• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 18, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Պատմության այս օրը, Հայաստան
13.03.2018 | 11:02

Այսօր հայությունը նշում է մեծն Չարենցի ծննդյան օրը

«Նաիրին ծնեց Չարենցին... Ժայռակոփ պատկերներ և սեպագրեր տեսավ, ծաղկազարդ մագաղաթներ և ձուլածո տաճարներ, բայց ծով արյան ու ծով ցավերի մեջ... բարձրացրեց գլուխը` տեսավ շողացող արևը... Եվ իր հայրենիքի արցունքները սրբելու համար մխրճվեց փոթորիկների մեջ ու ելքեր որոնեց․․․»

Մարտիրոս Սարյան

 

Հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցը, նույն ինքը՝ Եղիշե Սողոմոնյանը, ծնվել է 1897թ.-ի մարտի 13-ին Կարս քաղաքում, Աբգարի և Թեկղիի բազմազավակ ընտանիքում։ Չարենցն իր նախնական կրթությունն ստանում է Ջամբազյանի դպրոցում, այնուհետև ուսումը շարունակում է Կարսի ռեալական դպրոցում:

Արդեն 1912թ.-ին Չարենցը գրում էր։ Նրա առաջին ստեղծագործությունը տպագրվեց «Պատանի» ալմանախում, իսկ արդեն 1914թ․-ին Կարսի գրախանութներից մեկի տնօրեն Ալեքսանդր Տեր-Եսայանի միջնորդությամբ արդեն իսկ Չարենց կեղծանունով լույս է տեսնում «Երեք երգ տխրադալուկ աղջկան» բանաստեղծությունների ժողովածուն։

 

1915թ.-ին հայությանը վրա հասած արհավիրքը ստիպեց Չարենցին ևս մասնակցել առաջին կամավորական ջոկատների մղած մարտական գործողություններին։ Ի դեպ, Չարենցի քույրերից Մարիամը զոհվել է հենց Մեծ եղեռնի տարիներին։ Պատերազմի արհավիրքներն ու հայ ժողովրդի կրած տանջանքները Չարենցը նկարագրել է իր «Դանթեական առասպել» պոեմում:

 

1916թ.-ին Եղիշե Չարենցը գնում է Թիֆլիս, ապա՝ Կարս և Մոսկվա, որտեղ մնում է մինչև 1919թ.-ը, երբ ընկերոջ՝ Գևորգ Աբովի հետ միասին վերադառնում է ծննդավայր և լծվում ուսուցչության գործին։ Չարենցն ու Աբովը սկսում են դասավանդել Բաշքյադիքլարի դպրոցում, որը, սակայն, 1920թ.-ի սեպտեմբերին փակվում է՝ կապված թուրքական արշավանքի հետ։

1920թ․-ից Չարենցն արդեն Երևանում էր և աշխատանքի էր անցել Հանրային կրթության և արվեստի նախարարությունում` որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար: Սակայն շուտով նա ազատ է արձակվում աշխատանքից և սկսում դասավանդել հիվանդ երեխաների ամերիկյան որբանոցի դպրոցում: Արդեն Խորհրդային Հայաստանում Չարենցը Լուսավորության կոմիսարիատի արվեստի բաժնի վարիչն էր:

1921թ.-ին Չարենցի կյանքում շրջադարձային փոփոխություն է լնում․ նա ամուսնանում է Արփիկի` Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ։ 1924թ.-ին նրանք մեկնում են ճանապարհորդության, լինում են Թուրքիայուոմ, Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում,ապա վերադառնում Երևան և սկսում աշխատակցել «Խորհրդային Հայաստան» թերթին և «Նորք» ամսագրին:

 

 

«...Չարենցի անունը պայթեց ռումբի նման:

...Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղիշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ․․․»

Գուրգեն Մահարի

 

 

1926թ.-ի սեպտեմբերյան մի օր Եղիշե Չարենցը պատահական կրակում և թեթևակիորեն վիրավորում է մի աղջկ, որի պատճառով հայտնվում է բանտում և շուտով, լսելով կնոջ վաղաժամ մահվան լուրը (Մահացել է ծանր հղիության հետևանքով), նա ազատ է արձակվում բանտից, մեկնում Մայկոպ, որտեղ և ծնվում է «Երևանի ուղղիչ տնից» արձակ ստեղծագործությունը:

Արդեն 1935թ․-ին Չարենցի գործադրծ ահռելի ջանքերի շնորհիվ լույս է տեսնում «Սասնա ծռերի» առաջին հատորը։ Այս շրջանում լույս են տեսնում նաև Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, և այլոց ստեղծագործությունները:

 

Եղիշե Չարենցը բավականին գրավիչ տղամարդ էր և, բնականաբար, չէր կարող չգրավել իգական սեռի ուշադրությունը։ Նրա կյանքում տարբեր ժամանակներում եղել է բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանը, բանաստեղծուհի Լեյլին, Կարինե Քոթանճյանը, դերասանուհի Լյուսի Թառայանը։ Սրանց բոլորին Չարենցը նվիրած ստեղծագործություններ ունի։ Ինչևէ, Չարենցն ամուսնանում է 1931թ․-ին՝ երկրորդ անգամ։ Այս անգամ այդ երջանիկը Իզաբելլան էր, ումից Չարենցն ունենում է երկու դուստր՝ Արփիկը և Ահանիտը։

 

1937թ․ ․․․Անգամ տարօրինակ կլիներ, եթե ստալինյան բռնաճնշումների ենթարկված հայ մտավորականների շարքում չլիներ նաև Չարենցը։ Նրան 1936թ․-ից վերցրեցին տնային կալանքի տակ, որից հետո՝ ձերբակալեցին։ Մեղադրանքները՝ նացիոնալիզմ, հակահեղափոխականություն, ահաբեկչություն, պետական դավաճանություն և այլն: 1937թ. աշնանը ձերբակալվեց նաև կինը` Իզաբելլան: Չարենցը ծանր հիվանդացել է և տեղափոխվել բանտային հիվանդանոց և այդ ընթացքում Խանջյանը սկսում է բանակցություններ վարել, որպեսզի Չարենցին թույլ տան մեկնել արտասահման՝ բուժվելու։ Սակայն Խանջյանին շուտով սպանում են, իսկ բանտի հիվանդանոցում օրեր շարունակ մնացած և ծայրաստիճան հյուծված բանաստեղծը 1937թ․-ի նոյեմբերի 7-ին կնքում է իր մահկանացուն։ Ըստ պաշտոնական վարկածի՝ դիահերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառը չափազանց տկար առողջական վիճակն է եղել, ինչի համար հիմք են ծառայել բազմաթիվ հիվանդությունները: Դիահերձումից պարզ է դարձել նաև,որ Չարենցն իր ձախ կրծքավանդակին դաջվածք ուներ՝ առաջին կնոր մահվան օրվա բովանդակությամբ։ Եղիշե Չարենցի գերեզմանի տեղը հստակորեն հայտնի չէ, հասարակության մեջ առկա են մի քանի հնարավոր վկայություններ, որոնք մինչև վերջ չեն բացահայտում Չարենցի առեղծվածը։

 

 

«․․․Չարենցը, Չարենցը. “Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում”… նրան չհանդիպած՝ գիտեի արդեն իր այս քերթվածը: Սկսել էի արտասանել Ամերիկայի մեջ: Ամեն բառ բացատրել էի տվել ու գրեթե գոց գիտեի: Այն մինչև այսօր մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենագեղեցիկ երգն է, գովաբանման աղոթքը․․․»

Վիլյամ Սարոյան

 

Չարենցն անգնահատելի ու անչափելի արվեստի տեր անձնավորություն էր, իր արվեստակիր էությամբ նա շարադրեց այնպիսի գործեր, որոնք մինչև օրս ընթերցողին գամում են գրքին։ Չարենցի գործերից է այսօր անգամ մանուկների շուրթերից հնչող «Ես իմ անուշ Հայաստանի․․․» բանաստեղծությունը, «Ամբոխները խելագարված», «Դանթեական առասպել» պոեմները, նրա գրչին են պատկանում բազմաթիվ թարգմանություններ Ռեմարկից, Գորկիից ու Պուշկինից, հեղիանակ է նաև բազմաթիվ ֆիլմեր սցենարների, որոնցից է «Հայտնի և անհայտ էջեր» ֆիլմը։ Չարենց արդի էր երեկ, արդի է այսօր և արդի կլինի դեռ այնքան ժամանակ, քանի դեռ մեր սերունդները «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը սովորում են աղոթքի պես։

 

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /