• USD 482.76
  • GBP 644.63
  • EUR 565.36
  • RUB 7.81
  • GEL 194.62
Մայիս 27, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
12.03.2018 | 13:30

Լեռնային Ղարաբաղ՝ խաչով ու... կիսալուսնի ներքո

Երեք օր Արցախի հոգևորականության հետ

 Գիշերն իմ համարի պատուհանից երևում է 50-մետրանոց լուսաշող խաչը՝ քրիստոնեության խորհրդանիշը։ Դրա վերևում շողում է մահմեդական բազմաթիվ երկրներին բնորոշ խորհրդանիշ կիսալուսինը։ Հյուրանոցն անվանված է փյունիկյան Եվրոպա արքայադստեր պատվին։ Եվ այս ամենը Լեռնային Ղարաբաղն է՝ մի փոքր պետություն լեռներում, որի արմատներն սկիզբ են առնում հեռավոր անցյալում, որն առնչվում է հայերի ներկայությանն Անդրկովկասում, որտեղից դրանց առանց ցավի արմատախիլ անելը պարզապես անհնար է։ 

Այս տարվա փետրվարին Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության ժողովուրդը տոնում է Ղարաբաղյան ազատագրական շարժման 30-ամյակը։ Հայերն են ստեղծել այդ պետությունը։ Նրանք էին այդտեղ ապրում։ Բայց 1920-ական թվականներին Հայաստանի և Ադրբեջանի խորհրդայնացումից հետո բոլշևիկյան Կովկասյան բյուրոյի վճռով որոշվեց Լեռնային Ղարաբաղը հանձնել Ադրբեջանական ԽՍՀ կազմ՝ ՙմարզային լայն ինքնավարության՚ շնորհմամբ։ 1988թ. փետրվարի 13-ին ինքնավար մարզի կենտրոն Ստեփանակերտում տեղի ունեցավ զանգվածային հանրահավաք, որի ժամանակ հնչեց ՙԼեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանի հետ՚ վերամիավորելու մասին պահանջը։ Ըստ էության, դա կյանքի ու մահվան հարց էր։ Այդպիսին այն հատկապես սուր դարձավ 1991թ., երբ ինքնավար մարզը հռչակեց իր պետականությունը։ Պատերազմ սկսվեց։ Դրա մասին դեռ կվերհիշենք Արցախյան թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ Մարտակերտի շրջանի Վաղուհաս լեռնային գյուղ կատարած ուղևորության ժամանակ, որն այս տարի տոնեց ադրբեջանական ագրեսորից իր ազատագրման 25-ամյակը։ 

Պարգև Սրբազան

Փետրվարի 12-ի առավոտյան մոտենում եմ Ստեփանակերտի թեմական վարչության շենքին, որտեղ ապրում ու աշխատում է սրբազանը։ Ինձ դիմավորում է արքեպիսկոպոսը՝ 64-ամյա ալեհեր մի այր, որին հավասարապես լավ կարելի է պատկերացնել ինչպես քահանայական հանդերձանքներով, այնպես էլ խաչակիրների զենք ու զրահով՝ ձիու վրա նստած ու սուրը ձեռքին։ Սրբազանը նստում է իր ջիպի ղեկին, որը բավականին վարպետորեն է վարում. սովորաբար Ստեփանակերտից Երևան տանող ճանապարհը, որ պահանջում է 6 ժամ, նա հաղթահարում է 4 ժամվա ընթացքում։ Նրա հետ միասին հետևի նստատեղին երկու սարկավագ են՝ Սամվել Մկրտչյանը և Հրայր Հակոբյանը։ Եղանակը խոստանում է հիանալի լինել և, իրոք, կեսօրին օդի ջերմաստիճանը տաքանում է մինչև +15, արևը վառ շողում է։ Մենք ուղևորվում ենք պատերազմի սարսափելի դժվարությունները կրած Վաղուհաս գյուղը։  Երեք անգամ այն ձեռքից ձեռք է անցել։ Գյուղում ապրում էր 800 մարդ՝ ներառյալ կանայք, ծերունիներն ու երեխաները։ 68 տղամարդ է զոհվել։ Ագրեսորն ամբողջությամբ ավերել է բոլոր տներն ու եկեղեցին։ Խաղաղ ժամանակ տաճարը վերականգնել ու խաչքար են տեղադրել։ Գնում ենք այն օծելու և գոհաբանական մաղթանք կատարելու առ Աստված այն բանի համար, որ Նա օրհնել է Վաղուհասի բնակիչներին՝ պաշտպանելու իրենց գյուղը, հավատը, կենսակերպը։

Ճանապարհին սրբազանը պատմում է ինձ, թե ինչպես էր մարտերի ժամանակ գնացել ծառայելու Գանձասարի հինավուրց վանքում։ Բարձունքներին ամրացած ագրեսորները վերևից ինքնաձիգներով կրակում էին նրա վրա, նա պատասխան կրակով պաշտպանվում էր։ ՙԱրցախում միայն ես ունեի մուգ կարմիր գույնի ՙՆիվա՚, աչքի ընկնող մեքենա էր,¬ ժպտալով ասում է հայր Պարգևը։ -Բոլորն էին այն ճանաչում՝ և՜ մերոնք, և՜ նրանք։ Ու հենց որ հակառակորդը տեսնում էր մեքենան, այն հատուկ թիրախ էր դառնում։ Բայց, ոչինչ, փառք Աստծո, ողջ մնացինք։ Թեև հայտնվում էինք ռմբակոծության, գնդակոծության տակ։ Թեմական վարչությունն էլ պայթեցրին, երբ ես շենքում էի։ Դա տեղի ունեցավ առավոտյան դեմ։ Սկսվեց ուժեղ ռմբակոծություն, Ստեփանակերտի վրա Շուշիից 70 հրթիռ արձակեցին։ Բայց հերթական անգամ ողջ մնացի։ Լավ է, որ անկողին չէի մտել, աղոթում էի հարևան սենյակում։ Ես այսպես էի համարում. եթե Աստծուն պետք եմ, եթե դեռ հարկավոր եմ ինչ¬որ առաքելության համար, նշանակում է՝ կենդանի կմնամ։ Եթե ոչ՝ Աստծո կամքն է այդպիսին՚։ Այժմ հանրապետությունում հանգիստ է։

Մարտական գործողությունների սկզբում (տևեցին 1991-1994թթ.) Լեռնային Ղարաբաղի բնակիչները կորցրին Շահումյանի շրջանն ու Գետաշենի ենթաշրջանը, Մարտակերտի, Հադրութի շրջանների մի մասը։ Կորցրած տարածքներից շատերն այդ ժամանակ խոր պաշտպանության տակ էին։ Բայց հետագայում նրանց հաջողվեց պաշտպանել ու հիմնականում ազատագրել իրենց հողերը։ Ինչպես ասում է սրբազանը, դժվար էր. ՙՔահանաների համար էլ էր դժվար։ Ստիպված էին և՜ աղոթել, և՜ զինվոր լինել, աշխարհազորայինների հետ միասին գտնվել խրամատներում, նրանց ոգևորել, քարոզել, նրանց կողքին լինել և՜  վշտի, և՜ ուրախության պահին։ Դա հատուկ ծառայություն էր, բայց մենք պետք է մեր զավակների կողքին լինեինք։ Որտեղ քո զավակներն են, այնտեղ էլ դու պիտի լինես՝ որպես քահանա, հոգևոր հայր։ Դա բնական է՚։

Պատերազմը և քահանաները

Նա շարունակում է պատմել այդ ժամանակաշրջանի մասին։ Վաղուհաս գյուղից ադրբեջանցիները հարվածներ էին հասցնում Գանձասարին, փորձում էին ավերել վանքը։ Նրանք օգտագործում էին թնդանոթներ, տանկեր, ՙԳրադ՚ կայանք, ինքնաթիռներ և ուղղաթիռներ։ ՙՆրանց նպատակը մեր սրբավայրերը ոչնչացնելն էր,- ասում է հայր Պարգևը։ -Մի անգամ պատարագի ժամանակ արկերը երկու անգամ սլացան գմբեթների արանքով։  Զգացողություն ունեի, որ տաճարն այդ պահին ջարդուփշուր կլինի։ Ու այդ միջոցին ժամերգության ժամանակ աղաչեցի. ՙՏեր Աստված, թույլ տուր գոնե պատարագն ավարտին հասցնել, հետո թող քո կամքը լինի՜՚։ Փա՛ռք Աստծո, ողջ մնացինք, ամեն ինչ լավ անցավ։ Պատերազմում առաջինը զոհվեց մեր սարկավագ Ռաֆիկ Խաչատրյանը, հետո եկեղեցու սպասավոր Արմեն Օսիպյանը։ Հայր Վահանին սպանեցին Հայաստանի հետ սահմանին։ Թեմական վարորդին գնդակահարեցին այն ճանապարհի վրա, որով այսօր գնում ենք, Կիչան գյուղի մոտ նա դարան ընկավ։ Մեր Գանձասարի վանքի պահակը վիրավորվեց։ Երբ ինքնաթիռները ռմբակոծում էին գյուղերը, հարվածային ալիքը պատուհանից դուրս նետեց Վանք գյուղից հայր Հովհաննես Հովհաննիսյանին։ Քահանաներից շատերն այդ ժամանակ մարտական պարգևներ ստացան, քանի որ շատերը մասնակցում էին մարտական գործողություններին։ Նրանց մեդալներ, շքանշաններ էին տալիս։ Ինչպե՞ս է եղել։ Մի ձեռքում խաչը, մյուսում՝ գնդացիրը։ Իսկ ի՞նչ անել։ Պետք է հայրենի գյուղը պաշտպանել, իսկ մարդիկ չկային։ Մեզ մոտ այդ ժամանակ զորակոչի ենթակա էին 14-70 տարեկանները, բոլորը գնում էին ռազմաճակատ: Մարդիկ չէին հերիքում՚։ 

Հայր Պարգևից բանակը վերցրեց սեմինարիայի 3 աշակերտի։ Հետո նրանք ծառայեցին՝ հասնելով բարձր պաշտոնների։ Արդեն պատերազմից հետո երիտասարդ քահանային ուղարկեցին հրետանային գունդ` որպես գնդերեց, որի հրամանատարը սեմինարիայի նախկին նման մի շրջանավարտ էր։ Նա մանրազնին կերպով ստուգեց իր գնդերեցին՝ քննելով Ավետարանի ու եկեղեցական ժամերգության իմացությունը և ուղղելով սխալ պատասխանները։ Քահանան ապշած էր ու բարձր բացականչեց. ՙՍա ի՞նչ տեղ է, որտե՞ղ եմ հայտնվել, եթե այստեղ գնդապետներն ինձանից լավ գիտեն գնդերեցի աշխատանքը՚։ Ահա այսպիսին է այս հանրապետությունը։ 

Այդ ընթացքում մոտենում ենք Վաղուհասին։ Այստեղ արդեն մարդիկ են հավաքվել։ Մեզ դիմավորում է հայր Հովհաննեսը, բարձրահասակ մի մարդ, ով առաջարկում է շրջել վանքին կից ստեղծված  թանգարանով։ Այնտեղ կախված են գյուղի զոհված պաշտպանների նկարները, նրանց կենսագրությունները։ Ուշադիր նայում եմ ու տեսնում 13-ամյա տղայի։ Նա զոհվել է 1992թ.` հետ մղելով ագրեսորի գրոհը։ Գնում ենք գերազանցապես տղամարդկանցով լցված եկեղեցին։ Այսօր նրանց օրն է։ Արքեպիսկոպոսն ու վանահայրն աղոթքներ են կարդում, սարկավագները՝ երգում։ Ես հայերեն չեմ հասկանում, բայց հիմա ամեն ինչ առանց խոսքերի էլ պարզ է։ Այնուհետև դուրս ենք գալիս բակ, որտեղ հայր Պարգևն ու հայր Հովհաննեսը սուրբ ջուր ու գինի են ցողում խաչքարի վրա։ Այն ստեղծել է 17-ամյա մի պատանի։ Գնում ենք ակումբ։ Դուդուկի տխուր ձայների ներքո դպրոցականները կարդում են իրենց կյանքը զոհաբերած հերոսների անունները։

Ավերված վանքերը

Ստեփանակերտում շարունակում ենք խոսել պատերազմի մասին։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու է ագրեսորը նման ատելությամբ ավերել տաճարներն ու վանքերը։ Անգամ նացիստները Մեծ Հայրենականի ժամանակ ջանում էին եկեղեցիներին անհարկի ձեռք չտալ։ Իսկ այստեղ մարդիկ, ովքեր, այնուամենայնիվ, երկար տարիներ ապրել են կողք կողքի... ՙՆրանք ցանկանում էին ոչնչացնել մեր մշակութային ժառանգությունը,- ասում է սրբազանը։ - Ինչպես Նախիջևանում, որտեղ ոչնչացրին այն ամենը, ինչը հայկական էր, տասը հազար խաչքարեր, բոլոր վանքերը։ Եկվոր ժողովուրդը փորձում է ոչնչացնել բնիկների մշակույթը, փորձում է ապացուցել պատմության մեջ իր արմատացված լինելը, պարտադրել իր իրավունքները։ Ահա այդպես էլ պայթեցնում էին մեր տաճարները։ Գյուլիստանում ոչնչացրին մեր տաճարը, որը նոր էինք վերականգնել։ Մորթեցին 7 ծերունու, որոնք այնտեղ էին գտնվում, գլուխները նետեցին զոհասեղանի վրա։ Ինչ անենք… Բարբարոսներ են։ Իսկ մենք երբեք նրանց մզկիթներին ձեռք չենք տվել։ Հակառակը, դրանք պահպանում ենք, այն մեր մշակույթի մի մասն է։ Հետո ի՞նչ, եթե այնտեղ մի մզկիթը պարսկական է, իսկ մյուսը՝ ադրբեջանական։ Բնական է, դա էլ է մեր պատմությունը՚։

Հարցնում եմ` ինչպե՞ս է այդ պարագայում և որքա՞ն անկեղծ է արքեպիսկոպոսը ժամերգության ժամանակ ու խցում աղոթում թշնամիների համար, ինչը մեզ՝ քրիստոնյաներիս, պատվիրում է Աստված։ Եվ հայր Պարգևն իսկույն պատասխանում է. ՙԱմեն օր աղոթում եմ։ Ինձ համար դժվար չէ նրանց ներելը։ Ժողովուրդը մեղավոր չէ։ Խնդիրը ժողովուրդը չէ, բոլոր ժողովուրդները նորմալ ու բարի են։ Մեղավոր են այս կամ այն երկրի բարձրագույն ղեկավարությունը, անսկզբունք քաղաքագետները։ Իսկ ժողովուրդն ի՞նչ։ Ոչ մի ժողովուրդ չի ցանկանում կռվել, բոլորը ցանկանում են երեխաներին դաստիարակել, նրանց կրթություն տալ, կնության տալ կամ ամուսնացնել, թոռներին դաստիարակել։ Բոլոր ժողովուրդներն այդպես  են մտածում, ոչ ոքի այս պատերազմը պետք չէ։ Բայց կան քաղաքական գործիչներ, որոնց մոտ էքստրեմալ ցանկություններ են ծագում։ Համարում եմ, որ պետք է կրոնը քաղաքականությունից զանազանել։ Դա վտանգավոր է։ Աստված մի արասցե, եթե մի որևէ կրոնական պատերազմ սկսվի. այն ամենասարսափելի հետևանքները կունենա։ Պետք է դրանից զգուշանալ, շատ զգույշ լինել։ Հուսով եմ, որ բանականության ձայնը կհաղթանակի՚։

 

Եկեղեցին՝ ի սպաս ժողովրդի 

ու պետությանը

Թեևս ղարաբաղյան Եկեղեցին ոչ միշտ էր քաղաքականությունից հեռու։ Շատ հարյուրամյակներ այն գոյություն ուներ որպես Աղվանից կաթողիկոսություն, որը հայկական կաթողիկոսություններից ու պատրիարքություններից ամենահարուստն էր։ 1701թ. Գանձասարի վանքի նախասրահում Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի առաջնորդությամբ կայացավ գաղտնի ժողով, որտեղ  հավաքվել էին եպիսկոպոսներ, վարդապետներ և Ղարաբաղի մելիքները։ Ժողովին որոշում կայացվեց Պետրոս Մեծի արքունիք պատվիրակություն ուղարկելու մասին՝ գալու և Արևմտյան Հայաստանը կամ Արցախը պարսկական լծից ազատելու և քրիստոնեական Ռուսական կայսրությանը միացնելու խնդրանքով։ Այդպես էլ սկսվեց ազատագրական շարժումը, որը մինչ օրս տևում է արդեն ավելի քան 300 տարի։ Ինչպես ասում է հայր Պարգևը, դրա արդյունքը եղավ այն, որ Արցախը վերականգնեց իր պետականությունը, անկախ հանրապետություն հռչակեց, ստեղծեց այն ամենը, ինչ պետք է ունենա քիչ թե շատ արժանավոր պետությունը՝ կա նախագահ` ներկայումս Բակո Սահակյանն է, խորհրդարան, կառավարություն, օրհներգ, զինանշան և բանակ։

Ղարաբաղը ժողովրդավարական հանրապետություն է կառուցում, թեև հարցը վերջնականապես դե յուրե դեռևս լուծված չէ։ Բայց դե ֆակտո ամեն ինչ կա ու ամեն ինչ աշխատում է։ Այսօր հանրապետությունում Եկեղեցին կարևոր դերակատարություն ունի։ Թեմը հաշտ ու համերաշխ է  Արցախի ղեկավարների հետ, որոշ պետական գործիչներ թեմական խորհրդի անդամներ են։ Գիտեն Եկեղեցու կարիքների ու խնդիրների մասին։ ՙՄենք փոխադարձաբար միմյանց օգնում ենք, մենք մի առաքելություն ու մի ապագա ունենք, մի ժողովուրդ ենք,- արձանագրում է սրբազանը։

-Մեր ամենաառաջին ու գլխավոր խնդիրը Ավետարանը, Աստծո խոսքը քարոզելն ու փրկության ճանապարհն ուսուցանելն է։ Բայց մենք դեռ  սոցիալական շատ խնդիրներ ունենք։ Պետք է մարդկանց օգնենք սոցիալական ոլորտում։ Պետք է աշխատենք բանակի հետ։ Պետք է տեսակցենք հիվանդներին։ Ունենք որբեր, որոնց խնամակալություն ենք անում։ Պետք է այցելենք բանտ, նրանց, ովքեր կյանքում սխալներ են թույլ տվել։ Երբեմն քահանաներն ու այդ թվում նաև ես, իհարկե, ստիպված ենք լինում հովանավորներ գտնել այս կամ այն բարեգործական առաքելության համար։ Դիմել մարդկանց, ովքեր կկարողանային ենթակառուցվածքում, հանրապետության տնտեսությունում ներդրումներ կատարել։ Փորձում ենք օգնել մեր հայրենիքին, մեր պետականությանը։  Մտածում եմ, որ սա նույնպես մտնում է մեր պարտականությունների մեջ՚։

 

2000 տարվա պատմություն

Փետրվարի 13-ի առավոտյան գնում ենք Ստեփանակերտի կենտրոնում կազմակերպված հանրահավաքին, որտեղ հավաքվել է ողջ ժողովուրդը, որպեսզի վերհիշի Ղարաբաղյան շարժման պատմությունը։ Նախագահի կողքին կանգնած է արքեպիսկոպոսը։ Ներդաշնակությու՛ն: Բայց տուն վերադառնալու ժամանակն է։ Ճանապարհին կանգ ենք առնում Դադիվանքում, որտեղ հանդիպում եմ հայր Հովհաննեսին, ում հետ երեկ ծանոթացա։ 2015թ. նա այդ հինավուրց (հիմնադրվել է 9-րդ դարում) քրիստոնեական սրբավայրի վանահայրն է։ Քահանան ցույց է տալիս ոչ հեռու` լեռան վրա կառուցված մատուռը։ ՙԱյստեղից հիանալի տեսարան էր բացվում դեպի շրջակայքը՚,¬ ասում է նա։ Հստակեցնում եմ. ՙՎանականների՞, թե՞ մարտիկների համար՚։ Հայր Հովհաննեսը լուռ ժպտում է։ Ամեն ինչ պարզ է։ Վանքում պահպանվում են առաջին դարում հեթանոսների կողմից տանջամահ արված մարտիրոս Դադիի մասունքները։ Դադին Թադևոս առաքյալի աշակերտն էր։ Այս մարտիրոսից կարելի է սկսել քրիստոնեության պատմության հաշվարկը Ղարաբաղում։

Խորհրդային ժամանակներում Դադիվանքն ամայացած էր։ Այն մի քուրդ հովվի տնօրինությանն էր հանձնված, ով գլխավոր եկեղեցում խարույկներ էր վառում` փրկվելով ցրտից, մուրը ծածկում էր պատերն ու գմբեթը։ Բայց չկա չարիք առանց բարիքի։ Դրա շնորհիվ հաջողվեց հնարավոր վանդալիզմից քողարկել ամենահազվագյուտ որմնանկարները, որոնք 2015թ. իտալացիների օգնությամբ հաջողվեց մաքրել։ Ու այդ ժամանակ հայտնաբերվեց Հիսուս Քրիստոսը, ով Նիկողայոս Սքանչելագործին է տալիս Ավետարանը։ Այստեղ կարելի է տեսնել Աստվածամորը և հրեշտակապետ Միքայելին, ինչպես նաև Ստեփանոս Նախավկա սարկավագապետին, որին քարկոծեցին։ Ներիր նրանց, Տեր, քանզի չգիտեին, թե ինչ են անում... Հայր Հովհաննեսը նախատեսում է համալիրն ամբողջությամբ վերականգնել մինչև 2020թ.։ Մինչ նրա հետ շրջում ենք վանքով, վազելով նրան են մոտենում երեխաներ, խնդրում են օրհնել խարույկի վրայով իրենց ցատկելը և առաջարկում, որ քահանան էլ մասնակցի այդ ժողովրդական ծեսին։ Վանահայրը համաձայնում է աղոթք կարդալ, բայց հրաժարվում է ցատկելուց։ Չի կարելի։ Արդեն գնալու ժամանակն է։ Ձմռանը լեռներում ձյունամրրիկներ են լինում։ Հեռանում ենք Լեռնային Ղարաբաղից ու մաղթում ենք նրան խաղաղ երկինք` հավիտյանս հավիտենից։ 

 

Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ-Վաղուհաս-Դադիվանք 

regnum.ru

Ստանիսլավ ՍՏՐԵՄԻԴԼՈՎՍԿԻ

 

Աղբյուրը՝ http://artsakhtert.com



    Լրահոս
    ՌԱԿ
    ՌԱԿ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /