Փետրվար 18, 2018
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
29.01.2018 | 13:00

Իմ գիրքը գործիք է. Գևորգ Հակոբյան

 «Փորձեցի փիլիսոփայական ողջ ավանդույթը ներառել, արդիականացնել և ամփոփել նվաճման հայեցակարգում, որը վերածվեց «Ապրիր նվաճելով. Լիդերի օրագիրը» գրքի»: Այս մասին «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում նշեց փիլիսոփայության դասախոս Գևորգ Հակոբյանը՝ խոսելով իր նոր գրքի՝ «Ապրիր նվաճելով. Լիդերի օրագրի» մասին:

Հակոբյանի դիտարկմամբ, մեր օրերում լայն տարածում ունեն հաջողության հասնելուն վերաբերող զանազան ծրագրերը (training)՝ կիսագիտական, կեղծ-գիտական, կեղծ-փիլիսոփայական, կրոնական, մոգական և այլն, որոնք հաճախ «հարձակվում են» ակադեմիական գիտության վրա՝ պնդելով, որ կրթօջախները չեն ապահովում այն կրթությունը, որով կարելի է հաջողության հասնել. դրա մեջ,  ըստ մեր զրուցակցի, իհարկե, ճշմարտության մեծ չափաբաժին կա, սակայն ամբողջական չէ։ «Ուստի, որոշեցի այս հարցին անդրադառնալ ռացիոնալ, գիտական հիմնավորման տեսանկյունից։ Բացի այդ, որպես փիլիսոփայության մասնագետ, ուսանողների շրջանում և առհասարակ լայն հասարակության մեջ նկատել եմ մի մտայնություն, ըստ որի՝ փիլիսոփայությունը աշխարհից ու կյանքից կտրված գիտակարգ է։ Սակայն  հաջողության, երջանկության հասնելու, և առհասարակ,  բոլոր ուսմունքները հիմնված են փիլիսոփայության վրա, և դրանք բոլորն էլ փիլիսոփայություն են»,- ասում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ փորձել է ցույց տալ, թե փիլիսոփայությունը նաև խիստ գործնական իրողություն է, և այն պետք է հիմնված լինի դասական փիլիսոփայության դարավոր փորձի վրա, քանի որ փիլիսոփայության մեջ ասված մտքերին կարելի է դեմ կամ կողմ լինել, սակայն առանց դրանց անհնար է։

Հեղինակի խոսքով, գրքում զարգացվում է այն տեսակետը, որ սկզբունքորեն հնարավոր չէ ապրել առանց նվաճելու, քանի որ ապրել ինքնին նշանակում է նվաճել։ «Մարդը կյանք է նվաճում, անկախ ցանկությունից նա պայքարում է յուրաքանչյուր անցնող վայրկյանի համար։ Այստեղ, սակայն, հարց է առաջանում՝ որքանով է մարդը գիտակցում, որ իր կյանքը պայքար է և ապրվող ամեն մի ակնթարթ, ինքնին, կյանքի նվաճում է »,-նկատում է Հակոբյանն ու հավելում, որ այդ նվաճումը կարող է լինել հիմնավոր, հաճելի և երջանկաբեր, եթե մարդը գիտակցում է՝ ի՛նչ պայքարի մեջ է։

Նախքան գրքի ստեղծումը (ընթացքը տևել է 2-3 տարի) հեղինակը ուսումնասիրել է ոլորտի բոլոր նշանակալից հեղինակներին ու նրանց աշխատությունները՝ ընդհուպ ուսումնասիրելով training-ի ավանդույթի ծագումնաբանությունը։ Հետազոտությունների արդյունքում մեր զրուցակցին հաջողվել է պարզել, թե ինչ տարբերություն կա ակադեմիական դասախոսության, ուսուցչության, training-ի և coaching-ի միջև։ Գիրքը, ըստ Հակոբյանի, գրվել է ներկա ժամանակի հայի համար՝ կարևորելով, թե այժմ ինչ է կատարվում փողոցում։ «Երբեմն լույս են տեսնում այնպիսի գրքեր, որոնք կարդալիս հասկանում ես, որ դրանք պատմում եմ դրախտային աշխարհի կամ միջավայրի մասին, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ մեր իրականության մեջ խիստ արմատավորված են այնպիսի իրողությունները, որոնք լրիվ այլ, գրքում եղածի հետ բացարձակ կապ չունեցող շուկայական, և առհասարակ, հասարակական հարաբերություններ են։ Գրելով այսօրվա մարդու մասին՝ հավանական է, որ գիրքը խիստ ժամանակավոր բնույթ կրի, քանի որ աշխարհի կրած հետագա փոփոխությունների համատեքստում գիրքը կարող է դադարել ակտուալ լինելուց. այն հենց այսօրվա համար է»։

«Ապրիր նվաճելով. Լիդերի օրագիր» գիրքը, Հակոբյանի համոզմամբ, դասական իմաստով գիրք չէ, որն ընթերցելով աշխարհայացքային այնպիսի փոփոխություններ առաջ կգան, ինչպես գեղարվեստական կամ դասական փիլիսոփայության գրքերն ընթերցելիս։ «Գիրքն օգնում է, որպեսզի մարդիկ չփչացնեն իրենց կյանքը, կորուսյալ կյանքեր չառաջանան, ինչպես նաև միտված է օգնել նրանց, ովքեր ցանկանում եմ իրենց կյանքը բարելավել ու հասնել իրենց նպատակներին։ Իմ գիրքը գործիք է»,-նշում է մեր զրուցակիցը և շեշտում, որ իր գիրքը մարդուն օժտում է լուրջ կարողություններով և զարգացնում արդեն եղածները, կենսական կարևորության հմտություններ՝ ցույց տալով նպատակ դնելու և դրան հասնելու ճանապարհը, ձևը, միջոցը։

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /