• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հարցազրույց, Հայաստան
07.04.2018 | 13:31

Գրքիս յուրաքանչյուր հերոսի հետ հավասար ապրում եմ նույն հոգեվիճակը, նույն զգացմունքները. Նարինե Կռոյան

 

Սուրբ Աստվածածնի Ավետման օրը՝ ապրիլի 7-ը, որը մեր ազգային տոնացույցում  ամրագրված է որպես Մայրության և գեղեցկության օր, իրավամբ ևս մեկ գեղեցիկ առիթ է մեծարելու հայ կնոջը, արտահայտելու նրա հանդեպ տածած ակնածանքն ու անսահման սերը: Կյանքի յուրաքանչյուր փուլում անուրանալի է կնոջ դերակատարությունը. չէ՞ որ շատերի համոզմամբ հենց կինն է կյանքի շարժիչ ուժը...

 

Հայ կինը կարողացել և կարողանում է իրեն լավագույնս դրսևորել կյանքի բոլոր բնագավառներում՝ կենսատու արվեստից, մշակույթից մինչև բարդ ու խրթին քաղաքականություն: «Հայ ձայնը» գարնանային գեղեցիկ տոնը շարժառիթ դարձնելով զրուցել է ժամանակակից հայ գրականությունում իր ուրույն ձեռագրով առանձնացող արձակագիր, հայրենասեր մայր, ՌԱԿ Լոռու շրջանային վարչության անդամ, Վանաձորի ՌԱԿ ակումբի ատենապետ Նարինե Կռոյանի հետ, տեղեկացել վերջինիս ստեղծագործական կյանքի ընթացքին:

 

 

 

«Արձակում ստեղծագործելու համար կենսափորձ է հարկավոր»,- «Հայ ձայնի» հետ զրույցում ասում է արձակագիր Նարինե Կռոյանը, որ դեռևս գրել-կարդալ սովորելուց առաջ է սկսել ստեղծագործել:

 

«Դեռ գրել-կարդալ չգիտեի, երբ ոտանավորներ էի հնարում, որոնք գրի էին առնում հարազատներս: Արդեն իսկ տառաճանաչ դառնալով՝ սկսեցի ինքս գրել բանաստեղծություններս, ուսուցիչներս էլ խրախուսում էին ջանքերսԵրբ մասնագիտություն ընտրելու շրջափուլում էի, դադարեցի ստեղծագործել։ Վերսկսեցի ավելի հասուն տարիքում և արդեն արձակ ժանրում»,- նշում է մի շարք վեպերի, վիպակների, պատմվածքների՝ ընդհանուր առմամբ 5 գրքի հեղինակ, արձակի բոլոր ժանրերում իրեն հրաշալիորեն դրսևորող մեր ժամանակակիցը, ում ստեղծագործություններից հառնող հերոսների մեջ յուրաքանչյուրս կարող ենք մեզ հարազատ հատկանիշ ու բնավորություն գիծ գտնել, դիպաշարում՝ մեզ կամ մեր հարազատի հետ կատարված իրողություն։

 

«Դժվար է ասել՝ ինչն է ինձ ոգեշնչում: Ավելի ճիշտ կլինի ասել՝ ինչն է հուզում։ Իսկ ինձ կարող է հուզել մեր կյանքը, մեզ շրջապատող իրականությունը, այս իրականությունից դուրս գալու ելքերի փնտրտուքը, ճանապարհի որոնումները։ Իմ հերոսներն էլ են ապրում այս միջավայրում՝ երազելով ավելի լավ կյանքի մասին։ Նրանցից ոմանք ուզում են փոխել աշխարհը, ոմանք՝ ոչ, որոշները պատրաստ են փոխել իրենք իրենցԻմ հերոսները իրենց են որոնում այս կյանքում, որոնում են կյանքի իմաստը, որը, բնականաբար, հնարավոր չէ գտնել: Նրանք կյանքի փորձությունների միջով են անցնում, արդյունքում ոմանք կարողանում են մարդ մնալ, ոմանք էլ չեն կարողանում…»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գրելը էներգատար աշխատանք է, քանի որ յուրաքանչյուր հերոսի հետ հավասար ինքն ապրում է նույն հոգեվիճակը, զգացմունքներն ու զգացումները, ապրում նույն իրողությունը, որպեսզի հնարավորինս կենդանի լինեն հերոսները, կերպարները անարյուն չլինեն։

 

Մասնագիտությամբ տնտեսագետ արձակագիրը հավատացնում է, որ ստեղծագործելիս իր մասնագիտությունն իրեն օգնում է, քանի որ տնտեսագիտությունը տրամաբանելու կարողություն է պահանջում, իսկ տրամաբանությունն ու վերլուծելու կարողությունը հաճախ են օգնում ստեղծագործելիս, որովհետև արձակ գործեր ստեղծելու համար մտածելու ունակություն է անհրաժեշտ։ «Բանաստեղծությունը հուզական վիճակի նկարագրություն է, իսկ արձակի պարագայում կարևոր է ինֆորմացիային տիրապետելը, այդ ինֆորմացիան վերլուծելը, սեփական ձևով այն ներկայացուցնելը, ինչպես նաև դրա համար պատասխանատվություն կրելը»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

 

20-րդ դարի ֆրանսիական գրականությունից, հատկապես Ֆրանսուազ Սագանից, Ժան Պոլ Սարտրից, էքզիստենցիալ գրականությունից ոգեշնչված արձակագրի ստեղծագործություններն այսօր տպագրվում են հայրենական հեղինակավոր գրական պարբերականներում ու ամսագրերում, իսկ մի շարք անտիպ գործեր էլ սպասում են տպագրվելու իրենց հերթին:  «Վերջին գիրքս՝ «Դառնածիններ» պատմվածքների և վիպակների ժողովածուն, 2014թ.-ին է լույս տեսել «Անտարես» հրատարակչության «21-րդ դար» մատենաշարի շրջանակներում։ Եվ քանի որ ժամանակակից հայ գրականության հրատարակումն այլևս չի ֆինանսավորվում պետության կողմից, ուստի որոշակի խնդիրներ են առաջ եկել գրքեր հրատարակելու հարցում։ Ֆինանսական միջոցների սղությունը այս պահին թույլ չի տալիս պատրաստ վիճակում գտնվող մի քանի գրքերս տպագրել»։ Այս հարցում, ըստ մեր զրուցակցի, անհրաժեշտ է պետության աջակցությունը, քանի որ այսօր Հայաստանում մարդիկ այնքան էլ վճարունակ չեն, որպեսզի կարողանան առանց ինչ-ինչ զրկանքների իրենց գրքերը լույս ընծայել։

 

Արդեն պատրաստ է տիկին Կռոյանի հաջորդ մեծածավալ ստեղծագործությունը՝ Աստվածաշնչյան Դանիելի գրքի հետ զուգահեռներ ունեցող գիրքը՝ «Դանիելի գիրքը»:     Չբացելով փակագծերը՝ արձակագիրը միայն նշեց, որ գիրքը մեր ժամանակների մասին է, հետաքրքիր սյուժեն զուգահեռվում է Աստվածաշնչին։

 

«Գրական գործակալները ցանկություն են հայտնել «Դանիելի գիրքը» ներկայացնել Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառին: Սակայն տոնավաճառին ներկայացվելու համար գիրքը նախևառաջ պետք է տպագրվի, ապա թարգմանվի։ Ցավոք, ֆինանսական խնդիրների առկայության պատճառով գրքի հրատարակումը ձգձգվում է»,- նշում է մեր զրուցակիցը և ցավով արձանագրում, որ ոլորտում խնդիրները շատ են, և հայ մշակույթը, գրականությունը ողջ աշխարհում ճանաչելի դարձնելը օրախնդիր նշանակություն ունի։ «Չէ՞ որ մենք զարգանում ենք ու աճ ենք գրանցում, ունենք հրաշալի մշակույթ, գրականություն: Հենց դրանցով մեզ  պետք է ճանաչեն և գնահատեն աշխարհում, ոչ միայն ցեղասպանությամբ։ Եվ մեր մշակույթով է, որ աշխարհը պետք է իմանա, թե որքան ուժեղ է հայը, որքան անկոտրուն է աշխարհի զորեղների կողքին քայլելու նրա կամքը»։

 

 

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /