• USD 482.76
  • GBP 644.63
  • EUR 565.36
  • RUB 7.81
  • GEL 194.62
Մայիս 27, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
07.03.2018 | 10:01

Մեծ իրարանցում ՌԴ նախագահի ուղերձից հետո․ Ո՞րն է Հայաստանի ճանապարհը

Շուրջ մեկ շաբաթ է, ինչ, առանց չափազանցության, ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է գտնվում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձը Դաշնային ժողովին։ Հիշեցնեմ, որ այդ ուղերձում ավանդաբար նախագահը ռուսական խորհրդարանի երկու պալատներին իր գնահատականներն է տալիս երկրում տիրող ընդհանուր իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև ուղենշում է պետության ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։

Մինչ համընդհանուր ուշադրության պատճառներին, նաև Հայաստանի համար ուղերձի նշանակությանն անդրադառնալը, նշեմ, որ 2018 թվականի ՌԴ նախագահի ելույթը մի քանի պատճառներով առանձնանում էր նախորդներից։ Նախ, պետության ղեկավարն առաջին անգամ ելույթ պետք է ունենար ոչ թե Կրեմլում, այլ միանգամայն այլ միջոցառումների համար նախատեսված Մանեժում։ Այս՝ առաջին հայացքից ոչ էական թվացող հանգամանքը իրականում պատահական չէր ավելի տարողունակ Մանեժը մի քանի անգամ շատ հրավիրվածներ և լրագրողներ կարող էր հյուրընկալել, իսկ սա արդեն նշանակում էր, որ ուղերձում շոշափվելու են լրջագույն հարցեր և կազմակերպիչները դա միտումնավոր էին արել։

Ուշադրության արժանի երկրորդ հանգամանքը հետևյալն է ելույթի ընթացքում տեղեկատվական հարուստ նյութեր ցուցադրվեցին, ինչը նույնպես անակնկալ էր  շատերի համար։

Երրորդ ինքը՝ Վլադիմիր Պուտինը, անմիջապես ընդգծեց, որ «այս ուղերձը լինելու է առանձնահատուկ, ինչպես ժամանակը, որում բոլորս ապրում ենք»։ Իր խոսքի առաջին հատվածում նա մանրամասն անդրադարձավ երկրի ներքին հիմնախնդիրներին։ Դրանք նույնպես հետաքրքիր են, սակայն այն, ինչ տեղի ունեցավ ուղերձի երկրորդ հատվածում, որը բաղկացած էր երկու մասերից՝ պաշտպանական և արտաքին քաղաքական, գերազանցեց ամենախիզախ սպասելիքները։ Առաջին մասում ՌԴ նախագահը նախ հայտարարեց, որ հակահրթիռային պաշտպանության ոլորտում համագործակցելու ուղղությամբ իր երկրի բոլոր առաջարկները ԱՄՆ-ին մերժվել են։ Այդ իսկ պատճառով, ինչպես նաև՝ հաշվի առնելով գլոբալ ռիսկերն ու վտանգները, վերջին տարիներին Ռուսաստանի կողմից իրականացվել և այժմ հաջողությամբ ավարտվել են  փոքր չափսերի գերհզոր միջուկային թևավոր հրթիռների ստեղծման աշխատանքները։ Պուտինն ընդգծեց, որ այդ քայլով Ռուսաստանը սրընթաց քայլ կատարեց նոր զենքի ստեղծման ճանապարհին։ Մինչ ներկաները, ինչպես նաև ուղիղ եթերում ուղերձին հետևող աշխարհը ուշքի էին գալիս նրա խոսքերից, իսկ ավելի շատ՝ ցուցադրվող տեղեկատվական ահասարսուռ հավելվածներից, որոնք ակնհայտորեն ակնարկում էին, որ այդ նորագույն հրթիռներն ուղղված են օվկիանոսից այն կողմ,  հետևեցին մի քանի նոր անակնկալներ, որոնք նույնպես զուգորդվում էին տեսանյութերով։ Պարզվեց, որ Ռուսաստանն ունի հիպերձայնային զենք, ինչպես նաև մի քանի այլ գերժամանակակից զինատեսակներ, որոնք անհասանելի կլինեն պայմանական հակառակորդի կողմից և նրա պաշտպանական համակարգերը կվերածեն ծակ հովանոցի։ Դրանից հետո, ասես մի փոքր մեղմելով մթնոլորտը, Պուտինը հավաստիացրեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում վտանգել որևէ պետություն, առավել ևս՝ նախահարձակ լինել։ Ավելին, նա պատրաստ է համագործակցել  ԱՄՆ և Եվրոպայի հետ նույնիսկ այն հարցերում, որոնցում իրենց դիրքորոշումները չեն համընկնում․․․ սակայն այս խոսքերն ավելի շատ նմանվում էին ծաղրի։

Հիմա անդրադառնանք միջազգային արձագանքներին։ Դրանք մեծի մասամբ բացասական էին, և սա շատ բնական է։ Վերջին տարիներին ԱՄՆ առաջնորդությամբ գրեթե ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների քաղաքականությունը, որին գումարվեց նաև Վաշինգտոնի կողմից ոչ այնքան քաղաքական նշանակություն ունեցող, այլ ավելի շուտ ռուսական խոշոր բիզնեսին, այսինքն նաև՝ Ռուսաստան պետությանը սոսկալի հարված հասցնելու ակնհայտ միտում ունեցող /սա իմ անձնական կարծիքն է/ այսպես կոչված Կրեմլյան ցուցակների հրապարակումը,  ինչպես նաև մի շարք այլ իրադարձություններ, որոնց խոստանում եմ առավել մանրամասն անդրադառնալ առաջիկայում, կարծեք թե, արդեն վերջնականապես խեղճացրել էին ռուսներին․․․և ահա, այսպիսի պատասխան։ Մասնավորապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը իրենց հեռախոսազրույցում Պուտինի ուղերձը ամենևին ոչ դիվանագիտորեն միաբերան անվանեցին «անպատասխանատու»։ Մի փոքր ավելի զուսպ, սակայն նույնպես խիստ քննադատական էին նաև մյուս համաշխարհային լիդերների արձագանքները։ Սա էլ առանձին խոսակցության թեմա է։ Միայն նշեմ, որ եթե համաշխարհային մամուլն արձագանքեց ակնթարթորեն, ապա պետական այրերի  արձագանքների մեկնարկը տրվեց արդեն մարտի 4-ին՝ մեկնաբանվող իրադարձությունից մի ամբողջ 3 օր հետո։ Սա՝ իմիջիայլոց։

Վերջում նախագահ Պուտինի ուղերձի՝ մեր երկրի համար առավել կարևոր հատվածները։ Նա աներկիմաստ հայտարարեց, որ «Ռուսաստանի կամ նրա դաշնակիցների դեմ ցանկացած զենքի կիրառում ընկալվելու է որպես հարձակում անմիջականորեն Ռուսաստանի վրա և ստանալու է ակնթարթային պատասխան»։ Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ պետություն ու Եվրասիական միության մասնակից, որը ՌԴ հետ կապված է նաև երկու հարյուրից ավելի վավերացված միջպետական և միջկառավարական պայմանագրերով, անշուշտ դասվում է ամենամոտ դաշնակիցների թվին։ Չմոռանանք նաև, որ վերջին տարիներին Ռուսաստանի շուրջ ստեղծված քաղաքական և տնտեսական վակուումի պայմաններում, Հայաստանն այն եզակիներից էր, որ սատարեց իր դաշնակցին մի քանի կարևորագույն միջազգային հարթակներում կայացած քվեարկությունների ժամանակ։

Եվ որպես վերջաբան։ Իրականում խաղաղությունն աշխարհում խիստ վտանգված է։ Սա հասկանալու համար առանձնապես մեծ գիտելիքներ կամ մտավոր կարողություններ պետք չեն։ Այս պայմաններում, երբ մենք գտնվում ենք կիսապատերազմական իրավիճակում և առնվազն  երեք պետություններ, որոնցից մեկն, ի դեպ, դեռևս 1998թ պաշտոնապես հայտարարել է իր՝ միջուկային զենք ունենալու մասին, ևս մեկը ՆԱՏՕ ակտիվ անդամ է ու մեր անմիջական սահմանակիցը, ատամները սրած սպասում են պատեհ առիթի, ՀՀ իշխանությունների կողմից ներկայումս իրականացվող արտաքին քաղաքականությունը միակ ճիշտն է։ Անկախ քաղաքական նախապատվություններից, սա անհրաժեշտ է ընդունել որպես իրողություն։ Նաև այն ուժերին, որոնք ցանկանում են առաջիկա տարիներին ստանձնել երկրի ղեկավարումը։

 

Հատուկ «ՀԱՅ ՁԱՅՆ»ի համար


    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /