• USD 482.27
  • GBP 632.79
  • EUR 567.63
  • RUB 7.31
  • GEL 183.9
Սեպտեմբեր 24, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
01.03.2018 | 13:00

Խոջալուն` ադրբեջանական այլատյացության զո՞հ

1986 թվականի դեկտեմբերի վերջին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի դոցենտ, ԽՍՀՄ գրողների միության անդամ Անվեր Ահմեդը ԼՂ գրողների մարզային բաժանմունք էր եկել հաջորդ տարվա գրքերի հրատարակչական պլանում իր գիրքը ևս ներառելու առաջարկով:

Տողերիս հեղինակն այն ժամանակ ԳՄ բաժանմունքում գրական խորհրդատու էր աշխատում: Զրույցի ընթացքում ես նրան տեղեկացրի, որ մի ադրբեջանցու գիրք էլ կա հայտավորված` մարզային ռադիոյի ադրբեջանական խմբագրության խմբագիր Ալամդար Գուլուզադեի բանաստեղծությունների ժողովածուն: Արցախում բնակվող ադրբեջանցի հատուկենտ գրողներն իրենց գրքերը սովորաբար Բաքվում տպագրում էին` շրջանցելով արցախյան գրական կազմակերպությունը, և հայերի հայտացուցակում նրանց նույնպես ներառելը նշանակում էր, որ արցախահայ երկու գրողի գիրք դուրս է մնալու հաջորդ տարվա հրատարակչական պլաններից: Երբ այս առնչությամբ դժգոհություն հայտնեցի` վերջինս ի պատասխան, նկատելի չարությամբ հարցրեց. «Իսկ այդ քրդի գիրքն ինչի՞ եք տպագրում»: Զարմացա` ի՞նչ քրդի մասին է խոսքը: «Ալամդարը քուրդ է, իմացիր, շան ցեղի ինսան»,- ասաց նույն չարացած տոնով: Եվ հետո բացատրեց` խոջալուցիները հիմնականում եկվոր քրդեր են, այդտեղ են տեղափոխվել 1950-ական թվականներին, Լաչինի շրջանի գյուղերից:

…Ինչո՞ւ այս պատմությանն անդրադարձա, որովհետև ազգությամբ թուրք գրականագետ-գրող Անվեր Ահմեդի վերոհիշյալ խոսքերն ուշագրավ են, այսպես կոչված, Խոջալուի ողբերգության համապատկերին: Այն, որ 1992-ի փետրվարի 26-ին խոջալուցիների զանգվածային սպանության մեջ հայ ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները որևէ մեղք չունեն, վկայում է նաև Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը (Տես` “Независимая газета”, 2 апреля 1992 г.): Նույն բանն են վկայում նաև հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաևի նկարահանած կադրերը, ում ի դեպ` ժողճակատայիններն ամիսներ անց սպանեցին Աղդամում: Դրանք վերապատմելու անհրաժեշտություն թերևս չկա, սակայն կարծում ենք` ուշադրության են արժանի մի քանի դետալներ, որոնք նոր լույս կարող ես սփռել Խոջալուի դեպքերի վրա:

Անվեր Ահմեդի խոսքերից կարելի է եզրահանգել, որ անցյալ դարի կեսերին Լաչինի շրջանից քրդերի տարբնակեցումը մի նպատակ ուներ` «Կարմիր Քրդստանը» մաքրել թուրքական էթնոսի համար ատելի քրդերից, որից հետո Հայաստանն ու Ղարաբաղը իրարից բաժանող այդ տարածքը բնակեցնել ադրբեջանցիներով: Սա նույն քաղաքականությունն է, ինչ ներկայում տեղի է ունենում Աֆրինում, պարզապես խորհրդային Ադրբեջանը դա իրականացրեց առանց բռնությունների` քրդերի կենսապայմաններն իբր բարելավելու պատրվակով: Նկատենք, որ Պատարա և Կարկառ գետերի գետաբերանում գտնվող այդ հողատարածքները շատ բարեբեր են, և այնտեղ բնակվելը քրդերին իրոք ձեռնտու էր: Հայերը բողոքել չէին կարող, քանի որ քրդերը նույնպես փոքրամասնություն էին կազմում Ադրբեջանական ԽՍՀ-ում, և դա ազգային խտրականություն կորակվեր: Ժամանակային էքսկուրս կատարելով նշենք, որ 1983-ի մայիսին, դարձյալ նույն հիմնավորմամբ, ԱդրԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Քյամրան Բաղիրովը Ասկերանի կուսշրջկոմի բյուրոյի արտահերթ նիստում ստիպողաբար հավանության արժանացրեց Լեսնոյե քրդաբնակ բնակավայրին առանձին գյուղական համայնքի կարգավիճակ տրամադրելու առաջարկը: Նա բառացիորեն ասաց հետևյալը. «Ընկերներ, եթե այդ քրդերի խնդրանքը մենք չկատարենք` նրանք կբողոքեն ԽՄԿԿ կենտկոմին, և Մոսկվայում մեզ կմեղադրեն շովինիզմի մեջ»: Ավելորդ չենք համարում նշել, որ Լեսնոյեն ևս արցախյան պատերազմի տարիներին վերածվել էր յուրօրինակ ռազմաբազայի, և Արցախի ազատամարտիկները ստիպված եղան այն վնասազերծել:

Խոջալուն քրդերով վերաբնակեցնելը նպաստեց տեղի հայերի աստիճանական դուրս մղմանը: Դարի 70-ական թվականներին Խոջալուում արդեն ոչ մի հայ չէր մնացել, իսկ 80-ականների վերջին գյուղը համալրվեց Վրաստանից վտարված թուրք մեսխեթցիներով: 1989 թվականի մարդահամարի տվյալներով, Խոջալուն ուներ 7000 բնակիչ, այն դեպքում, երբ ընդամենը երկու տարի առաջ, դարձյալ պաշտոնական տվյալներով, այդտեղ ապրողների թիվը չէր գերազանցում 1200-ը: Բնականաբար, նրանց մեջ զգալի թիվ էին կազմում խաղաղ բնակիչների անվան տակ ներթափանցած ազերի օմոնականներն ու գրոհայինները, ովքեր սկսեցին ահաբեկչական գործողություններ իրականացնել շրջակա հայկական բնակավայրերի նկատմամբ: Խոջալուում տեղակայված զինյալների համար թիրախ էին դարձել Ասկերան ավանը, Նորագյուղ, Լուսաձոր, Աստղաշեն և ուրիշ այլ գյուղեր: Երբեմնի հայկական բնակավայրը վերածվել էր իսկական հրեշի, որը լրջորեն սպառնում էր ենթաշրջանի հայ ազգաբնակչությանը: Արցախի ինքնապաշտպանության ուժերին այլ բան չէր մնում անելու, քան ոչնացնել հրեշին: Բնականաբար, ռազմաբազայի վնասազերծման գործողությունների արդյունքում կարող էր տուժել տեղի խաղաղ բնակչությունը, սակայն ղարաբաղյան զինուժի մարտիկները մարդասիրություն ցուցաբերեցին` նրանց համար միջանցք բացելով դեպի Աղդամ: Շարունակությունը մեզ հայտնի է Մութալիբովի վերոնշյալ հարցազրույցից, ինչպես նաև Չինգիզ Մուստաֆաևի նկարահանած ֆիլմից: Էլչիբեյյան ժողճակատը դաժան դատաստան տեսավ քրդերի ու մեսխեթցի թուրքերի նկատմամբ` կանանց և երեխաներին անխնա գնդակահարելով Աղդամի մերձակա տարածքում:

Եթե ընդունենք Այազ Մութալիբովի այն համոզմունքը, թե Աբուլֆազ Էլչիբեյի զինյալներն այդ սպանդը ձեռնարկել էին գործող իշխանությունը տապալելու նպատակադրությամբ, ապա միաժամանակ պիտի փաստենք, որ խոջալուցիներին զանգվածաբար գնդակահարելը Ադրբեջանի ընդդիմության համար «մի գնդակով երկու նապաստակ որսալու» անթաքույց նպատակ ուներ: Ի վերջո, ադրբեջանցների սիրտը չէր մրմռում սպանված քրդերի ու մեսխեթցիների համար: Եվ երբ խոսում ենք Սումգայիթում, Բաքվում, Գանձակում ու մյուս հայաշատ բնակավայրերում հայերի ջարդերի մասին, անպայման պիտի շեշտենք «Խոջալուի գործոնը»` որպես այլատյացության պերճախոս օրինակ:

Ասել է թե՝ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունները` թալիշները, լեզգիները, թաթերը, ուղուրներն ու մյուս ազգությունները, մի որոշակի փուլում կարող են արժանանալ Խոջալուի ճակատագրին: Հանգամանքներն ու պատճառները գուցե տարբեր են լինելու, սակայն ձեռագիրը մնալու է նույնը: Նույնիսկ, եթե այդ երկրի առաջնորդները փոխվեն:

 

Ստեփանակերտ

 

Հատուկ «ՀԱՅ ՁԱՅՆ»ի համար



    Լրահոս
    «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում նշանակվել է Հայկակ Արշամյանը
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /