Փետրվար 19, 2018
Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
13.02.2018 | 16:32

Դարձյալ ու կրկին` նույն դասերով

Ուզում եմ նամակ գրել 88-ի փետրվարին` ինչպես ծանոթ-հարազատին կգրեն: Անբացատրելի կարոտ ունեմ մեր` իմ ու սերնդակիցներիս, հախուռն երիտասարդությանը:

Անցյալ դարի 40-50-60-ական թվականներին ծնվածներիս համար փետրվարը ջրբաժան եղավ. մենք պարտադրված հրաժեշտ տվեցինք մեզ ծնած ու չսնած բոլշևիկյան հասարակարգին: Կոմսոմոլ-կոմունիստ-անպարտիական մեր սերնդին վիճակված էր ազգային բնազդի` ազատության պայքարի խոհեմ դրոշակակիրը դառնալ: Ու թեպետ չէինք դադարել հավատալ Կոմունիզմի պայծառ գաղափարներին, սակայն արդեն ընդվզումի մարմաջով էինք համակված: Մեր բռունցքների թափահարումից անգամ Կրեմլի պատերն էին ճոճվում: Խումբ-խումբ` վարորդ ու կահույքագործ, այգեգործ ու կթվոր, ուսանող ու դասախոս, տղամարդ ու կին, գնացինք հանրահավաքի և Սովետ երկրին հասկացրինք, որ պատմական մեծ սխալ է եղել մեզ ազերիին կապելը: Մեր հուշումը, սակայն, Կենտրոնում սխալ հասկացան, մտածեցին, որ հենց ինքը` Սովետ երկիրն է սխալ ստեղծվել, և որ պետք է այդ գորդյան հանգույցը քանդել: Իրենք իրենց ձևով քանդեցին` կարմրակոթ կացնով: Մենք հետո հասկացանք, որ կարմիրը սոսկ սովետի դրոշի գույնը չէ, որ կարմիրը նաև արյան գույնն է: Մենք «Միացում» կանչեցինք, և ով քնած էր, շուտ արթնացավ, ով արթուն էր, շուտ ձի հեծավ, ով հեծել էր,  շտապեց համազգային ազատամարտին միանալու: Գնաց գիտակցված ինքնազոհության, քանզի այլևս կասկածանք չուներ, որ «ազատություն սիրողին այս աշխարհը խիստ նեղ է»:

Մեզ համար նոր հազարամյակը նախատեսվածից շուտ եկավ, որովհետև երբ վերջապես սկսվեց 21-րդ դարը, մեր բաժին պատերազմն արդեն ավարտվել էր: Ում Աստված երկար կյանք չէր տվել` զոհվեց արցախամարտում, ում բախտը կիսով չափ էր ժպտացել` հաշմվեց: Մենք էլ` չզոհված-չհաշմվածներս, երջանիկ հռչակեցինք մեզ և ուրախ-դժգոհ ապրում ենք` աչքներս 88-ի փետրվարին, մտքով վաղվա հոգսերի մեջ խրված: Որովհետև օրինաչափ է` անցյալի ճշմարիտ դետալները կարող են նույնիսկ փոփոխվել կամ մոռացվել, բայց կենսագրությունը կմնա անփոփոխ: Այդ ապագան է միայն, որ ենթակա չէ որևէ խմբագրման, և մենք էլ մեր վաղվա օրվա հանդեպ դեռ 88-ի հավատ ունենք:

Քիչ չէ` երեսուն տարի է անցել այն խոնավ-տաք փետրվարից, որը գեղեցկախոս գաղափարաբաններն անվանում են «փոթորկաշունչ»: Մենք էլ ենք, անշուշտ, համաձայն նման որակմանը, բայց երբ սերնդակիցներով առիթ-անառիթ հավաքվում ենք, իրար աչքի նայելով, իրար ականջի մեջ լուռ փսփսում ենք. «Երանի՜ այն օրերին...»: Ինչի՞ն ենք երանի տալիս. այս հարցի սպառիչ պատասխանն, ավաղ, չունենք, որովհետև մեր ունկերում դեռ նույնանման շառաչում են «Միացում-Անջատում»-ի հնչեղ վանկերն ու պայթող արկերի խուլ որոտը: Չէ՛, մենք խուլ չենք, ուղղակի այս երկու տարարմատ շաչումները դժվար համադրվող են, և մեր թմբկաթաղանթի տատանումները հետզհետե ընտելանում են հարազատացած մեղեդուն, որ մենք ջանադրորեն սերտում ենք ու, այդուհանդերձ, չենք կարողանում անգիր հիշել.

 

 

Ազատ ու անկախ Արցախ,

Քո տուն-ամրոցը կերտեցինք,

Պատմությունը մեր երկրի,

Մեր սուրբ արյամբ մենք սերտեցինք։

 

Մեր սերնդին պետք չէր ոչինչ ավելի, քան հայեցի ապրելը: Այդ երազանք-պայքարով էլ հասանք երեսնամյա հանգրվանին: Մեր դրոշարշավը կամավոր հանձնելով` մենք վերածվեցինք ակտիվ հանդիսատեսի, սկսեցինք ինքնամոռաց ծափահարել մեր երազանքն իրենց ուսերին տանողներին: Քավ լիցի, էականն այն է, որ նույնն է մնացել բեմը, և պարզապես դերասաններն են հիմա ուրիշ` ամեն մեկն իր ինքնաստեղծ կամ նշանակովի դերակատարությամբ:

…Ուզում էի նամակ գրել 88-ի փետրվարին, բայց պարզվեց` փետրվարը մեր միջից բնավ դուրս չի եկել: Այն շարունակում է մեր մեջ մեծանալ ու մեծավարի դասեր տալ, ինչպես մեր զավակներն են հիմա մեզ դասեր տալիս Ապրիլ-16-ի օրինակով:

Ասել է թե` 30 տարի, 300 տարի, 3000 տարի հետո էլ դարձյալ մենք ապրելու ենք նույն այս դասերով:

 

 

Ստեփանակերտ

 

Հատուկ «ՀԱՅ ՁԱՅՆ»ի համար



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /