Փետրվար 18, 2018
Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Պատմության այս օրը, Հայաստան
09.02.2018 | 11:06

Այսօր հայ քնարերգու Վահան Տերյանի ծննդյան օրն է

«Նա ազնիվ մետաղի փայլ տվեց մեր արքայական լեզվին․․․»

Պարույր Սևակ

 

Վահան Տերյանը ծնվել է 1885թ․-ի փետրվարի 9-ին Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղում՝ քահանա Սուքիաս Տեր-Գրիգորյանի ընտանիքում։ Ընտանիքի 11-րդ զավակն էր։ Նախնական կրթություն Տերյանն ստացել է գյուղի դպրոցում, որից հետո ընդունվել է Ախալքալաքի դպրոց, սակայն քաղաքային մթնոլորտը մշտապես ճնշել է ապագա գրողին, ով շուտով որոշում է կայացնում կիսատ թողնել ուսումը։ 1896թ․-ին Տերյանը քննություններ է հանձնում Թիֆլիսի գիմնազիա ընդունվելու համար, իսկ 1899թ․-ին նա սովորում էր Լազարյան ճեմարանի 3-րդ դասարանում։

Ճեմարանում անցկացրած տարիների ընթացքում Տերյանը սկսել էր գրել։ Մասնավորապես 1902-1903թթ․-ին նա Ցոլակ Խանզադյանի, Մելքոն Քարամյանի և մի քանի այլ ընկերների հետ հենց ճեմարանում հրատարակում է «Հույս» թերթը, որտեղ նրան էր պատկանում, ի թիվս այլ բաժինների, նաև պոեզիայի բաժինը։ Իր գրական գործերը «Հույս»-ում տպվել են Շվին և Վոլո կեղծանուներով։

Շուտով ծանր հիվանդության պատճառով մահանում է Տերյանի մայրը։ Մորը կորցնելու ցավը այդուհետ մշտապես ուղեկցել է Տերյանին՝ արտացոլվելով «Էլեգիան», «Անծանոթ աղջկան» և ևս մի քանի բանաստեղծություններում:

1904թ․-ի դեկտեմբերին Լազարյան ճեմարանի ուսուցիչների հանգանակած գումարով Վահան Տերյանը մեկնում է Կուրսկի մարզ` տեսնելու ավագ եղբայր Ղազարոսին, ով աքսորվել էր։ Այնուհետև Տերյանն անցնում է Կովկաս, լինում է Գանձայում։ Արձակուրդներն ավարտվելուն պես Վահանը մեկնում է Մոսկվա քննություններ հանձնելու, բայց ճեմարանի փակվելու պատճառով կրկին   վերադառնում է և մեկնում արդեն 1906թ․-ի փետրվարին, երբ էլ ավարտում է Լազարյան ճեմարանը։

Օգոստոսին Տերյանն ընդունվում է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը: Արդեն դեկտեմբերի 3-ին իր տուն է մտնում խուզարկող խումբը և ձերբակալում իրեն և այնտեղ գիշերած Օնիկ Օհանջանյանին։ Վահանին ազատ են արձակում 10 օր անց։ Այս ընթացքում Տերյանը գրում է «Էստոնական երգ», «Աշնան երգ», «Սիրտս ցավում է անցած գնացած օրերիս համար», «Ցանկություն» և այլ բանաստեղծություններ:

1907 թ․-ի ամռանը Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի՝   «Մթնշաղի անուրջներ» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն, որով սկսվեց հայ գրականության տերյանական շրջանը․ գրում է «Փողոցի երգը», «Անվերջ գիշերի մռայլ վիհերում», «Տխուր երգը», «Մարել ես արդեն, մեռել ես հավետ», «Չգիտեմ` այս տխուր աշխարհում», «Մեղմիվ փռվեց քնքուշ մութ», «Դու չքացել ես» և այլն:

 

1911թ․-ի փետրվարին Մոսկվայում Վահան Տերյանն ամուսնանում է Սուսաննա Պախալովայի հետ: Շուտով Մոսկվայում լույս է տեսնում Տերյանի «Բանաստեղծությունների» առաջին հատորը, որի շապիկը ձևավորել է Մարտիրոս Սարյանը:

1914թ․-ի փետրվարից մինչև մարտ Տերյանը երիկամների պատճառով հայտնվում է հիվանդանոցում, իսկ  ապրիլին լինում է Գանձայում, քանի որ մահացել էր հայրը։

1914թ․-ի մայիսի 29-ին Տերյանը հեռացվում է Պետերբուրգի համալսարանից` ուսման վարձը չմուծելու պատճառով, սակայն վերջինս բողոք-դիմում է գրում և այն բավարարվում է նոյեմբերի 20-ին:

1915թ․-ի դեպքերը մեծ ազդեցություն են ունեցել Տերյանի գրչի վրա. այդ ընթացքում նա գրել է «Երկիր Նաիրի» շարքը։

1916 թ․-ի ապրիլին Պետրոգրադում Տերյանի առողջական վիճակը վատթարանում է: Բժիշկները խորհուրդ էին տալիս շտապ գնալ Սուխում` թոքախտը բուժելու համար։ Նախ Տերյանը գալիս է Երևան, ենթարկվում է բժշկական քննության: Այս ընթացքում հասցնում է նաև Երեւանի քաղաքային ակումբի սրահում «Հայոց նոր շրջանի բանաստեղծության ոճի ու լեզվի զարգացման մասին» թեմայով դասախոսություն կարդալ, իսկ վերջում արտասանում է «Հրաժեշտի գազելը»: Արդեն փետրվարի 7-ին Սուխումի Կոշկույի առողջարանում էր` թոքախտը բուժվելու նպատակով: Տերյանը սկսում է նամակներ գրել իր հարազատներին ու ընկերներին։ Դրանք անթիվ- անհամար են, այս ընթացքի նամակներից է մեծ եղբորը գրած նամակը․

«… Կյանքիս վերջին օրերն եմ ապրում: Ղազար ջան, ցավ չէ մեռնելը, բայց այսպիսի ժամանակ մեռնելը կրկնակի մահ է… Դեռ ինչքան գործ կա անելու… Սուտ է : Ղազար ջան , սուտ. խաբում են ինձ բոլորը… Ցավս է մենակ, որ չի խաբում, խեղդում է»

 

1916թ․-ի օգոստոսի կեսերին Տերյանը Պետրոգրադ է մեկնում, որտեղ նրան աշխատանք են առաջարկում Ազգային գործերի մինիստրությունում։ Այս ընթացքում Տերյանի անունը կապվում է Լենինի անվան հետ։ Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Տերյանը Ժողկոմխորհին է ներկայացնում «Զեկուցագիր Թուրքահայաստանի մասին» և «Հայաստանի մասին դեկրետի» նախագիծը: Շուտով ստեղծվում է Հայկական գործերի կոմիսարիատը, որտեղ տեղակալ նշանակվում է Վահան Տերյանը:

Տերյանը մասնակցել է Բրեստ-Լիտովսկի հաշտության բանակցություններին։ Այդ նույն ընթացքում նա զբաղված էր նաև Մոսկվայում հրատարակչական գործի կազմակերպման, Լազարյան ճեմարանի բարենորոգման, հայ գաղթականներին օգնության կազմակերպման հարցերով:

Կնոջից հեռու լինելով՝ Տերյանը մտերմանում է Անահիտ Շահինջանյանի հետ, ով աշխատում էր Ազգությունների հայկական կոմիսարիատի գրական բաժնում: Անահիտը Տերյանի միակ դստեր` Նվարդի մայրն է, իսկ Նվարդը ծնվել է Տերյանի մահից 3 ու կես ամիս անց Մոսկվայում։

 

1919 թ․-ի նոյեմբերին Տերյանի վիճակը ծայրահեղ ծանրանում է։ Նա մեկնում է Սամարա բուժման, ապա մեկնում Օրենբուրգ, սակայն ճանապարհին վիճակը կտրուկ վատանում է։ Մարմինը սկսում է սառչել, իսկ բիշկները մեկը մյուսի հետևից հորդորում էին սպասել նրա վախճանին։ Օրերն անցնում էին, իսկ Տերյանի վիճակը գնալով ավելի անհուսալի էր դառնում։ Վերջին օրը՝ 1920թ․-ի հունվարի 7-ին սաստիկ ցավերի մեջ Տերյանն ասում է․ « Ու՞ր է իմ պորտֆելը, ես ընկնում եմ»՝ այդպիսով ավանդելով իր հոգին։

 

Իմ գերեզմանին դուք չմոտենաք,

Հարկավոր չէ ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ,

Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,

Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք:

Իմ գերեզմանը թող լինի հեռվում,

Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.

Թող շուրջս փռվի անանց լռություն,

Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:

 

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,

Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,

Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ.

- Չըզգամ որ կա սեր եւ ցնո’րք ու լա’ց…


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /