Փետրվար 19, 2018
Գլխավոր լուր, Հայաշխարհի ձայն, Հոդվածներ, Լրահոս, Մշակույթ, Արցախ
05.02.2018 | 13:01

Առկա մշակութային ներուժը կարող է ինքնարտահայտման հսկայական ծավալներ գրավել

Փետրվարի 3-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը Շուշիում ստորագրեցին պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես նշեց Արմեն Ամիրյանը` հուշագիրը կոնկրետ գործողությունների ծրագիր է, որի իրականացմամբ հնարավոր կլինի ներկայանալ մշակութային դիմագծով, աշխարհին պատմել մեր հերոսական ներկայի, ինչպես նաև ապագայի հանդեպ մեր պատկերացումների մասին: Նախարարի խոսքով` 2018 թվականը հայաստանյան և արցախյան մշակութային կյանքում լինելու է բեկումնային ու դառնալու է մեր միասնականության երազի իրականացման տարի:

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Ս. Շահվերդյանն էլ վստահեցրեց, որ հուշագրի արդյունքը շոշափելի կլինի տեսանելի ապագայում: Երկու գերատեսչությունների փոխհարաբերությունները ավելի սերտ կդառնան հատկապես հուշարձանների պահպանության ոլորտում, փորձ կարվի համատեղ ջանքերով հուշարձանների վերականգնման բնագավառը մեկ մակարդակ ավելի բարձրացնել, քան եղել է:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարց հնչեց նախորդ տարի մեկնարկած «Մշակութային կանգառ» ծրագրի մասին, որի առնչությամբ ՀՀ մշակույթի նախարարն աասց, որ դա իրենց կարևոր նախաձեռնություններից է: Անցյալ տարի «Փյունիկ» հիմնադրամն էր հովանավորել այդ ծրագիրը, և թեպետ այս տարի նախատեսել են նախորդ տարվա բյուջետային միջոցների կեսի չափով, սակայն ծրագիրը իրականացնելու են ցանկացած գնով, հավաստիացրեց Ա. Ամիրյանը: Բացի դրանից, ինչպես դա փոխգործակցության հուշագրում է ամրագրված, նախատեսվում է հայաստանյան մշակութային խմբերի փոխադարձ այցելություններ Արցախ և Հայայստան, ինչպես նաև արտասսհմանյան շրջագայությունների մեջ ներառել արցախյան մշակույթի գործիչներին:

Ամռանը Հայաստանում և Արցախում կանցկացվի գորգարվեստի փառատոն, որին կարող են մասնակցել ինչպես մասնագիտացված ընկերություններ, այնպես էլ անհատ գորգագործներ: Անցյալ տարի համահայկական սիմֆոնիկ նվագախումբը Երևանում հանդես եկավ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգում, իսկ այս տարի այն ազդարարելու է մայիսյան հերոսամարտերի հաղթանակի մասին: Համահայկական սիմֆոնիկ նվագախմբի մեջ ներգրավված են 40 երկրներից երաժիշտներ, որոնք համերգներ են տալու Երևանում և Արցախում:

Ա. Ամիրյանը նաև տեղեկացրեց, որ ԱՀ մշակույթի, երիտասարադության հարցերի և զբոսաշրջության նախարարի հետ պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգման ուղղությամբ, որի իրականացման նպատակով մտադիր են դրամահավաք կազմակերպել: Մասնավորապես, հայաստանյան բոլոր թատրոնները և համերգասրահները որևէ ձևաչափով կկազմակերպեն բարեգործական միջոցառումներ ու վաստակած գումարը կփոխանցեն այն հիմնադրամին, որը զբաղվելու է թատրոնի շենքի նորոգմամբ: Մտադիր են նաև միջազգային դրամահավաք կազմակերպել` օգտագործելով սփյուռքի հնարավորությունները:

Ա. Ամիրյանը գյուղական բնակավայրերում մշակութային կյանքն աշխուժացնելուն ուղղված մեկ այլ ծրագիր էլ նշեց, որը կոչվում է «Արար»: Այդ շրջանակում պայմանագրեր են կնքվում հեռավոր գյուղերում մշակութային մասնագիտություն ունեցող մարդկանց հետ և որպես աշխատավարձ ամենամսյա վճարելով որոշակի գումար, խրախուսում են նյրանց` տեղերում ստեղծելու թատերական, պարային, գորգագործության, ժանյակագործության, լուսանկարչական և այլ խմբեր: Ըստ նախարարի` մեկուկես տասնյակ ծայրամասային գյուղերում արդեն կան այդ կարգի ավելի քան 200 շահառուներ: Նա վստահություն հայտնեց, որ հիշյալ ծրագիրը կհասնի նաև Արցախ` ակնկալվող արդյունքներ ապահովելով: «Արար» ծրագրի մի օգտակար առաքելություն էլ այն է, որ աշխատատեղեր են բացվում գյուղերում` նվազեցնելով արտագաղթը:

Ս. Շահվերդյանն իր հերթին տեղեկացրեց, որ 2018-ը Արցախում հայտարարվել է մշակույթը հեռավոր գյուղերին մերձեցնելու տարի, և դրա լավագույն դրսևորումներից մեկը արվեստի դպրոցներն են` իրենց գյուղական մասնաճյուղերով:

Ի ամփոփում, ՀՀ մշակույթի նախարարն ասաց. «Մենք պետք է միասնաբար աշխուժացնենք մշակութային կյանքը, որպեսզի երաժիշտը, արտիստը, նկարիչը, քանդակագործը կարողանան լիարժեք ստեղծագործել և իրենց վաղվա օրը կապել հայրենիքի հետ: Այն հսկայական մշակութային ներուժը, որ գոյություն ունի Արցախում և Հայաստանում, կարող է ինքնարտահայտման հսկայական ծավալներ գրավել և աշխարհին նոր հորիզոններ բացահայտել: Այնպես, որ ամեն բան դեռ առջևում է»:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /