• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 16, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական
26.01.2018 | 15:31

...Մինչ այդՙ փորձ դիմանկարի. Հակոբ Ավետիքյան

Չենք կարող ասել, թե այս անգամ էլ նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվեց անակնկալի բերել հանրությանը, երբ առաջարկելու պես հայտարարեց Արմեն Սարգսյանի թեկնածությունը հանրապետության ապագա նախագահի պաշտոնում: Օրեր առաջ արդեն, հատկապես դիվանագիտական շրջանակներում, նաեւ մամուլում, այդ թվումՙ նաեւ մեր թերթում, շրջանառվում էր նրա անունը «նախընտրելիների» խիստ սեղմ շրջանակում: Անձամբ ես պիտի նախընտրեի, որ նրա անունը որպես թեկնածուի ոչ թե հանրապետության նախագահը, այլ նրա գլխավորած կուսակցության մեկ այլ ներկայացուցիչ, ասենքՙ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարեր. այդպիսով, մեկ կողմից, կշեշտվեր մեր երկրի խորհրդարանական կացութաձեւի անցման փաստը, իսկ մյուս կողմիցՙ գործող նախագահին կխնայվեր ապագա նախագահի «թագադիրը» լինելու հանգամանքըՙ հետագա անպատեհություններից խուսափելու մտահոգությամբ:

 

Ինչեւէ: Սա Հայաստանն էՙ իր քաղաքական ավանդություններով:

 

Ամեն պարագայում նախագահ Սարգսյանի ընտրությունը կամ նախընտրությունը խիստ ուսումնասիրված եւ մանրազնին հաշվարկված քայլ էր, իսկական գրոսմայստերական քայլ: Քանզի, առաջինՙ Արմեն Սարգսյանը ուսանողական նստարանից ու գիտական կոչումներից մինչեւ արտասահմանյան գիտական, դասախոսական ու բիզնես միջավայր անցում, այնուհետեւ դիվանագիտական պաշտոններ, բիզնես-միջնորդական առաքելություններ եւ ընդհուպՙ վարչապետականՙ թեկուզ կարճատեւ պաշտոնավարություն, ինչպես նաեւ մարդկային կամքի դրսեւորման իմաստովՙ քաղցկեղի հաղթահարում եւ, այնուհետեւ, կրկին վերադարձ բիզնեսի ու դիվանագիտական առաքելությունների դաշտ, կազմում է նպատակասլաց կարիերայի մի ողջ շղթա, որի գլխավոր առանձնահատկությունը ինքնաշեն կամ ինքնաստեղծ (self-made) մարդ լինելն է: Նա չի ժառանգել ո՛չ հարստություն եւ ո՛չ էլ պաշտոն, այլ միայնՙ իր պարսկահայ եւ արցախահայ նախնիներից փոխանցված որակներ:

 

Երկրորդՙ առաջադրված-առաջարկված նախագահի թեկնածուն ունի նաեւ ուշագրավ մի այլ որակՙ բնատուր տաղանդ հարաբերություններ ստեղծելու եւ, թերեւս նույնքան կարեւոր, այդ հարաբերությունները պահպանելու ու խորացնելու: Կրկնում եմՙ բնատուր տաղանդ, որը օքսֆորդները կարող են կատարելագործել, սակայն չեն կարող ստեղծել: Եվ հավանաբար հենց այդ հատկանիշն է, որը անհրաժեշտ էՙ առավելաբար իբր արարողակարգային համարվող ապագա նախագահի պաշտոնի համար: Հարաբերություններՙ որոնք ապագա վարչապետական իշխանությանը համահունչ, բայց ոչ- առաջնագծային քաղաքականությանը խիստ անհրաժեշտ կլինենՙ լրացուցիչ տարբեր խողովակներով:

 

Երրորդՙ շուրջ 30 տարվա աշխատանքի բերումով, նաեւ ներքին հետաքրքրասիրությամբ, Արմեն Սարգսյանը սերտ կապեր ու հարաբերություններ է ստեղծել ոչ միայն օտար, այլեւ սփյուռքահայ շրջանակների, ավելի շուտՙ լայն հանրությանը հայտնի եւ անհայտ շատ գործարարների, բարերարների, մասնագիտական շրջանակների հետ, որոնք հետզհետե գործնական նվազ հետաքրքրություն են ցուցաբերում առ Հայաստանՙ տարբեր պատճառներով: Հետեւաբար նրան կհաջողվի, ենթադրում եմ, ջերմություն եւ գործնական շահագրգռություն հաղորդել նրանց եւ, մյուս կողմից, սփյուռքահայ կապիտալը որպես լծակ օգտագործել հայաստանյան բիզնես միջավայրում կարգուկանոն մտցնելու ուղղությամբ: Սակայն զգո՛ւյշ, սփյուռքը միայն մեծահարուստները չե՛ն: Նրա՛նք չէ, որ քաղաքականություն պետք է թելադրեն: Այնտեղ միլիոնավոր մարդիկ կան, հա՛յ մարդիկ, նվիրյա՛լ մարդիկ, որոնք մեր ավանդական կազմակերպությունների մեջ կամ դուրս իրենց կարիքների հետ ունեն նաեւ իրենց տեսակետներն ու համոզումները, ձգտումներն ու ակնկալությունները:

 

Միով բանիւ, եթե Արմեն Սարգսյանը նստի նախագահի աթոռին, Սահմանադրությամբ իրեն հասնող իրավասությունների սահմանում անգամ կլինի կարեւոր եւ անհրաժեշտ համալրում մեր քաղաքական էլիտայի կազմում ոչ միայն քաղաքակրթական, այլեւ կառավարման միջավայրի առողջացման, զարգացած եւ գիտակից երիտասարդությանը ասպարեզ բերելու եւ ընդհանրապես մեր երկրի իմեյջը գրավիչ դարձնելու ուղղությամբ:

 

Մինչ այդՙ սպասենք նրա պատասխանին եւ ընտրությանը:

 

Հակոբ Ավետիքյան/ԱԶԳ


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /