• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 24, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
10.03.2018 | 09:32

Կենսակերպ` պատմական փառավոր ժամանակի մեջ

Արցախյան շարժման տարեգրության մեջ թերևս պատշաճ կերպով չի գնահատվել 1988-ի փետրվարի 20-ին Ասկերանի շրջանի պատվիրակության մասնակցությունը Երևանի Թատերական հրապարակում անցկացված հանրահավաքին, մինչդեռ այն կարևոր նշանակություն է ունեցել Հայաստանում ազգային ոգու բարձրացման գործում: Հատկանշական են պատվիրակության անդամներ Սլավիկ Միրզոյանի և Լաուրա Մարտիրոսյանի ելույթները, որոնք խիստ տպավորել են հրապարակում հավաքվածներին: Պատվիրակությանն ընդունել է նաև ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, հետագայում ՀՀ խորհրդարանում դավադրաբար սպանված Կարեն Դեմիրճյանը:

Խմբի անդամ, ներկայումս Ստեփանակերտի Աշոտ Բեկորի անվան թիվ 2 դպրոցի տնօրեն Լաուրա Մարտիրոսյանն այդ հանդիպման մասին պատմում է. «Կարեն Սերոբիչն ասաց, որ ինքը ծագումով կարսեցի է և ամեն անգամ, երբ սահմանի այս կողմից նայում է պատմական հայրենիքին, ծանր ապրումներ է ունենում: Գուցե նա մեզնից շատ ավելի հայրենասեր էր, բայց խորհրդային երկրի կարծրատիպերից ելնելով` հարցին մոտեցավ չափավորությամբ: Իսկ հանրահավաքը մեզ իրոք լիցքավորել էր: Բավական էր այն, որ հազարավոր մարդիկ հավաքվել էին հավաստելու, որ իրենք Արցախի իրենց հայրենակիցների կողքին են: Ինչ հետո պիտի տեղի ունենար` երևի թե սկիզբ առավ հենց Թատերական հրապարակից»:

…Ավարտելով Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը՝ ծնունդով Հադրութի շրջանից Լաուրա Մարտիրոսյանն ամուսնացել և բնակություն է հաստատել Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում, որի միջնակարգ դպրոցում էլ աշխատել է մի քանի տարի: Նրա ամուսինը` Ասկերանի կուսշրջկոմի հրահանգիչ Գուրգեն Ասրյանը, նույնպես եղել է Երևան մեկնած պատվիրակության կազմում: Երիտասարդ ընտանիքի համար դա բավականին համարձակ քայլ էր, որովհետև եթե նրանց բանտարկեին, ապա զույգ որդիները պիտի մնային Գուրգենի ծեր ծնողների հույսին: Բայց նրանք չընկրկեցին հնարավոր վտանգների առաջ և պատվով կատարեցին իրենց առաքելությունը:

Լ. Մարտիրոսյանի մանկավարժական գործունեությունն համընկավ Արցախյան շարժման մեկնարկի հետ, երբ կազմակերպվում էին գաղտնի ստորագրահավաքներ ու ժողովներ: Ուշագրավ է 1988-ի փետրվարի սկզբին Խնապատում անցկացված կոլվարչության հաշվետու ժողովը: Կար կոլեկտիվ տնտեսությունների հաշվետու ժողովների ընթացքը փոխելու մշակված ծրագիր, ըստ որի՝ աշխատանքային կոլեկտիվները պետք է որոշում ընդունեին մայր Հայաստանին վերամիավորվելու համաձայնության մասին: Խոստովանենք, խորհրդային ինտերնացիոնալիզմի գաղափարներով դաստիարակված մարդկանց վերակողմնորոշելն այն ժամանակ դժվար գործ էր, և հիշյալ ժողովում ելույթ ունենալով` Լաուրան կարողացավ պատմաբանի ճոխ բառապաշարով ներկայացնել պատմական ճշմարտությունն ու կոչ անել խնապատցիներին` տեր կանգնելու իրենց սահմանադրական իրավունքներին: Նրա ելույթը մեծ արձագանք գտավ շրջանում և հիմք հանդիսացավ, որպեսզի Լաուրան ևս ընդգրկվի վերոհիշյալ պատվիրակության կազմում:

«Այսօրվա պես հիշում եմ. դասի ժամին դպրոցի տնօրեն Զավեն Բեգլարյանը եկավ և ասաց, որ Ասկերանից պատվիրակություն է մեկնում Երևան, որում ընդգրկված եմ նաև ես: Կես ժամից պիտի ճանապարհվեինք, ուստի մտածելու ժամանակ չկար, թեպետ տանը անկողնային հիվանդ սկեսուր և երկու մանկահասակ երեխաներ ունեի: Այն զգացումն էր, թե դա ճակատագրորեն ինձ վիճակված սուրբ առաքելություն է, և հրաժարվելն առնվազն դավաճանություն կլիներ»,-պատմում է Լաուրա Մարտիրոսյանն ու շարունակում:- Ասես Հայաստանի ողջ բնակչությունը հավաքվել էր Թատերական հրապարակում: Գալիս էին հանրապետության բոլոր շրջաններից` Արցախի հետ իրենց համերաշխությունն արտահայտող ցուցապաստառներով ու կոչերով: Ինչպիսիՙ ոգևորություն էր… Հանրահավաքի թեժ պահին, սակայն, ելույթ ունեցողներից մեկն ասաց, որ Ադրբեջանը հայտարարել է, թե իբր Ղարաբաղի հարցն իրենք լուծելու են արյան ճանապարհով: Մի պահ կարծես սառը ջուր մաղվեց հանրահավաքի մասնակիցների վրա, բայց դա մի ակնթարթ տևեց` հանրահավաքը վերստին կենդանացավ, ու ոգևորությունը նորից իր բարձրակետին հասավ»:

Երեսուն տարվա հեռվից անցած ճանապարհը գնահատելով՝ Արցախյան շարժման ակտիվիստն ու անվանի մանկավարժը գտնում է, որ հիրավի, պատմական փառավոր ժամանակաշրջան ենք ապրել: Չնայած թանկ գին է վճարվել ազատության համար, սակայն Շարժումը ճիշտ ժամանակին սկսվեց, որովհետև եթե ուշանար` Արցախի ապագան շատ մշուշոտ կլիներ:

«Այսօրվա և վաղվա խնդիրն է` մատաղ սերնդին դաստիարակել այն գաղափարով, որ նա պարտավոր է արյան գնով փրկածը սրբորեն պահպանել ու պաշտպանել»,- ասում է Լաուրա Մարտիրոսյանը:

Ոչ մի ավելորդ պաթոս նրա ասածի մեջ` դա հենց նրա կենսակերպն է:

 

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

 

Ստեփանակերտ



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /