• USD 480.18
  • GBP 675.23
  • EUR 590.67
  • RUB 7.82
  • GEL 196.69
Ապրիլ 22, 2018
Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար

 

Դանիել Վարուժան

 

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
16.03.2018 | 13:05

Մեծ իրարանցում ռուսաստանյան ընտրությունների նախաշեմին․ ո՞րն է Հայաստանի շահը

Կիրակի՝ մարտի 18-ին, Ռուսաստանում տեղի կունենան հերթական նախագահական ընտրությունները։ Այս իրադարձությունը, անշուշտ, մեծ հետաքրքրություն է առաջացնում մեր հասարակության մի ստվար զանգվածի մոտ։ Գործնականում մեզ որքանո՞վ են հետաքրքրում դաշնակցային պետությունում կայանալիք ընտրությունները, արդյո՞ք Հայաստանն ունի «նախապատվելի» թեկնածուներ (բնականաբար, այս բառը վերցնում եմ չակերտների մեջ) և վերջապես մոտ ապագայում ինչպիսի՞ զարգացումներ կարող են ունենալ հայ-ռուսական հարաբերությունները ընտրությունների արդյունքների ներքո։ Փորձենք միասին գտնել այս հրատապ հարցերի պատասխանները՝ հաշվի առնելով այս ընտրություններին բնորոշ երկու կարևոր գործոն։

Վերլուծությունը սկսենք յուրահատուկ «դեժավյուից»․ որոշ ռուսական քաղաքական գործիչներ ասես երդվել են միչև օրենքով սահմանված տարիքի շեմին հասնելը մասնակցել իրենց երկրում կայանալիք բոլոր նախագահական ընտրություններին․ ցուցակում, ինչպես և քառորդ դար առաջ, իրենց «մշտական» տեղերում են Յավլինսկին և Ժիրինովսկին, իսկ Կոմկուսի երկարամյա առաջնորդ Զյուգանովն այս անգամ որոշեց առաջադրել մինչև վերջերս քչերին հայտնի մարքսիստ-բիզնեսմենի՝ Գրուդինինի թեկնածությունը․․․իմ համեստ ենթադրությամբ՝ «արքա «խաղում» է շքախումբը» սկզբունքով։ Թերևս թվարկած թեկնուծուները, ինչպես նաև Անատոլի Սոբչակի դուստրը՝ Քսենիա Սոբչակը, ակնհայտ ֆավորիտի պարագայում որոշակիորեն աշխուժացրին ընտրարշավի ընթացքը, իսկ թե արդյունքում ո՞վ և ո՞ր հորիզոնականում կհայտնվի, պարզ կդառնա հաջորդ շաբաթ։

Երկրորդ հատկանշական հանգամանքը, որն ընկալելի է նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդկանց համար․ 2018 ընտրություններն անցնում են միջազգային հանրության կողմից Ռուսաստանի նկատմամբ աննախադեպ ճնշումների պայմաններում։ Ընդ որում, այդ ճնշումները կրում են ամենատարբեր բնույթ և  արտաքուստ կարծեք թե կապ չունեն բուն ընտրական գործընթացների հետ և չեն կարող

անմիջականորեն ազդել դրանց վրա, սակայն որոշակի նյարդայնություն, ինչ խոսք, ավելացնում են։ Խնդիրն այն է, որ այս ամենը՝ շարունակվող պատժամիջոցները, սիրիական իրադարձությունները, շուրջ երկու տարի շարունակվող մեղադրանքները՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին խառնվելու հարցում և այդ առումով Սպիտակ տան կողմից հրապարակված ոչ այնքան հասկանալի ցուցակները, նույնիսկ՝ Օլիմպիադայի նախաշեմին ՄԱԿ-ի կողմից ստացած շառաչուն «դոպինգային» ապտակը ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունեին, իսկ այդ ենթատեքստի անունն է Վլադիմիր Պուտին։

Ահա և վերջին մի քանի օրերին նոր իրարանցում բարձրացավ՝ կապված նախկինում ռուս բարձրաստիճան հետախույզ Սկրիպալի հետ։ Այս պարոնը, որը դեռ տարիներ առաջ դավաճանել էր իր երկրին և պաշտոնապես հանձնվել Մեծ Բրիտանիային, օրերս թունավորվել է Լոնդոնում և այդ հանցանքում անգլիական իշխանությունները մեղադրում են ․․․ միանգամայն իրավացի եք, Ռուսաստանին։ Թե ի՞նչ իմաստ ուներ ռուսների կողմից թունավորել այլևս ոչ մի հետաքրքրություն չներկայացնող նախկին հետախույզին՝ գիտակցելով, որ այս միջադեպը մեծ արձագանք կարող է ստանալ, այն էլ՝ նախագահական ընտրություններից տառացիորեն օրեր առաջ, պարզապես անհասկանալի է։ Սակայն թափանիվն արդեն ընթացք է ստացել, և ստիպված արդեն համապատասխան բացատրություններ է տալիս ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը։ Իսկ օդում արդեն խոսակցություններ են պտտվում Ռուսաստանին Ֆուտբոլի աշխարհի  2018 թ․ առաջնությունից զրկելու վերաբերյալ, ինչն արդեն կարող է ոչ միայն քաղաքական, այլև չափազանց լուրջ ֆինանսական հետևանքներ ունենալ այդ երկրի համար։

Եկեք անկեղծ լինենք․ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արևմուտքը չի էլ թաքցնում, որ համաձայն է և ցանկանում է Ռուսաստանի առաջնորդի դերում տեսնել ցանկացած թեկնածուի, նույնիսկ՝ համայնավարի (ինչն արդեն ուղղակի զավեշտալի է), բացի ՌԴ գործող նախագահից, ընդ որում, անում է դա բավականին կոշտ, երբեմն էլ՝ շանտաժ հիշեցնող ձևով։ Պատճառները շատ են և թերևս արժե դրանց անդրադառնալ հետագայում՝ դեպքերի որոշակի զարգացումների պարագայում։ Սակայն այս վերլուծության շրջանակներում դրանք այդքան էլ էական չեն։ Մեզ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպիսի՞ն կլինեն հետևանքները Հայաստանի համար մի իրավիճակում, եթե Ռուսաստանում, ասենք, կտրուկ իշխանական փոփոխություններ տեղի ունենան։  Ես անձամբ դրանից ոչ մի լավ բան չեմ սպասում՝ հարցը դիտարկելով առաջին հերթին հայկական պետությունների անվտանգության տեսանկյունից։ Կարիք կա՞ հիշեցնելու, թե ինչպիսի քաղաքական «ռևերանսների» են ընդունակ թեկնածուներից ոմանք, ասենք, կապված արցախյան հիմնախնդրի լուծման ճանապարհների հետ։ Մյուս կողմից, չնայած որոշակի անհարթություններին, այսօր հայ-ռուսական պաշտոնական  հարաբերությունները գտնվում են բավական բարձր մակարդակի վրա։ Չափազանց կարևոր եմ համարում, որ դրանք կայուն և կանխատեսելի են։ Հայաստանին և Արցախին այսօր ռուսաստանյան ցնցումները միայն կարող են վնասել՝ սա միանշանակ է։

Վերջում ցանկանում եմ ևս մեկ կարևոր դիտարկում անել։ Մեր հանրության յուրաքանչյուր անդամ պետք է սովորի տարանջատել աշխարհաքաղաքական տարբեր բևեռների հետաքրքրությունների ոլորտն իր քաղաքական հայացքներից ։ Մեզ անհրաժեշտ է մշտապես մտապահել սեփական պետության շահերը, նույնիսկ եթե դրանք այնքան էլ համահունչ չեն ժամանակակից «քոմ իլ ֆոյի» մասին մեծամասնության պատկերացումներին։ Մի փոքր բացեմ փակագծերը․արդյո՞ք լսել եք Հայաստանում ապաստան գտած գեթ մեկ սիրիահայ փախստականի մասին, որն այս ընթացքում կարծիք արտահայտած լինի, թե Սիրիայում տարիներ շարունակ թափվող արյան և իրենց՝ հայրենիքից հեռանալու պատճառը «ոչ դեմոկրատ» ասադյան իշխանություններն են, այլ ոչ «խաղաղասեր» կրոնամոլ ապստամբները։ Ես այդպիսիքին չեմ հանդիպել․․․

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /