• USD 482.59
  • GBP 639.29
  • EUR 559.61
  • RUB 7.62
  • GEL 196.37
Հունիս 19, 2018
Մեր տղերքը ունեն հզոր մարտական ոգի

 

Կարևորը հզոր մարտական ոգին է ու գաղափարը, որն ունեն մեր տղերքը՝ մեր զինվորները: Հայ ժողովուրդն ու Հայոց բանակը երաշխավորն են այն բանի, որ պատերազմ չի լինի:

Արկադի Տեր-Թադևոսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
10.05.2018 | 15:36

Համբարձման տոնի ժողովրդական սովորույթները

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Հայաստանում Համբարձման տոնը ուղեկցվում է նաև  ժողովրդական ավանդություններով և տոնակատարություններով:

 

Ըստ ավանդության՝ երիտասարդ տղաներն ու աղջիկները Համբարձման տոնի առթիվ 7 գույնի ծաղիկ են հավաքում, կժի մեջ լցնում 7 աղբյուրից բերած ջուր: Յուրաքանչյուրը ջրի մեջ է լցնում իր նշան, և Համբարձման գիշերը «աստղունք» դնում, այսինքն՝ դրանք հանձնում աստղերի խորհրդին, որից հետո, ըստ այդ նշանների՝ կատարում գուշակություններ։

 

 

Համբարձման կիրակի օրը տոնականորեն զարդարված երիտասարդներն ու աղջիկները կազմակերպում են տոնախմբություններ՝ Համբարձմանը նվիրված երգերի, պարերի (հատկապես վերվերիների՝ որպես հասակի աճի հետ կապված հմայական պարերի), խաղերի ու մրցույթների զուգակցությամբ։

 

 

Հովհաննես Թումանյան. Անուշ

 

(Համբարձման գիշերը)

 

Բազմած լուսնի նուրբ շողերին,

Հովի թևին՝ թըռչելով՝

Փերիները սարի գըլխին

Հավաքվեցին գիշերով։

 

Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի

Չըքնաղագեղ ոգիներ,

Եկե՜ք, ջահել սիրահարի

Սերը ողբանք վաղամեռ։

 

Օխտն աղբյուրից ջուր է առել

Կույս սափորով, լուռ ու մունջ,

Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,

Կապել սիրո ծաղկեփունջ։

 

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,

Խընդիրք արել աստղերին,

Փափագ սըրտով խընդիրք արել՝

Բարի ժըպտան իր սերին

 

Ափսո՜ս, Անո՜ւշ, սարի ծաղիկ,

Ափսո՜ս իգիթ քու յարին.

Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,

Ափսո՜ս էդ ծով աչքերին։

 

Ու նըրանց հետ՝ ցող-արցունքով

Լըցված սըրտերն ու աչեր՝

Սարի ծաղկունք տըխուր սյուքով

Հառաչեցին էն գիշեր։

 

Վուշ-վո՜ւշ, Անո՜ւշ, վուշ-վո՜ւշ, քուրի՜կ,

Վո՜ւշ քու սերին, քու յարին

Վուշ-վո՜ւշ, Սարո՜, վուշ-վո՜ւշ, իգի՜թ,

Վո՜ւշ քու սիրած սարերին

 

Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի

Չըքնաղագեղ ոգիներ

Ու փերիներն էսպես տըխուր

Երգում էին ողջ գիշեր։

 

Կանչում էին հըրաշալի

Հընչյուններով դյութական,

Ու հենց շողաց ցոլքն արևի՝

Անտես, անհետ չըքացան։

 

Խոր սուզվեցին ակն աղբյուրի,

Մըտան կաղնին հաստաբուն,

Ու լեռնային վըտակների

 

Ալիքները պաղպաջուն։

 

 

(Համբարձման առավոտը)

 

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան

Զուգել են հանդեր նախշուն գորգերով։

Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան

Վիճակ հանելու աշխույժ երգերով։

 

Համբարձում, յա՛յլա,

Յա՛յլա ջան, յա՛յլա,

Սև սարեր, յա՛յլա,

Յա՛յլա ջան, յա՛յլա։

 

Երգ ու բույր խառնած,

Թև-թևի բըռնած

 

Զուգում են լեռներ,

Ծաղիկ են քաղում,

 

Ծաղկի հետ խաղում,

Ինչպես թիթեռներ։

 

Համբարձում, յա՛յլա,

Յա՛յլա ջան, յա՛յլա,

Լավ օրեր, յա՛յլա,

Յա՛յլա ջան, յա՛յլա։

 

Եկավ Համբարձում՝

Ծաղկով զարդարված,

Մեր բախտին հարցում.

Ո՞վ է մեզ գըրված։

 

Ա՛յ ջան տղա, չոբա՛ն տղա, ո՞ւմն ես դու։

Աստված գիտի, աշխարհ գիտի՝ իմն ես դու։

 

Դե հանի՛ր, ա՛ղջի,

Վիճակն ի բարին,

Երգերով գովենք

Էն իգիթ յարին։

 

Բեղը ծիլ-ծիլ, բոյը թիլ-թիլ էն յարի,

Ի՜նչ դարդ ունեմ, քանի նա կա աշխարհի։

 

Համբարձում, յա՛յլա,

Յա՛յլա ջան, յա՛յլա,

 

Հուր սըրտեր, յա՛յլա։

Յա՛յլա ջան, յա՛յլա։

 

  Թընդում են երգեր, խընդում են սըրտեր,

Ու շուրջ բոլորած վիճակ են հանում.

Ելնում է մեկին իր երազն ու սեր,

Մյուսի մուրազը սըրտումն է մընում։

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /