• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
23.02.2018 | 16:04

Էրդողանը օծում է Աթեշյանին. Երվանդ Ազատյան

Միացյալ Նահանգները զգուշացնում է իր դաշնակից Թուրքիային, որ դադարեցնի արյունահեղությունը Աֆրինում (Սիրիա), որտեղ քուրդերը պատերազմում են ներխուժողների դեմ: Եվրոմիությունը բանաձեւ է ընդունում, որ դատապարտում է Թուրքիայի գործողությունները Սիրիայում, իսկ Գերմանիան կասեցնում է ծանր հրետանու մատակարարումը Թուրքիային, բայց նախագահ Էրդողանի կառավարությունը, անտեսելով բոլոր զգուշացումներն ու բանաձեւերըՙ շարունակում է իր թունավոր «ձիթենու ճյուղը» երկարել քուրդերին:

 

Երբ աշխարհի գերտերությունները չեն կարողանում սաստել կռվարար-պարծենկոտին, այնքան էլ իրատեսական չէ ետ պահել նրան իր ներքին քաղաքականությունը իրականացնելուց: Այն ինչ կատարվում է ստամբուլահայ համայնքում, ընդամենը մինի ողբերգություն կարելի է բնութագրել, համեմատած Էրդողանի մյուս արկածախնդրությունների հետՙ արդեն համաշխարհային թատերաբեմում:

 

Մոտ 10 տարի է, ինչ ստամբուլահայությունը իրարանցումային վիճակում է գտնվում, որովհետեւ չի կարողանում ընտրել իր պատրիարքին: Էրդողանի կառավարությունը ոտնահարում է բոլոր համաշխարհային պայմանագրերի պարտավորություններն ու հայկական համայնքի օրենքներն ու ավանդույթները, որպեսզի համայնքին պահի անորոշության մեջ: Նա նաեւ կղերականներին լարում է մեկը մյուսի դեմ, ստեղծելով արհեստական երկպառակություն համայնքում:

 

Տասը տարի առաջ Պոլսո հայոց ընտրյալ պատրիարք Մութաֆյան արքեպիսկոպոսն իր անբուժելի հիվանդության հետեւանքում դարձավ անկարող կատարելու իր պարտականությունները: Բժշկական բոլոր զեկուցագրերը հաստատեցին, որ նրա վիճակը անվերականգնելի է: Այդ զեկուցագրերի հիման վրա էլ պատրիարքարանի կրոնական խորհուրդը պաշտոնաթող արեց պատրիարքին, որպեսզի ճանապարհ հարթի նոր ընտրություններ անցկացնելու համար եւ Արամ արք. Աթեշյանին ընտրեց ընդհանուր տեղապահ:

 

Իր պաշտոնավարության ընթացքում Աթեշյանը քաղաքական օգտակար գործիք դարձավ թուրքական իշխանությունների ձեռքում: Էրդողանին ուղղված իր անպատվաբեր նամակում նա խստորեն դատապարտեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Գերմանիայի Ազգային ժողովի ընդունած որոշումը: Վերջերս էլ Աֆրինում թուրք ասպատակող զինվորներին նամակ ուղարկեց ի պաշտպանություն իրենց գործողությունների: Աստված միայն գիտի, թե նա ուրիշ ինչ պարտավորություններ է հանձն առել շարունակելու համար իր ստորաքարշ վարվելաձեւը հօգուտ իշխանությունների:

 

Իր քաղաքական գործունեություններից բացի, համայնքը նրան մեղադրում է կոռուպցիայի մեջ: Հարցեր են առաջացել համայնքին վերադարձված նախկինում առգրավված կալվածների շուրջ իր կատարած գործարքների վերաբերյալ: Այդ պատճառով էլ նա իշխանությունների եւ մի քանի հարուստ հայերի բարեհաճությունն է փորձում ձեռք բերել:

 

Համայնքը իշխանություններին էր դիմել, որ նոր պատրիարքի ընտրության օրը նշանակի: Իշխանություններն էլ ոտքերը կախ գցեցին, չնայած Լոզանի պայմանագրի դրույթներով պարտավոր էին թույլ տալ, որ համայնքն իր կրոնական հարցերը լուծեր իր ավանդույթների համաձայն: Կառավարական ձգձգումներն ու սահմանափակումները տեւեցին մոտ ինը տարի: Այդ ընթացքում Աթեշյան արքեպիսկոպոսի վարքագիծը համբերությունից հանեց համայնքին: Կրոնական խորհուրդը մի անգամ էլ հավաքվեց ժամանակավոր պաշտոնակատար ընտրելու նպատակով: Այս անգամ երկու թեկնածու էր հավակնում այդ պաշտոնինՙ Արամ արք. Աթեշյանն ու Գարեգին արք. Բեկչյանը: Աթեշյանը ջախջախիչ պարտություն կրեց, եւ համայնքն սկսեց հույսեր փայփայել, որ մղձավանջն ավարտվում է:

 

Երկու հոգեւորականներն այցելեցին Էջմիածին, որտեղ համաձայնություն ձեռք բերվեց, որ ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության պայմաններում լուծարվելու էր ընդհանուր տեղապահի պաշտոնը: Աթեշյանը, սակայն, հրաժարվեց համագործակցել պնդելով, որ թուրքական իշխանությունները միայն իրեն են ճանաչում: Բեկչյանն էլ խորհրդից պահանջեց կառավարությանը դիմել ընտրության օր նշանակելու համար: Փետրվարի 5-ին աշխարհը համայնքի գլխին քանդվեց, երբ պատրիարքարանում կառավարությունից ստացված նամակը տեղեկացնում էր, որ ժամանակավոր պաշտոնակատարի ընտրություններ անցկացնելու եւ հիվանդ պատրիարքին պաշտոնաթող անելու կրոնական խորհրդի որոշումները չեղյալ են համարվում: Ստամբուլի կառավարիչը հրամայում էր խորհրդին ընդունել Աթեշյանին որպես ընդհանուր տեղապահի, եւ վերադառնալ նախքան 2016-ի հոկտեմբերի 26-ի դրությանըՙ պատճառաբանելով, որ քանի Մութաֆյանը ողջ է, ընտրություններ անցկացնելու կարիքը չկա:

 

Հրամանին հաջորդեց ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հրավերն ուղղված հայկական համայնքի ղեկավարներին: Նա Չըրաղանի պալատում հանդիսավոր ճաշկերույթ էր կազմակերպել բացատրելու համար, թե ինչու է կառավարությունը խախտում համայնքի իրավունքները եւ թելադրում իր կամքըՙ չսիրված մի հոգեւորականի նշանակելով պատրիարքարանի ղեկավար պաշտոնում: Նա նաեւ որպես հուշանվեր ներկաներից յուրաքանչյուրին նվիրեց թանկարժեք գրիչներ:

 

Համայնքի ղեկավարները պատանդի կարգավիճակում են եւ ոչինչ չեն կարող անել, բացի խոնարհվելուց կառավարության կարգադրության առջեւ: Միայն երկու հոգի համարձակվել են առարկել կառավարության որոշմանը: Մեկը իրավաբան Սեպուհ Ասլանղըլը , որ քննադատել է կառավարության պաշտոնական ուղերձը, իսկ մյուսըՙ Գեդիկփաշա եկեղեցու ծխական խորհրդի նախագահ Հարություն Սանլըն , ով նվաստացուցիչ արտահայտություններ է կատարել Աթեշյանի հասցեին: Նախարարն, իր հերթին, իր զայրույթն է արտահայտել, որը կարելի է անկասկած մեկնաբանել այսպես. ովքե՞ր են այս գյավուրները, որ համարձակվում են քննադատել կառավարության որոշումները:

 

Նամակի ստացումից հետո, Աթեշյանը հաղորդագրություն հրատարակեց համայնքին տեղեկացնելով, որ նախքան տրավմատիկ իրադարձությունները Անկարա էր մեկնելՙ հրահանգներ ստանալու համար: Նա նաեւ անուղղակի ակնարկ էր հղել Բեկչյան արքեպիսկոպոսի հասցեինՙ մեջբերելով Սբ. Պետրոսի նամակն ուղղված հռոմեացիներին, որտեղ իշխանություններին հնազանդվելը փառաբանվում է, իսկ հակառակվելըՙ պատժվում:

 

Բեկչյանը հրաժարվեց իր պաշտոնից եւ մեկնեց Գերմանիա: Նրա դեմ չբարձրաձայնված փաստարկն այն է, որ որպես Հայ եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդ մասնակցել էր Հայ նահատակների օրվա հիշատակություններին, ինչը Էրդողանի իրավական համակարգում վիրավորանք է թուրքականությանը: Սակայն, Էրդողանն ինքն է վիրավորում ամբողջ թուրքահայությանը, եւ ինչու չէՙ նաեւ սփյուռքահայությանը, պարտադրելով, որ ուղեղազուրկ եւ բուսական կյանքով ապրող մի հոգեւորական շարունակի մնալ պատրիարք:

 

Իրադարձությունների զարգացման ամբողջ ընթացքում տեղի հայկական մամուլը պահպանեց չեզոքություն: Բայց այժմ, երբ Էրդողանի իշխանությունների կողմից Աթեշյանի օծումը հաստատված է. մի փոքր շեղում նկատելի է, հատկապես Գեդիկփաշայի Սրբոց Վարդանանց եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո: Բեսսի Քաբաք անունով մի ծխական եկեղեցում սկսել է Տեր Ողորմեա երգել անմիջապես Աթեշյանի քարոզից առաջ: Ոստիկանությունը միջամտել է, եւ բողոքավորին ոստիկանատուն տարել, ենթադրաբար մտահոգվելով Աթեշյանի անվտանգության հարցերով: Հայկական որոշ թերթեր խստորեն քննադատել են բողոքավորինՙ հանդիսավոր պահի արժանապատվությունը պահելու մտահոգությունի՞ց ելնելով, թե՞ պատրիարքարանի գանձարանի վերահսկողությունը այսուհետ իրականացնող Աթեշյանի առատաձեռնությունից մասնաբաժին ստանալու ակնկալիքներով, պարզ չէ:

 

Ստամբուլահայ համայնքի մեծամասնությունը զայրացած է: Կան վատաբանողներ: Կան նաեւ, դժբախտաբար, որոշ մեծահարուստներ, որոնք հանուն շահի, սրբապղծում են Հայ եկեղեցու ավանդույթները:

 

Հակառակ վերոնշյալ բացահայտումներին, դեռ կան մարդիկ, որոնք հարգարժան հոգեւորականներին պատշաճ ակնածալից վերաբերմունք են պատրաստ ցուցաբերելու Աթեշյանին, երբ նա շրջագայությունների մեկնի արտասահման:

 

Կարո Փայլանն է դարձյալ, որ խիզախորեն եւ ինքնավստահորեն է դիմագրավում տհաճ կացությունըՙ մարտահրավեր նետելով Էրդողանի բռնատիրական վարքագծին: Անցյալ դեկտեմբերին Աթենք կատարած իր այցի ժամանակ Էրդողանը բողոքել էր, որ Հունաստանի կառավարությունը չի թույլատրում, որ տեղի թուրքական համայնքն ընտրի իր մուֆթիին: Ի պատասխան «սուլթանի» հոխորտանքներին, Փայլանը հարցրել էր, թե ի՞նչ իրավունքով է մեղադրում Հունաստանին, երբ ինքն իր երկրում հայկական համայնքին չի թույլատրում ընտրելու ի՛ր պատրիարքին: Նա նաեւ այդ հարցը փորձում է խորհրդարանի օրակարգ մտցնել քննարկման համար:

 

Ստամբուլի հայկական համայնքում գուցե գտնվեն մեկ-երկու հանդուգն անհատներ, որոնք համարձակվում են բողոքի իրենց ձայնը բարձրացնել: Բայց, ընդհանուր առմամբ, համայնքը լուռ է, հատկապես Էրդողանի պարտադրած ռազմական դրության պայմաններում, երբ ամեն մի այլախոհի համարում են Գյուլենի «ահաբեկչական շարժման» կողմնակիցը:

 

Փայլանի ձայնը կարող է լսելի դառնալ նաեւ Թուրքիայի սահմաններից դուրս, սփյուռքում, բայց ավելի կարեւոր է, որ սփյուռքահայերը, եթե չեն կորցրել իրենց սկզբունքայնությունն ու հաստատակամությունը, իրե՛նք սառն ընդունելություն ցույց տան Աթեշյանին, երբ նա ձեռնարկի իր ուղեւորությունները աշխարհի հայաշատ կենտրոններում:

 

Երվանդ Ազատյան/ԱԶԳ

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror-Spectator)


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /