական առաջնություններից ամենաանզիջումն է համարվում: Իսկ ովքե՜ր էին կատարողները… Անրին, Ռեյեսը, Յունգբերգը, Բերգկամպը, Պիրեսը, Վիեյրան և ուրիշներ: Վերջին տարիներին Արսենալի հարաբերական անհաջողությունները կապված են հիմնականում նման բարձրակարգ անհատների բացակայության հետ, չնայած եղած ֆուտբոլիստներով էլ հմուտ մարզիչը գեղեցիկ հարձակվողական ֆուտբոլ է շարունակում դավանել: Հենրիխը բոլոր հնարավորություններն ունի դառնալու թիմի առաջատարը՝ ցուցադրելով իր հիանալի փլեյմեյքերական և ռմբարկուական ունակությունները: Ավելի քան վստահ եմ, որ Արսենալում Մխիթարյանը երբեք չի փայլեցնի պահեստայինների նստարանը, նույնիսկ եթե տեղի ունենա մարզչական փոփոխություն:

Բնականաբար, խաղային պրակտիկա և ամենակարևորը վստահություն ձեռք բերելով՝ Հայաստանի հավաքականի ավագը և առաջատարը շատ ավելի օգտակար կդառնա մեր երկրի գլխավոր թիմի համար: Նրա կազմում նույնպես վերջին շրջանում Հենրիխի խաղը մի փոքր խամրել էր, ինչը բնական էր մանչեսթերյան ակումբում ունեցած ակամա պարապուրդի և մարզչի կողմից ցուցաբերվող անվստահության պայմաններում:

 

Վերջում ցանկանում եմ հիշեցնել. արդեն մի քանի օրից՝ հունվարի 20-ին Արսենալն Էմիրեյթս մարզադաշտում ընդունելու է Քրիստալ Փելասին և այդ հանդիպումը հրաշալի առիթ կարող է դառնալ մեր Հենոյի հաջող նորամուտի համար: Համոզված եմ, որ նա միանգամից կփայլի իր ողջ տաղանդով՝ անվերապահորեն նվաճելով  մեծ հաղթանակներին կարոտ լոնդոնյան ակումբի երկրպագուների սրտերը և հիանալի նվեր մատուցելով ինքն իրեն՝ հաջորդ օրը նշվելիք 29-ամյակի կապակցությամբ: Միայն թե տա Աստված, վերջին պահին Արսենալ-Մխիթարյան անկասկած փոխշահավետ գործարքը չխափանվի:



    Լրահոս
    ՌԱԿ
    Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԱԿ ղեկավար կազմին
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /