• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
06.03.2018 | 13:00

Թուրքական հզոր բանակը և փոքրիկ Աֆրինը

Արդեն 40 օրից ավելի է, ինչ թուրքական բանակը ներխուժել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող քրդաբնակ Աֆրինի շրջան՝ սպառնալով գրավել նրա՝  նույնանուն կենտրոնը։ Ըստ թուրքական պաշտոնական տվյալների՝ արդեն 45 զինվոր է զոհվել ռազմական գործողությունների ընթացքում: Այլ կորուստների՝ այդ թվում ռազմական տեխնիկայի մասին, հակասական թվեր են հրապարակվում։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ թուրքական կողմի զոհերը անցում են 200, իսկ քրդական աղբյուրների համաձայան՝ զոհերը մոտ 800 են: Ոչնչացվել է նաև մեծ թվով զրահապատ տեխնիկա՝ տանկեր ու զրահամեքենաներ։

 

Չնայած թուրքական բանակը մեկ ամսից ավելի գտնվում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում և վայելում է տեղական թուրքամետ ահաբեկչական ուժերի աջակցությունը, սակայն միայն 8-10 կմ ներթափանցման մասին է հայտնի։ Քրդական զինյալները ու հատկապես Ժողովորդի պաշտպանության միություն քրդական կուսակցությունը՝  ավելի հայտնի YPG անունով (թուրքերն այն համարում են ահաբեկչական խմբավորում), կարողանում է հաջողությամբ հետ մղել թուրքական բանակի գրոհը և պաշտպանել Աֆրինը։

 

Իրադարձությունների նման զարգացումները առավել քան տարօրինակ են՝ պայմանավորված այն հագամանքով, որ իրար դեմ են դուրս եկել անհամեմատելի ուժեր՝ թուրքական բանակը, որը համարվում է ՆԱՏՕ-ի կազմում երկրորդ հզոր բանակը ԱՄՆ-ից հետո, և քրդական փոքրաթիվ աշխարհազորային խմբավորումները, որոնք կենաց մահու կռիվ են տալիս իրենց տարածքների համար։

Թուրքական բանակի գործողությունները շատ մասնագետներ գնահատում են որպես անհաջողություն, քանի որ նման հզորության բանակը պետք է շատ արագ ու անհամեմատ քիչ կորուստներով գրավեր Աֆրինը: Իսկ գրանցված անհաջողությունները լուրջ մտորելու տեղիք են տալիս: Հարց է առաջանում՝ արդյո՞ք թուրքական բանակի հնարավորությունները և նրա հզորության մասին պատկերացումերը գերագնահատման արդյունք չեն։

 

Մի շարք ռազմական փորձագետներ թուրքական բանակի՝ Աֆրինում գրանցած անհաջողությունները գնահատում են որպես Էրդողանի քաղաքականության արդյունք, ով իշխանության գալուց հետո նպաստել է բանակի հրամանատարության ու գլխավոր շտաբի թուլացմանը։

Հայտնի է, երկար տարիներ Թուրքիայի աշխարհիկության միակ ու հիմնական երաշխավորը համարվում էր թուրքական բանակը։ Վերջինս նույնիսկ քաղաքական հեղաշրջումներ կատարելու բացառիկ «իրավունք» ուներ, եթե գտնում էր, որ պետության ղեկավարությունը շեղվել է  աշխարհիկ ընթացքից, որը քեմալիզմի հիմնական ուղղությունն է։

 

Այս «իրավունքի» իրացման արդյունքում քանիցս  իշխանությունից հեռացվել, ապա բանտարկվել են մարդիկ, որոնք վտագավոր են համարվել  պետության աշխարհիկ համակարգի համար։ Սակայն Էրդողանի վարած քաղաքականության արդյունքում նվազեց գեներալների քաղաքական իշխանությունը, իսկ 2016թ. հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի տապալումը նրան վերջնական հնարավորություն տվեց ոչնչացնել բանակում առկա ոչ ցանկալի տարրերը։ Արդյունքում բանակը կորցրեց իր հատուկ կարգավիճակը, կարևորագույն պաշտոների նշանակվեցին մարդիկ, որոնք հայտնի էին Էրդողանին  հավատարիմ լինելով, բայց զինվորական գործին անտեղյակ էին։

 

Աֆրինում թուրքական բանակի անհաջողությունները հենց այս քաղաքական գործընթացի հետևանքն է, ու եթե նույնիսկ նրանք գրավեն Աֆրինը, ապա պատերազմն այդպիսով չի ավարտվի. այն կթևակոխի պարտիզանական փուլ, որն ավելի արյունալի կդառնա  թուրքերի համար։

 

 

Հատուկ «ՀԱՅ ՁԱՅՆ»ի համար



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /