Փետրվար 18, 2018
Գլխավոր լուր, Աշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս
23.01.2018 | 13:00

Թուրքական ներխուժումը և քրդական հարցը

Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսային հատված (հիմնականում քրդերով բնակեցված) ներխուժելու վերաբերյալ որոշումը նոր լարվածություն է առաջացրել ոչ միայն այդ շրջանում, այլև Թուրքիայի շուրջ. Թուրքիայի գործողությունները դատապարտվել են մի շարք տերությունների կողմից։ Թուրքիայի շուրջ իրավիճակը կարող է էլ ավելի սրվեն,  եթե Ֆրանսիայի առաջարկով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ հրավիրի։

 

Ֆրանսիայի նշյալ առաջարկը զայրացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մեծացնելով լարվածությունը Փարիզի ու Անկարայի միջև, որոնք արդեն փոխանակվել են միմյանց մեղադրող հայտարարություններով: Մի բան պարզ է.  թուրքական ներխուժման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի հրավիրումը, անկախ դրան արդյունքից, արդեն իսկ հարված է Թուրքիայի հեղինակությանը, որը չի կարողանա խուսափել ընդունված որոշումների դատապարտումից, հետևաբար խորհրդի հիմնական բոլոր անդամների հետ հարաբերությունների սրումից։

 

Սկսված դիվանագիտական ու միջպետական լարվածությունը կարող է հետաքրքիր զարգացումներ ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ դեռևս պարզ չեն  Ռուսաստանի ու ԱՄՆ-ի դիրքորոշումները։ Ըստ որոշ աղբյուրների՝ թուրքական ներխուժումը սկսվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի «լուռ» համաձայնությամբ։

 

Հիշեցնենք, որ ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ թուրքական զինված ուժերը լայնամասշտաբ գործողություններ են սկսել Սիրիայի քրդաբնակ շրջաներում՝ ցանկանալով անվտանգության գոտի ստեղծել թուրք-սիրական սահմանին, որտեղ ուժեղ են քրդական զինված խմբավորումները։ Հունվար 20-ից մեկնարկած զինված ներխուժումը հանդիպել է քրդերի ուժեղ դիմադրությանը։ Վերջիններիս, ինչպես հայտնի է, զինում է ԱՄՆ-ը, հետևաբար այս բախումը կարող է որոշակի լարվածություն ստեղծել նաև թուրք-ամերիկյան հարաբերություններում։

 

Եթե դեռ անցած տարվա վերջին թվում էր՝ սիրիական ճգնաժամը հանգուցալուծվում է,  ահաբեկչական խմբավորումները նահանջում են, ապա այսօր պարզ է, որ խաղի մեջ են մտնում տարածաշրջանի պետությունները, որոնք արդեն գործում են ոչ թե այլ խմբավորումների թիկունքում, այլ ուղակիորեն ներգրավվելով ռազմական գործողությունների մեջ։ Սա նաև մատնացույց է անում, որ զարգացումները Սիրիայում չեն գնում թուրքական սցենարով։ Վերջինս անհանգստանում է, որ Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծումը կարող է ազդել Թուրքիայում բնակվող քրդերի տրամադրությունների վրա, որոնք ևս Իրաքի ու Սիրիայի քրդերի օրինակով կցանկանան իրենց ինքնավարությունը ունենալ արդեն Թուրքիայի տարածքում։

 

Թուրքական գործողությունները ցույց են տալիս, որ Սիրիայի հանդեպ այդ պետության վարած քաղաքականությունը լիովին ձախողվել է։ Անկարային չհաջողեց ազատվել Ասադի իշխանությունից, թուլացնել քրդական գործոնը և ստեղծել թուրքմեններով բնակեցված գոտիներ։ Բացի այդ Սիրիայի պետական բանակի հաջողությունները Իդլիբի նահանգում, որտեղ գործող ահաբեկչական խմբավորումները վայելում են Անկարայի աջակցությունը, վկայում է, որ Թուրքիան ստիպված է արմատական քայլերի դիմել տարածաշրջանում քրդական գործոնը թուլացելու համար։

 

 

Պարզ է, որ թուրքական զորքերին ծանր մարտեր ու մեծ կորուստներ են սպասվում Սիրայի հյուսիսում։ Անկարան կարճատև ռազմական գործողությամբ չի կարող լուծել իր առջև ծառացած քրդական խնդիրը, իսկ երկար ժամանակով մնալ Սիրիայում նշանակում է ռազմական մեծ ծախսեր, կորուստներ, ռեսուրսների ու ուժերի անիմաստ վատնում ու ի վերջո պարտություն։



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /