• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
30.04.2018 | 18:28

Ծննդյան իրավունքով դեպի Հայաստան

«Իմ ժամանած պահից հյուրընկալող ընտանիքս ինձ չափազանց ջերմ ընդունեց. նախքան տուն մտնելը հյուրընկալող մայրս աներեւակայելի սիրով գրկեց ինձ, կարծես ես նրա հարազատ որդին էի»,- «Հայ ձայնի» թղթակցի հետ զրույցում պատմում է Միսակ Դերդերյանը:

21-ամյա երիտասարդը Ուրուգվայից է, առաջին անգամ է Գյումրիում: Հյուրընկալող ընտանիքի անդամների մասին խոսելիս վերջիններիս նրանց հայր, մայր, եղբայր է անվանում: Այսպես են վերաբերվում բոլոր սփյուռքահայ կամավորները, ովքեր իրենց կամավորության ամբողջ ընթացքում ապրում են հայ ընտանիքներում: Կամավորներն այստեղ իրենց զգում են  ինչպես իրենց տանը` լինելով տեղացի հայ ընտանիքի կազմում  որպես տվյալ ընտանիքի անդամ: Սա ծրագրի անհրաժեշտ նախապայմաններից է: «Դեպի Հայք» հիմնադրամի սփյուռքահայ կամավորները ծրագրի շրջանակներում ունեն հնարավորություն այցելել հայրենիք ընդամենը մեկ անգամ, առավելագույնը մեկ տարի ժամկետով: Հիմնադրամի անվանումը անգլերեն տարբերակով  Birthright Armenia է, բառացիորեն թարգմանվում է «ծննդյան իրավունքով Հայաստան», որի մեջ իրականում ամփոփված է ծրագրի ամբողջ էությունը:

 

«Դեպի Հայք»-ը հիմնադրվել է 2003թ. Էդիլ Հովնանյանի կողմից` յուրաքանչյուր հայի ծննդյան իրավունքի հանդեպ հավատով, և նպատակը ոչ միայն Հայաստանը մասնակիցներին ցույց տալն է, այլև իրենց հայրենիքում բազմաբովանդակ փորձ ձեռք բերելու հնարավորություն ապահովելը: Ծրագրի առաքելությունն է զարգացնել և ամրապնդել հայրենիքի ու սփյուռքի երիտասարդների միջև կապերը՝ վերջիններիս հնարավորություն տալով մասնակցել Հայաստանի առօրյա կյանքին և ներդրում ունենալ հայրենիքի զարգացմանը կամավորական աշխատանքի միջոցով: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև բարձրացնել սփյուռքի երիտասարդների ազգային ինքնագիտակցությունը:

Գյումրիում ծրագիրը մեկնարկել է 2006 թվականից կարճաժամկետ` ամառային, տարբերակով, իսկ 2017-ից կամավորներն այցելում են ամբողջ տարին: Թեև գրասենյակներ կան Երևանում, Գյումրիում և Վանաձորում, սակայն դա չի խոչընդոտում, որ կամավորն աշխատի նաև այլ մարզերում: Ըստ Գյումրու ծրագրի համակարգող Սոնա Հարությունյանի՝ այս պահին Շիրակի մարզում 11   կամավոր կա, բայց սպասում են, որ կամավորների թիվը կավելանա:

 

«Ձմեռվանից սկսած մեր կամավորները 15-ից պակաս չեն եղել, օրինակ` մարտին 25 հոգի ենք ունեցել: Կախված է նաև Գյումրի գալու ցանկությանից, բայց ամռանն ավելի շատ կլինեն. ակնկալում ենք մինչև 40 կամավոր հյուրընկալել: Կամավորները տարբեր երկրներից են, այս պահին ավելի շատ Հրվ. Ամերիկայից են»,- ասում է Սոնան:

 

Իսկ ինչպիսի՞ խնդիրների կամ հարցերի են բախվում սփյուռքահայերը Հայաստանում, մասնավորապես` Գյումրիում: Նախ` Գյումրիում աշխատատեղերի թիվը բավական քիչ է, ոչ բոլոր պետական կամ համայնքային կառույցներն են պատրաստ աշխատել կամավորների հետ: Մի կողմից կառույցի փակ լինելն է, մյուս կողմից` կամավորության մասին գիտելիքների ու մասնագիտական հմտությունների պակասը: Հաճախ կամավորի անելիքներն են ոչ հստակ, ինչի պատճառով տուժում է աշխատանքի արդյունավետությունը:

 

«Ճիշտ է, լեզվի հետ կապված խնդիրներ ունեցա, բայց կարողացանք ուսանողների հետ այն հաղթահարել։ Տեխնոկրթական ակադեմիայում իմ աշխատանքն այլ էր` ավելի հանգիստ։ Այն թույլ տվեց ինձ մասնակցել միջոցառումների եւ հանդիպել տեղական ընկերությունների հետ, որոնք կարեւոր աշխատանք են կատարում Գյումրիում: Ես մասնակցում եմ նաև հայերենի դասերին»,- ասում է բրազիլահայ կամավոր Կաիքե Գոժենյանը:

 

«Տարօրինակն այն է, որ իրենց անձնական կյանքից են հետաքրքրվում: Մեզ մոտ սովորական է` մայրդ, հայրդ ի՞նչ են աշխատում, ամուսնացա՞ծ ես, թե՞ ոչ. անձնական տարածք մտնելն է իրենց համար անսովոր : Այն, որ առաջին օրը  քեզ որպես ընտանիքի անդամ են ընդունում, ու դու զարմանում ես, թե ինչպես կարող են քեզ վստահել տան բանալին», - նշում է Սոնա Հարությունյանը:

 

Կամավորներն իրենք են նշում, որ ծրագրում ամենակարևոր բաղադրիչներից մեկն իրենց համար այն է, որ իրենք սեփական աչքերով են տեսնում իրավիճակը հայրենիքում: Սա անհրաժեշտ է, քանի որ շատերը Սփյուռքում թերի պատկերացումներ ունեն Հահաստանում ապրող մարդկանց մասին, եղածն էլ ձևավորվում է հիմնականում ԶԼՄ-ներից ստացած տեղեկատվության հիման վրա: Խնդիրն այն է, որ եթե անգամ համացանցում փնտրում ես Գյումրի բառը, ցավալիորեն բացվում են երկրաշարժի, դրա հետևանքների ու տնակներում ծանր վիճակում ապրող մարդկանց մասին պատմություններ: Ծրագրի պատասխանատուներն այս հարցի հետ բազմիցս են առնչվել. համացանցում առկա տեղեկատվության պատճառով Գյումրին հաճախ ընկալվում է որպես հետերկրաշարժյան ավերակների կույտերով քաղաք, որը զարգացվածության առումով հրապուրիչ չէ այցելուների համար: Այցելելով Գյումրի, սակայն, սփյուռքահայ երիտասարդները զարմանքով են նշում Գյումրու` որպես հարուստ մշակութային արժեքների, մարզական փայլուն ձեռքբերումների, ինչպես նաև տեխնո-քաղաք լինելու մասին: Ուրուգվայից ժամանած Միսակ Դերդերյանը նկատում է«Քաղաքը շատ գեղեցիկ տեսարժան վայրեր ունի ու չնայած 30 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով նկատելի են ավերակները, միևնույնն է, այն շատ գեղեցիկ եւ հանգիստ քաղաք է, և ոչ թե Երևանի նման եվրոպական: Ամեն դեպքում, ես ապրել եմ այս քաղաքում հիանալի մեկ ամիս, եւ ճշմարտությունն այն է, որ շատ եմ կարոտում քաղաքը, հյուրընկալ ընտանիքս, աշխատավայրս և կամավոր-ընկերներիս»:

 

 

Հ.Գ. «Դեպի Հայք» հիմնադրամի շնորհիվ 2003 թվականից մինչ օրս Հայաստան են եկել 48 երկրից սփյուռքահայ երիտասարդներ, որոնց թիվը անցնում է 1500-ից, նրանցից շատերը վերադարձել են հայրենիք ու շարունակում են ապրել ու աշխատել Հայաստանում:

 

Միսակ Դերդերյան

 

Կաիքե Գոժենյան

 

Սոնա Հարությունյան

 

Գյումրի

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

Լ.Մակարյան


    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /