Փետրվար 18, 2018
Լրահոս, Մշակույթ, Պատմության այս օրը
20.01.2018 | 11:02

Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է

Հայ գրականության անմոռանալի էջեր հեղինակած բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը  ծնվել է 1919թ․-ի հունվարի 20-ին Երևանում։ Նրա ընտանիքը 1915թ․-ից հետո գաղթել էր Վանից և հաստատվել Երևանում։  

Բանաստեղծուհին սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկան հասակում գրել է իր առաջին բանաստեղծությունը՝ «Պատասխան Թումանյանին», որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ 1936թ․-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ՝ ավարտել գերազանցությամբ։ Արդեն 1950թ-ին ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացները։ Սկսած 1941թ․-ից նա հանդիսանում էր Հայաստանի գրողների միության անդամ, 1945թ. լույս է տեսել նրա «Օրերի հետ» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, այնուհետև Կպուտիկյանը հրատարակել է 60-70 գիրք` բանաստեղծություններ և արձակ` հայերեն, ռուսերեն, անգլերեն, վրացերեն, լիտվերեն, ուկրաիներեն, թուրքերեն և այլ լեզուներով:

 

Սիլվա Կապուտիկյանի և Հովհաննես Շիրազի ամուսնությունը բռնկուն էր, բայց կարճատև։ Մինչ օրս էլ բանաստեղծուհու տուն-թանգարանում պահվում են Շիրազի նամակները, որոնցում վերջինս խնդրում էր Սիլվային փրկել իրենց ամուսնությունը հանուն փոքրիկ Արայի։ Որդին՝ Արա Շիրազը, եղել է հայտնի քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ, մահացել է 2014թ․-ին։

Կապուտիկյանի գրիչը հասու էր բոլորին, անկախ սեռից ու տարիքից, ազգությունից ու հավատալիքներից։ Կապուտիկյանը գրում էր փոքրիկ երեխայի, դեռահասի, մտահոգ երիտասարդի, երջանիկ կամ մերժված կնոջ, կնամոլ տղամարդու կամ ընտանիքին նվիրված հոր, ճերմակած տատիկի ու զարամյալ ծերունու համար։ Նրա ստեղծագործություններից «Քարավանները դեռ քայլում են», «Քարավանները հեռանում են» «Սրտաբաց զրույց», «Մտորումներ ճանապարհի կեսին», «Չեմ կարող լռել» և մի շարք այլ գործեր մինչև օրս էլ արդիական են, ընթերցվող ու քննարկվող, մինչև օրս էլ հաճախ կարելի է տեսնել երիտասարդ մտավորականների ակտիվ բանավեճը Կապուտիկյանի այս կամ այն գործի վերաբերյալ։

 

Իր ազգին ու հայրենիքին նվիրված բանաստեղծուհին մշտապես գնահատված է եղել թե՛ հասարակության, թե՛ պետական ղեկավարության կողմից, արժանացելէ բազմաթիվ մրցանակների ու պատիվների։ 1952թ․-ին Կապուտիկյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար։ 1988թ-ին արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի, իսկ արդեն 1989թ․-ին Հռոմում արժանացել է Նոսիդեի անվան միջազգային մրցանակի։

 

1970թ․   Կապուտիկյանն արժանացավ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, տասը տարի անց արժանացավ Վրաստանի մշակույթի վաստակավոր աշխատողի, այնուհետև Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներին։ 1998թ․-ին բանաստեղծուհին Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից արժանացավ «Տարվա կին» տիտղոսին, այնուհետև Աջարիայի Ինքնավար Հանրապետության պետական մրցանակի, պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով ու շքանշաններով, որոնցից են երկու «Պատվո նշան», «Աշխատանքային կարմիր դրոշի», «Ժողովուրդների բարեկամության», «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշանները, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալը։ Եղել է Գրողների միության նախագահության անդամ, սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության», Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիաների անդամ: Կապուտիկյանը նաև ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

 

Ականավոր բանաստեղծուհի, հայ մտքի հանճար, ուժեղ կին Սիլվա Կապուտիկյանը մինչև վերջին շունչը ապրեց ու աշխատեց հանուն իր ազգի, հանուն հայրենիքի, իր առքի ընձեռած հնարավորությունները ծախսեց ուրիշների համար, ծառայեցրեց ի շահ իր ժողովրդին։ Նա կյանքին հրաժեշտ տվեց 2006թ․-ի օգոստոսի 25-ին , այժմ աճյունն ամփոփված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ 2009թ․-ի հունվարի 20-ին իր կտակի համաձայն բացվեց նրա տուն-թանգարանը, որի փողոցը ևս կրում է նրա անունը։ Այսօր Երևանում գործում է Սիլվա Կապուտիկյանի անունը կրող համար 145 հիմնական դպրոցը։

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /