• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Արցախ
23.03.2018 | 13:05

Այսօր հրատապ է Ադրբեջանին դիմակազերծ անելը

Արևմտյան Հայաստանում Թուրքիայի վարած պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների քաղաքականությունը, որի բարձրակետը հանդիսացավ բնիկ ժողովուրդների՝ հայերի, հույների, ասորիների ցեղասպանությունը, 1918 թվականին արտահանվեց Արևելյան Անդրկովկաս, որտեղ թուրքական սվինների վրա ստեղծվեց խամաճիկային Ադրբեջանի Հանրապետությունը՝ գողացված անունով ու տարածքային աներևակայելի հավակնություններով: Ադրբեջանի հազիվ երկու տարվա գոյությունը բնութագրվում է արյունալի նախճիրներով, պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների անպատիժ քաղաքականությամբ: Դրան զոհ գնաց Արևելյան Անդրկովկասի հայ ազգաբնակչության զգալի մասը, հրկիզվեցին ու ավերվեցին հարյուրավոր ծաղկուն բնակավայրեր, անխնա ոչնչացվեցին, կողոպտվեցին կամ յուրացվեցին հայ ժողովրդի բազմադարյա  մշակութային արժեքները: Հատկապես ծանր էր Արցախի երբեմնի մայրաքաղաք Շուշիի կորուստը. իննսունութ տարի առաջ Անդրկովկասի ծաղկուն քաղաքներից մեկը հրի մատնվեց ու հիմնահատակ ավերվեց: Այդ մասին է հարցազրույցը «Կաճառ» գիտական կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Հարությունյանի հետ:

 

-Այդ ողբերգական դեպքերը երկար տարիներ գտնվում են Ձեր գիտական ուսումնասիրությունների առանցքում: Ի՞նչ եզրահանգումներ եք կատարել:

 

-Ադրբեջանի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների քաղաքականությունը Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան շրջաններում առ այսօր միջազգայնորեն չի դատապարտվել, իսկ արյան ու ավերածությունների միջոցով ստեղծված այդ պետությունը պատասխանատվության չի ենթարկվել: Անպատժելիության զգացումը Ադրբեջանի ղեկավարության ոճրագործ ձեռքերին ազատություն է տվել նորից նախճիրներ նյութելու բնիկ ժողովուրդների դեմ, բարբարոսաբար ոչնչացնելու նրանց ստեղծած քաղաքակրթային արժեքները: Ադրբեջանի կարճատև գոյությունն անհամեմատելիորեն հարուստ է պատերազմների սանձազերծումով, բռնություններով, ավազակային հարձակումներով ու կողոպուտներով, էթնիկական զտումներով և բնիկներին պատկանող պատմաճարտարապետական կոթողների զանգվածային ոչնչացումով: Թուրքական սվինների օգնությամբ ստեղծված այդ խամաճիկային պետությունն ինքնահռչակման օրից` 1918 թ. մայիսի 27-ից ի վեր Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան շրջաններում իրականացնում է պետական ահաբեկչության քաղաքականություն՝ դառնալով ցեղասպանության թուրքական քաղաքականության կույր գործիքը: Այդ քաղաքականության սահմռկեցուցիչ դրսևորումները Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի պատմության մռայլ էջերն են կազմում: Դրանցից հատկանշելի են Բաքվի 1918թ. և Շուշիի 1920 թ. եղեռնագործությունները: Իր պատմական հայրենիքից հայ ազգաբնակչության բռնի տեղահանության քաղաքականության շուրջ 70-ամյա անպատիժ գործադրումն այսօր հայրենազրկել է կես միլիոնից ավելի ադրբեջանահայերի, մարդկային ու մշակութային վիթխարի և անդառնալի կորուստների պատճառ դարձել:

 

-Ցավով ենք արձանագրում, որ ցայսօր հանցագործները անպատիժ են մնում: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ անպատժելիությունը:

 

-Այդ ոճրագործություններին քաղաքական գնահատական չտալը, չդատապարտելը և հանցագործ Ադրբեջանին պատասխանատվության չենթարկելը հանգեցրել են նրան, որ այն այսօր դարձել է տարածաշրջանի ամենաագրեսիվ, սպառազինությունների մրցավազքով և նոր պատերազմ սանձազերծելու մոլուցքով տառապող մի անկանխատեսելի ու վտանգավոր կազմավորում, պատերազմի մշտական օջախ, որը սպառնում է հարավ-կովկասյան տարածաշրջանի անվտանգությանը, միջազգային կառույցների տնտեսական, քաղաքական և տարածաշրջանային այլ ծրագրերի իրականացմանը: Այդ սպառնալիքը հատկապես ակնհայտ է հայկական կողմի համար, քանզի տասնամյակների փորձը վերջինիս օգնում է ավելի լավ ճանաչել խարդախ հարևաններին, կանխատեսել նրանցից եկող վտանգը: Միաժամանակ, դա մեզ իրավունք է տալիս դիմելու զինված ինքնապաշտպանության, ինչպես դա արդեն արել ենք XX դարի 90-ականների սկզբներին Ադրբեջանի նախահարձակմանը դիմագրավելու ժամանակ կամ էլ կանխարգելիչ հակահարված հասցնելու սահմանագծում հակառակորդի դիպուկահարների ու դիվերսիոն-հետախուզական խմբերի չդադարող սադրանքների ու ոտնձգությունների զսպման նպատակով: Իսկ համաշխարհային ուժային կենտրոնները, կաշկանդված իրենց հակասական շահերից և կուրացած ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքների խաբուսիկ ցոլքից, դեռևս հապաղում են բռնել պանթուրքական զառանցանքներով տառապող ոճրագործի ձեռքը, դատապարտել պատերազմի սպառնալիքներով ու հրադադարի ռեժիմը խախտելով, զանազան սադրանքներով իրավիճակը ապակայունացնելու և խաղաղարար գործընթացը տապալելու Ադրբեջանի քաղաքականությունը: Առաջընթացի հասնելու համար հայկական կողմի անելիքները ևս շատ են, մանավանդ, որ ճշմարտությունը տեղ հասցնելու համար պահանջվում է երկարատև ու անդադար պայքար: Այս տեսակետից կարելի է հատկանշել նաև հասարակության ակտիվության գործոնը: Այդ դաշտում կարելի է առանձնացնել Ադրբեջանի պետական ահաբեկչությունը և էթնիկական զտումների քաղաքականությունը դատապարտելու և միջազգային հանրությանը դրա անհրաժեշտությունը ներկայացնելու «Կաճառ» գիտական կենտրոնի նախաձեռնությունները: Արդեն տասներկուերորդ տարին է, ինչ Շուշիում Կենտրոնի կողմից կազմակերպվում են զանազան միջոցառումներ` նվիրված 1920 թ. մարտյան ողբերգության հերթական տարելիցներին: Ցեղասպանություն վերապրած մեր հայրենակիցների սերունդների նպատակը ոչ միայն Ադրբեջանի պետական ահաբեկչության ու էթնիկական զտումների քաղաքականության դատապարտումն է, այլև միջազգային հանրությունից, նախ և առաջ, Ադրբեջան-ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված պետություններից նույնն ակնկալելն ու պահանջելն է:

 

-Ի՞նչով եք պայմանավորում հարևան պետության ոճրագործ քաղաքականության դատապարտման անհրաժեշտությունը:

 

-Ներկայիս Ադրբեջանը, լինելով Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության իրավահաջորդը, և օգտվելով անպատժելիությունից, որդեգրել է իր նախորդի ոճրագործ քաղաքականությունը: Դրա վկայությունն են հանդիսանում 1987-91 թվականների ադրբեջանահայության ջարդերը և բռնատեղահանությունները, ագրեսիայի նախաձեռնումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ, իսկ ներկայում` սահմաններ փակելով, հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելով, խաղաղարար գործընթացին խոչընդոտելով պատերազմի ու սպառազինությունների մրցավազքի մշտական հրահրումը:

Շուշիում Ադրբեջանի կողմից կազմակերպված ոճրագործությունները հայ ազգաբնակչության նկատմամբ ցեղասպանության տասնամյակներ շարունակվող քաղաքականության հերթական դրսևորումն էին և բացահայտում են Ադրբեջանի ահաբեկչական, ագրեսիվ ու անմարդկային բնույթը: Մեր օրերում, երբ տեղաբնիկների ցեղասպանության միջոցով ձևավորված Ադրբեջանի ղեկավարները բարձր ամբիոններից ճամարտակում են ժողովրդավարական արժեքների մասին, պետականորեն կազմակերպված ու իրագործված ոճրագործությունների համար ցինիկորեն մեղադրում դրանց զոհ գնացած հայերին, ավելի քան հրատապ է, մանավանդ` ներկայում լայն թափ ստացած տեղեկատվական պատերազմի պայմաններում, անցյալի ողբերգական իրադարձությունների վերաիմաստավորումը, դրանց համարժեք գնահատական տալը և, դրանով իսկ Ադրբեջանին դիմակազերծ անելը:

 

Հատուկ «ՀԱՅ ՁԱՅՆ»ի համար

Շուշի


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /