• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
17.03.2018 | 15:35

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարել է Կիևի հայկական եկեղեցու հիմնարկեքը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական երկօրյա այցով նախօրեին մեկնել է Ուկրաինայի հայոց թեմ` Դնեպրի Ս. Գրիգոր Լուսավորիչ նորակառույց եկեղեցու օծման առիթով:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Ուկրաինայի քաղաքամայր Կիևում Գարեգին Բ Կաթողիկոսը, ուղեկցությամբ հոգևորականների, այցելել է կառուցվելիք եկեղեցու տարածք, ուր Հայոց Հայրապետին դիմավորել են «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո:

Այնուհետև, ձեռամբ Վեհափառ Հայրապետի, կատարվել է եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Ըստ Հայ Եկեղեցու ծիսակարգի, շարականների և սաղմոսների երգեցողության ներքո նախ ջրով, ապա գինով լվացվեցին եկեղեցու հիմքերում զետեղվելիք 16 քարերը Քրիստոսի 12 առաքյալների, Պողոս առաքյալի, երկու ավետարանիչների և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով, որից հետո Վեհափառ Հայրապետը և առընթերակա եպիսկոպոսները Ս. Մյուռոնով օծել են եկեղեցու հիմքերի քարերը, աղոթել են կառուցվելիք տաճարի անսասանության և օրհնաբեր առաքելության համար: Օծումից հետո քարերը տասնվեց խաչքավորների կողմից զետեղվել են եկեղեցու հիմքերում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակալից այս իրադարձության կապակցությամբ նաև իր պատգամն է բերել ներկաներին։

«Հոգու անհուն բերկրանքով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժամանել ենք Ուկրաինա՝ Դնեպրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման առիթով, և ուրախ ենք Մեր այցի շրջանակներում կատարելու նաև Կիևի եկեղեցու հիմնարկեքի արարողությունը և Հայրապետական Մեր օրհնությունը բերելու հավատավոր Մեր զավակներին:

Ամենքիդ աղոթակցությամբ և մեր եկեղեցականաց հետ միասին կատարեցինք եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, որը նոր ավյուն, հույս և խանդավառություն է հաղորդելու ուկրաինահայոց հոգևոր կյանքին: Ս. Նահատակաց մատուռի հարևանությամբ վեր հառնելիք այս տաճարը մեր զավակների ազգային-հոգևոր կյանքի վերազարթոնքի մի նոր կենտրոն պիտի դառնա և ջինջ աղբյուր` քրիստոնեական արժեքներով զորացման: Այն պիտի նաև խոսուն վկայությունը դառնա Ուկրաինայում հայոց պատմական բազմադարյա ներկայության: 
Պատմական աղբյուրների վկայությամբ` տակավին 11-րդ դարից այս երկրամասում հիշատակվում է հայոց եպիսկոպոսական Աթոռի առկայությունը: Տարբեր քաղաքներում կառուցված հայկական աղոթավայրերը խոսուն վկաներն են երկու ժողովուրդների միջև առկա սերտ կապերի: Կիև քաղաքում ևս հիշատակվում է  հայկական Ս. Աստվածածին եկեղեցին, որը 17-րդ դարում հրդեհի հետևանքով հիմնովին այրվել է: Եվ այս պատճառով հետագայում հայերին հոգևոր արարողությունների համար հատկացվել է Կիևի Ս. Սոֆիա տաճարի մատուռներից մեկը, ինչի մասին վկայում են տաճարում պահպանված Հայ Եկեղեցու սրբերի որմնանկարները և 22 հայերեն արձանագրությունները:

Սիրելի հայորդիներ, այսօրվա արարողությունը ևս մեկ անգամ բերում է բերկրանքը՝ վերապրելու Ուկրաինայի հայ գաղթօջախի հոգևոր զարթոնքի և ձեռքբերումների փառավոր հիշատակները: Փառք ենք վերառաքում առ Աստված ձեր աշխույժ ազգային-եկեղեցական կյանքի համար: Մխիթարություն է Հայրապետիս համար այսօր ականատեսը դառնալ ձեր հոգևոր արթնությանը, հայրենասեր և եկեղեցանվեր ձեր ոգուն: Ձեր հավատավոր ընթացքի և աստվածահաճո գործոց արգասիքն է նաև եկեղեցու կառուցման այս ձեռնարկումը, որ Աստծո կամոք պիտի վեր խոյանա և իր կամարների ներքո համախմբի հայորդիներին: 

Եկեղեցին կենդանի Մարմինն է Քրիստոսի, մենք` նրա անդամները` միավորված Աստծո անբավ սիրով և գուրգուրանքով: Այստեղից են բխում շնորհն ու օրհնությունը ազգային, համայնքային և ընտանեկան մեր կյանքի:  Այստեղ ենք մենք մեր Տիրոջ Մարմնի և Արյան հաղորդությամբ դառնում մեկ, դառնում կենդանի Աստծո եկեղեցի` սյուն և հաստատություն ճշմարտության (հմմտ. Ա Տիմ. 3:15): Դարեր շարունակ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին աշխարհի տարբեր ծագերում Տիրոջ Ս. Խորանի շուրջ համախմբել է իր բարեպաշտ զավակներին` նրանց կյանքը խարսխելով Տերունավանդ արժեքների և պատվիրանների վրա:

Հավատարիմ իր աստվածատուր առաքելությանը` Հայոց Եկեղեցին, ի հեճուկս մեր ժողովրդին և հայրենիքին պատուհասած զանազան փորձությունների, արհավիրքների և զրկանքների, ամենայն ջանադրությամբ համախումբ է պահել մեր ժողովրդին Ս. Գրիգոր Լուսավորչի` առկայծող հույսի ու հավատի մշտավառ կանթեղի շուրջ: Մեր Եկեղեցին դարձել է պատսպարանն ու պաշտպանը ազգային սրբազան ժառանգության և երաշխավորը հայի ինքնության անխաթար պահպանության՝ մշտարթուն պահելով անկախ պետականության վերականգնման, հանուր ազգային կյանքի պայծառության տեսլականը: Ուր էլ որ հայտնվել է հայը, կողք կողքի վեր են հառնել հայկական եկեղեցին և հայ դպրոցը` մեր ժողովրդին ջամբելով Աստծո և ազգի նկատմամբ սերը, հայրենիքի և Մայր Եկեղեցու նկատմամբ անսակարկելի նվիրումը: Հավատքն ու դպրությունն են դարեր ի վեր եղել և այսօր էլ կան հայ ազգի հարատևության գրավականները` անկախ հայրենիքի իրողությամբ զորացյալ:

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, այս մտորումներով Մեր հորդորն ենք բերում ամենքիդ` նախանձախնդրությամբ և աստվածահաճո ընթացքներով առաջնորդել ձեր կյանքը` հավատարմությամբ պահպանելով նախնյաց ավանդները և կյանքի կոչելով ձեր նվիրական իղձերն ու երազանքները: Զորավիգ եղեք հայ դպրոցին և Հայոց Եկեղեցուն` բանուկ պահելով այդ ճանապարհը, որպեսզի անվրդով և համերաշխ, շեն ու պայծառ լինի համայնքային ձեր կյանքը` դառնալով աղբյուր օրհնության գալիք սերունդների համար: Որպես Ուկրաինայի ազնիվ, գնահատված քաղաքացիներ՝ Ձեր ներդրումը շարունակեք բերել Ուկրաինայի կյանքի բարեշինությանը, որը դժվարին օրեր է ապրում ներկայիս: Մեր աղոթքն է, որ Ողորմած Աստված երկնային խաղաղության շնորհը հեղի Ուկրաինայի աստվածասեր ժողովրդի կյանքին  և պարգևի նորանոր ձեռքբերումներ պայծառ ու առաջընթաց կյանքի կերտման ճանապարհին», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /