• USD 480.8
  • GBP 637.73
  • EUR 562.73
  • RUB 7.73
  • GEL 196.06
Հուլիս 17, 2018
Կփրկվի նա, ով կհամբերի

 Եվ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի:

 Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի (Մատթ. 24)։

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
10.04.2018 | 11:35

Մարաղա․ ցեղասպանություն, որը երբեք չի մոռացվի

Մարաղայի ջարդերը, որոնց 26-րդ տարելիցն է լրանում այսօր՝ ապրիլի 10-ին, պատկանում են հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջերից մեկին։ Մի քանի ժամում ադրբեջանական հրոսակախմբերի կողմից, որոնց կազմում էին նաև տեղի ՕՄՕՆ-ականները, դաժան խոշտանգումների ենթարկվելով սպանվեցին Արցախի հյուսիսում գտնվող Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի գրեթե վեց տասնյակ խաղաղ բնակիչներ։ Կարծում եմ, նույնիսկ այդ իրադարձություններից անտեղյակ մարդկանց համար պարզ է, որ դրանց թվում էին բացառապես ծերունիներ, կանայք, երեխաներ՝ «խիզախ» ազերի բաշիբուզուկների հիմնական թիրախը։

Այո, ցավոք սրտի 1992թ.-ի Մարաղայի ջարդերը, որքան էլ զարմանալի է, պատշաճ կերպով չեն լուսաբանվել, հատկապես արտաքին լսարանի համար։ Հայ ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, որի հետ աշխատանքի բերումով առիթ եմ ունեցել հանդիպել 1994-ին, պատմում էր, որ այդ ոճռագործությունից տառացիորեն ժամեր անց «Christian Solidarity Worldwide» կազմակերպության մանդատն օգտագործելով, նրա մի խումբ անդամների հետ այցելել է հողին հավասերցված գյուղ և իր աչքերով տեսել, թե ինչպիսի վայրագություններ են իրականացրել ազերի արնախումները։ Գյուղի փողոցներով, բառիս բուն իմաստով, հոսում էր տանջամահ եղած բնակիչների արյունը։ Մարաղայից, որտեղ դեռ 1989-ին ապրում էր ավելի քան վեց հազար բնակիչ, որոնց թվում էին նաև Բաքվից և Սումգայիթից մազապուրծ եղածները, ոչինչ չէր մնացել։

Արիասիրտ բարոնուհին երեք օր անց՝ ապրիլի 13-ին մասնակցել է նաև դիակների էքսգումացիայի գործընթացին և բազմաթիվ լուսանկարներ է արել տեղում։ Դրանց վրա պատկերված էին խոշտանգված դիակներ՝ գլխատված, այրված, կացնահարված․․․այդ լուսանկարներում կարելի էր տեսնել նաև դիակապտության ակնհայտ ապացույցներ։ Այս ամենը առիթ էր տվել լեդի Քոքսին Մարաղան համեմատել Գողգոթայի հետ։ Սարսափելի են նաև դեպքերի անմիջական մասնակից դարձած և հրաշքով ողջ մնացած մարաղացիների հիշողությունները, որոնք, մասնավորապես, պատմում էին, որ բացի հրազենից այդ բաշիբուզուկները զինված էին նաև իրենց ավանդական զենքերով՝ կացիններով ու յաթաղանին փոխարինող մանգաղներով։

Երբեք չեմ մոռանա նույն Քերոլայն Քոքսի պատմածն այն մասին, թե ինչպես էր նա փորձում բրիտանական հեղինակավոր մամուլի միջոցով լայն հանրությանը տեղեկացնել այդ իրադարձությունների մասին։ Պարզվում է, նա նախնական պայմանավորվածություն էր ձեռք բերել, մասնավորապես The Daily Telegraph պարբերականի հետ։ Թերթը պետք է տպագրեր բարոնուհու էքսկլյուզիվ ռեպորտաժը, որին կցվելու էր հարուստ վավերագրական տեսա և լուսանկարչական բազա, սակայն հետագայում պարբերականի խմբագրակազմը անհեթեթ պատճառաբանությամբ հրաժարվել է դա անել։ Եվ սա այն դեպքում, երբ ամիսներ առաջ նույն պարբերականում սրտաճմլիկ հոդվածներ էին տեղադրել այսպես կոչված Խոջալուի դեպքերի մասին։ Ահա այսպիսի ընտրողական հումանիզմ՝ անգլիական ձևով, որից ակնհայտորեն նավթի հոտ է գալիս, իսկ այս ամենի հետևից երևում են British Petroleum-ի աշխարհակալ ականջները։

Ինչևէ, սա ոչ մի կերպ չի արդարացնում մեր կողմից կատարված թերի աշխատանքը՝ միջազգային հանրությանն այս ահավոր դեպքերի մասին տեղեկացնելու առումով։ Մարաղան ևս մեկ անգամ ընդգծում է արիության հրաշքներ ցուցաբերելով և վստահ հաղթանակներ տոնելով ռազմի դաշտում՝ մենք շատ դեպքերում հաջողության չենք հասնում մեկ այլ, ոչ պակաս կարևոր տեղեկատվական դաշտում։ Եվ այս ողբերգական տարելիցը ևս մեկ հնարավորություն է աշխարհի ուշադրությունը դեպի Մարաղայի ցեղասպանությունը հրավիրելու ուղղությամբ։ Առավել ևս, որ առկա է մեծածավալ վավերագրական բազա։

 

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /