• USD 482.76
  • GBP 644.63
  • EUR 565.36
  • RUB 7.81
  • GEL 194.62
Մայիս 27, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
02.03.2018 | 17:13

Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումն այս պահին Թուրքիային չի հետաքրքրում. Թուրքագետ

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին, նշելով, որ երբ  ինքը նախաձեռնում էր  Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններն առանց նախապայմանի կարգավորելու գործընթացը, առաջնորդվում էր տարածաշրջանում ապահով եւ համերաշխ ապագա կերտելու տեսլականով: Հանրապետության նախագահը նշել է, որ այդ առումով Հայաստանը հնարավոր ամեն ինչ արել է՝  Հայաստանի եւ Թուրքիայի   հարաբերությունները կարգավորելու բեռը գալիք սերունդներին չթողնելու համար, սակայն արձանագրությունների ստորագրումից հետո, անցած ինը տարիների ընթացքում Անկարան,  ինչպես հայտարարության ժամանակ նշել է Սերժ Սարգսյանը, վերադառնալով իր անհիմն նախապայմաններին, ոչ միայն որեւէ քայլ չի կատարել  արձանագրությունները վավերացնելու եւ ուժի մեջ մտցնելու ուղղությամբ,  այլեւ իր քայլերով ցույց է տվել, որ չի պատրաստվում այդ գործընթացը իրականացնել:  

Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման առթիվ «Հայ Ձայն»-ը զրուցեց  թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլն ըստ էության կարելի է բնորոշել որպես հարաբերությունների բացակայության փուլ, եւ հարաբերությունների ներկա փուլի մասին խոսելիս, ըստ թուրքագետի,  պետք է արձանագրել, թե ի՛նչ փուլի ավարտ դրվեց, որը իրականում, նրա խոսքերով, ոչ թե հիմա է վերջանում, այլ  2018-ից ավելի վաղ է վերջացել:  

«Երբ 2008 թվականին պաշտոնապես սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման կամ կարգավորման գործընթացը, այն ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների ծիրում էր, այլեւ գտնվում էր տարածաշրջանային ու այլ երկրների խոշոր դերակատարների հետաքրքրությունների դաշտում:  Ըստ այդմ, մի քանի հանգամանքներ միմյանց հետ համընկան եւ հնարավոր եղավ սկսել երկխոսություն:  Այսինքն, դա ոչ միայն հայ-թուրքական, այլ՝ առհասարակ, տարածաշրջանային հարց էր: Սակայն մենք հետո   տեսանք, որ այդ հետաքրքրությունը նվազեց եւ գնալով երկու երկրների հարաբերություններում Թուրքիան պահպանեց այն դիրքորոշումը, որ ուներ մինչեւ այդ. նախապայման դնելով՝ ոչ մի հարաբերությունների զարգացում, առանց ղարաբաղյան հարցի՝ իրենց պատկերացմամբ կարգավորման: Եվ այս փուլում մենք կարող ենք ասել, թե չունենք որեւէ հնարավորություն՝ խոսելու այն մասին, որ նորից կան այնպիսի պայմաններ ու հանգամանքներ, որոնք կարող են օգնել հարաբերությունների որոշակի կարգավորման գործընթացը վերսկսելուն: Դրա համար ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին նախադրյալներ չկան»,-«Հայ Ձայն»-ի հետ զրույցում ասաց Վարուժան Գեղամյանը:   

Մեր այն հարցին, թե արձանագրությունների չեղարկումն ի՞նչ արձագանք կունենա թուրքական հասարակության շրջանում, թուրքագետը պատասխանեց, որ թուրքական հասարակությունից այս պահին չպետք է լուրջ արձագանք սպասել, որովհետեւ նրան  շատ ավելի կարեւոր հարցեր են հուզում:  «Թուրքական հասարակության օրակարգն այսօր բոլորովին այլ է: Երկրի ներքին ու արտաքին հարցեր են նրան այս պահին հետաքրքրում, էլ  չեմ խոսում թուրքական զորքի կողմից Սիրիայի հյուսիսում սկսված ոչ այնքան հաջող  պատերազմական գործողության մասին, որը կլանել է  թուրքական հասարակության ուշադրությունը»,-նշեց մեր զրուցակիցը: 

Իսկ ինչ վերաբերվում է հարցի հանդեպ պաշտոնական Անկարայի վերաբերմունքին, ապա, ըստ թուրքագետի, այդպիսի արձագանք կարելի է սպասել թերեւս այն ժամանակ, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիային  պաշտոնական ծանուցում ուղարկի, ինչպես  կարգադրել էր Հայաստանի հանրապետության նախագահը՝ չեղարկման մասին հայտարարությունն անելիս: «Կարծում եմ, որ միայն պաշտոնական ծանուցումից հետո դրան կարող է հետեւել ինչ-որ պատասխան, ինչ-որ բացատրություն: Սակայն կրկնում եմ, որ  այս պահին դա իրենց  այնքան էլ չի հետաքրքրում, Թուրքիայում այդ հարցը օրակարգային չէ: Իսկ թե ինչպիսի՞ն կլինի արձագանքը 2019-ի ընտրությունից հետո, կախված է անձամբ Էրդողանի անձնական դիրքորոշումից»,-մեկնաբանեց մեր զրուցակիցը, պատասխանելով նաեւ այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն ժամանակահատվածը, որ ընտրեց Հայաստանի նախագահը՝   այդ մասին  հայտարարելու համար: «Թե ինչու հիմա՛  արեց նախագահը չեղարկման մասին հայտարարությունը, կախված է այն հանգամանքից, որ այս պահին Հայաստանում տեղի են ունենում որոշակի վերադասավորումներ եւ կիսատ, առկախված հարցեր չպետք է մնան օրակարգում: Ինչ-որ առումով դա խորհրդանշական է, ինչ-որ առումով էլ՝ դիվանագիտական հնարք է՝ ասել, որ դե մենք այսքան զգուշացրել էինք ձեզ, հիմա այլեւս իմաստ չունի այդ ամենը պահելու»,-ասաց «Հայ Ձայն»-ի զրուցակիցը: 

 

 

Հարցազրոյցը ՝ Անուշ Թրվանցի 


    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /