• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
18.04.2018 | 12:15

Հայաստանի ապագան՝ բոլորիս պատասխանատվության ներքո

Ինչպես և սպասվում էր, ապրիլի 17-ին Ազգային ժողովը քվեարկությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում։ Օգտվելով առիթից՝ Հայ Ձայն-ի խմբագրակազմը շնորհավորում է նորընտիր վարչապետին՝ մաղթելով նրան բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության բարգավաճման և համայն հայ ժողովրդի շահերի։

Միևնույն ժամանակ, կարծեք թե դեռևս ավարտվելու միտում չունի գրեթե մեկ շաբաթ շարունակվող քաղաքացիական անհնազանդության շարժումը, որի նպատակն էր խոչընդոտել Սերժ Սարգսյանի՝ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում ընտրվելը։ Առաջիկայում մենք մանրամասն և բազմակողմանի կանդրադառնանք այդ բողոքական շարժմանը։ Առայժմ միայն նշենք․ իշխանությունը կաթվածահար անելը, ինչի մասին, որպես գերխնդիր, իր ելույթուներում բազմիցս նշում է շարժման համակարգող Նիկոլ Փաշինյանը, համարում ենք անընդունելի և խիստ վնասակար, առաջին հերթին՝ Հայաստան պետության անվտանգության և արցախյան հիմնախնդրի հայանպաստ հանգուցալուծման տեսանկյունից։

 

Սակայն այսօր առավել կարևոր ենք համարում մեր ընթերցողների հետ կիսվել մի քանի կարևոր հետևություններով, որոնց կարելի է հանգել վերջին իրադարձություններից հետո․

1․ Անհամեմատ բարձրացել է Ազգային ժողովի դերն ու նշանակությունը մեր պետության կյանքում։ Եթե նախկինում Խորհրդարանի հիմնական (սակայն, բնականաբար, ոչ միակ ) գործառույթն էր օրենսդրական գործունեությունը, ապա նոր Սահմանադրությամբ նրան վերապահվում է ևս մեկ շատ կարևոր դերակատարում․ խորհրդարանական մեծամասնությունը հնարավորություն է ստացել ներկայացնել վարչապետի սեփական թեկնածուին և, ըստ էության, ձևավորել գործադիր իշխանություն։ Այս հանգամանքը պետք է սթափեցնի հատկապես մեր հանրության այն հատվածին, որը նախկինում պատշաճ լրջությամբ չէր մոտենում օրենսդիր մարմնի ընտրությանը՝ շատ հաճախ առաջնորդվելով ոչ թե գաղափարական, այլ ինչևինչ այլ սկզբունքներով։ Հաջորդ ԱԺ ընտրությունների ժամանակ նման շռայլությունն արդեն պետք է անընդունելի դառնա բոլորի համար։ Ընտրության իրավունք ունեցող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է ոչ միայն լիովին կարևորի իր դերը երկրի ճակատագրում, այլև համոզված լինի, որ իր ընտրական իրավունքը չի սահմանափակվել, առավել ևս չի խախտվել։ Միայն այս պարագայում ոչ ոք չի կասկածի ԱԺ լեգիտիմության, ուստի և նրա կողմից կայացրած կարևորագույն որոշումների անբեկանելիության վրա։

2․ Մենք պետք է հարգենք մեր Սահմանադրությունը և գիտակցենք, որ այն հանդիսանում է մեր երկրի հիմնական օրենքը՝ սահմանելով, մասնավորապես, բոլոր կարևորագույն ընտրական գործընթացները։ Այս առումով, օրինակ, այն մեր հայրենակիցներին, որոնք անընդունելի են համարում նույն մարդու՝ երկու անընդմեջ նախագահական փուլերից հետո վարչապետի պաշտոնում ընտրվելը, անհրաժեշտ էր այդ հանգամանքի վրա ուշադրություն դարձնել քննարկումների փուլում՝ ներկայացնելով համապատասխան առաջարկություն։ Հաշվի առնելով, որ մեր Սահմանադրությունը բավականին ճկուն է և անկախության տարիներին մի քանի անգամ արդեն բարեփոխվել է, կարծում ենք, նման առաջարկություն անելու առիթ առաջիկայում կարող է առաջանալ, և դա պետք է հաշվի առնեն առաջին հերթին մեր քաղաքական կուսակցությունները ։

3․ Երկրում ցանկացած փոփոխություն պետք է կատարվի միայն գործող օրենսդրության շրջանակներում։ Սա ապրիորի պետք է հասկանան մեր հասարակության բոլոր հատվածները։ Այո, ազատ խոսքի իրավունքը, ներառյալ ցույցերի ազատությունը,  ամրագրված են մեր Սահմանադրությամբ, սակայն երկրի համար բախտորոշ հարցերում ժողովրդի ձայնն առաջին հերթին պետք է լսելի լինի իր կողմից ընտրված և, կրկնում ենք, անվերապահորեն լեգիտիմ համարվող Ազգային ժողովի միջոցով։ Սա է իրավական պետության հիմնական հատկանիշներից մեկը։

4․ Սակայն նույնիսկ այն պարագայում, երբ մեր բնակչության մի որոշ զանգված այսօր վստահ չէ, որ իր ձայնը որոշիչ է եղել ներկայիս ԱԺ ընտրությունների ժամանակ, պետք է հասկանալ․ միայն Խորհրդարանն է ի զորու իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում ընդունել Կառավարության հրաժարականը կամ անվստահություն հայտնել իր կողմից ընտրված վարչապետին։ Սա է խնդրի լուծման միակ իրավական ճանապարհը։

5․ Վստահ ենք․ մայր Հայաստանում օրենքների գերակայության պահպանման գործին հնարավորության սահմաններում նպաստելը, օրենսդիր և գործադիր մարմինների կողմից իրենց պարտականությունների կատարմանը աչալուրջ հետևելը պետք է լինի աշխարհասփյուռ հայության սուրբ պարտականությունը։ Չէ՞ որ ազատ, անկախ և ապահով Հայրենիք ունենալը եղել է ողջ հայ ազգի դարավոր երազանքը, և մենք բոլորս պետք է լինենք այդպիսի Հայաստանի երաշխավորը։ Նաև հանուն այդ ճանապարհին զոհված մեր սուրբ նահատակների հիշատակի։

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար



    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /