• USD 483.03
  • GBP 647.65
  • EUR 567.51
  • RUB 7.74
  • GEL 197.96
Մայիս 21, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
27.03.2018 | 13:31

Թուրքական բանակը կհասնի մինչև այնտեղ, ուր նրան թույլ տան ԱՄՆ-ը, ՌԴ-ն ու Իրանը. Թուրքագետ

«Հայ ձայնի» զրուցակիցն է թուրքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը

 

1.Նախօրեին Տրապիզոնում ելույթ ունելիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանը նշել է, որ շուտով թուրքական բանակը վերահսկողության տակ է վերցնելու սիրիական Թել Ռըֆաթ քաղաքը: Ի՞նչ եք կարծում, «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակներում մինչև ո՞ւր կհասնի թուրքական բանակը:

 Էրդողանի խոսքերով՝ «Ձիթենու ճյուղ» գործողությունը վերջնականապես իր նպատակին կհասնի միայն այն դեպքում, եթե թուրքական բանակի վերահսկողության տակ վերցվի նաև սիրիական Թել Ռըֆաթ քաղաքը։ Վերջինս գտնվում է Հալեպից 40 կմ դեպի հյուսիս, կարևոր ճանապարհների հանգուցակետում, և Թել Ռըֆաթը գրավելու դեպքում թուրքական բանակն ավելի կմոտենա Հալեպին։ Մամուլում անգամ տեղեկություններ կան, որ Թուրքիայի ու նրա հովանավորչությունը վայելող սիրիական ընդդիմադիր մի շարք խմբավորումների միջև հակասություններ են ծագել Թել Ռըֆաթի վերաբերյալ, քանի որ Թուրքիան Աֆրինը գրավելուց հետո միանգամից չի շարժվել դեպի այնտեղ։ Միգուցե Ռուսաստանն ու Իրանը դեմ են, որ Թուրքիան Աֆրինից հետո շարժվի դեպի Թել Ռըֆաթ, ավելի մոտենա Հալեպին։ Իր դերը կարող է խաղացած լինել նաև այն, որ Թուրքիան արդեն վերահսկողության տակ է առել Աֆրինի շրջանը և լուծել է իր համար կարևոր մի շարք խնդիրներ.

 1)Թուրքիան կանխեց Սիրիայի քրդերի երեք շրջանների (կանտոնների) միավորումը Սիրիայի հյուսիսում։ Խոսքը  Աֆրինի, Քոբանիի ու Ջիզրեի շրջանների մասին է։ 2) Թուրքիան կանխեց Սիրիայի քրդերի հնարավոր առաջխաղացումը Աֆրինից դեպի Միջերկրական ծով (թուրքական կողմը շարունակ թմբկահարում էր «Սիրիայի քրդերի նման մտադրության» մասին), 3) Թուրքիան կարևոր քայլ կատարեց Սիրիայի քրդերին դեպի Եփրատ գետի արևելյան ափը մղելու, իր սահմաններին «քրդական պատնեշի կամ միջանցքի» ստեղծման չեզոքացման հարցում (մնացել է Մանբիջի շրջանը, և Թուրքիան փորձում է դա անել ԱՄՆ-ին համոզելու միջոցով)։ Կարծում եմ՝ այսպիսի պայմաններում Թուրքիայի համար Թել Ռըֆաթի գրավումը միայն ցանկալի է, սակայն ոչ պարտադիր, չափից ավելի անհրաժեշտ։ Ինչ վերաբերում է նրան, թե մինչև ուր կհասնի թուրքական բանակը մինչև այնտեղ, ուր նրան թույլ տան ԱՄՆ-ը, ինչպես նաև ՌԴ-ն ու Իրանը։ Չեմ կարծում, թե այս երեք երկրները պատրաստ են վերստին տուրք տալ Թուրքիայի նկրտումներին, և ըստ ամենայնի՝ կփորձեն Թուրքիային համոզել բավարարվել ձեռք բերածով։ Նրանք տեսնում են, որ Թուրքիայի «ախորժակն ուտելիս բացվել է»։ ԱՄՆ-ը ոչ միայն հերքել է Մանբիջի շրջանից հեռանալու մասին լուրերը, այլև որոշել է ռազմական ներկայությունը մեծացնել Քոբանիում։ Կարծում եմ՝ Սիրիայի քրդերի վերահսկած տարածքներում ամերիկյան զորքերի տեղակայումն ամենահամոզիչ մեթոդն է՝ թուրքական բանակի առաջխաղացումը զսպելու, կանխելու համար։ Ամեն դեպքում գոնե այս փուլում Էրդողանի թիվ մեկ գերխնդիրը Սիրիայի քրդերին Եփրատի արևմտյան ափից դուրս մղելն է։ Էրդողանը ցանկանում է Եփրատ գետը որպես սահման, որպես վահան ծառայեցնել Սիրիայի քրդերի դեմ (հիշենք «Եփրատի վահան» գործողությունը)։ Նույնը նա փորձում է կրկնել Հյուսիսային Իրաքում, և Տիգրիս գետը որպես պատնեշ ծառայեցնել PKK-ի («Քրդստանի աշխատավորական կուսակցություն») դեմ։

 

2. Արդյո՞ք ռազմական գործողություն կծավալվի նաև Իրաքի տարածքում, քանի որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր Իրաքի Սինջար շրջանում գործողություն սկսելու մասին:

Իրաքում թուրքական հնարավոր ռազմական գործողությունն արդեն կնքել են «Տիգրիսի վահան» անունով։ Որոշ տեղեկություններով՝ այդ գործողությունն արդեն սկսվել է, թեպետ PKK-ը հերքել է դա։ Կան նաև տեղեկություններ, որ PKK-ն լքել է Սինջարի շրջանը՝ ընդգծելով, որ այնտեղ էր մտել ԻՊ-ի հարձակումներից տեղաբնակներին պաշտպանելու համար, և որ իրաքյան բանակն արդեն մուտք է գործել Սինջարի շրջան, ինչը կարող է նշանակել, որ դրանով կփակվի թուրքական բանակի մուտքը Սինջար։ Եթե սա իսկապես տեղի է ունեցել, ապա PKK-ը վարվել է խելամտորեն՝ Սինջարի շրջանը թողնելով իրաքյան բանակին և Թուրքիային զրկելով ռազմական գործողություն ձեռնարկելու հիմքից։ Կարծում եմ, որ Սիրիայի քրդերն էլ պետք է վարվեին նման կերպ և Աֆրինի շրջանը թողնեին ոչ թե Թուրքիային, այլ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի բանակին։ Եթե անգամ Թուրքիան  ռազմական գործողություն չձեռնարկի էլ Սինջարում, ապա միևնույն է՝ նա հայտնվում է շահեկան դիրքերում, քանի որ այդ գործողության ահից PKK-ը լքել է Սինջարը, և այն, որ նրա փոխարեն Սինջար է մտել իրաքյան բանակը, Թուրքիայի տեսանկյունից պարզապես չարյաց փոքրագույնն է (PKK-ի ազդեցությունն է նվազել)։ Միգուցե Իրաք-PKK հնարավոր գործարքի պատճառով է, որ պաշտոնական Բաղդադը սկսել է ընդդիմանալ թուրքական ռազմական գործողությանը, մինչդեռ թուրքական կողմի պնդմամբ՝ ավելի վաղ նա չէր առարկել դրան։ Թուրքիան հզոր լծակ ունի Իրաքի դեմ և կարող է շուտով այն կիրառել։ Թուրքիան արդեն պատրաստել է Տիգրիս գետի վրա խոշորագույն՝ Ըլըսուի ամբարտակը, որը նա պատրաստվում էր լցնել մարտին։ Սակայն իրաքյան կողմի խնդրանքով՝ Թուրքիան համաձայնվել է ջրամբարը ջրով լցնելու գործընթացը հետաձգել մինչև հունիս։ Հայտնի է, որ Տիգրիսի տարեկան հոսքի 75 տոկոսը բաժին է ընկնում մարտ-հունիս ամիսներին, և եթե Բաղդադը տուրք չտա թուրքական պլաններին, Թուրքիան կարող է Ըլըսուի ջրամբարը ջրով լցնելու գործընթացը սկսել ներկայումս՝ կտրելով Տիգրիսի գետահոսքը դեպի Իրաք, որը մեծ վնաս կպատճառի այդ երկրին։

 

3.  Ի վերջո ինչպիսի՞ հեռահար նպատակներ ունի Էրդողանը: 

Էրդողանի հեռահար նպատակների թվում, ըստ իս Թուրքիայի տարածքային ամբողջականության ընդլայնումն է։ Էրդողանը շարունակ հեռակա մրցակցության մեջ է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետ, շատ դեպքերում անգամ խուսափում է Աթաթուրք (թարգմանաբար՝ թուրքերի հայր) բառեզրն օգտագործելուց և լավ է հասկանում, որ նրա հետ նույն հարթության վրա կանգնելու կամ անգամ գերազանցելու համար անհրաժեշտ է ունենալ տարածքային ձեռքբերումներ։ 2016թ-ից սկսած՝ Թուրքիան ռազմական ներկայություն է հաստատել Ազեզ-Ջերաբլուս գոտում, Աֆրինի շրջանում (Հալեպի նահանգ), Իդլիբի նահանգում, ինչից հետո նա սկսել է տեղական կառավարիչներ նշանակել այդ տարածքներում, Թուրքիայի կրթության նախարարությունն ու Կրոնական գործերի վարչությունը լայն գործունեություն են իրականացնում այսպես կոչված «Եփրատի վահան» գոտում, այժմ էլ նույնը կանեն Աֆրինի շրջանում։ Սրանք վկայում են Թուրքիայի հեռահար նպատակների մասին։ Նկատենք, որ Թուրքիան այս ամենի հետ մեկտեղ փոխում է տարածաշրջանի ժողովրդագրական պատկերը, ինչում սրանից առաջ շարունակ մեղադրում էր Սիրիայի քրդերին։ Թուրքական կողմը կարող է իր հանդեպ բարյացակամ տրամադրված սիրիացի փախստականներին, թուրքմեններին վերաբնակեցնել իր վերահսկողության տակ գտնվող տվյալ տարածքներում, և եթե անգամ թուրքական զորքը հեռանա այդ տարածքներից, Թուրքիան կունենա հուսալի հենարան դրանցում։ Թուրքական կողմը կարող է այդ տարածքներում անցկացնել հանրաքվե, որի մասնակիցները նախևառաջ կարող են որոշում կայացնել Սիրիայից անջատվելու, ապա նաև «իրենց փրկիչ» Թուրքիային միանալու մասին։ Չմոռանանք, որ վերջին տարիներին Էրդողանը շարունակ ահազանգում է 1923թ. Լոզանի համաձայնագրի «արդյունքների անարդարության» մասին՝ ընդգծելով, որ օտար երկրներն օգտվել են Թուրքիայի թուլությունից և նրան պարտադրել են այդ համաձայնագիրը։ Ի դեպ, Լոզանի համաձայնագիրը ֆիքսել է նաև Սիրիայի ու Իրաքի, ինչպես նաև Հունաստանի հետ Թուրքիայի ներկայիս սահմանները (հայտնի է Թուրքիայի երազանքը՝ հետ վերադարձնել Հալեպը, Մոսուլը, Քիրքուքը, Էգեյան ծովի մի շարք կղզիներ և այլն)։

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի

 



    Լրահոս
    ՌԱԿ
    Տեղի ունեցավ ՌԱԿ երիտասարդական 2-րդ հավաքը (Լուսանկարներ)
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /