• USD 480.8
  • GBP 637.73
  • EUR 562.73
  • RUB 7.73
  • GEL 196.06
Հուլիս 17, 2018
Կփրկվի նա, ով կհամբերի

 Եվ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի:

 Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի (Մատթ. 24)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Ամերիկա, Հայաստան
09.04.2018 | 14:02

Մեր բոլոր ծրագրերը սերտորեն կապված են Հայաստանի հետ. Արգենտինահայ գործիչ

«1906թ.-ին Կահիրեում հիմնված Հայկական բարեգործական ընդհանուր միության Արգենտինայի մասնաճյուղը հիմնվել է 5 տարի անց՝ 1911թ.-ին, և մինչև գաղութի կազմվելն այն արդեն իսկ մեծ դեր է կատարել հայ ժողովրդի համար»,- այս մասին «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում նշեց ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի մասնաճյուղի նախկին ատենապետ Ռուբեն Քեշիշյանը՝  ընդգծելով, որ Օսմանյան կայսրությունում իրականացված ջարդերից փրկված և Արգենտինա տեղափոխված հայորդիներին մեծապես օգնել և օժանդակել է Բարեգործականը. «այդ մարդիկ   ոչինչ չունեին,  հարկավոր էր նրանց անհրաժեշտ բաներով ապահովել, ինչը ստանձնեց ՀԲՄԸ-ն»:

1963թ. ՀԲԸՄ-ի անդամ եղած պրն. Քեշիշյանն իր ուղին Բարեգործականում սկսել է նախևառաջ երիտասարդաց թևում, ապա եղել է Բուենոս Այրեսի Բարեգործականի վարչության ատենադպիրը, իսկ 2006-13թթ. ստանձնել ատենապետի պաշտոնը։ 50 տարի Բարեգործականում աշխատելուց հետո մեր զրուցակիցը թողել է պաշտոնական դիրքերը, բայց այժմ՝ 2013թ.-ից հետո, ընտրվել է ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի մասնաճյուղի պատվո նախագահ։

«Մենք գլխավորապես կրթական և մշակութային գործունեություն ենք իրականացնում։ 1974թ.-ին հիմնվել է Մարի Մանուկյան կրթական հաստատությունը, որն ունի մանկապարտեզ՝ նախատեսված 2-5 տարեկան երեխաների համար, նախակրթարան՝ մինչև 12 տարեկան, երկրորդական վարժարան՝ մինչև 18 տարեկան երեխաների համար։ Երկրորդական վարժարանում գեղեցիկ ավանդույթ ձևավորվել է՝ աշակերտները ավարտական տարում պետք է հայրենիք այցելեն։ 35 տարվա ընթացքում գրեթե 850 աշակերտ է այցելել մայր հայրենիք։ Այս նպատակին հասնելու, ֆինանսական հարցերը լուծելու համար դպրոցի սաները աշխատում են դպրոցի ճաշարանում, գումար հավաքում, որպեսզի հնարավորություն ունենան հայրենիք գալ։ 15 օրվա ընթացքում աշակերտները շրջանում են Հայաստանի ողջ տարածքում, իրենց աչքով տեսնում են այն, ինչը սովորել են դպրոցում»,- մեզ հետ զրույցում պատմում է արգենտինահայ գործիչը։

Վերջինս շատ է կարևորում նաև Բարեգործականի ծավալած մշակութային գործունեությունը՝ հիշեցնելով, որ 2011թ.-ին տոնվել է Արգենտինայի Բարեգործականի մասնաճյուղի 100-ամյակը, իսկ միջոցառումներին մասնակցելու համար Բուենոս Այրես են հրավիրվել հայտնի երաժիշտ Արա Գևորգյանն ու իր նվագախումբը։ «Այդ ժամանակ Վեհափառ հայրապետը հովվապետական այցով մեր քաղաքում էր, և նա նույնպես իր ներկայությամբ պատվեց մեր տոնակատարությունները»,-ընդգծում է պրն. Քեշիշյանը։

Բուենոս Այրեսում գրեթե 600 մարզիկից բաղկացած սպորտային շարժում է գործում, իսկ մարզիկները հանդես են գալիս ֆուտբոլում, վոլեյբոլում, բասկետբոլում և այլն սպորտաձևերում։ Բարեգործականի երիտասարադական շարժումը մասնակցում է Հարավային Ամերիկայի մրցումներին և իհարկե, Համահայկական խաղերին։

«Արգենտինայի հայ համայնքը միասնաբար ոգեկոչում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, միջոցառումներին մասնակցում է նաև Բարեգործականը։ Ամեն տարի կարևոր ձեռնարկ է կազմակերպվում, որին մասնակցում ենք բոլոր  կազմակերպությունները՝ յուրաքանչյուրն ունենալով փոքրիկ ելույթ, կազմակերպվում է նաև համագաղութային միջոցառում։ Երիտասարդները քայլերթով գնում են դեպի թուրքական դեսպանատուն՝ բողոքի ձայն բարձրացնելու։ Առանձին շրջանակներում աշխատանք ենք ծավալում, որպեսզի խորհրդարանում, հատկապես մամուլում, լրատվադաշտում Ցեղասպանության մասին հիշատակվի, մեր բողոքը չմարի»,- ասում է Ռ. Քեշիշյանն ու շեշտում, որ Արգենտինան միակ երկիրն է, որտեղ թե՛ խորհրդարանը, թե՛ կառավարությունը, թե՛ դատախազությունը ընդունել է Հայոց ցեղասպանությունը։

«Մենք միշտ պահպանում ենք հայրենիքի հետ կապը, մեր բոլոր ծրագրերը սերտորեն կապված են Հայաստանի հետ կամ էլ միտված են Հայաստանի հետ կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։ Փորձում ենք նաև Արգենտինայի մշակույթը որոշակիորեն մոտեցնել Հայաստանին, ջանում ենք պահպանել 2 երկրների միջև առկա սերտ հարաբերությունները։ Այժմ էլ Բուենոս Այրեսի Բարեգործականը սերտ կապեր ունի ՀՀ-ում Արգենտինայի դեսպանի հետ, միասին գյուղատնտեսության զարգացմանը միտված ծրագրեր ենք մշակում, ցանակություն ունենք արգենտինական փորձը ներդնել նաև Հայաստանում»,- եզրափակեց Ռուբեն Քեշիշյանը։ 

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /