• USD 482.65
  • GBP 646.46
  • EUR 566.1
  • RUB 7.86
  • GEL 194.94
Մայիս 25, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Պատմության այս օրը, Հայաստան
30.01.2018 | 08:33

Այսօր Պատմահայր Մովսես Խորենացու ծննդյան օրն է

«Թեպետ մենք փոքր ածու ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել»

Մովսես Խորենացի

 

Շատ դժվար է կենսագրական փաստեր գտնել մեզնից մեկ տասնյակից ավել դար առաջ ծնված մարդու մասին։ Խորենցին անգերազանցելի արժեք էր իր կենդանության տարիներին և մինչև օրս նրա՝ հայ ժողովրդի կայացման գործում ունեցած արժեքը ավելի ու ավելի է գնահատվում։ Նրա կյանքի և գործունեության վերաբերյալ փաստերի մեծ մասի հեղինակը հենց ինքն է։ Նա ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թ․-ին, Տարոն գավառի Խորոն գյուղում։ Վարկած կա այն մասին որ, նա ծնվել է Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա գյուղում։ Մոտավորապես 15-16 տարեկան հասակումԽորենացին ուղարկվում է Վաղարշապատ սովորելու, որտեղ լինում է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտը։

Էջմիածնում ուսանում է 5-6 տարի, սովորում է հունարեն և ասորերեն։ Հավանաբար 434-435 թթ․-ին ուսուցիչները Խորենացուն ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու», որտեղ նա յուրացրել է օտար լեզուներ, փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։

5-6 տարի անց Խորենացին ճանապարհվում է դեպի Հունաստան, սակայն ծովային քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Խրենացին լինում է Հռոմի սրբավայրերում, այնուհետև մեկնում Աթենք։ Որոշ ժամանկ այդտեղ մնալուց հետո ուղևորվում է Հայաստան և տեղ է հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից հետո։ Խորենացին գրել է․

«Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»:

Այդուհետ Խորենացին եռանդուն կերպով զբաղվում է գրական աշխատանքով. կատարում է թարգմանություններ, գրում ինքնուրույն երկեր։ 461 թ․-ին նշանակվելով Բագրևանդի թեմակալ առաջնորդ՝ Խորենացին ծավալել է մանկավարժական, գրական և թարգմանական գործունեություն: 470-ական թվականների վերջին իշխան Սահակ Բագրատունու պատվերով սկսել է գրել «Պատմություն Հայոց» մատյանը. ավարտել է 482 թ-ից առաջ` մինչև Սահակ Բագրատունու մահըԱշխատանքը բաղկացած է 3 գլխից՝ «Հայոց մեծերի ծննդաբանությունը», «Միջին պատմություն մեր նախնիների», «Մեր հայրենիքի պատմության ավարտը»։ Աշխատանքն ավարտվում է «Ողբ»-ով։

 

Նրա գործերի շարքում «Պատմություն Հայոց»-ը մինչև օրս էլ հայ ժողովրդի համար հանդիսանում է որպես հայ նախնական պատմության առաջին ամբողջական ու ամենահավաստի աղբյուրը։

Խորենացին օգտագործել է օտար ու հայկական մատենագրական, վավերագրական, բանավոր, նյութական և այլ սկզբնաղբյուրներ: Մատենագրական օտար սկզբնաղբյուրներից հիշատակվում են Աստվածաշունչը, Հոմերոսի, Հերոդոտոսի, Մանեթոնի, Հովսեպոս Փլավիոսի, Եվսեբիոս Կեսարացու և ուրիշների երկեր: Նախամաշտոցյան սկզբնաղբյուրներից են Մար Աբաս Կատինայի մատյանը, «Մեհենական պատմությունները», ինչպես նաև «Հյուսումն պիտոյից» երկը: Մաշտոցատառ մատենագրական աղբյուրները Կորյունի, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի երկերն են, վավերագրականները՝ Գահնամակը և Հայաստանում հայտնաբերված այլ օտարալեզու վիմագրությունները: Բանավոր աղբյուրները ժողովրդական երգիչներից՝ գուսաններից գրառած հայ բանահյուսության նմուշներ են՝ օրինակ՝ «Վահագնի ծնունդը», «Արտաշես և Սաթենիկ», «Տիգրան և Աժդահակ» և այլն: Նյութական սկզբնաղբյուրները Խորենացու նկարագրած քաղաքներն ու բնակավայրերն են, լեզվական աղբյուրները՝ անձնանունները, տեղանունները, տոհմանունները, որոնք հեղինակը ստուգաբանել ու մեկնաբանել է պատմական իրադարձությունների տեսանկյունից:

«Պատմություն Հայոց»-ի ընդօրինակություններից մեզ են հասել 50 ամբողջական ձեռագրեր, որոնցից 30-ը պահվում են Մատենադարանում: Առաջին անգամ տպագրվել է այն 1695 թ․-ին Ամստերդամում, աշխարհաբար՝ 1889 թ․-ին: 1940 թ․-ին Ստեփանոս Մալխասյանցը հրատարակել է նոր և գիտական փոխադրությունը, որը 1990 թ․-ին վերահրատարակվել է «Պատմություն Հայոց»-ի 1500-ամյակի առթիվ: Երկի բնագիրը լույս է տեսել 19, իսկ աշխարհաբարի վերածված՝ ավելի քան 10 անգամ, թարգմանվել է ռուսերեն, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն, գերմաներեն, անգլերեն, պարսկերեն, արաբերեն և այլ լեզուներով:

«Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի սիստեմական պատմությունը սկզբից մինչև իր ժամանակները.... Սա մի ծննդյան վկայական էր մեր ազգի համար, որ մինչև այդ ժամանակ չգիտեր, թե ո՞վ է ինքը և ի՞նչ ծագում ունի: Կապելով հայ ազգի սկզբնավորությունը Սուրբ Գրքի հետ, ծագեցնելով հայերին Հաբեթի ցեղից՝ նա հայ ազգի համար ստեղծեց պատվավոր տեղ մյուս հին ազգերի շարքում»:

Ստեփան Մալխասյանց

Ոսկեդարի մեծ պատմիչ, քերթողահայր Մովսես Խորենացին վախճանվել է մոտավորապես 490-ական թվականների սկզբին՝ հիվանդության ու աղքատության մեջ։ Դասվել է Հայ առաքելական եկեղեցու սրբերի շարքին։

Խորենացու մասին հրատարակվել է շուրջ 3 հազար ուսումնասիրություն: 1991 թ․-ին մեծ հանդիսությամբ նշվել է «Պատմություն Հայոց»-ի 1500-ամյակը, միջազգային գիտաժողովներ են տեղի ունեցել Երևանում, Փարիզում, Նյու Յորքում: 1993 թ․-ին սահմանվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ:

Մովսես Խորենացու անունով Երևանում և ՀՀ այլ քաղաքներում կոչվել են փողոցներ, բուհ, կանգնեցվել են նրա հուշարձանները։



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /