• USD 483.02
  • GBP 614.45
  • EUR 546.97
  • RUB 7.23
  • GEL 184.53
Օգոստոս 16, 2018
Զա՛րկ, Արցախ

 Ուրեմն, զա՛րկ, Արցախ,
Զա՛րկ, իմ զարմանալիդ...
Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա,
Քանզի ոսոխը քո՝ այդ քոչվորը վայրի
Այդ լեզուն է միայն, որ հասկանում ճշտիվ
Եվ այդ լեզվից է լոկ, որ փոխվում է կրկին
Խուճապահար հոտի...

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
09.02.2018 | 13:00

Ֆալստարտ ադրբեջանական ձևով

Մաս  2.  Վարկածների բազմերանգ ներկապնակ՝ անբուժելի հիվանդությունից մինչև արցախյան նոր ավանտյուրա

 

Հաջորդ «ներքին» պատճառը, որի մասին խոսվում է Ադրբեջանում, կապված է կրոնական ուղղվածություն ունեցող Աշուրա պրոիրանական շարժման ակտավիցման հետ, որի հերթական միջոցառումները, մասնավորապես՝ փողոցային ելույթները, նախատեսված են  հենց աշնան ամիսների ընթացքում: Նախագահական ընտրությունների նախաշեմին նման ռիսկի գնալ Ալիևը, բնականաբար, չէր կարող:

Հիմնականում «ներքին»  բացատրություն ունի նաև ընդդիմության հավաքական կարծիքը: Այսպես, տեղի կուսակցապետերից մեկի՝ Ջեմալ Հասանլիի կարծիքով այս քայլն ուղղված է ալիևյան իշխանությունն ամեն գնով պահպանելուն, Մուսավաթի նախկին ղեկավար և «հավերժ» ընդդիմադիր Իսա Ղամբարն էլ վստահ է, որ  ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը արագ տեմպերով վատթարանում է և տարեվերջյան լուրջ ընդվզումներից խուսափելը ստիպեց Ալիևին խաղալ՝ առաջ անցնելով հակառակորդներից: Նույն կարծիքին են նաև Ազգային ճակատի ղեկավար Ալի Քերիմլին ու Մուսավաթի ներկայիս լիդեր Արիֆ Հաջիլին: Սակայն բոլորից օրիգինալը Հանրապետական «այլընտրանք» շարժման արձագանքն էր, որի ղեկավարներն արդեն իսկ հայտարարել են ապրիլյան ընտրությունների արդյունքների անընդունելիության մասին:

Ավարտելով «ներքին» թեման՝ նշենք նաև մեկ այլ՝ իմ անձնական կարծիքով քիչ հավանական վարկած: Որոշ չար լեզուներ՝ իհարկե  տեղի ընդդիմադիր դաշտից, ընտրական գործանթացի անակնկալ արագացումը պայմանավորում են Ալիևի՝ իբր թե անբուժելի հիվանդությամբ: Կարծում եմ՝ սա ավելի շատ նման է ցանկալին իրականության փոխարեն ներկայացնելուն:

Այժմ անդրադառնանք արտաքին պատճառներին:  Միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով, այս քայլն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի ընտրական գործընթացների սինխրոնացմանը, ինչը համարում է միանգամայն տրամաբանական: Ի միջի այլոց, նման կարծիքի են նաև որոշ ռուս վերլուծաբաններ, մասնավորապես,  քաղաքագետ, Նասլեդիե ինստիտուտի տնօրեն Եվգենի Բախրևսկին: Որպես բացատրություն բերվում է հետևյալ վարկածը. ըստ երևույթին, առաջիկայում արցախյան հիմնախնդրի լուծման ճանապարհին սպասվում են լուրջ գործընթացներ, որոնք ենթադրում են նույնպիսի լուրջ զիջումներ Բաքվի կողմից: Ալիևն այս առումով կգործի շատ ավելի կանխատեսելի, եթե արդեն վերընտրված լինի: Իհարկե, գոյություն ունի նաև հակառակ վարկածը. արագացված կարգով լուծելով վերընտրման հարցը, Իլհամը կարող է փորձ կատարել սրել արցախյան հակամարտությունը՝ դիմելով սադրանքների, նույնիսկ անմիջական գործողությունների, այդ պարագայում արդեն չվախենալով միջազգային արձագանքներից և հնարավոր ճնշումներից:

Իսկ որոշ եվրոպական վերլուծաբաններ ավելի հետաքրքիր վարկած են առաջ քաշում՝ արդեն կապված ռուսաստանյան ընտրությունների հետ: Ինչպես հայտնի է, մարտի 18-ին Ռուսաստանն էլ է նախագահ ընտրելու և գրեթե 100 տոկոսանոց հավանականությամբ կվերընտրվի Վլադիմիր Պուտինը: Հենց այս «խառը» օրերին, որոնք կներառեն նաև բողոքներ, միգուցե նաև փողոցային ելույթներով համեմված հետընտրական գործընթացներ, աշխարհի ուշադրությունը հեռու կլինի Ադրբեջանից, ինչը Ալիևին թույլ կտա հանգիստ կեղծել ընտրությունները: Ինչ խոսք, սա էլ տարբերակ է: Եթե ընտրությունները կայանային քաղաքական առումով ավելի հանգիստ հոկտեմբերին, Արևմուտքն, անշուշտ, առավել ուշադիր կլիներ դրանց նկատմամբ, հատկապես Ալիևի վերջին հայտարարություններից մեկից հետո, երբ նա ի լուր աշխարհի ասաց, որ կասկածում է Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի կնքման նպատակահարմարությանը, ինչը ոգևորության մեծ ալիք առաջացրեց ռուսաստանյան որոշ շրջանակներում:  Ի դեպ, մոտավորապես նման կարծիք է արտահայտում նաև PolitRUS վերլուծական ցանցի ղեկավար Վիտալի Արկովը:

Իմ կարծիքով, ավելի հավանական է միանգամից մի քանի գործոնների առկայությունը: Հնարավոր է, որ առաջիկայում երևան գան նաև նոր հանգամանքներ, բայց դժվար թե դրանք իրենց մեջ կրեն սենսացիայի տարրեր և բոլոր դեպքերում կտեղավորվեն վերևում նշված տարբերակների մեջ:

Ահա սրանք են Ալիևի կողմից գործընթացներն առաջ գցելու վերաբերյալ հիմնական վարկածները: Ի դեպ, կա ևս մեկը, որը կես կատակ, կես լուրջ կարելի է հնչեցնել այսպես. երբեմն արտահերթ ընտրությունները ընդամենը… ժամկետից շուտ կայացած ընտրություններ են և ուրիշ ոչինչ: Կապրենք՝ կտեսնենք:

 Առաջին մասն՝ այստեղ:

Հատուկ «ՀԱՅ ՁԱՅՆ»ի համար

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /