• USD 482.65
  • GBP 646.46
  • EUR 566.1
  • RUB 7.86
  • GEL 194.94
Մայիս 25, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.02.2018 | 13:37

Մեր երկրի մեծահասակ բնակչության շուրջ կեսը ունի վահանագեղձի այս կամ այն հիվանդություն

Հայաստանը հանդիսանում է վահանաձև գեղձի հիվանդությունների էնդեմիկ գոտի: Մեր երկրում բարձր ճառագայթային ֆոնը պայմանավորում է վահանաձև գեղձի քաղցկեղի բարձր ցուցանիշը: Վահանաձև գեղձի հիվանդությունների տարածվածության, քացկեղի ձևերի, բուժման արդյունավետ լուծումների մասին Առողջապահական համակարգմասնագիտական պարբերականը զրուցել է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ,  «Աստղիկ» բժշկական կենտրոնի Էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Մարտիրոսի Վարժապետյանի հետ:

 

Պարոն Վարժապետյան,  էնդոկրինոլոգներն ահազանգում են, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում  վահանաձև գեղձի հիվանդությամբ տառապող մարդկանց  թիվը մշտապես աճում է: Որո՞նք են հիմնական պատճառները: 

-Նախևառաջ բնակլիմայական պայմանները, յոդի պակասը: Հայաստանը գտնվում է բարձրադիր աշխարհագրական գոտում, ուստի մեր երկրի հողն ու ջուրը չեն հարստանում յոդով:  Իսկ մարդու օրգանիզմը մոտ 25 մգ յոդ է պարունակում: Դրա մեծ մասը վահանաձև գեղձի մեջ է, որը կարգավորում է նյութափոխանակությունը, ուստի յոդի անբավարարությունը շատ լուրջ խնդիր է օրգանիզմի համար և հանգեցնում է մի շարք հիվանդությունների:

Մեր օրգանիզմում յոդի պակասը լրացնելու համար  հարկավոր է օգտագործել այնպիսի սննդամթերք, որի մեջ բավարար քանակությամբ յոդ կա։ Այն անհրաժեշտ է վահանագեղձի հորմոնների արտադրության համար։ Յոդի աղեր շատ կան ձկների և ծովամթերքի, ինչպես նաև  խավիարի և  ընկույզի մեջ:

Մեր երկրում վահանաձև գեղձի հիվանդությունների առաջացման պատճառներից են նաև իմուն համակարգի խնդիրները, երբ մեր օրգանիզմը սկսում է  արտադրել հակամարմիններ սեփական վահանաձև գեղձի նկատմամբ, ինչի արդյունքում տեղի է ունենում բորբոքային պրոցես. գեղձը սկսում է ախտահարվել:

Չերնոբիլից հետո Ուկրաինայում և Բելառուսում գրեթե 10 անգամ ավելացել է վահանաձև գեղձի ուռուցք ունեցող հիվանդների թիվը: Հայաստանում նույնպես այս հիվանդությամբ   տառապող մարդկանց  թիվն  օրեցօր  աճում է:  Ցավով եմ նշում, որ բավականին երիտասարդացել է վահանագեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը:

Հայաստանում չարորակ ուռուցքների առաջացման պատճառներից մեկը ճառագայթման բարձր աստիճանն է: Մենք պետք է հաշվի առնենք, որ  նոր տեխնոլոգիաների (հեռախոսները, հեռուստացույցներ, համակարգիչներ) ճառագայթումը նույնպես  նպաստում է ուռուցքների գոյացման շատացմանը, որովհետև վահանաձև գեղձի բջիջները շատ զգայուն են ճառագայթների հանդեպ,  և ի տարբերություն մյուս օրգանների,  շատ արագ ձևափոխվում և վերածվում են ուռուցքային բջիջների:

Իսկ որո՞նք  են այն ախտանիշները, որոնք ստիպում են մարդկանց դիմել բժշկի՝  այն դեպքում, երբ  վահանաձև գեղձի հանգուցավոր ձևերը  հիմնականում զարգանում  են առանց որևէ գանգատի, և հնարավոր է, որ մարդ չիմանա դրա մասին:

- Ախտանիշները տարբեր են: Նախ նշեմ, որ վահանաձև գեղձի բնականոն գործունեության համար յոդը անհրաժեշտություն է, և  դրա պակասը, ինչպես նաև ավելցուկը կարող են հանգեցնել տարբեր գանգատներով մի շարք հիվանդությունների առաջացման։  Եթե յոդի պակասի  պատճառով լինում է գեղձի թերֆունկցիա, ապա գեղձն իր ծավալով մեծանում է և առաջացնում  սուբյեկտիվ խեղդոցի զգացում ՝ հատկապես նյարդայնալիս, լարված իրավիճակներում: Ծավալի մեծացման հաշվին վահանաձև գեղձը սեղմում է շնչափողը և հարակից խոշոր անոթները՝ առաջացնելով գլխապտույտ, գլխացավ,  սուր, նոպայաձև կամ  խեղդող հազ: Եթե ծավալային փոփոխությունից բացի փոխվում է նաև գեղձի աշխատանքը, ապա հիվանդի մոտ նկատվում է  սրտխփոց, թուլություն, դյուրագրգռվածություն, ինչպես նաև ակնային խնդիրներ՝ ցավեր աչքերում, վատ տեսողություն:

Լինում են դեպքեր, երբ ուռուցքը չափերով լինում է փոքր, և հիվանդը որևէ գանգատներ չի ունենում: Սքրինինգային հետազոտությունները թույլ են տալիս վաղ շրջանում հայտնաբերել այդ հանգույցները:

Իսկ որո՞նք են էնդոկրին վիրաբուժությանն առնչվող ամենատարածված հիվանդությունները:

- Վահանաձև գեղձի հանգուցային ախտահարումները ամենատարածված էնդոկրին խնդիրներից են: Մեր երկրի բնակչության շուրջ  կեսը տառապում է վահանաձև գեղձի այս կամ այն հիվանդությամբ: Իհարկե բոլորը դեպքերը չեն, որ վիրահատության ու անգամ բուժման կարիք ունեն: Այնուամենայնիվ, վահանաձև գեղձի հանգույցային գոյացությունների 1-5%-ը չարորակ են, հետևաբար վահանաձև գեղձի հանգույցներ ունեցող պացիենտները պետք է գտնվեն բժշկական հատուկ հսկողության ներքո:

 

Բավականին տարածված են նաև հարվահանաձև գեղձի հիվանդությունները: Հարվահանաձև գեղձերը թվով 4-ը /90%/ գտվում են վահանաձև գեղձի հետին մակերեսին, բլթերի բևեռների մոտ: Այս օրգանները արտադրում են պարատհորմոն, որը կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի փոխանակությունը օրգանիզմում: Հարվահանաձև գեղձերի գերֆունկցիայի ժամանակ արյան մեջ բարձրանում է պարատհորմոնի մակարդակը, ինչը կարող է հանդիսանալ աղեստամոքսային, սիրտ-անոթային, նյարդային համակարգների տարբեր խանգարումների պատճառ. առաջանում են մկանային և ոսկրային ցավեր, նկատվում են խոցային հիվանդության և ենթաստամոքսային գեղձի բորբոքման սրացումներ:

Հիպոպարաթիրեոզի /հարվահանաձև գեղձերի թերֆունկցիայի/ հիմնական պատճառն է հանդիսանում նրանց վնասումը կամ հեռացումը վահանաձև գեղձերի վրա վիրահատություն կատարելիս: Արտահայտվում է արյան մեջ կալցիումի քանակի նվազումով: Երբեմն կարող են առաջանալ ջղաձգումներ և ցնցումներ:

Էնդոկրին վիրաբուժության արդիական խնդիրներից է մակերիկամների որոշ հիվանդությունների և խանգարումների բուժումը: Մակերիկամները զույգ օրգաններ են, որոնք գտնվում են երիկամների վերին բևեռների մոտ և արտադրում են նյութափոխանակության համար մի շարք կարևորագույն հորմոններ՝ կատեխոլամիններ/ադրենալին և նորադրենալին/, ստերոիդային հորմոններ: Մակերիկամներում կարող են զարգանալ հորմոնային ակտիվ ուռուցքներ, որոնց ժամանակ արյան մեջ կտրուկ և անկառավարելի բարձրանում են վերը նշված կենսաբանորեն ակտիվ նյութերի քանակը, ինչը հանգեցնում է նյութափոխանակության, սիրտ-անոթային և այլ համակարգների տարբեր խանգարումների:Մակերիկամների ուռուցքների տեսակներից է ֆեոքրոմոցիտոման: Այս ուռուցքը մակերիկամի միջուկային հատվածի հորմոն ակտիվ ուռուցք է, կարող է լինել բարորակ և չարորակ, ուղեկցվում է արյան մեջ կատեխոլամինների /ադրենալինի և նորադրենալինի/ քանակի կտրուկ և անկառավարելի բարձրացմամբ: Հիվանդների մոտ կարող են դիտվել հիպերտոնիկ կրիզներ, “բուժման չենթարկվող” բարձր զարկերակային ճնշում, նյարդա-էմոցիոնալ անկայունություն, նյութափոխանակության, աղե-ստամոքսային ուղու տարբեր խանգարումներ և այլ:

 

 

Իսկ վահանաձև գեղձի հանգույցների ժամանակ ո՞ր  դեպքերում է ցուցված վիրահատություն:

-Վերջնական ախտորոշման համար կատարում ենք պունկցիոն բիոպսիա, որի հիման վրա որոշում ենք ուռուցքների բուժման ռազմավարությունը: Քանի որ, ինչպես փաստում են առաջատար էնդոկրին վիրաբուժության կենտրոնները, ուռուցքներն ի սկզբանե լինում են կամ բարորակ կամ չարորակ, բարորակ ուռուցքները չարորականալու հատկություն չունեն, հետևապես բուժման հետագա ընթացքը կախված է բիոպսիայի արդյունքից:

Բարորակ ուռուցքների պարագայում վիրահատություններ ցուցված են հետևյալ դեպքերում՝ նախ, երբ առկա է հարևան օրգանի  ճնշման երևույթ (վիրահատությունը որոշվում է  բժիշկ-պացիենտ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքանով են ուռուցքները անհանգստացնում հիվանդին, որքանով է վատթարացել հիվանդի կյանքի որակը), 2-րդը, պարանոցի էսթետիկ տեսքի վերականգման նպատակով և 3-րդը, երբ հանգույցը հորմոնակտիվ է:

Ցավով պետք է նշեմ, որ վահանաձև գեղձի չարորակ ուռուցքներով ախտահարումը բավականին երիտասարդացել է:

Միջազգային վիճակագրության համաձայն՝ վահանաձև գեղձի հանգույցներ ունեցող 100 հիվանդից 1-ից 5-ի մոտ հայնաբերվում է չարորակ ուռուցք:  Չարորակ ուռուցքները ունենում են  մասնագիտացված, դիֆերենցված ձևեր, երբ ուռուցքային բջիջները <<հիշում են>>, թե որ բջիջներից են սկիզբ առել:  Դիֆերենցված՝ պապիլյար և ֆուլիկուլյար ձևերի բուժման արդյունավետությունը հասնում է 95-100%-ի: Բարեբախտաբար,  քիչ են չդիֆերենցված ձևերը, որոնք կոչվում են անապլաստիկ: Դրանք քաղցկեղի  ամենասարսափելի  տեսակն են. արագ աճ են արձանագրում և անբուժելի են: Փորձը ցույց է տալիս, որ հիվանդության ախտորոշումից հետո 6 ամսվա ընթացքույմ արձանագրվում է մահ:

Վահանաձև գեղձի հիվանդություններից է  մեդուլյար քաղցկեղը, որն  առաջանում է  հատուկ C բջիջներից: C բջիջները համարվում են <<ոչ տեղացի բջիջներ>> վահանաձև գեղձում: Դրանք արտադրում են ոչ թե  վահանագեղձի հորմոններ,  այլ կալցիոտոնին, որն իջեցնում է կալցիի քանակն արյան մեջ: C բջիջները բնութագրվում են արագ մետաստավորմամբ, և նույնիսկ ռադիոյոդը անօգուտ է բուժման տեսանկյունից: Եթե ախտորոշումը հաստատվում է, մենք  հեռացնում ենք և վահանաձև գեղձը և լիմֆատիկ հանգույցները, որպեսզի հետագայում բացառենք  հիվանդության  կրկնվելու հավանականությունը:

Մեդուլյար քաղցկեղի բուժման արդյունավետությունը շուրջ  75-85 %  է:

Էնդոկրին խնդրիների բուժման ի՞նչ լուծումներ է առաջարկում Ձեր ղեկավարությամբ գործող <<Աստղիկ>> ԲԿ էնդոկրին վիրաբուժության ծառայությունը:

- Մեր՝ Էնդոկրին վիրաբուժության ծառայության հիմնական գործունեությունն է վահանաձև, հարվահանաձև գեղձերի և մակերիկամների հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժումը, որն իրականացնում ենք  նորագույն եղանակների և սարքավորումների կիրառմամբ, ինչի շնորհիվ նվազեցրել ենք վիրահատական տրավմայի աստիճանը և կրճատել  ներհիվանդանոցային հոսպիտալիզացիայի ժամկետները:  

Ախտորոշման ժամանակակից  մեթոդները զգալիորեն բարելավվել են, և այսօր դրանց  շնորհիվ մենք հնարավորություն ունենք ավելի վաղ հայտնաբերել ուռուցքներն ու վահանաձև գեղձի այլ հիվանդությունները։  Մեր ծառայությունն ուղղորդվում է միջազգային առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկյան թիրեոդոլոգիական  ասոցիացիայի, եվրոպական թիրեոդոլոգիական ասոցիացիայի, որի անդամն եմ նաև ես, ինչպես նաև ռուսական էնդոկրին վիրաբուժների  ասոցիացիայի  ուղեցույցներով: Իրականացնում ենք  բարձր մակարդակի դիագնոստիկ ծառայություններ, այդ թվում ՝ էլաստոգրաֆիա: Էլաստոգրաֆիան նորագույն ուլտրաձայնային մեթոդ է: Հետազոտությունը կատարում ենք  վահանագեղձի բարորակ և չարորակ գոյացությունների տարբերակման, ռեգիոնար լիմֆատիկ հանգույցների վիճակի գնահատման նպատակով:

Վիրահատություններն անցկացնում ենք ավանդական եղանակով՝ պարանոցի առաջնային մասին օձիքաձև կտրվածքի միջոցով:   Կիրառում ենք նաև նորագույն տեխնոլոգիաներ, այդ թվում` էնդոսկոպիկ:

Բուժօգնության մեջ  օգտագործում ենք նաև բուժման նվազ ինվազիվ, ոչ-վիրահատական մեթոդներ: Մասնավորապես, կատարում ենք սկլերոթերապիա` սկլերոզացնող նյութի ներմուծում հանգույցներ, որը դեստրուկցիայի է ենթարկում (քայքայում է) հանգույցների ախտահարված հյուսվածքները` դրանք փոխարինելով շարակցական հյուսվածքներով: Այդ կերպ հանգույցները չափերով փոքրանում են, և եթե գանգատը միայն այն է, որ հանգույցները իրենց ծավալի պատճառով ճնշում են հարևան օրգաններին, ապա այդ մեթոդն ապահովում է բավականին լավ արդյունքներ:

             Իսկ որքա՞ն է տևում հիվանդների ապաքինման շրջանը:

-Մենք ապահովում ենք հիվանդների հետվիրահատական ապաքինման շատ կարճ շրջան՝ շնորհիվ որակյալ բուժօգնությանբարձրորակ դեղորայքի, արդյունավետ  մեթոդներիգերժամանակակից սարքավորումների:Մենք բոլոր ջանքերը ներդնում ենք, որ վիրահատությունից  հետո սպին առավելագույնս անտեսանելի լինի: Հիվանդասենյակներում հիվանդները մնում են 1-2 օր, որից հետո տանը շարունակում են   դեղորայքային բուժումը: Վահանաձև գեղձի վիրահատությունից հետո նշանակում ենք փոխարինող թերապիա: 

 

 

 

 

 


    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /