• USD 482.27
  • GBP 632.79
  • EUR 567.63
  • RUB 7.31
  • GEL 183.9
Սեպտեմբեր 24, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
19.02.2018 | 17:26

Արցախի ԱԳՆ. Պետք է վերականգնել Արցախ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ բանակցությունները

 Այսօր՝ փետրվարի 19–ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ամփոփել է 2017 թվականին կատարած աշխատանքները։ Մեջբերումներ նրա խոսքից եւ նրան տրված հարցերի պատասխաններից:

 

2016 թ ապրիլյան պատերազմն ակնառու կերպով ցուցադրել է, որ տվյալ փուլում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջնահերթ խնդիր է հանդիսանում կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդումը և խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովումը: Այդ կապակցությամբ 2018 թ մեր սպասելիքները գլխավորապես կապված են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և դիտարկման կարողությունների ընդլայնման հետ։ Մեր կարծիքով՝ հաջորդ քայլը պետք է լինի կրակի դադարեցման ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ավելի առարկայական, արդյունքին միտված քննարկումը:

 

Շփման գծում կայունությունը և անվտանգությունը բազմապատկիչ ազդեցություն կունենան կարգավորման ողջ գործընթացի վրա։ Դրանց շնորհիվ կհաջողվի խուսափել մարդկային զոհերից, և այդ կերպ կվերանա հակամարտող կողմերի հասարակությունների միջև լարված հարաբերությունների պահպանման հիմնական աղբյուրը։ Դա, իր հերթին, բարենպաստ պայմաններ կստեղծի կողմերի միջև վստահության վերականգնմանն ուղղված միջոցառումների իրականացման համար։ Այդ քայլերի ամբողջությունը բանակցային գործընթացի առաջմղման համար կապահովի ավելի կառուցողական մթնոլորտ։ Իհարկե, 2018 թ բանակցային գործընթացում նմանատիպ դինամիկա ակնկալելը չափազանց լավատեսական կլիներ։ Միևնույն ժամանակ, բավականին իրատեսական ենք համարում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և նրա դիտարկման կարողությունների ընդլայնումը, իհարկե, ադրբեջանական կողմի մոտ քաղաքական կամքի առկայության դեպքում:

 

 Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման ուղղությամբ արձանագրված դրական միտումները շարունակություն են ունեցել նաև 2017 թվականին։ Սեպտեմբերին Արցախի անկախության ճանաչման մասին բանաձև է ընդունել ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը։ Բարեկամության հռչակագրեր են ստորագրվել Արցախի Ճարտար ու Բերձոր և Ֆրանսիայի Դեսին-Շարպիո ու Ալֆորվիլ քաղաքների միջև։ 2017 թ. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ Բելգիա կատարած այցի շրջանակներում ստեղծվել են Արցախի հետ բարեկամության խումբ և շրջանակ։

 

 

 

Մասնավորապես, Բրյուսելի Վալոնական խորհրդարանում Բելգիայի ֆրանսախոս օրենսդիրների, գիտական ու հասարակական ոլորտների մի խումբ ներկայացուցիչների կողմից ստեղծվել է Արցախի հետ Բարեկամության շրջանակ, իսկ Բելգիայի Ֆլամանդական խորհրդարանում՝ Արցախի հետ Բարեկամության խումբ։ Համանման խումբ և շրջանակ են ստեղծվել նաև Արցախում։ 2017 թ ընթացքում Արցախի ԱԳՆ-ը ջանքեր է գործադրել ոչ միայն առկա կապերի խորացման, այլև նոր կապեր հաստատելու ուղղությամբ։ Ընդլայնվել է Արցախի միջազգային համագործակցության աշխարհագրությունը առաջին անգամ Արցախ են այցելել պատվիրակություններ Բոլիվիայից և Մեքսիկայից, ինչպես նաև Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր։

 

 

 

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման և հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրումն անհրաժեշտություն է՝ բանակցային գործընթացում կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար։ Միևնույն ժամանակ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության մասնակցությամբ։ Բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցությունը կբարձրացնի խաղաղ գործընթացի արդյունավետությունը։ Արցախի իշխանությունները շարունակում են հանդես գալ գործընթացին լիիրավ մասնակցության օգտին և պատրաստ են դե-յուրե ստանձնել իրենց բաժին պատասխանատվությունը՝ տարածաշրջանային կայունության ապահովման և, ընդհանրապես, տարածաշրջանի ճակատագրի համար։

 

 

 

2017-2020 թթ. ծրագրի համաձայն՝ արտաքին քաղաքական բնագավառի առաջնահերթություններն են Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ գործադրվող ջանքերի ակտիվացումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովումը՝ հիմնված Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման փաստի վրա, արտաքին աշխարհի հետ տնտեսական կապերի հաստատումը և խորացումը, Արցախի  զարգացման համար  արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը և օտարերկրյա ներդրումների խրախուսումը: Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն ուղղություններից մեկն է մնում նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը։

 

 

 

Լիարժեք են այն բանակցությունները, որոնք տարվում են 1994 թ մայիսին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրած երեք կողմերի՝ Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Հենց այդ ձևաչափն է  ամրագրված ԵԱՀԽ/ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթում։ Ելնելով դրանից մենք գտնում ենք, որ ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախ-Ադրբեջան-Հայաստան եռակողմ բանակցությունների վերսկսմանը, այլ ոչ թե նոր բանակցային ճարտարապետության ստեղծմանը։

 

 

 

Անհրաժեշտ է նաև նշել, որ լիարժեք ձևաչափով բանակցությունների բացակայությունը Ադրբեջանի ղեկավարության՝ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու քաղաքական կամքի բացակայության ածանցյալն է։ Խոչընդոտելով Արցախի ուղղակի և լիարժեք մասնակցությամբ եռակողմ բանակցությունների վերսկսումը, հրաժարվելով կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված խաղաղարար նախաձեռնությունների իրականացումից, վարելով հակամարտության սրման հետևողական քաղաքականություն՝ Ադրբեջանը նպատակաուղղված կերպով ձգձգում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը։

 

 

 

Այդ կապակցությամբ տեղին է հիշեցնել, որ լիարժեք ձևաչափով բանակցությունները ժամանակին ընդհատվել են ադրբեջանական կողմի  նմանատիպ մեքենայությունների արդյունքում։ Մեծ քաղաքական համաձայնագրի մշակման համար տարվող բուռն աշխատանքների ժամանակ Ադրբեջանը սկսել է պնդել կարգավորման սկզբունքների մշակման վրա՝ որպես բանակցությունների շարունակման հիմք։ Այժմ Ադրբեջանն առաջարկում է հրաժարվել հակամարտության կարգավորման սկզբունքների իր իսկ նախաձեռնած քննարկումից և սկսել ինչ-որ կառուցվածքավորված բանակցություններ: Ադրբեջանական իշխանությունների նմանատիպ անհետևողականությունը կասկած չի հարուցում նրանում, որ տվյալ նախաձեռնությունը, ինչպես և նախորդները, ընդամենը հնարք է, որը պայմանավորված է Ադրբեջանի դժկամությամբ՝ ընդունելու Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքը որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հիմք։

 

 

 

Արցախի Հանրապետությունը միշտ էլ  աջակցել է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին և բազմիցս ինքն է հանդես եկել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված տարբեր առաջարկություններով։ Ընդ որում, մենք միշտ հիմք ենք ընդունել այն ըմբռնումը, որ այդ քայլերը չպետք է կրեն ձևական կամ հռչակագրային բնույթ, այլ պետք է իրական ներդրում ունենան շփման գծում իրավիճակի կայունացման գործում։ Նույն մոտեցումն էլ հավասարապես վերաբերում է ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հետ կապված առաջարկությանը, որը չպետք է հանգի սոսկ աշխատակիցների հաստիքների ձևական ավելացմանը, այլ պետք է նախատեսի գրասենյակի դիտարկման կարողությունների ընդլայնում։

 

 

 

Սակայն, միայն ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների հաստիքների ավելացումը և դիտարկման կարողությունների ընդլայնումը բավարար չեն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կայունության և կանխատեսելիության ապահովման համար։ Անհրաժեշտ է կյանքի կոչել կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նաև այլ նախաձեռնություններ, մասնավորապես, դեռևս 2011 թ համաձայնեցված առաջարկությունը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ։

 

 

 

Արցախը մեկուսացնելու Ադրբեջանի փորձերը դատապարտող և Արցախի իշխանությունների հետ ուղիղ կապեր հաստատելու կոչով նախաձեռնություններով հանդես են եկել ԱՄՆ և Ֆրանսիայի քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչները, իսկ այս երկրները Ռուսաստանի հետ համատեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են։ Նմանատիպ առաջարկություններով հանդես են եկել նաև Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսոնը։

 

 

 

Համոզված ենք, որ Արցախի և տարբեր երկրների միջև ուղղակի և բաց երկխոսության հաստատումը կնպաստեն տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ու գոյություն ունեցող խնդիրների լուծմանը։ Ավելին, միջազգային համագործակցությունը՝ հիմնված ներգրավման, այլ ոչ բացառման սկզբունքի վրա, նոր ազդակ կհաղորդի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Արցախը կարևոր գործոն է տարածաշրջանային ճարտարապետությունում, որն իր պատասխանատու քաղաքականությամբ ձգտում է Հարավային Կովկասում վերջնական և կայուն խաղաղության հաստատմանը։



    Լրահոս
    «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում նշանակվել է Հայկակ Արշամյանը
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /