Փետրվար 18, 2018
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
11.02.2018 | 14:24

Թուրք-ամերիկյան ռազմական բախումը Սիրիայում անխուսափելի է. Սառա Գասպարյան

Այս մասին են կանխատեսումներ անում գրեթե բոլոր ազդեցիկ ամերիկյան մեդիամիջոցները: Առայժմ գործի է դրված փոխադարձ հանդիմանությունների եւ մեղադրանքների դիվանագիտական հրետանին: Ներքաղաքական հակասություններից եւ ամեն «արդուկի միացումից» ռուս «բո-բո»-ների մասին լսող շարքային ամերիկացու համար թուրք-ամերիկյան հարաբերությունների այս աննախադեպ լարվածությունը կդառնա որոնվող թեմա, երբ Սիրիայում սկսվի թուրքական բանակի հետ ռեալ առճակատումը:

 

Երկուշաբթի օրը Վաշինգտոնում գտնվող ԱՄՆ Խաղաղության ինստիտուտի Մերձավոր Արեւելքի ծրագրերի տնօրենը հայտարարել է, որ «վտանգավոր պահ է» այժմ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների համար: Եթե YPG-ն (Քրդական ժողովրդական պաշտպանության ուժեր) դուրս չգա Մանբիջից, ապա մենք կգնանք Եփրատից արեւելք», - հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը, ավելացնելով, որ ԱՄՆ զորքերը կարող են թիրախ դառնալ թուրքական բանակի համար, եթե նրանք հայտնվեն YPG «համազգեստով», տեղեկացնում է «Washington Times»-ը փետրվարի 5-ի իր համարում:

 

Իր հերթին, ամերիկյան կողմը Պենտագոնի բարձրաստիճան գեներալների միջոցով քանիցս հստակ հայտնել է ԱՄՆ դիրքորոշումը ի պատասխան ամերիկյան ուժերի դուրս գալու Էրդողանի պահանջին, որ «Իրենք չեն նախատեսում Մանբիջից դուրս գալ»: Ավելին, Պենտագոնի պաշտոնյաները բնորոշում են Անկարայի ներխուժումը Աֆրին որպես խոչընդոտող քայլ «ԻՊ»-ի դեմ շարունակվող պայքարում: «Ակնհայտ է, որ թուրքերի կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի շեղվեն Եփրատի հովտում ընթացող «ԻՊ»-ի դեմ մեր գործողությունները», ասել է Պենտագոնում լրագրողներին գեներալ Քեննեթ Մակենզին :

 

Հունվարի 20-ին, Էրդողանիՙ «Ալլահը մեզ օգնական» կոչով դեպի Սիրիա շարժվող թուրքական բանակի առաջին օրերի «բրավադոն» երկու շաբաթ անց արդեն հայտնվեց տեղապտույտի մեջ, հանդիպելով հայրենյաց պայքարի ելած քրդական ուժերի համառ դիմադրությանը: Պետք է նշել հատկապես թուրքական բանակի համար ահ ու սարսափ դարձած քուրդ դիպուկահար կանանց մարտական սխրանքները, որոնք հակառակորդի երեք տանկ են ոչնչացրել: էրդողանի գերխնդիրը Մանբիջում տեղակայված ամերիկյան 3 հազարի հասնող հատուկ ջոկատային ստորաբաժանումների ներկայությունն է, եւ «ԻՊ»-ի դեմ պայքարելու համար նրա զինած ու վարժեցրած քրդական ջոկատների չեզոքացումը, ինչն առ այսօր ոչ մի կերպ չի հաջողվում: «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ տարիներ տեւած պայքարում քրդերը ձեռք են բերել ռազմարվեստի փորձություն, ինչը նաեւ բարձր են գնահատում ամերիկյան փորձագետները: Այս օրերին Մանբիջում գտնվող ամերիկացի գեներալ Փոլ Ֆանկը լրագրողներին հավաստել է ամերիկայն կողմի հաստատակամությունըՙ չլքելու Մանբիջը, հայտնում է «Associated Press»-ը: «Ես վստահ եմ քրդական ուժերի վրա, նրանք ջիհադիստներից մաքրեցին «ԻՊ»-ի մայրաքաղաք Ռաքքան, երբ ոչ մեկն ի զորու չէր դա անել, ես կարծում եմ, նրանք արժանի են սեղանի շուրջ տեղ ունենալուն», ասել է գեներալը:

 

Եթե դիվանագիտությունը ի զորու չլինի մեղմել Սիրիայում թուրք-ամերիկյան հնարավոր առճակատումը, այն կվերածվի սիրիական կոնֆլիկտում ներքաշված այլ երկրների գործողություների ակտիվացմանը: Իսրայելն արդեն գնդակոծում է Դամասկոսի ուղղությամբ եւ սպառնում է մտնել Գազայի շրջան: Իրանը պահանջում է Թուրքիայից դադարեցնել ռազմական գործողությունները Աֆրինում: Ասադին սատարող Ռուսաստանը խճճվել է իր վարած պրոթուրքական քաղաքականության մեջ: Բազմաչարչար սիրիական հողը դեռ հանգիստ չի գտնելու իր երկիրը բզկտող գերտերությունների հակամետ նկրտումներից, որի հետեւանքը հասարակ մարդկանց ողբերգությունն է:

 

 

Սառա Գասպարյան/ԱԶԳ


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /