• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 16, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Լրահոս, Մշակույթ
03.02.2018 | 17:34

Հովհաննես Թումանյան. Բանտի օրագիր. Անի Եղիազարյան

Թիֆլիսի ժանդարմական վարչության ռոտմիստր Պրիգարայի հանձնարարությամբ եւ ստորագրությամբ 1908 թ. դեկտեմբերի 23-ին բանաստեղծ Հովհաննես Թումանյանը բանտարկվում էՙ Մետեխի բանտի 15-րդ խցում անցկացնելով շուրջ վեց ամիս, մինչ 1909 թ. հունիսի 13-ը, երբ գործարանատեր, բանաստեղծի լավ բարեկամ Փիլիպ Վարդազարյանի վճարած 5000 ռուբլի գրավով նրան ազատ են արձակում:

 

Թումանյանն առաջին անգամ հարցաքննվեց 1909 թ. մարտի 20-ինՙ իբրեւ վտանգավոր քաղաքական բանտարկյալի: Նովոչերկասկի մարզային դատարանիՙ առավել կարեւոր գործերով քննիչ Լիժինին էր հանձնարարված զբաղվելու «Դաշնակցություն գործ»-ի քննությամբ: Նրա կազմած հարցաքննությունների արդյունքում ձերբակալվածների ցուցակում ներառվածների մեծ մասը, այդ թվում եւ Թումանյանը, մեղադրվում էր քրեական օրենսգրքի 102-րդ հոդվածովՙ «հակակառավարական արարքների համար»:

 

1911 թ. նոյեմբերի 7-ին ձերբակալում են Թումանյանին երկրորդ անգամ: Մեկուկես ամիս Մետեխի բանտում պահելուց հետո, ապրանքատար վագոնով բազմաթիվ բանտարկյալների հետ բանաստեղծին տանում են Պետերբուրգՙ դատավարության: Թումանյանի դուստրըՙ Նվարդն այդ օրվա մասին գրում է. «Մեզ վրա շատ ծանր ազդեց բանտարկյալների ոտքերի շղթաների զրնգոցը... Հայրիկը եւ մի երկու հոգի առանց շղթաների էին: Ասում էին, որպես ազնվական ծագում ունեցողների, ազատել էին շղթաներից»: Հիշենք, որ Թումանյանը ծագումով նախարարական Մամիկոնյան-Համազասպյան տոհմից էր:

 

Ս. Պետերբուրգի նախնական կալանավայրի 121-րդ խցում էր արգելափակված Թումանյանը: Դատավարությունը տեւում է երեք ամիս:

 

Բանն այն էր, որ 1905 թ. փետրվարի 5-6-ին Բաքվի հայերի կոտորածից հետո սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները ամբողջ տարածաշրջանումՙ հատկապես Լոռու, Ղազախ-Շամշադինի եւ Բորչալուի հատվածում: Հայ մտավորականությունն անմիջապես գործի էր անցելՙ դադարեցնելու արյունահեղությունը եւ հաշտեցնելու երկու հարեւան ժողովուրդներին. առաջին շարքերում Թումանյանն էր: Ինչպես պարզ դարձավ, այդ ամենը հրահրվում էր վերեւիցՙ որպես ցարական կառավարության ազգային քաղաքականության ձեւ, Կովկասի ժողովուրդներին հեռացնելու ծավալվող հեղափոխական դեպքերից: Զանգվածային ձերբակալությունների պիտի ենթարկվեր հայ մտավորականությունը, այդ թվում ՙ Հովհ. Թումանյանը եւ նրա ավագ որդինՙ Մուշեղը, Ավ. Իսահակյանը, Ավ. Ահարոնյանը եւ այլք:

 

Մինչ այդ Թիֆլիսում տեղի էին ունենում խաղաղություն եւ հաշտություն հաստատելու խորհրդակցություններ, որոնց մասնակցում էր նաեւ բանաստեղծը: Իր իսկ առաջարկովՙ խաղաղարարի ծանր գործը նա իր ուսերին է վերցնում: Այս օրերի անցուդարձի, իր ապրումների եւ ազնիվ մղումով գործունեության մասին Թումանյանը գրառումներ պիտի աներ պետերբուրգյան բանտումՙ կազմելով մի օրագիր: Ահա դրանից մի մեջբերումՙ «Խաղաղեցնել առանց ազգերի խտրությանՙ ես լիովին համաձայնվեցի, խնդրեցի ստանձնել քաղաքացու պարտքըՙ աջակցելու խաղաղության եւ կարգ ու կանոնի պահպանմանը»:

 

Հայրենի լեռնաշխարհից տագնապալի լուրերը շարունակվում էին:

 

Նրա առջեւ ծառացած էր հարազատ ժողովրդի եւ հայրենիքի կյանքի խնդիրը: Թումանյանն ընդհատում է գրական գործունեությունըՙ «որովհետեւ ես մի մարդ եմ, որ ապրել եմ այդ ժողովրդի պատմության ճակատագրով»:

 

Այս ընթացքում Թիֆլիսի ժանդարմական վարչությունը գաղտնի գրություններ էր ստանում հետեւյալ բովանդակությամբՙ «Լոռու շրջանում նա կարծես գեներալ-գուբերնատոր է, նրան է ենթարկվում ամբողջ տեղական ղեկավարությունը եւ ոստիկանությունը, նա շրջում է գյուղերում, դատ ու դատաստան տեսնում...»:

 

Այո, Թումանյանին դեռ Թիֆլիսում պատկան մարմինների կողմից տրվել էր որոշակի լիազորություններ եւ գործունեության ազատությունՙ հայրենակիցների հետ խորհրդակցելու, ինչպես նաեւ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Լիազորությունների շարքում էր նաեւ բացահայտ գործելու դրամաշորթների դեմ, նրանց դեմ, ովքեր կրքեր են բորբոքում, հանցախմբերի դեմ ...

 

Թումանյանն անմիջապես ընտանիքի հետ մեկնում է Լոռի:

 

Օրագրային գրառումՙ

 

«Այնտեղ խաղաղեցնում էիՙ չտարբերելով հայերին եւ թաթարներին եւ աջակցում էի իշխանություններինՙ մեր գավառում խաղաղություն եւ օրինականություն պահպանելու համար: Այդ ժամանակ հայտնվեցին անհանգիստ տարրեր, նրանց թվում էր եւ Հարություն Շահվերդովը, որը տալիս էր սուտ մատնություններ հայրենակիցների եւ նույնիսկ եղբայրների մասին, գրգռում էր ժողովրդին: Նա սպանեց նույնիսկ հարազատ եղբորը»:

 

Համագյուղացիներն անելանելի վիճակում դիմում էին Թումանյանինՙ նրա օգնությամբ Շահվերդովի նկատմամբ «աշխարհիկ դատավճիռ» կայացնելու եւ հասարակությունից հեռացնելու խնդրանքով: Վերջինս ստիպված փախչում է Ղազախի թաթարների մոտ:

 

1912 թ. դատավարության շրջանում կատարված հերթական հարցաքննությունից հետո Թումանյանը նշում է.

 

Օրագրային գրառումՙ

 

«Մինչ 1905 թիվը ես ոչ մի անգամ չեմ թողել իմ առանձնասենյակը հասարակական, ոչ գրական գործերի պատճառով: Եվ 1905 թվին էլ ես չէի թողնի իմ գրական պարապմունքները, եթե չլինեին այն սարսափները, այն դժոխային տեսարանները, որոնց անունն է հայ-թաթարական բախումներ»:

 

«...նորից ու նորից սպանությունների մեջ, հրդեհների մեջ ես զբաղված էի խաղաղության եւ հաշտության գործով եւ կատարում էի ոչ թե կուսակցական մարդու գործ, եւ նույնիսկ ոչ թե հայի, այլ մարդու...»:

 

1905 թ. աշնանը Թումանյանին հաջողվում է հաշտության գալ թաթարների հետՙ ապահովելով ներքին հանգստություն եւ խաղաղություն: Եվ դա շնորհիվ ամիսներ շարունակ ղազախական տարբեր ցեղախմբերի հետ բանակցությունների եւ ամեն տեղ ճերմակ դրոշակ պարզելու: Չնայած այն բանի, որ ղեկավարում էր Լոռվա քաջերից կազմված մի զորախումբՙ հարկ եղած դեպքում զենքի ուժով խաղաղություն պարտադրելու: Դուստրըՙ Աշխենը գրում է. « Նա 60-70 առողջ, լավ զինված տղաներից կազմված ջոկատ ստեղծեց: Այս հարցում գավառապետ Ռեզանովը համերաշխ էր հայրիկի հետ, վստահում էր եւ օգնում զենքի առաքման գործում»:

 

Օրագրային գրառումՙ

 

«... այն սպիտակ դրոշակը, որն անկարգությունների ամբողջ ժամանակամիջոցին ես բռնել էի իմ ձեռքում, երբեք բաց չեմ թողել իմ ձեռքից, նույնիսկ այն սարսափելի գիշերը, երբ թաթարները շրջապատել էին Շուլավերը, որտեղ գտնվում էին կինս եւ երեխաներս, եւ ուզում էին մորթել»:

 

Մեծ մարդասերի համար յուրաքանչյուրի կյանքի փրկությունը կարեւորագույն առաքելություն էրՙ անկախ հարազատ կամ օտար լինելու: Նա վճռական էր, հաստատուն եւ օբյեկտիվ իր գործողությունների մեջ:

 

Օրագրային գրառումՙ

 

«Ինչ վերաբերում է կուսակցական մարդկանց, ես բացահայտ գործել եմ նրանց դեմ, ովքեր կրքեր էին բորբոքում, նրանց դեմ, ովքեր զբաղվում էին շորթելով, ի վերջո նրանց դեմ, ովքեր սարսափից գունատված գյուղացիներին բացատրում էին իրենց սոցիալիստական հայացքները - լինի նա դաշնակցական, թե սոցիալ-դեմոկրատ...»:

 

Թումանյանի դատապաշտպանական հարցերով գլխավորապես զբաղվում էին փաստաբան Գեւորգ Խատիսյանըՙ ավագ դստերՙ Աշխենի ամուսինը, որն հիմնականում զբաղված էր վկաներին Պետերբուրգ կանչելու գործով եւ փաստաբան Օսկար Օսիպովիչ Գրուզենբերգըՙ լայնահայաց մի մտավորական, որ շատ լավ հասկացել էր այդ դատավարության իրական իմաստըՙ «Սա ինտելիգենցիայի իսպառ ոչնչացում է...»: Չնայած մեծ ջանքերի, որ նա ի գործ էր դնում Թումանյանին ազատելու համար, հաճախ էր հուսահատվում: Որքան էլ զարմանալի է, այդ հուսահատության պատճառը Թումանյանն ինքն էր լինում: «Ձեր հոր գործը շատ է լուրջ,- անկեղծանում էր Գրուզենբերգը Աշխեն Թումանյանին,- մեղադրանքըՙ ծանր, իսկ նա չի ուզում հասկանալ: Գնում եմ մոտըՙ գործի հետ ծանոթանալու, իրեն նախապատրաստելու: Ասում եմ, ներշնչում նրան այս բոլորը, իսկ նաՙ ոչ մի ուշադրություն, շատ հմուտ կերպով խոսքը դարձնում է գրական ու փիլիսոփայական հարցերի շուրջ, եւ ցավալին այն է, որ նրան հաջողվում է ինձ գրավել այդ նյութով: Երկու ժամ մոտը մնալուց հետո դուրս եմ գալիս փողոց եւ նոր եմ սթափվում ու հասկանում, որ ըստ էության գործի վերաբերյալ իրենից ոչինչ չիմացա»: Այս ազնիվ մարդուն նվիրված մի բանաստեղծություն պիտի գրեր Թումանյանն իր օրագրումՙ «Երկու հոգի» վերնագրով.

 

Մարդիկ կյանքում իրար համար

 

Ամեն մի տեղ ու ամեն օրՙ

 

Որը ուժեղ, որը տըկարՙ

 

Կամ պաշտպան են, կամ պրոկուրոր...

 

Իր անմեղությանն ու անպարտության մեջ այնքան վստահ Թումանյանը բանտում քիչ թե շատ խաղաղ ու հանգիստ ժամանակ էր գտել զբաղվելու գրականությամբ եւ ընթերցանությամբ:

 

Նա օրեր շարունակ ուսումնասիրում էր հին արեւելյան, աքքադական, հունական աստվածությունների համեմատական զուգահեռները հայկականի հետ, կարդում էր ճապոնական հեքիաթներ, կատարում թարգմանություններ: Դրա վկայությունը օրագրի բազմաթիվ էջերին արված գրառումներն են:

 

«Ես բանտում եմ գտնվում, բայց վստահ լինելով անմեղությանս մեջ, այնքան հանգիստ եմ, որ քնում եմ միանգամայն խաղաղՙ համոզված լինելով, որ ճշմարտությունը կհաղթանակի, եւ ինձ կարդարացնեն»:

 

Դատարանում բացահայտվում են քննիչների, հատկապես Լիժինի կատարած վավերագրերի զանգվածային կեղծումները եւ վկաների տված ցուցմուքների խարդախումները: 1912 թ. մարտի 8-ին դատապաշտպաններ Զարուդինին, Սոկոլովը, Սկարյատին, Պերեւերզեւը, Բարտը ի պաշտոնե գանգատով դիմում են դատարանի նախագահին եւ մեղադրելով Լիժինինՙ պահանջում նրան պատասխանատվության ենթարկել:

 

Օրագրային գրառումՙ

 

«Նախագահը հայտնեց, որ արյունն իր խղճի վրա չի առնում, կասկածելի դոկումենտներին եւ Լիժինի ասած ցուցմունքներին նշանակություն չէր տալիս, միշտ հարցնում էրՙ ով է վերցրել ցուցմունքները»:

 

Դատարանի նախագահը կարգադրում է վճռաբեկ դատարանի միացյալ նիստում քննել Լիժինի վարքագիծը, հարուցվում է քրեական գործ:

 

1912 թ. մարտի 20-ին դատի ենթակա իննսունչորս հոգու հետ անմեղ է ճանաչվում եւ ազատվում նաեւ Հովհ. Թումանյանը:

 

Օրագրային գրառումՙ

 

«Մարտի 20-ի իրիկունը բանտից եկա Մուշեղի հետ Աշխենի եւ Գիգայի մոտ, ուր ինձ համար սենյակ էին վարձել, այնտեղից ընկա փաստաբանների ընթրիքին, «Դոնոն», այնտեղից էլ «Սամարիստ»:

 

Նրա արդարացման առիթով հայ համայնքի կողմից կազմակերպվել էր շքեղ խնջույք Պետերբուրգի «Դոնոն» հայտնի ռեստորանում:

 

Այս տարիներին հետհայացք ուղղելովՙ Թումանյանը գրելու էր. «Եւ այսօր ես այնքան գոհ չեմ, որ գրականության մեջ մի որեւէ բան եմ արել, որքան գոհ եմ, որ ակներեւ կարողացա իրար դեմ կանգնած ժողովուրդների սրերը պատյան դնել տալ եւ շատ ու շատ անմեղների ազատել այս գազանային կոտորածից»:

 

Անի Եղիազարյան/ԱԶԳ


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /