• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
11.03.2018 | 12:00

Հակափաստարկներ ադրբեջանցի Ֆարիդա Մամեդովայի «փաստերի» դեմ. Մխիթար Գոշի և նրա «Դատաստանագրքի» շուրջ

Օրերս «Вестник Кавказа» կայքէջում զետեղվել է Ադրբեջանի ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Ֆարիդա Մամեդովայի հարցազրույցը (տե'ս http://vestikavkaza.ru/…/Farida-Mamedova-Istoriya-kavkazsko…): Պրոֆեսորը ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է, թե Մխիթար Գոշն աղվան է, ծնվել է Գյանջայում, իսկ նրա «Դատաստանագիրքը» հայերն անվանել են «Դատաստանագիրք Հայոց», որի մասին էլ իր գրքում գրել է Զիա Բունիաթովը: Պրոֆեսորը ներկայացնում է, թե Մովսես Կաղանկատվացին աղվան է, որի պատմության մեջ տեղ է գտել աղվան պոետ Դավթակի «Ջևանշիր իշխանի մահվան մասին» ողբը:

 

Սակայն հարցազրույցում պրոֆեսորն անտեսում է, որ իր հիշատակած փաստերին անդրադարձել է Ասատուր Մնացականյանը դեռևս 1966 թ. նախ` հայերեն, ապա` 1969 թ. ռուսերեն տպագրված «Աղվանից աշխարհի գրականության հարցերի շուրջը» (О литературе Кавказской Албании) գրքում` հերքելով ադրբեջանցիների կեղծ գիտական փաստերը:

 

Պարզապես այստեղ ներկայացնենք մեր հակափաստարկները Ֆարիդա Մամեդովայի հարցազրույցում ներկայացվող «փաստերի» դեմ:

 

Նախ` Մովսես Կաղանկատվացու պատմության մասին: Հայ մատենագիրներից «Աղվանից աշխարհի պատմության»-ը ծանոթ են Մաշտոց Ա Եղվարդեցի (897-898), Հովհաննես Դրասխանակերտցի (898-929), Անանիա Մոկացի (949-968) մատենագիր-կաթողիկոսները, նաև Ուխտանես եպիսկոպոս պատմիչը (մոտ 920 - մոտ 986):

 

«Աղվանից աշխարհի պատմության» մասին հիշատակություններ են թողել Մխիթար Գոշը (12-րդ դար), Վանական վարդապետը (12-րդ դար), Կիրակոս Գանձակեցին (13-րդ դար), Մխիթար Այրիվանեցին (13-րդ դար), Գրիգոր Անավարզեցին (13-րդ դար), Վարդան Բաղիշեցին (17-րդ դար), Ղազար Ջահկեցին (18-րդ դար), Խաչատուր Ջուղայեցին (18-րդ դար), Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսը (18-19-րդ դար):

 

Հայագիտության մեջ ընդունված է, որ «Աղվանից աշխարհի պատմության» հեղինակը 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացին է, իսկ պատմության Գ գրքի 23 գլուխների հեղինակը 10-րդ դարի պատմիչ Մովսես Դասխուրանցին է, որ լրացնելով Աղվանքի պատմությունը 7-րդ դարի կեսերից հասցրել է մինչև 10-րդ դարի վերջերը, իսկ մի հատված էլ 12-րդ դարում հավելվել է Մխիթար Գոշը, որով էլ ավարտվում է «Աղվանից աշխարհի պատմությունը»:

 

«Աղվանից աշխարհի պատմության» շարադրանքից ակնհայտ երևում է, որ հեղինակները հայոց եկեղեցու ուղղադավան հավատամքի նվիրյալներ են:

 

Փաստենք, որ Կաղանկատույքը գտնվում է Մեծ Հայքի Ուտիք նահանգի Առանձնակ Ուտիք գավառում` Տրտու (Թարթառ) գետի ձախ ափին, Պարտավից արևմուտք, Մարտակերտի Մաղավուզ գյուղի մոտակայքում: Նույն գավառում է գտնվել նաև Դասխուրանը:

 

«Աղվանից աշխարհի պատմության» Բ գրքի ԼԵ գլխում պահպանվել է բանաստեղծ Դավթակ Քերթողի (մոտ 600-670-ից հետո) ողբը:

 

Դավթակ Քերթողի մասին պատմիչը տեղեկացնում է, որ Ջիվանշիր իշխանի (637-670) ժամանակակիցն է, այսինքն` 7-րդ դարի հեղինակ է:

 

Քերթող մականունը հիմք է տալիս պնդելու, որ Դավթակը կրթություն է ստացել Սյունյաց քերթողական դպրոցում, իսկ հիշյալ Ջիվանշիր իշխանի կինը Սյունյաց Արուիճան տոհմից մի իշխանի դուստր է (Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969, էջ 139):

 

Դավթակի մասին միակ պատմական հիշատակությունն այն է, ինչ գրում է Կաղանկատվացին իր պատմության Բ գրքի ԼԴ գլխում. «Այդ ժամանակ Դավթակ անունով ճարտասանի մեկը, որ ծանոթ էր տաղաչափական արվեստին, ստեղծագործելու մեջ վարժ ու հաջողակ, քերթողական ընթերցման մեջ առաջադեմ, մեջտեղ եկավ: Սա առատ խոսքերի պաճուճանքներով ճարտար կերպով երգում է և շատ լավ գովաբանում` ունենալով այնպիսի լեզու, ինչպիսին ունենում է արագագիր գրողը: Սա շարունակ գալիս և երկար ժամանակ մնում էր պալատում: Իսկ երբ մեծ զորավարի հանկարծահաս սպանության առթիվ օրհասական շշուկը տարածվեց արևելյան երկրի` Աղվանքի վրա, այդ ժամանակ նա սկսեց երգել այբբենական կարգով դասավորված այս ողբը բարյացպարտ Ջվանշիրի վրա և ասաց այսպես» (Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969, էջ 176): Սրան հաջորդող Բ գրքի ԼԵ գլխում էլ Կաղանկատվացին մեջբերում է Ջիվանշիրի մահվան մասին ողբը, որը հայոց այբուբենի տառերի հաջորդականությամբ ծայրակապով հյուսված երգ է:

 

Անվանի հայագետ Պողոս Խաչատրյանը գրում է. «Դավթակը հորինում-երգում է իր ողբը` «ըստ ալփափետաց գլխակարգութեանցե, այսինքն` տների սկզբնատառերի այբբենական հաջորդականությամբ, հետևողությամբ Կոմիտասի «Անձինք նուիրեալքե շարականի, կիրառելով նաև վերջինիս չափը» (Գանձարան հայ հին բանաստեղծության, աշխ. Պ. Խաչատրյանի, Ե., 2000, էջ 883):

 

Հայոց այբուբենի ծայրակապով գրված լինելու փաստն ինքնին հերքում է Դավթակ Քերթողի և նրա ողբը դարերին պարգևողի` պատմիչ Մովսես Կաղանկատվացու այլազգի լինելու ստահոդ տեսակետը:

 

Սակայն փաստենք նաև, որ դեռևս 5-րդ դարում Սյունիքում ստեղծվեց Սյունյաց քերթողական դպրոցը, որի սաներն անվանվում էին Քերթողներ, որ Սյունյաց քերթողական դպրոցն ավարտողների պատվանունն էր, ինչպես Շնորհալի պատվանունը Կարմիր վանքում ուսանածների համար:

 

5-րդ դարում այս դպրոցի ներկայացուցիչ Դավիթ Քերթողը թարգմանել է Դիոնիսիոս Թրակացու «Արուեստ քերականութեան» գիրքը` գրելով առաջին քերականական մեկնությունը, որը հետագա տասը դարերի ընթացքում ունեցավ 15 հայ մեկնիչներ:

 

6-րդ դարի գրական դեմքերի մեջ հիշատակվում է Պետրոս Քերթող Սյունեցին (5-րդ դարի վերջ-554-ից հետո), ում մասին տեղեկություններ պահպանվել են Ստեփանոս Օրբելյանի պատմության մեջ:

 

Սյունյաց քերթողական դպրոցի սաներից է նաև Գրիգոր Քերթողը (մոտ 550-615-ից հետո): Նա Վրթանես Քերթողի (550-617-ից հետո) հետ Մովսես Եղվարդեցի կաթողիկոսի (574-604) հրամանով մասնակցել է 589 թ. Կ. Պոլսի ժողովին: Գրիգոր Քերթողից «Գիրք թղթոց» ժողովածուում պահպանվել է կրոնական հարցադրումներով մի թուղթ` ուղղված Աբրահամ Ա Աղբաթանեցի կաթողիկոսին (607-615): Վերոհիշյալ Վրթանես Քերթողին անվանում են նաև Քչկանորդի, ով Պետրոս Քերթող Սյունեցու աշակերտն էր:

 

7-րդ դարում Սյունյաց քերթողական դպրոցի առաջնորդն էր Մաթուսաղա Քերթողը (մոտ 570-650-ից հետո), որի ժամանակ քերթողական դպրոցի փառքն այնքան էր մեծացել, որ Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսը (615-628) այնտեղ ուղարկեց իր սիրելի եղբորորդուն` աստվածաբան, ուսուցիչ, մատենագիր Թեոդորոս Քռթենավորին:

 

8-րդ դարում հայտնի է քերական, շարականագիր և թարգմանիչ Մովսես Քերթողը (մոտ 680 - մոտ 750): Ստ. Օրբելյանի վկայությամբ` Մովսես եպիսկոպոս Քերթողը 722-729 թթ. եղել է Սյունիքի մետրոպոլիտ:

 

Քերթողական դպրոցի այս սաների պես իր մականունն է ստացել նաև Դավթակ Քերթողը:

 

Խոսելով Դավթակի ողբի ձեռագրերի մասին` պրոֆեսոր Ֆ. Մամեդովան գրում է. «Еще две рукописи хранились в ереванском Институте древних рукописей Матенадаран. Я в течение двух лет добивалась разрешения поработать с ними, но так его и не получила»:

 

Նախ` պրոֆեսորին տեղեկացնենք, որ ՄաշտոցյանՄատենադարանում կան ոչ թե 2 ձեռագրեր, որոնք պարունակում են Դավթակի ողբը, այլ բազմաթիվ ձեռագրեր, որոնք ուսումնասիրված են, և դրանց հիման վրա դեռևս 1983 թ. «Վարագ Առաքելյանը կազմել է «Աղվանից աշխարհի պատմության» գիտաքննական բնագիրը` Մաշտոցյան Մատենադարանի 12 ձեռագրերի, Անթիլիասի, Սանկտ-Պետերբուրգի և Բրիտանական թանգարանի մեկական ձեռագրերի համեմատական քննությամբ: Ավելին` պրոֆեսորին նաև սթափեցնենք, որ ինքը տեղյակ է Բրիտանական թանգարանի 117 ձեռագրի մասին, որը 16-րդ դարի ձեռագիր է, մինչդեռ Դավթակի ողբի հնագույն ձեռագիրը 13-րդ դարի գրչագրություն է` Մաշտոցյան Մատենադարանի թիվ 1531 ձեռագիրը` արտագրված 1288-1289 թթ. Հովհանավանքում:

 

Ինչ վերաբերում է Մխիթար Գոշին, ապա վերջինս հայ եկեղեցու նվիրյալ վարդապետներրից մեկն է, որ մասնակցել է 1205 թ. Լոռեի և 1207 թ. Անիի եկեղեցական ժողովներին: Ծնվել է Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գանձակ քաղաքում, որտեղ ծնվել է նաև 13-րդ դարի հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին, որ եղել է Մխիթար Գոշի աշակերտը Նոր Գետիկի դպրոցում: Կիրակոսը եղել է նաև Հաղպատում, որտեղ էլ Վարդան Արևելցուն պատվիրել է գրել «Մեկնութիւն երգոց երգոյն» երկը: Կիրակոս Գանձակեցին գրել է հայտնի «Հայոց պատմությունը», որում վկայություններ ունի Մխիթար Գոշի մասին: Այսպես` Կիրակոս Գանձակեցին վկայում է, որ Գոշը վարդապետ է. «Այն ժամանակ կային երևելի վարդապետներ` Գետիկի վանքի կառուցող Գոշ կոչված Մխիթարը` մի իմաստուն, հեզ մարդ» (Կիրակոս Գանձակեցին, Հայոց պատմություն, Ե., 1982, էջ 127), ապա պատմության ԺԳ և ԺԶ գլուխները նվիրում է իր ուսուցչին, որտեղ գրում է. «Այն հռչակավորն ու գիտությամբ մեծիմաստը Գանձակ քաղաքից էր, զավակ քրիստոնյա ծնողների, որոնք նրան տվին Սուրբ Գրքի ուսման, և երբ չափահաս դարձավ, ձեռնադրեցին կուսակրոն քահանա» (անդ, էջ 151): Ավելին` Կիրակոս պատմիչը վկայում է, որ Գոշը մահացել է խոր ծերության հասակում` 1213 թ.: Մինչև այժմ էլ պահպանվում է Մխիթար Գոշի գերեզմանը` Տավուշի մարզի Գոշ գյուղում` Գոշավանքի դիմաց` հայերեն արձանագրությամբ, ինչին անտեղյակ է ադրբեջանցի պրոֆեսորը:

 

Ադրբեջանցի պրոֆեսորը պարզապես անիրազեկ է, չգիտի, որ Մխիթար Գոշի անունով պահպանվել է ոչ միայն «Դատաստանագիրքըե, որը քրիստոնեական վարդապետության ոգով և եկեղեցականության շահերի դիրքերից գրված մի օրենսգիրք է, և մեզ է հասել 40-ից ավելի հայերեն ձեռագրերով (հնագույն ձեռագիրը Վենետիկի Մխիթարյան մատենադարանի թիվ 1237 ձեռագիրն է` արտագրված Հաթերքում 1184 թ.), Մխիթար Գոշը հեղինակ է Սուրբ Գրքի բազմաթիվ մեկնությունների, ինչպես` «Մեկնութիւն համառօտ Մարգարեութեանն Երեմիայի եւ նախադրութիւն նորին ի Մխիթարայ վարդապետէ Գոշ կոչեցելոյ», «Ճառ ի յարութիւն Ղազարու», «Ողբք ի վերայ բնութեանս` ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց` ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոյ», «Թուղթ խրատականք», «Ներբողեան ասացեալ ի նոր վկայն կոչեցեալ Խոսրով», «Շարք հայրապետացն Աղուանից», աղոթքներ, առակներ և այլն։ Նրա այս երկերի մասին հիշատակություն ունի նաև Կիրակոս Գանձակեցին (տե՛ս անդ, էջ 161):

 

Մի՞թե այնքան պրիմիտիվ կարելի է լինել, որ «Դատաստանագիրքը» չանվանելով «Դատաստանագիրք Հայոց»` հնարավոր է մտածել, որ քրիստոնյա վարդապետ Մխիթար Գոշը, որ Գոշավանքի հիմնադիր ուսուցչապետն է` բազմաթիվ քրիստոնեական աշխատությունների հեղինակ, որպես քրիստոնյա վարդապետ` մասնակից Լոռեի և Անիի եղեղեցական ժողովներին, կարող է հայ չլինել: Ավելին` Մխիթարը բնիկ հայկական անուն է, իսկ Գոշը ծագել է Գոս` ածականից, որ նշանակում է «ցանցառ մորուս ունեցող», «ամուլ», «քոսա», «անպտուղ»: Կիրակոս Գանձակեցին ևս գրում է Գոշ անվան մասին. «Մականունով այսպես էին կոչում նրան, որովհետև շատ քիչ էին նրա մազերը» (անդ, էջ 160):

 

Նման գոս և անպտուղ «գիտական» մի հարցազրույց էլ հրապարակել է պրոֆեսոր Ֆարիդա Մամեդովան` հավատարիմ իր հոդվածում հիշատակված հեյդարալիևյան ԿԲԳ-ական ոգուն, որն ակնհայտորեն բացահայտում է Ադրբեջանում պետականորեն ղեկավարվող հակագիտական և հակահայկական միտումը, ինչին, ցավոք, հայագիտությունը չի տալիս արժանի պատասխան: Ավելին` այս հարցերը մեզանում չեն արժանանում պետության ուշադրությանը, մինչդեռ հակառակ կողմում գործում են պետականորեն ծրագրված ու կազմակերպված ուժեր, որոնք հասել են այնտեղ, որ Սայաթ-Նովայից բացի սկսել են սեփականացնել նաև Քուչակի, Շերամի և այլոց երգերը:

 

Սա մտքի պատերազմ է. հակառակ կողմից գնդակոծում են, իսկ այս կողմում համեստորեն կամ անտեղյակորեն լռում, որն անթույլատրելի է: Անհրաժեշտ է պետական մակարդակով կազմակերպել պատասխանը, թարգմանել աշխարհի տարբեր լեզուներով ու տարածել` հերքելով ադրբեջանական կեղծիքը, որ պարբերաբար դրվում է շրջանառության մեջ:

 

 

 

 

 

Բանասիրական գիտությունների դոկտոր,

 

պրոֆեսոր Վանո Եղիազարյան

 

 

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /