• USD 480.46
  • GBP 670.67
  • EUR 586.4
  • RUB 7.78
  • GEL 193.54
Ապրիլ 25, 2018
Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար

 

Դանիել Վարուժան

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հարցազրույց, Հայաստան
14.04.2018 | 12:03

Ռուսական ջազի հայկական արմատներով Ռեյ Չարլզը Գյումրիում

Սերգեյ Մանուկյանը ջազի, երջանկության և գնահատականների մասին

 

Հայ ձայն-ի զրուցակիցն է մոսկվայաբնակ աշխարհահռչակ ջազմեն, երգահան, երաժիշտ Սերգեյ Մանուկյանը: 

 

 

Մենք բազմիցս լսում ենք ջազի մասին տարբեր բնորոշումներ` հետաքրքիր, կարևոր, երկիմաստ, երբեմն` անհասկանալի: Սերգեյ Մանուկյանի բնորոշմամբ ի՞նչ է ջազը:

- Ջազը երևակայություն է, այսօր, այս պահին. այն ավելի շատ մանկական երևակայություն է, որը սամանակից է հորինվածքին, փոքրիկ անմեղ ստին: Որքանով է քեզ մոտ զարգացած երաժշտական ինտելեկտը, որքանով դու կարող ես ասել, նվագել կամ երգել հատվածներ, որոնք կլինեն շատ հասկանալի ու միաժամանակ երևակայական, այսինքն` հորինես ինչ-որ բան, ստեղծես: Աղջկաս պատմում եմ Փիթեր Փենը և հասկանում, որ գրեթե ոչինչ իմ պատմածից նման չէ բնօրինակին: Աղջիկս միշտ ասում է` հայրի՛կ, ինձ հենց այսպես պատմիր, քանի որ այն տարբերակն արդեն ես վաղուց գիտեմ: Ու ես ստիպված եմ հորինել նույն թեմայի շուրջ: Դա ջազ է… Երբ դու լիովին ստեղծում ես երաժշտություն ԱՅՍ պահին: Ես հենց այսպես եմ բնորոշում:

 

Կարող ենք նշել շատ ոլորտներ, որտեղ նկատվում է անցյալին նայելու, վեադառնալու ձգտումը: Վերցնում ենք ինչ-որ բան անցյալից ու մի քիչ ձևափոխում` ասելով, որ շատ ժամանակակից է ու հնչեղ: Երաժշտությունը, մասնավորապես` ջազը, ո՞ւր է գնում այսօր:

- Մենք գնում ենք ապագա` անկախ մեր ցանկությունից, ուզում ենք դա, թե ոչ: Եվ մենք հասնում ենք այդ ապագային այն ամբողջ բեռով, ինչ ունենք: Ասում են` ապագայում պիտի լինի կամ կլինի այսպիսի ինչ-որ բան: Անկեղծ ասած, ինչպես պարզվում է, ամենահզոր համակարգիչը մնում է միայն մարդկային ուղեղի խղճուկ նմանակ: Դա ոչ լավ է, ոչ էլ վատ … Թվում է` մարդկության ամենամեծ խնդիրը նմանակելն է… բնությանը, Աստծուն: Այդ ծաղրը հենց ապացույցն է, որ մենք հետ ենք գնում դեպի տարբեր տասնամյակներ, սակայն մի քիչ փորփրում ես ու հասկանում, որ ապշեցուցիչ նորը ինչ-որ ժամանակ արդեն եղել է: Նույնը երաժշտության մեջ է… ամենուր: Ոչինչ չես կարող անել:

 

-Իսկ ինչպիսի՞ն է այսօր ջազը: Երիտասարդ երաժիշտների մասին է խոսքը: Ո՞վքեր են նրանք:

- Ես նորից ուզում եմ հեռանալ մի փոքր երաժշտությունից: Երիտասարդական հավաքականը միշտ ավելի լավ է խաղում, քան մեծահասակները: Բանն այն է, որ երիտասարդները միշտ ինչ-որ բան հորինում են, ստեղծում: Ոչինչ, որ երբեմն սխալներով, ինչ-որ չգիտակցված պատասխանատվությամբ, բայց նրանք ավելի անկեղծ են: Մեծահասակները միշտ մտածում են` իսկ պե՞տք է, գուցե դա արդեն եղե՞լ է… Այսօր կան երիտասարդներ` լավ երիտասարդներ:

 

- Ձեզ համար կենդանի կատարումը սկզբո՞ւնք է?

- Այո, իհարկե: Ես, օրինակ, չեմ կարող ձայնագրության տակ երգել: Ես նույնիսկ կարող եմ բացատրել, թե ինչու. ինձ միշտ պետք է փոխազդեցություն, նույնիսկ` ինքս ինձ հետ: Այդ ժամանակ ես տեսնում եմ կապը երաժշտության և իրականության միջև:

Իսկ ձայնագրությունը… ես ինչ-որ բան մոռանում եմ, բայց նա շարունակում է իր ընթացքը, և ես նրան լսում եմ … իսկ նա ինձ չի լսում: Ես այդպես չեմ կարող, թեև չեմ բացառում ձայնագրությունն ընդհանրապես: Ու նույնիսկ կարող եմ ասել, որ որոշ մարդիկ ավելի լավ է այդպես երգեն. դա իրենց մոտ ավելի լավ է ստացվում, քան առանց ձայնագրության: Կարելի է մի անգամ նորմալ ձայնագրվել ու վայելել հաջողությունը: Իսկ ես այսպես եմ սովորել ու արդեն հարմարվել եմ :

 

-«Վերածնունդ» փառատոնի մասնակիցների համար նմանատիպ միջոցառումները ինքնադրսևորվելու, համեմատվելու, սովորելու լուրջ հնարավորություններ են: Ի՞նչ է տալիս այս փառատոնը Ձեզ: Դուք արդեն 5-րդ անգամ եք մասնակցում փառատոնին` որպես ժյուրիի անդամ:

- Առաջին հերթին, ես տեսնում եմ, թե ինչպես են մեծանում երեխաները: Ու քանի որ ինքս ունեմ 4 երեխա, ես հիանալի հասկանում եմ, որ պետք է անպայման տեսնել, թե ինչպես են մեծանում երեխաները: Ինչպիսի երեխաներ կան, ինչ են նրանք ստեղծագործում, ինչպես են ելույթ ունենում: Շատ բարդ է գնահատել երեխաներին: Ես ընդհանրապես կվերացնեի բոլոր տեսակի գնահատականները և յուրաքանչյուր մասնակցին կասեի, թե նա իրականում ինչ է անում: Մեր գլխավոր խնդիրը, եթե մենք գոնե մի փոքր մանկավարժ ենք, կայանում է նրանում, որ բացահայտենք մեր աշակերտների պոտենցիալը: Դրանից ավելին մենք չենք կարող անել. մեր փորձը չենք կարող վերցնել ու դնել նրանց մեջ կամ մեր մտածելակերպը, հոգին: Նրանք իրենցն ունեն, բայց բացահայտել պետք է որ կարողանանք: Այս մրցույթները կարողանում են օգնել բացահայտել այդ պոտենցիալը:

 

- Մանկավարժություն և անհատ երաժիշտ: Երբեմն այդ սահմանը դժվար է գծել, իսկ հաճախ` դրանք իրոք շատ տարբեր ձևակերպումներ են: Դուք ո՞րտեղ եք ավելի շատ Ձեզ զգում:

- Ես նվագող մարզիչ եմ: Կարող եմ ամեն ինչ ինքս ցույց տալ: Կան մանկավարժներ, ովքեր չեն կարողանում ցույց տալ: Եթե ինձ պետք է ինչ-որ բան բացատրել, ես դա ցույց եմ տալիս: Խնդիրը հենց դա է՝ որ մանկավարժին հավատան ու վստահեն: Այսինքն, ոչ թե մանկավարժը միայն տեսականորեն պատմի, այլև կարողանա ցույց տալ:

 

- Երջանի՞կ եք:

- Աստված ինձ տվել է 4 երեխա և սիրելի կին: Տվել է հիանալի ծնողներ, ում ես անսահման սիրել եմ, և իրենք էլ ինձ են սիրել: Վերջապես, ինձ տրվել է երաժշտությամբ զբաղվելու ձիրք: Ինչպե՞ս կարելի է այդքանով հանդերձ երջանիկ չլինել: Դա հնարավոր չէ: Ու այդ ամենը տրված է հենց այնպես. դրա դիմաց դու միայն պիտի պարզապես ապրես…

 

- Ձեզ համար եղե՞լ են ինչ-որ պահեր, մարդիկ, խոսքեր, որոնք ճակատագրական նշանակություն են ունեցել հետագայում որոշումների կայացման վրա:

- Մարդն ընդհանրապես մի փոքր տարօրինակ արարած է. ստացվում է` ինչ-որ բան ասում են, մի քանի ամիս հետո միամիտ հիշում ես դա /ծիծաղում է/: Իրականում կարևոր է, որ դա ինչ-որ մեկն ասի, արտաբերի: Ինքս էլ միշտ ուզում եմ այնպես ասել, որ դա բխի սրտից: Միայն այդպես ասածդ միշտ հասնում է հասցեատիրոջը:

 

- Ո՞րն է հանդիսատեսին, ունկնդրին գրավելու գաղտնիքը: Ձեզ կարելի է լսել առանց ժամանակի զգացողության:

- Մինչև վերջ նվիրվելն է երաժշտությանը: Միայն այդ դեպքում դու կարող ես ունենալ ունկնդիր, ով քեզ կլսի ու կընկալի:

 

 

Գյումրի

Լ. Մակարյան

 

 

 


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /