• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 22, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հարցազրույց, Հայաստան
07.05.2018 | 15:02

Աշխարհում` երրորդը, Հայաստանում` միակը. Ծիրանի կորիզի փոշին լուսանկարի տպագրության մեջ

«Այս ամենը լույսի մասին է։ Լուսանկարչությունը հակված է որսալու օբեկտներ միլիվայրկյանների ընթացքում։ Սակայն լույսի աշխատելաոճը փոփոխվում է, դրա զարգացումը հազիվ թե տեսանելի լինի  այդքան կարճ ժամանակահատվածում։ Լուսանկարիչները փորձում են կրճատել ժամանակի ազդեցությունը այնքանով, որքանով կարող են։ Այն, ինչ ես եմ անում վերջերս, լույսի կյանքն է` իր զարգացման և փոփոխման պրոցեսով։ Իմ լուսանկարների վրա լույսի ազդեցության նվազագույն ժամանակը 15 րոպե է, իսկ առավելագույն ցուցանիշը հասնում է մի քանի ժամի»,- այսպես է ներկայացնում լուսանկարիչ Արմեն Տեր-Մկրտչյանն իր աշխատանքները, որոնք առաջին հայացքից հիշեցնում են հին խամրած լուսանկարներ:

Սա առաջին հայացքից: Սակայն երբ մոտիկից նայում ես լուսանկարներին, հասկանում ես, որ դրանց մեջ ինչ-որ արտասովոր բան կա. շատերը նույնիսկ սկսում են կասկածել, թե դրանք լուսանկարներ են: Մարդկանց մոտ շփոթություն է առաջացնում լուսանկարի մակերևույթը, որը շոշափելի է. Երիտասարդների համար դրանք եռաչափ պատկերների տպավորություն են թողնում, իսկ արվեստագետները լուսանկարի վրա փնտրում են իրենց ծանոթ ներկերի հետքեր: Իրականում ամեն ինչ նույնքան բարդ է, որքան հենց «Ինչպես է ստեղծվել այս պատկերը» հարցին պատասխանելը: Գեղարվեստական լուսանկարչության մեջ այս տեխնոլոգիան նորություն է `1920-ականներին է սկիզբ առել: Թվում է` այս ամբողջ ընթացքում շատ հետևորդներ կունենար, բայց պարզվում է աշխարհում նրանց թիվը մեծ չէ: Այս տեխնոլոգիան կիրառողների թիվը, ովքեր նաև ընթացքում այլ  տեխնոլոգիաներ էլ են ներմուծում նույն պատկերը ստանալու համար, գրեթե հինգ տասնյակ է, սակայն զուտ ռեզինոտիպիայով զբաղվողները ընդամենը երեքն են: Արմեն Տեր- Մկրտչյանը այդ երեքից մեկն է, ով սկսել է ուսումնասիրել այս տեխնոլոգիան 2014 թվականից: Այն հարցին, թե ինչու են այդքան սակավաթիվ այս գործով զբաղվողները, լուսանկարիչը պատասխանում է`տեխնոլոգիան է բավականին բարդ, աշխատատար ու շատ հաճախ անկանխատեսելի: Հեղինակները, սովորաբար, փորձում են շատ գործոններ պահել հսկողության տակ, որից կախված  է ավելի կանխատեսելի լուսանկարի արդյունքը: Դա է պատճառը, որ այս տեխնոլոգիայի մեջ ներմուծում են այլ տեխնոլոգիաների տարրեր: Ռեզինոտիպիան այլընտրանքային տպագրության միջոց է, որի հիմնադիրն է իտալացի լուսանկարիչ-քիմիկոս Ռուդոլֆո Նամիասը: Համեմատելով դասական փոշետպման տեխնոլոգիայի հետ՝ ռեզինոտիպիան տալիս է ավելի քիչ շաղված և ավելի հագեցած պատկերներ` պահպանելով թավշյա մակերևույթը, և մեծ հնարավորություն ընձեռում պատկերի վրա միջամտություններ կատարել։

«Այն, ինչ ես եմ անում, պարզապես պատճենել չէ արդեն իսկ ռեզինոտիպիայի տպագրությամբ տպված լուսանկարի թղթի վրա։ Դրա հիման վրա ես մշակեցի նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն տվեց իրականացնել իմ մտահղացումները, - ասում է լուսանկարիչը, ով իր լուսանկարչական սարքն անգամ ստեղծել է սեփական մոտեցումով, -  ես տեղադրում եմ թուղթը ինքնաշեն խցիկի մեջ և անմիջապես լուսանկարում է դրա վրա։ Այս կերպով արված լուսանկարները հնարավոր չէ կրկնօրինակել և ընդօրինակել, դրանք յուրահատուկ են»։

Հեղինակն իր լուսանկարների փոշետպման տեխնոլոգիայով տպագրության մեջ կիրառում է միայն բնական նյութեր` ծիրանի կորիզի փուշուց մինչև ամենաանհավանական թվացող նյութեր. սա է նկարի երկարակեցության գաղտնիքը: Արևի ճառագայթների ներքո բնական նյութերն ավելի կայուն են, իսկ գաղափարական իմաստով` ավելի բնական ու ինչու չէ, նաև` «տնական»:  Հեղինակը խոստովանում է, որ գեղարվեստական լուսանկարչության մեջ միշտ փնտրել է ինչ-որ յուրահատուկ բան, որը լիներ յուրօրինակ ու նաև առավելագույնս արտահայտեր հեղինակի մտահղացումն ու հույզերը: Արմեն Տեր-Մկրտչյանի համար այս տեխնոլոգիան, իսկապես, մեծ ձեռքբերում էր` հատկապես ելնելով այն հանգամանքից, որ այն անկանխատեսելի ու անվերահսկելի էր:

«Պատահական եկա հասա այս տեխնոլոգիային ու սկսեցի փորձարկումները: Այս տեխնիկան ամենաբարդն է, քանի որ ամեն ինչ կարող է ազդել լուսանկարի վրա` սկսած եղանակից,  ջերմաստիճանից, ջրի, թղթի որակից, օգտագործվող նյութերից, վրձնից: Եթե մյուս տեխնիկաների դեպքում կան որոշակի հանգամանքներ, որոնք կարելի է որոշակիորեն վերահսկելի դարձնել, ապա ռեզինոտիպիայի դեպքում այս գործընթացը բացակայում է»: 

Հեղինակի հետ հանդիպմանը, որը տեղի ունեցավ Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում, ներկա էին ինչպես արվեստագետներ, այնպես էլ լուսանկարչության սիրահարներ, որոնց համար նորույթ էր այս տեխնոլոգիայի բացահայտումը: Հետաքրքիրն այն էր, որ բացի հեղինակի մատնանշած լույսի ու ստվերի պայքարից, լուսանկարները նաև ձևի և բովանդակության «պայքարի» մեջ էին: Մի կողմից ներկաները սևեռվում էին լուսանկարի բովանդակության վրա, որոնք մի տեսակ խորհրդավոր բնույթ էին կրում, մյուս կողմից քննարկման առարկա էր ձևը: Սա, ըստ արվեստաբան Գայանե Պապիկյանի, կարելի էր կանխատեսել.

«Ցուցահանդեսի բացմանը ես նկատեցի, որ երբ լուսանկարներին մոտենում էին ավագ սերնդի ներկայացուցիչները, նրանք սկսում էին քննարկել նկարում պատկերված վայրերն ու օբյեկտները: Իմ կարծիքով, այս լուսանկարները վերապրուկներ են, և օբյեկտներից յուրաքանչյուրի հետ ավագ սերունդն ունի իր հիշողությունը: Երիտասարդների համար այս ամենը  նորություն է, ու վերջիններս իրենց համար բացահայտում են ավելի շատ ձևը` տեխնիկան»:

Արմեն Տեր-Մկրտչյանի  լուսանկարները մի քանի խորագիր են կրում.  2014 թվականի աշխատանքները կոչվում են «Ընդհատումներ», 2015-2016թթ` «Վերջին ճանապարհորդության սկիզբը», իսկ վերջին ալբոմը` «termination»: 

 

Գյումրի

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

Լ. Մակարյան

 

 


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /