• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
26.02.2018 | 15:08

Սումգայիթը` կեղեքիչ հիշողություն և ծանր դաս

Երեք տասնամյակ է անցել սումգայիթյան ողբերգությունից: Խորհրդային ժամանակաշրջանում աննախադեպ երևույթ էր, երբ ազգային մի հանրապետությունում նման ծավալով այլատյացություն է դրսևորվում մեկ ուրիշ ազգի նկատմամբ: Եթե անգամ ժողովուրդների բարեկամությունը կոմունիստական կեղծ կարգախոս էր, այդուհանդերձ, կար խորհրդային մի կարծրատիպ, որը կարծեք պիտի կանխարգելեր միջէթնիկական բախումները: Ավաղ, պարզվեց, որ դա ընդամենը միֆ է, որով շուրջ յոթանասուն տարի մոլորեցնում էին խորհրդային բազմազգ ժողովրդին:

Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի հայաշատ մյուս բնակավայրերում հայերի նկատմամբ կատարված լայնածավալ բռնությունները, ինչպես նաև Ղարաբաղյան պատերազմը փաստեցին խորհրդային ինտերնացիոնալիզմի սնանկությունը: Ակնհայտ դարձավ, որ կայսրությունում ապրող ժողովուրդները իրավունք և հնարավորություն չունեն իրենց կամքով տնօրինելու սեփական ճակատագիրը: Թեպետ կոմունիստական գաղափարաբանությունը ստրկատիրությունը համարում էր մարդկության մեծագույն արատ, սակայն երկրի ներսում համագոյակցող ազգերը կամարտահայտության սահմանափակման առումով նույն ստրկական վիճակում էին: Եվ դա վերաբերում էր ինչպես հայերին, այնպես էլ մյուս էթնիկ հանրություններին:

Սումգայիթում հայ բնակչության նկատմամբ իրականացված բռնարարքները բնավ էլ մի խումբ խուլիգանների կողմից կատարված գործողություններ չէին, որովհետև խորհրդային միլիցիան և հատկապես պետանվտանգության մարմիններն անողոք էին խուլիգանական արարքների նկատմամբ: Կայսրության որևէ այլ տարածքում դժվար թե զանգվածային արյունոտ բախում տեղի ունենար տարբեր ազգությունների ներկայացուցիչների միջև, որին իրավապահներն անմիջապես չարձագանքեին: Սումգայիթի պարագայում, միլիցիայի աչքի առաջ և նրանց խրախուսմամբ, հայերի ջարդը շարունակվեց երեք օր: Ավելին, կազմակերպիչները հատուկ այդ նպատակով գործարաններում պատրաստել էին սառը զենքեր ու տրամադրել ջարդարարներին, ինչպես նաև նախապես կազմել էին հայերի ցուցակներն՝ ըստ բնակության ու աշխատանքի վայրերի, անջատել նրանց բնակարանների հեռախոսները: Իսկ բժշկական հաստատություններին էլ հանձարարված էր բուժօգնություն ցույց չտալ հայազգի տուժածներին: Այս ամենը կատարվում էր տեղական իշխանությունների բացահայտ թողտվությամբ, ինչը հաստատում է, որ Սումգայիթ քաղաքում փետրվարի 26-28-ը տեղի ունեցածը իսկական ցեղասպանություն էր:

Բայց ո՞վ էր ցեղասպանության իրական հեղինակը: Անշուշտ, եթե Խորհրդային Միությունը դիտարկենք որպես մեկ պետական միավոր, ապա հիմնական մեղավորությունն ընկնում է կենտրոնական իշխանությունների վրա, որովհետև գորբաչովյան վարչակարգը երեք օր անց միայն զորքեր մտցրեց քաղաք` իբր կանխելու հայերի սպանդը: Ինչո՞ւ, օժտված լինելով քաղաքական և իրավական անհրաժեշտ լծակներով, Մոսկվան պատշաճ գնահատական չտվեց սումգայիթյան դեպքերին: Դա չարվեց թերևս ԽՍՀՄ վարկանիշը պահպանելու համար, քանզի ցեղասպանությունը մեկ հանրապետության ներսում` նույն հանցագործությունն է ամբողջ երկրի մասշտաբով: Ադրբեջանը թեև կամավորաբար միութենական կազմ մտած հանրապետություն էր, սակայն խորհրդային սահմանադրության ուժով կենտրոնական դատական մարմիններն իրավասու էին առնվազն Սումգայիթի կուսակցական, համայնքային և իրավապահ կառույցների ղեկավարությանը քրեական պատասխանատվության ենթարկել:

Ճիշտ է, դատավարություններ եղան, բայց դրանք, ըստ էության, ծաղրանքի շոու էին: Ջարդերին մասնակցել էին հազարավոր թափթփուկներ, մինչդեռ դատապարտվել էր 94 հոգի, որից միայն մեկ անձի նկատմամբ էր կայացվել մահապատժի դատավճիռ։ Շեղվելով քրեական դատավարության նորմերից՝ խորհրդային արդարադատությունը բոլոր հանցագործությունները` սպանություններ, բռնաբարություններ, ջարդեր, հրկիզումներ, թալան և այլն, մեկ քրեական գործի մեջ ներառելու փոխարեն դրանք մասերով անջատեց ու հանձնեց տարբեր դատարանների: Ընդ որում, ծանրացուցիչ հանգամանքներում կատարված հանցագործությունները որակվեցին իբրև խուլիգանական դրդումներով կատարված: Բնականաբար, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, ոճրագործներն ազատ արձակվեցին ռամիլսաֆարովյան մեզ արդեն հայտնի լկտիությամբ:

Ստույգ քանի՞ հայ է սպանվել Սումգայիթում. պաշտոնական թիվը 27-ն է, մինչդեռ այլ վկայություններով նրանց թիվը հազարի է հասնում: Հասկանալի է, որ հետայդու անկախ Ադրբեջանի արխիվներից հանվել ու ոչնչացվել են ցեղասպանությունը հաստատող իրավափաստերը։

Սումգայիթը խարան է Ադրբեջանի երեսին, և ինչքան էլ հարևան երկրում փորձեն չքմեղ ձևանալ, մեկ է, մի օր ստիպված են լինելու ընդունել եղեռնի փաստն ու մեղանչել արածի համար:

Հարկավ, ցեղասպանությունը կեղեքիչ հիշողություն է, բայց այն նաև ծանր դաս է, որը պիտի լավ սերտել` հետագայում նոր ողբերգություններ թույլ չտալու համար:

 

 

Ստեփանակերտ

 

Հատուկ «ՀԱՅ ՁԱՅՆ»ի համար



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /