• USD 480.13
  • GBP 670.45
  • EUR 587.25
  • RUB 7.74
  • GEL 196.17
Ապրիլ 24, 2018
Մեր ժողովուրդը կարողացավ վերապրել այդ արյունալի աղետը և նորից շենացնել հարազատ հողը և պաշտպանել այն

 

Բակո Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա առթիվ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Միջին Արևելք, Հայաստան
29.01.2018 | 21:43

Պոլսո «Ժամանակ»-ը հայաստանակենտրոն թերթ է. Արա Քոչունյան

Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթն իր պատմության ընթացքում անդրադարձել է Հայ գրատպության 400 եւ 500-ամյակներին: Թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանն ասում է, որ թերթի 110-ամյակի առթիվ հնչած բարեմաղթանքներից է, որ թերթն անդրադառնա նաեւ հայ գրատպության 600-ամյակին: Թերթն իր պատմության ընթացքում լուսաբանել է նաեւ Հայոց ցեղասպանությանն անմիջապես հաջորդած դեպքերը, հայ ժողովրդի պատմության մեջ դեր ունեցած բոլոր նշանակալի իրադարձությունները, որ տեղի են ունեցել թերթի հիմնադրման թվականից՝ 1908-ից հետո:

«Հայ Ձայն»-ի հետ զրույցում Արա Քոչունյանն ասաց նաեւ, որ «Ժամանակ»-ի կյանքում թեեւ փոքրիկ դադարներ են եղել, բայց դրանք այնքան կարճ են տեւել, որ բոլորը միասին կես տարի չեն կազմում, մանավանդ, որ այդ դադարները եղել են խմբագրակազմի կամքից անկախ, ուստի ընդունված է ասել, որ 110-ամյա թերթն ամբողջ 110 տարի լույս է տեսել առանց ընդմիջումների: Այդ բոլոր դադարներին, ինչպես տեղեկացանք, «Ժամանակ»-ը փորձել է լույս տեսնել այլ անուններով թերթեր տպելով, որպեսզի պահի շարունակականությունը: Այսօր էլ, չնայած տպագիր մամուլի հանդեպ հետաքրքրությունը հետզհետե նվազում է, բայց ինչպես մեզ հետ զրույցում ասաց Արա Քոչունյանը, «Ժամանակ»-ը փակվելու վտանգի առջեւ չէ:

«Այսօր այդ չէ թերթի խնդիրը, այլ՝ լեզվի նահանջը: Հայտնի է, որ «Ժամանակ»-ն արեւմտահայերենով տպագրվող թերթ է, իսկ արեւմտահայերենն այսօր նահանջ է ապրում, ինչը խնդիրների առջեւ է կանգնեցնում արեւմտահայերենով լույս տեսնող պարբերականներին»,-ասաց Արա Քոչունյանը, նշելով, որ վերջին տարիներին հայաշխարհում նկատվում է արեւմտահայերենը պահպանելու, տարածելու ջանքեր, եւ դրանք նկատելի են նաեւ Հայաստանում, ինչը ողջունելի է: Խմբագրությունն էլ իր կողմից է քայլեր ձեռնարկում փնտրելու եւ գտնելու լրագրողներ, որոնք տիրապետում են արեւմտահայերենին, եւ, ինչպես մեզ հետ զրույցում նշեց Քոչունյանը, այսօր թերթը միայն Երեւանում արդեն հինգ աշխատակից ունի, որոնք տարբեր թեմաների մասին ամենօրյա նյութեր են պատրաստում եւ որոնց ստորագրություններին սպասում է «Ժամանակ»-ի ընթերցողը:

Իսկ «Ժամանակ»-ի ընթերցողը, տեղեկացանք, որ թերթի ավանդույթներին ծանոթ, հավատարիմ այն խավն է, որոնք հայ թերթ, մանավանդ «Ժամանակ» կարդալու սովորույթը ժառանգել են ընտանիքի ավագներից: «Կա նաեւ նոր սերունդ, որը կարդում է թերթը, ինչը կրկնակի պարտավորեցնող է, քանի որ այսօրվա սերնդի հետ մեկ այլ լեզվով պետք է խոսել, ավագ սերնդի հետ՝ մեկ այլ»,-«Հայ Ձայն»-ին հայտնեց պոլսահայ ամենաերկարակյաց թերթի խմբագիրը:

Նա Երեւանում էր գտնվում «Ժամանակ» թերթին առնչվող երեք կարեւոր իրադարձությունների առթիվ. առաջինը թերթի 110-ամյակի մեկնարկն էր, երկրորդը՝ թերթի շնորհանդեսը, իսկ երրորդ առիթը, որը բազմաթիվ մարդկանց հավաքել էր մեկ հարկի տակ, «Ժամանակ-100» մատենաշարով լույս տեսած գրքերի շնորհանդեսն էր: Անցյալ դարասկզբին «Ժամանակ»-ում իրենց ստեղծագործությունները, հոդվածները եւ այլ ժանրի գործերն են տպել հայ գրականության այնպիսի դեմքեր, ինչպիսիք Վահան Թեքեյանը, Երուխանը, Ռուբեն Զարդարյանը, Զաբել Եսայանը, Զահրատը եւ այլ անվանիներ են: «Ժամանակ»-ի խմբագրությունը որոշել եւ առանձին գրքերով հրատարակել է թերթի էջերում ցիրուցան եղած այդ գործերը:

Գլխավոր խմբագիրն այդ աշխատանքը համարում է թերթի ունեցած ժառանգության պահպանման գլխավոր քայլերից:

«Մենք նաև փորձում ենք ժառանգության վրա ինչ-որ նոր բան ավելացնել»,- «Հայ Ձայն»-ի հետ զրույցում ասաց Արա Քոչունյանը: Նա մեկ անգամ եւս շեշտեց թերթի հիմնադիրներ Միսաք եւ Սարգիս Քոչունյան եղբայրների կատարած մեծ գործը՝ անցյալ դարասկզբին Պոլսում հայկական թերթի հիմնումը, որը սկզբնական շրջանում եղել է թերթ ոչ միայն հայության համար: Թերթի հիմնադիրներն իրենց ապրած շրջանում արեւմտահայ մտավորականության կարեւոր դեմքերից են եղել: Միսաք Քոչունյանը գրական գործունեություն էր ծավալում, վիպագիր էր, «Մատյան ողբերգության» գրքի աշխարհաբարի առաջին թարգմանողը: Նա նաեւ հասարակական գործիչ է եղել եւ Ստամբուլում Ազգային պատգամավորական ժողովի անդամ: «Ժամանակ»-ը նաեւ լույս է ընծայել Միսաք Քոչունյանի հոդվածների ժողովածուն: Նա թերթը հիմնադրել է կրտսեր եղբոր` Սարգիսի հետ, որը գովազդային գործակալություն ուներ եւ այդ ոլորտում ընտելացած էր: Հիմնադրման առաջին տարիներին «Ժամանակ»-ն ունեցել է 15.000-ի մոտ տպաքանակ: Ճիշտ է, այսօր բավական նվազել է թերթի տպաքանակը, բայց փոխարենը կայքը մեծ տարածում է գտնում հայաշխարհում:

«Ժամանակ»-ը հայաստանակենտրոն թերթ է: Մենք հավատում ենք խաղաղ, բարեկեցիկ Հայաստանի գոյությանը եւ այդ իրողությունն ուզում ենք տեսնել նաեւ մեր թերթի էջերում»,-ասում է Քոչունյան ընտանիքի շառավիղը:

 

Հարցազրույցը՝ Անուշ Թրվանցի

 

Հատուկ Հայ ձայնի համար



    Լրահոս
    ՌԱԿ
    Զուտ ազգային, ապաքաղաքական երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. ՌԱԿ հայտարարությունը
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /